Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Չոր մնացորդում մնաց կազմակերպության ֆորմալ ղեկավարը, որ չունի կազմակերպության վստահությունը

Չոր մնացորդում մնաց կազմակերպության ֆորմալ ղեկավարը, որ չունի կազմակերպության վստահությունը
27.06.2017 | 11:00

Հունիսի 26-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանը սկսվեց սկանդալային՝ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը կամավոր հրաժարական չի տալիս, իսկ ԵԽԽՎ-ն իրավական մեխանիզմ չունի նրան հրաժարական պարտադրելու:

ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում նշել էր, որ «60 տարի առաջ հիմնադրելով ԵԽԽՎ-ն, ստեղծելով նրա կանոնադրական հիմքերը՝ հիմնադիր- հայրերը չեն մտածել և չեն նախատեսել իրավական մեխանիզմներ որևէ տրամաչափի պաշտոնյանի հետկանչի, որևէ պատճառաբանութամբ վստահությունը կորցնելու, օրենքի կամ կանոնակարգի խախտումներ թույլ տալու, բարոյական կամ իրավական նորմեր խախտելու հիմքով, շահերի բախում ունենալու և այլն»: Հերմինե Նաղդալյանին խնդրեցի մանրամասնել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի առաջին օրվա իրադարձությունները.


-Եթե վերադառնանք այսօրվա թոփ-խնդրին, այսօր Վեհաժողովում կոռուպցիոն ցանց հյուսած թիմերը, բնականաբար, օգտագործում են բոլոր հնարքները և հնարավորությունները խուսափելու համար արժանի վերաբերմունքից: Հիմնական մոտեցումն է ներկայացնել առանձին դեպքերի, առանձին թերությունների տեսքով, ոչ կազմակերպված և երկար ժամանակ գործող կոռուպցիոն ցանց: Սկզբից շրջանառվեց՝ ընդամենը մեկ զեկույց է եղել մի հինգ տարի առաջ՝ Շտրասսերի զեկույցը, հետո մի առանձին այցի խնդիր է՝ մի տեղ են գնացել, չեն իմացել, Լուկա Վոլոնտեի գործը ԵԽԽՎ- ի հետ կապված չի, փողերի լվացում է, կարծես աշխարհում էլ մարդ չկար, ում հետ ադրբեջանցիները իրենց փողերը լվանան և այլն: Դիմում են նաև իրավական բնույթի տարբեր հնարքների՝ չի կարելի իրավական հարցերը հապճեպ լուծել, օրենքին հետադարձ ուժ է տրվում, հարցը հետաձգել գոնե մինչև հոկտեմբեր, դիմել Վենետիկի հաձնաժողովին և այլն, և այլն: Այս ամենի գլխավոր նպատակն է՝ չթողնել, որ Մորի-Պասքյեի զեկույցն ընդունվի, հանվի օրակարգից: Այնուամենայնիվ, բյուրոն քվեարկեց հօգուտ զեկույցի և վաղը այդ նախագիծը քննարկվելու է, այսինքն` կանոնակարգի մեջ կհայտնվեն մի շարք նորմեր, որ կվերաբերեն Վեհաժողովի բարձր պաշտոնյաներին, այդ թվում` կներդրվի հետկանչի ինստիտուտը:


Պայքարի մյուս ուղղությունը, որ կիրառում է Ագրամունտային խումբը, հարցը ԵԺԿ-ի խմբի տիրույթում պատկերացնելն է, անտեսելով փաստը, որ վաղուց արդեն բոլոր քաղաքական խմբերը, ազգային պատվիրակությունների մեծ մասը արտահայտվել են վստահության ճգնաժամի վերաբերյալ: Այսօրվա վերջին անակնկալը եղավ նաև ԵԺԿ խմբի քվեարկությունը ընդդեմ Ագրամունտի, փաստորեն՝ վերջին հանգրվանը հօդս ցնդեց: Չոր մնացորդում մնաց՝կազմակերպության ֆորմալ ղեկավարը, որ չունի այդ կազմակերպության վստահությունը: Կազմակերպության, որ ստեղծել է հետաքննիչ մարմին, վերափոխում է իր կանոնակարգը, հստակորեն նպատակ դնելով ձերբազատվել հանցավոր կլիկից և նրա գոյության համար պարարտ հողից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իրականում միայն առաջին հայացքից է Ստրասբուրգում ծավալված պայքարը ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի դեմ, թուրք-ադրբեջանական լոբբին գործել է տևական ժամանակ և իր շարքերում ներառել տասնյակ պատվիրակների, որ այսօր կորցնելով Ագրամունտին իբրև իրենց վահան՝ վաղը իրենք են հայտնվելու թիրախում: Ստրասբուրգում սկսվել է ինքնամաքրման ու ճշմարտության հետ առերեսման գործընթաց, որի մասին նստաշրջան առ նստաշրջան բարձրաձայնել է ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը՝ պահանջելով վերականգնել Թուրքիայի նկատմամբ մոնիտորինգը, պաշտպանել ոչ թե շահեր, այլ՝ արժեքներ, հավատարիմ մնալ ԵԽԽՎ սկզբունքներին: Պեդրո Ագրամունտը այսօր կոռուպցիայի ու հովանավորչության խորհրդանիշ է, բայց նրա պաշտոնանկությունը երաշխիք չէ, որ կոռուպցիան ու խավիարային դիվանագիտությունը ԵԽԽՎ-ում ավարտվելու են: Առավել ևս, որ այս ընթացքում Թուրքիան հասցրել է օրինական «ֆինանսավորել» ԵԽԽՎ-ին ու մեծացնել իր պատվիրակության կազմը:

Դիտվել է՝ 3558

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ