Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ո՛չ Տիգրան Սարգսյանը, ո՛չ էլ Հովիկ Աբրահամյանը այս հարցում հետևողական չէին»

«Ո՛չ Տիգրան Սարգսյանը, ո՛չ էլ Հովիկ Աբրահամյանը այս հարցում հետևողական չէին»
29.06.2017 | 18:04

Մեկ շաբաթ առաջ հաստատվեց կառավարության 2017-2022-ի ծրագիրը։ Սա նշանակում է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչ թե շարունակելու է, այլ 2018-ից իրականացնելու է իր ծրագրերը։ Նկատենք, որ այս կառավարությունը ինն ամիս գործում է` իրականացնելով բարեփոխումներ տարբեր ոլորտներում։ Ինչքանո՞վ դրանք կնպաստեն, որպեսզի 2017-2022-ի հաստատված ծրագրերը թղթից կյանքի կոչվելով աշխուժացնեն Հայաստանի տնտեսությունը, այս հարցի շուրջ զրուցեցինք ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հետ։


-Պետք է ֆիքսենք հետևյալը՝ կառավարությունը ինը ամսում չէր կարող բարեփոխումներ իրականացնել։ Նշված ժամանակահատվածում գործադիրը փորձում էր ամրագրել հիմնական վեկտորները և մեսիջներով տեղեկացնում էր հասարակության բոլոր շերտերին իր անելիքների մասին։ Պետք է արձանագրենք նաև, որ գործադիրը հասարակությունից ստանում է իր մեսիջների պատասխանը։ Այսինքն` կառավարությունը այսօր ասում է, որ իրենք այս ինը ամիսների ընթացքում իրականացրել են ախտորոշման գործընթաց և դրա հիման վրա առաջարկում են բարեփոխումներ։
-Պարոն Հարությունյան, ի՞նչ եք կարծում` ՀՀԿ-ն իր անելիքների ամբողջ ծավալը օգտագործե՞լ է, որպեսզի տնտեսությունը նման ծանր վիճակի մեջ չհայտնվեր։ Չէ՞ որ նախկին երկու կառավարությունների ղակավարներն էլ ՀՀԿ-ի անդամներ են։
-Եթե մենք այսօր ասենք, որ բոլոր հնարավորությունները օգտագործել ենք, կնշանակի մեղանչել ճշմարտության առջև։ Իհարկե դա այդպես չէ, բայց ես ուզում եմ հարցնել, գլոբալ ճգնաժամի և հետճգնաժամի շրջանում որևէ քաղաքական մեծամասնության խնդիրը որը պետք է լիներ։ Եթե այս հարցի պատասխանը մենք չտանք, ապա հնարավոր է` սխալ եզրակացության հանգենք։ Առաջին կարևոր բանը, որ արեց Հանրապետական կուսակցությունը՝ հասկացավ, որ պետք է վարել զույգ դիվերսիֆիկացիաների քաղաքականություն։ Դիվերսիֆիկացնել տնտեսությունը և շուկաները, իհարկե, մեր պայմաններում շատ բարդ խնդիր էր։ Հայաստանը հույս դնելով Ռուսաստանի շուկաների վրա, մեր արտահանողները այդ դաշտում իրենց շատ հարմարավետ էին զգում, սակայն Ռուսաստանում տնտեսական իրավիճակի փոփոխության հետևանքով քանդվեց այդ պատկերացումը, և մենք հայտնվեցինք ֆիասկոյի առջև։ Այսինքն` այս ամենից մենք պետք է դասեր քաղենք։ Համար մեկ դասը՝ տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացված լինի։ Հնարավոր չէ տնտեսությունը զարգացնել և աճ ապահովել միայն շինարարության կամ դեղագործության ոլորտի զարգացմամբ։ Մեր արտադրողական կարողությունները տնտեսության բոլոր ոլորտներում պետք է լինեն ժամանակակից, որպեսզի լինեն մրցունակ։ Համար երկրորդ՝ պետք է օգտագործել բոլոր շուկաները և հույս չդնել միայն ՌԴ-ի շուկաների վրա։ Այս երկու քաղաքականությանն է միտված եղել կառավարության գործունեությունը։
-Նկատի ունեք նախորդ երկու կառավարություննե՞րը։
-Ես ընդհանուր առմամբ նշում եմ առանցքային մոտեցումները։ Նշված քաղաքականությունը ենթադրում է ներդրումների ներգրավում, քանի որ դեռևս մեր ազգային կապիտալը ունակ չէ ձևավորելու տեխնոլոգիապես բարձր կարողություններով հագեցած արտադրողական հզորություններ։ Դա նշանակում է, որ մեզ պետք է ներմուծել արդեն պատրաստի տեխնոլոգիաներ, որոնք այստեղ կապահովեն արտադրանք և կարտահանվեն ինչպես ավանդական, այնպես էլ նոր շուկաներ։
-Լավ, այդ դեպքում ինչո՞ւ անցած երկու կառավարությունները այդ արդյունքներին չհասան, եթե քաղաքականությունը ճիշտ էր ընտրված։
-Պարզ կարող եմ ասել, որովհետև հետևողական չեղան։ Ես կարծում եմ, որ ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ էլ Հովիկ Աբրահամյանը այս հարցում հետևողական չէին։ Նրանց թվում էր, որ եթե Հայաստանի տնտեսությունը ԴՈՒԻՆԳ բիզնեսում հինգ կետով վիճակը բարելավել է, ապա աշխարհի բոլոր ներդրողները վազելու են Հայաստան։ Ես բազմիցս ասել եմ՝ աշխարհում միլիարդավոր ներդրողներ կան, որոնք գլոբուսի վրա Հայաստանի տեղը չգիտեն։ Մենք պետք է անհատական աշխատանք վարենք ներդրողների հետ։ Ի դեպ, կառավարության Նշված ծրագիրը ձևավորում է այդ համակարգը։ Եվ անկախ նրանից, թե ով է վարչապետը` Կարեն Կարապետյանը, թե Պողոս Պողոսյանը, այդ համակարգը կաշխատի։ Իհարկե, ես չեմ մերժում վարչապետի ֆիգուրի կարևորությունը, սակայն համակարգի իմաստը հենց նրանում է, որ այն աշխատի և զարգացում ապահովի անկախ այն բանից, թե ով է գործադիրի ղեկավարը։ Եթե այս ծրագիրը ստացվի, ապա մենք պետք է ասենք փառք և պատիվ Կարեն Կարապետյանին։
-Այսինքն` ուզում եք ասել, որ կառավարության 2018-ի ծրագիրը ստեղծում է մի համակարգ, որը կնպա՞ստի մեր տնտեսության զարգացմանը։
-Մենք ստիպված ենք, դատապարտված ենք, որպեսզի մեր տնտեսության անընդհատ և դինամիկ աճը այլևս երաշխավորված լինի։ Ընդ որում` աճ ասելով հասկանում ենք նաև հետևյալը. արտաքին տնտեսական բացասական ազդեցությունների դեպքում Հայաստանի տնտեսությունը ոչ թե մի կերպ գոյատևի, այլ թեկուզ չնչին, բայց աճ ապահովի։ Եթե ինձ հարցնեք, թե ինչ դաս պետք է քաղենք գլոբալ ճգնաժամից, ապա կասեմ՝ փորձել սեփական տնտեսության «իմունային» համակարգը ամրացնել, այնպիսի կարողություններով, որոնք հնարավորինս թույլ կտան մեր տնտեսությանը դիմագրավել արտաքին ազդեցություններին։ Սա լրջագույն խնդիր է , որի պատասխանը տալիս է նշված ծրագիրը՝ սկսած կառավարման արդյունավետության բարձրացումից, վերջացրած տնտեսության բոլոր ոլորտներով։ Մի խոսքով, սա ամբողջական փաթեթ է։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 8029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ