Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Դովլաթյանի ամեն ֆիլմը տվյալ ժամանակաշրջանի ախտորոշումն էր»

«Դովլաթյանի ամեն ֆիլմը տվյալ  ժամանակաշրջանի ախտորոշումն էր»
27.06.2017 | 10:54

Լույս է տեսել «Հոգու լույսը էկրանին» գիրքը` նվիրված ականավոր կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան 90-ամյակին: Գրքի հեղինակը` գրող, կինոգետ, մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ, «Իրատեսի» հյուրն է:

-Գրքի համար իբրև բնաբան ընտրել եք Փարաջանովի խոսքերն այն մասին, որ Ֆրունզե Դովլաթյանն իր ֆիլմերով տվել է մեր դարի ախտորոշումը` չվախենալով ու չկոծկելով, այլ տղամարդավարի նայելով «հիվանդի» աչքերին: Ինչպե՞ս եք բացատրում փարաջանովյան այս բանաձևումը, և ի՞նչ է տվել մեզ այդ «ախտորոշումը»:
-Փարաջանովը «Մենավոր ընկուզենին» կոչել էր «կյանքի կարդիոգրամա» (սրտագիր), որից հետո Դովլաթյանի ամբողջ կինոարվեստին տվել էր այս բնորոշումը: Կարդիոգրաման հենց ախտորոշումն է: Եվ իսկապես ճիշտ բանաձև է: «Բարև, ես եմ» ֆիլմը ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի նվաճումների մասին էր, ներկայացնում է այդ շրջանում մեր գիտության զարգացումը: «Կարոտը» իր հողին, տանը կարոտող հայ մարդու նկարագիրն էր: «Սարոյան եղբայրները» ախտորոշում էր ժամանակի խնդիրը` ինչո՞ւ էին երկու եղբայրներն իրար դեմ դուրս եկել: Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսում, որի հիման վրա նկարահանվել է ֆիլմը, նման խնդիր դրված չէր: Ըստ Դովլաթյանի` Գևորգ Սարոյանը ժամանակի զոհն էր: Դա նույնպես ախտորոշում է: Դաշնակցական Գևորգ Սարոյանը դավաճան չէր, նա էլ, ինչպես Հայկ Սարոյանը, պայքարում էր իր հայրենիքի, իր ժողովրդի ազատության համար: Դովլաթյանն իր ստեղծագործական 30-ամյա գործունեության ընթացքում ստեղծել է ինը ֆիլմ: Նա ամեն տարի ֆիլմ չէր ստեղծում, ինչպես շատերը, այլ ուշացումներով, էտապներով: Եվ ամեն ֆիլմը տվյալ ժամանակաշրջանի ախտորոշումն էր:
-Դովլաթյանին թույլ չեն տվել նկարահանել Հովսեփ Օրբելու մասին ֆիլմ, «Սարոյան եղբայրներում» ստիպել են ավելացնել տեսարաններ, «Երևանյան օրերի խրոնիկան» մասնատել-խեղաթյուրել են: Դովլաթյանն ինչպե՞ս էր արձագանքում այդ հարկադիր խմբագրումներին:
-Դովլաթյանին հաճախ էին հարցնում, թե որն է իր ամենասիրելի ֆիլմը: Նա ասում էր, որ շատ է սիրում «Երևանյան օրերի խրոնիկան» և պարզաբանում. «Զավակներիցս ամենաշատը նա է վերքեր ստացել»: Դա երկսերիանոց ֆիլմ էր, բայց այնքան մկրատեցին, որ էկրան բարձրացավ մեկ սերիայով: Այն, ինչ մտահղացել էր, խեղաթյուրեցին: Իսկ «Սարոյան եղբայրները», ինչպես ինքն էր ներկայացրել, չէր ընդունվում, ճարահատյալ ավելացրել է ֆիլմի վերջին տեսարանը` Կարմիր բանակի մուտքը Հայաստան: Նրա երազանքներից մեկը Հովսեփ Օրբելու մասին ֆիլմ ստեղծելն էր, ձեռքի տակ ուներ փայլուն սցենար, բայց չթողեցին, որ նկարահանի: Չէին ուզում, որ Օրբելու մասին այդպիսի ֆիլմ ստեղծվի:
-Դուք ակնարկեցիք մի ֆիլմի մասին, որը Դովլաթյանն այդպես էլ չհասցրեց նկարահանել: Ի՞նչ ֆիլմ էր դա:
-Դա զարմանալի սիրո պատմություն է, տղամարդն ու կինը բանտում են, նրանց բաժանում է մի շատ բարակ պատ, չեն տեսնում իրար, բայց Մորզեի այբուբենով շփվում են, սիրահարվում, ցանկանում իրար: Վեպի հեղինակը Սուրեն Ղազարյանն է, որը բռնապետության տարիներին ազատազրկվել է: Բանտից ազատվելուց հետո գրել է այս վեպը: Դովլաթյանը շատ էր խանդավառված, սցենարի համահեղինակներից էր, ասում էր` պետք է ցուցադրեմ այդ սիրո մեծությունը, թե ինչպես կարող են մարդիկ հեռավորության վրա պատի բաժանումով սիրել իրար: 90-ականների դժվարին տարիներն էին, գումար չկար ֆիլմը նկարահանելու համար: 1997-ին հանդիպում է Ռոլան Բիկովի հետ, որը խոստանում է աջակցել ֆիլմի նկարահանմանը: Մեկ միլիոն ռուբլի արդեն փոխանցել էր ֆիլմի հաշվին: Օգոստոսի 17-ին Դովլաթյանը վերադառնում է, օգոստոսի 30-ին՝ մահանում:
-Կարելի՞ է ասել, որ Դովլաթյանի ֆիլմերի հաջողությունը պայմանավորված է նաև լավ սցենարներով: Նա աշխատել է ժամանակի լավագույն գրողների, սցենարիստների հետ` Վարդգես Պետրոսյան, Առնոլդ Աղաբաբով...
-Գրական հենքը, անշուշտ, շատ կարևոր է: Աղաբաբովը «Բարև, ես եմ» ֆիլմի սցենարը գրել է Մոսկվայի կինոինստիտուտում (ՎԳԻԿ), իր դիպլոմային աշխատանքն է եղել: «Հայֆիլմում» ոչ ոք չի համարձակվել ֆիլմ նկարահանել, քննարկում է եղել, շատերը կարծիք են հայտնել, որ ֆիլմ չի ստացվի այդ սցենարից: Հանձն է առել Դովլաթյանը, զգացել է, որ կարող է լավ ֆիլմ ստեղծել այդ սցենարով:
-Յուժնո-Սախալինսկում, Դովլաթյանի «Ապրեցեք երկար» ֆիլմի ցուցադրման ժամանակ, ծափահարություններ են հնչել: Այս մասին Գևորգ Գրիգորյանը գրել է «Գարուն» ամսագրում (1983 թ.), նշելով, որ դա բնական կլիներ թատերական ներկայացման կամ կինոփառատոնի ժամանակ, երբ ռեժիսորը նստած է դահլիճում, բայց կինոնկարի առօրյա ցուցադրման ժամանակ նման կենդանի ռեակցիայի երբևէ չի հանդիպել: «Միշտ՝ արտիստ, միշտ՝ ժողովրդական, և միշտ՝ Ֆրունզիկ Դովլաթյան»,- այսպես է Հենրիկ Մալյանը բնորոշել Դովլաթյանին: Մասնագետների քննադատություններից էլ չի խուսափել անվանի ռեժիսորը: Ինչպես գրքում եք նշում` «Երևանյան օրերի խրոնիկան» կինոքննադատները քննադատում են, հետո բարձրացնում ֆիլմը: Ինչո՞վ է պայմանավորված այս տարակարծությունը:
-Քննադատությունների մեջ մի քիչ ճշմարտություն կար, որ նկատելի էր ֆրանսիական, իտալական կինեմատոգրաֆիայի ազդեցությունը: Կար մեծ սիրո նախերգանք` Անահիտի և Արմենի սիրո գիշերային տեսարանը` հետաքրքիր, ոչ սովորական լուծումներով: Նորություն էր դա հայ կինոյի համար` հեռացած ավանդական լուծումներից: Նաև դրա համար ոմանք սվիններով ընդունեցին:
-Դուք Ֆրունզե Դովլաթյանին նվիրված այլ գրքեր էլ ունեք: Ինչո՞վ է առանձնանում «Հոգու լույսը էկրանին» գիրքը:
-Երբ աշխատում էի Դովլաթյանի 70-ամյակին նվիրված գիրք-ալբոմի վրա, նա ողջ էր: Հանրապետության նախագահին նամակ էի գրել գրքի մասին: ՈՒրբաթ ուղարկեցի նամակը, երկուշաբթի առավոտյան ասացին՝ կարող եք գումարը ստանալ: Երբ վերադարձավ Ռոլան Բիկովի հետ հանդիպումից, գիրքն արդեն տպարանում էր: Ես այդ մասին չասացի նրան, որ անակնկալ լինի: Վերջաբանի փոխարեն ստիպված էի գրել, որ ուզում էի անակնկալ անել, գիրքը դնել քո առաջ, բայց դու այլևս չկաս:
Նա ասում էր, որ գիրք-ալբոմից հետո մտածեմ մեծ գրքի մասին: Նյութեր շատ ունեի, դեռ ուսանողական շրջանից էի հավաքում: 80-ամյակի առիթով ստեղծեցի «Ֆրունզե Դովլաթյան. կյանքը և ստեղծագործությունները» գիրքը, որը, ֆինանսի սղության պատճառով, լույս տեսավ կրճատումներով: Հիմա արդեն, երբ մոտեցավ 90-ամյակը, «Հոգու լույսը էկրանին» գրքում ընդգրկեցի այն նյութերը, որ դուրս էին մնացել նախորդից, նաև ամբողջացրի Դովլաթյանի հետ իմ զրույցները, թեև դարձյալ ֆինանսի պատճառով որոշ կրճատումներ եղան:
-Ֆրունզե Դովլաթյանը, ինչպես հարկն է՝ արժևորվո՞ւմ է մեր ժամանակներում: Ի՞նչ տեղ ունի նա հայ կինոյում:
-Եթե հայ կինոն դիտարկենք որպես մի մեծ կառույց, ապա այդ կառույցը, իմ դիտարկմամբ, պահում է երեք սյուն` Բեկնազարյան, Դովլաթյան, Մալյան: Ինձ հարցրել են` չե՞ք տեսնում չորրորդ սյունը` ի դեմս Փարաջանովի, Փելեշյանի: Նրանք հանճարեղ են: Փարաջանովը մերը չէ, նա համաշխարհային կինեմատոգրաֆիայի սյուներից է: Փելեշյանը ահռելի մեծ սյուն է վավերագրական կինոյում ու՝ ոչ միայն հայկական: Բայց մենք խոսում ենք գեղարվեստական կինոյի մասին, և չորրորդ սյունը չեմ տեսել, չկա: Դովլաթյանի ամեն ֆիլմը նրա հոգու լույսն է, այդ սյունը լուսավորող մի պայծառ լույս:
-Գրքում ընթերցողը հանդիպելու է ուշագրավ, շատերին անհայտ դրվագների: Կարո՞ղ եք առանձնացնել դրանցից մեկը:
-Աղաբաբովը ուսանող տարիներին կապված է եղել նշանավոր մարդկանցից մեկի կնոջ հետ: Նա է Առնոլդին զանգահարել ու ժամադրել: Զանգահարել է քաղաքային ավտոմատներից և, որպես նշանաբան, ասել իր ճանաչելի առոգանությամբ. «Բարև, ես եմ»: Այստեղից էլ ֆիլմի վերնագիրը: Թե ինչու Դովլաթյանը ինձ չպատմեց այդ մասին, չգիտեմ, գուցե չցանկացա՞վ ընկերոջ կյանքից մի «փակ» էջ բացել, կամ գուցե Առնոլդը չէր պատմել իրեն: Իսկ մտերմիկ մի զրույցի ժամանակ Աղաբաբովը պատմել էր մեր հայտնի կինոգետներից մեկին, որը, իմանալով, որ աշխատում եմ նոր գրքի վրա, պատմել էր ինձ:
«Երկունք» ֆիլմի դեպքում, Մյասնիկյանի դերակատարի նախնական ընտրության ժամանակ, հաստատվել էր Արմեն Ջիգարխանյանի թեկնածությունը, նույնիսկ մի քանի հատվածներ էին նկարահանվել, սակայն անսպասելիորեն Ջիգարխանյանը մեկնել էր Մոսկվա ռուսական ինչ-որ ֆիլմում նկարահանվելու: Այն բանի համար, որ Մյասնիկյանի դերում հաստատվել է Ջիգարխանյանը, Խորեն Աբրահամյանը խռովել էր Դովլաթյանից ու մեկնել ծովափ: Մեր զրույցների ժամանակ Դովլաթյանը պատմում էր, որ հայտնվել էր երկու քարի արանքում, ստիպված մեկնել է ծովափ, թախանձագին խնդրել Խորենին վերադառնալ ու նկարահանվել ֆիլմում: Հանդիսատեսին և ընթերցողին անծանոթ այսպիսի պատմություններ շատ են գրքում, մնում է, որ գիրքն ընթերցվի:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
  • «Բարև ես եմ»
  • «Մենավոր ընկուզենին»
Դիտվել է՝ 8993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ