Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ագրամունտի դարաշրջանի ավա՞րտը

Ագրամունտի դարաշրջանի ավա՞րտը
29.06.2017 | 00:26

«Ի՞նչ է կատարվում հունիսի 28-ին ԵԽԽՎ-ում, սկսվե՞լ է առանց Ագրամունտի դարաշրջանը»՝ հարցրի ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանին՝ երեկվա բուռն ու իրադարձություններով առատ օրվանից հետո.


-Այսօր առավոտյան ԵԽԽՎ-ն սկսել է աշխատանքները արմատապես նոր իրավիճակում, 6 տասնամյակի ընթացքում առաջին անգամ իր կանոնակարգային փաստաթղթերի մեջ ներմուծելով Վեհաժողովի պաշտոնյաների հաշվետվողականության և պատասխանատվության, վստահությունը կորցնելու հիմքով հետկանչի մեխանիզմները: Տասնամյակներ շարունակ եվրոպական արժեքներով ղեկավարվող այս կազմակերպության գործունեության մեջ դրանց կարիքը չի եղել: Բայց վերջին տարիները ցույց տվեցին, որ այս հարթակում արմատավորվել են խայտառակ բարքեր (առանձին պատվիրակներ դրանք անվանում են ասիական առևտրային-դեսպոտիկ բարքեր), որ անդամ-երկրներում արդարության, օրենքի իշխանության համար և կոռուպցիայի դեմ պայքարող այս կազմակերպության մեջ ստեղծվել և հյուսվել է մի համակարգ, որը անարդար և անօրեն քայլերով է իր խնդիրները կամ իրեն պատվիրված հարցերը լուծում: Մենք վերջին տարիներին հաճախ ենք առիթներ ունեցել ասելու, որ այս Վեհաժողովը արժեքների կազմակերպությունից վերածվել է շահերի կազմակերպության: Մեր գործընկերներից մեկը երեկ ձևակերպեց՝ այս Վեհաժողովի մարմնի վրա մի մեծ թարախային պալար պայթեց:


Երեկվա օրակարգային հարցը և դրա շուրջ բանավեճը վերջին ամիսների Վեհաժողովի գործընթացների զարգացման բարձրակետը դարձան և դա ճիշտ ուղղություն էր, քանի որ, տեսնելով, որ բարոյական ազդեցության միջոցները չեն ազդում առանձին պաշտոնյաների վրա, նախաձեռնվեց գործընթաց ստեղծելու իրավական հիմքեր, կամ հիմնադրելու և ներմուծելու իրավական մեխանիզմներ Վեհաժողովի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր դուրս են գալիս կանոնակարգի պահանջներից, խախտումներ են թույլ տալիս, վերջին հաշվով կորցնում են վստահությունը: Բոլոր փորձերը ձախողելու, խանգարելու կամ գոնե հետաձգելու նման իրավական լուծումների ընդունումը (անգամ երկուշաբթի առավոտյան բյուրոյի նիստի ժամանակ մի քանի առաջարկներ արվեցին դրա դեմ, տաք բանավեճ բացվեց և անհրաժեշտ եղավ մի քանի քվեարկություն կատարել, որ հարցը մնա օրակարգում) անհաջողության մատնվեցին: Շատ կարևոր էր, որ քննարկման ժամանակ հնչեցին մտքեր, որ պետք չէ այս հարցը դիտել որպես «Օրենք Ագրամունտի դեմ» կամ ներկայացնել, որ մեկ այցի մեջ է հարցը: Կարևոր էր, որ եվրոպացի պատվիրակները բազմակողմանի տեղեկատվություն ունենային, տեսնեին ու համոզվեին, որ այցը, անձը առիթներ են, պատճառն այն է, որ Վեհաժողովում կար այս հանցավոր, կոռումպացված բուրգը, որի գործունեությունը առաջին հերթին մենք էինք զգում մեզ վրա: Եվ իզուր չէր, որ վերջապես դիմակները հանած՝ բաց դեմքով բանավեճի մեջ մտավ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը՝ այս կոռումպացված բուրգի իրական պատվիրատուն, բարձրաձայնելով ելույթի հիմնական հարցը՝ ինչո՞ւ են հայկական պատվիրակները այդքան ակտիվ: Եվ ստացավ իր պատասխանը՝ այո, մենք հետևողական ենք և ամեն ինչ անելու ենք ձեր ներմուծած բարքերը և ավանդույթները արմատախիլ անելու գործում: Այս զեկույցի ընդունումը շատ կարևոր էր, նախ և առաջ նրանով, որ հնարավորություն է ստեղծում Վեհաժողովի ընտրովի պաշտոններում ընտրված պաշտոնյաներին պահանջներ ներկայացնել և պատասխանատվության ենթարկել կանոնակարգի խախտումների համար կամ վստահությունը կորցնելու, շահերի բախում ունենալու դեպքում: Մեր պատվիրակության աշխատանքներում մենք բազմիցս հանդիպել ենք նման կամայական վերաբերմունքի հետ, ասենք, Վեհաժողովի տարբեր հանձնաժողովների նախագահների, զեկուցողների կողմից: Այս կոռուպցիոն իրավիճակը վերացնելու գործում դա շատ կարևոր հանգամանք էր, և ինչպես երեկվա իմ ելույթում ասել եմ, վստահ եմ, որ վերջերս հիմնադրված հետաքննչական մարմնի ստեղծումով և Եվրապահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերի կողմից պատրաստվող կանոնակարգային ռեֆորմին վերաբերող զեկույցի ընդունումով կամբողջացվեն անհրաժեշտ իրավական և քաղաքական հիմքերը: Այդ իմաստով, շատ կարևոր էր, որ երեկ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվեց և որոշում կայացվեց փոխել ՈՒկրաինայի հարցով զեկուցողին, որ նույնպես կարևոր նախադեպ էր: Իհարկե, ԵԽԽՎ-ի առողջացման աշխատանքները այսքանով չեն ավարտվում, նոր սկսվել են, բայց ինքնամաքրման հիմքերը դրվել են: Աշխատանքի շարունակման ևս մեկ կարևոր ուղղություն կա, որը պետք է շարունակվի և որի մասին խոսել եմ ելույթիս մեջ՝ նաև զեկուցողների վրա այս մեխանիզմները տարածելը: Ժամանակին առերեսվելով այս ահագնացող խնդիրների հետ, մենք մշակել էինք մի քանի հիմնախնդիրներ, դրանցից են նաև շահերի բախումը, լոբբիզմը և այլն, դրանց ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակել:
-Իսկ ի՞նչ եղավ Պեդրո Ագրամունտը:
-Պեդրո Ագրամո՞ւնտը: Ձեռնարկվեց ստորագրահավաք, հավաքվեց անհրաժեշտից շատ ավելի ստորագրություններ և հաջորդ քայլով արդեն պետք է լինի այդ նախաձեռնությունը ներկայացնել, որից հետո 24 ժամում, համաձայն նոր ընդունված փոփոխության, կսկսվի իմպիչմենտի գործընթացը: Հավելենք, որ ԵԺԿ խումբը այսօր որոշում է ընդունել Ագրամունտին հեռացնել քաղաքական խմբից, այսինքն` գործընթացն անշրջելի է: Ի վերջո, գլխավորը ոչ թե առանց Ագրամունտի դարաշրջանն է, այլ ԵԽԽՎ-ն բնականոն գործընթացներին վերադարձնելը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ