Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ի՞նչ կտա Մերձավոր Արևելքին Թուրքիա-Կատար-Իրան անհավանական ալյանսը

Ի՞նչ կտա Մերձավոր Արևելքին Թուրքիա-Կատար-Իրան անհավանական ալյանսը
27.06.2017 | 11:41

Մերձավոր Արևելքը սպասում էր Կատարին Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի ու Եգիպտոսի ներկայացրած 13 պահանջների կատարմանը կամ չկատարմանը՝ խզված հարաբերությունները վերականգնելու դիմաց, որոնց հատկացված էր 10 օր: Փաստացի դա ուլտիմատում էր, որ պահանջում էր փակել «Ալ Ջազիրա» մեդիացանցն իր բոլոր մասնաճյուղերով, դադարեցնել թուրքական ռազմաբազայի զարգացումը, կրճատել դիվանագիտական կապերն Իրանի հետ, դադարեցնել կապերը ահաբեկչական կազմակերպությունների հետ, հրաժարվել պահանջները ներկայացրած չորս երկրների գործերին միջամտելուց. Կատարի քաղաքացիություն չտալ չորս երկրների քաղաքացիներին: Ցուցակը Կատարին հարևան Քուվեյթն է փոխանցել, որ ճգնաժամում միջնորդի դեր է կատարում:

Reuters-ը ճշտել է, որ Դոհան նաև պիտի ռազմատուգանք վճարի Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին, Բահրեյնին ու Եգիպտոսին «ավերածությունների ու վնասների համար, որ կրել են Կատարի քաղաքականության պատճառով», որ «պահանջների կատարումը վերահսկվելու է ամենամսյա հաշվետվությունների միջոցով առաջին տարին, եռամսյա հաշվետվություններով երկրորդ տարին, ևս տաս տարի ամենամյա հաշվետվություններով»: Այսինքն՝ մեծ խաղ է սկսվել, և ակնհայտ է, որ (ինչպես CNN-ը ձևակերպեց) «Կատարի ճգնաժամը՝ վատագույնը տասնամյակների մեջ տարածաշրջանում, կտևի մի քանի տարի»: Առավել ևս, որ Կատարի իշխանությունները պահանջներն անվանեցին «անընդունելի և անիրագործելի»: Երբ միջնորդների դերը ստանձնեցին Քուվեյթն ու Օմանը, պարզ դարձավ, որ Պարսից ծոցի միապետները Կատարի վերաբերյալ միասնական տեսակետ չունեն, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ստանում «Մերձավոր Արևելքի իդեալական պատկեր, որ նկարվել էր Սաուդյան Արաբիա նրա այցի ընթացքում», որտեղ, ինչպես գրեց Կառնեգիի մոսկովյան կենտրոնը, «արաբական երկրները միավորվում են միասնական պոռթկումի մեջ ընդդեմ Իրանի և ահաբեկիչների և իրենք իրենց փողերով սկզբում հաղթում են «վատ տղաներին», հետո հաշտվում են Իսրայելի հետ»: Հետո իր միջնորդական ջանքերն առաջարկեց Թուրքիան, ԱՄՆ-ի դաշնակիցը ՆԱՏՕ-ում:

Եվ պարզ դարձավ, որ, ինչպես հայտարարեց Կատարի հետախուզության ծառայության հիմնադիրներից մեկը՝ գեներալ-մայոր Մահմուդ Մանսուրը, «Դոհայի վրա սկսեցին կենտրոնանալ շատ կարևոր պրոբլեմներ, նախ և առաջ, տարածաշրջանային քաղաքականության»: Հիմա միջանկյալ լիցքաթափում է սկսվել: Ներկայացված ուլտիմատումից հետո Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Իդ ալ Ֆիտր մուսուլմանական տոնի առիթով հեռախոսազրույցի ժամանակ հայտարարեց Դոհայի պատրաստակամությունը «հարաբերությունների համակողմանի զարգացման ու համագործակցության՝ իսլամական աշխարհի խնդիրների լուծման համար»: Համարյա միաժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանեց Կատարում թուրքական ռազմաբազան փակելու պահանջը: Նա հիշեցրեց, որ բազան բացելու որոշումն ընդունել են երկու ինքնիշխան պետություններ՝ Թուրքիան ու Կատարը, իսկ «Անկարայի դիրքորոշումը այդ առիթով տեղեկացվել է Էր Ռիադին՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրի հետ զրույցում»:

Չավուշօղլուն կարևոր ճշտում է արել. «Անկարան տարբերություններ չի դնում Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունների միջև»: Սակայն Թուրքիան, այնուամենայնիվ, հայտնվեց Մերձավոր Արևելքի բեկման գծում: Թուրքական Haber7-ը նկատում է, որ «եթե Կատարի ճգնաժամի նպատակը Իրանը լիներ, պատժամիջոցներ կսահմանվեին ոչ թե Կատարի, այլ՝ ԱՄԷ-ի դեմ, որովհետև հենց ԱՄԷ-ն, լինելով Պարսից ծոցի արաբական պետությունների խորհրդի անդամ, ամենազարգացած առևտրական ու քաղաքական հարաբերություններն ունի Իրանի հետ»: Դա նշանակում է, որ Թուրքիայի ալյանսը Կատարի ու Իրանի հետ նրան հանգեցնում է առավել սերտ շփումների ԱՄԷ-ի հետ: Եվ ստացվում է, որ ձևավորվել է տարածաշրջանի պատմության մեջ աննախադեպ ալյանս՝ Անկարա-Դոհա-Թեհրան, որ օբյեկտիվորեն լրացվում է Թեհրանի մարտական դաշինքով Բաղդադի հետ՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան ալյանսի համապատկերում՝ սիրիական ուղղությամբ: Սպասու՞մ էր ԱՄՆ-ը տարածաշրջանում այսպիսի անհամաչափ պատասխանի սաուդյան ուլտիմատումին: Հարց է:

Բայց արդեն տեսանելի է, որ Թուրքիան, գուցե ոչ միայն Թուրքիան, հնարավորություն է ստանում իր շահերի համար օգտագործել լուրջ ֆինանսական ռեսուրսներ, գազի վիթխարի պաշարներ և ռազամավարական դիրքեր ժամանակակից աշխարհի գլխավոր նյարդային հանգույցներից մեկում: Եվ ամեն ինչ սկսեց ժամանակագրորեն համընկնել՝ «Թուրքական հոսքի» աշխատանքների սկիզբը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, ոչ միայն «գազային հարցերի» քննարկումով, Էրդողանի հրաժարվելը Պենտագոնի երաշխիքներին հավատալ, որ Ռաքքայի ազատագրումից հետո սիրիացի քրդերից զենքը հետ է վերցնելու, Անկարայի նախազգուշացումը «պատասխանատվության ենթարկել ցանկացած կողմի, որ զենք է մատակարարում սիրիացի քրդերին»:

Վերջապես, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հանկարծ որոշեց հրապարակայնացնել դեռ չհրապարակված զեկույցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որտեղ գործնականում չի քննադատվում Իրանում բալիստիկ հրթիռների փորձարկումը, թեպետ Վաշինգտոնը այդ փորձարկումներն անվանել է անընդունելի և լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի դեմ: Կարելի է ենթադրել, որ Գուտերեշի զեկույցը չի նախատեսում Իրանի դեմ պատժամիջոցների սահմանում հրթիռային ծրագրի համար: Հավելեք, որ Թուրքիան Իրանի հետ դեմ են Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեին և Ռուսաստանի հետ համագործակցում են Սիրիայում դեէսկալացիայի գոտիների հաստատման հարցում:


Կատարի ճգնաժամը դեռ շարունակվում է: Այդ երկրում է ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը, Էլ ՈՒդեյդ ավիաբազայում տեղակայված է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զորքերի ամենամեծ ստորաբաժանումը: Բայց հայտնվում է և թուրքական բազա: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում թուլացնել Կատարի շրջափակումը, հայտարարելով, որ դա խանգարում է ԱՄՆ-ին ռազմական գործողություններ ծրագրել: Սակայն, ինչպես կարծում է թուրքական Daily Sabah-ը, իրադարձությունների ընթացքը Պարսից ծոցի տարածաշրջանում ձևավորվում է «ամերիկյան քաղաքականության անորոշությամբ»: Որքա՞ն երկար դա կշարունակվի, ոչ ոք չգիտի: Թեպետ որոշ փորձագետներ հաստատում են, որ Մերձավոր Արևելքում «ԱՄՆ-ի պետական ներուժը, նրա տնտեսական գերակայությունը, հեգեմոնիան մաշվում են», դեռ վաղ է Վաշինգտոնին հաշվից դուրս գրել: Տեսնենք՝ ինչ է լինելու:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է արաբական երկրների գագաթնաժողով հրավիրել՝ Կատարի ճգնաժամը լուծելու համար: Գուցե հրավիրի, գուցե՝ ոչ: Եթե Մերձավոր Արևելքում բացվում է երկրորդ ճակատը, նշանակո՞ւմ է, որ Սիրիայի հարցը մոտ է լուծման: Գործնականում դաշինքը տեսանելի կողմով է Թուրքիա-Կատար-Իրան, անտեսանելի և միավորիչ կողմը Ռուսաստանն է: Պատահաբար չէր՝ Կրեմլի կոնֆլիկտին առաջին արձագանքը՝ դա նրանց ներքին գործն է: Մոսկվան «ներքին գործերով» զբաղվում է առավել մանրակրկիտ ու եռանդով: Մանավանդ, երբ իրեն այլ ելք չեն թողնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ