Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Կառավարությունը ոչ գուշակությունների բյուրո է, ոչ էլ գիտական կանխատեսումների կենտրոն»

«Կառավարությունը ոչ գուշակությունների բյուրո է, ոչ էլ գիտական կանխատեսումների կենտրոն»
30.06.2017 | 10:52

Կառավարության ծրագիրը քննարկելիս «Ծառուկյան» խմբակցության անդամները քարը քարին չթողեցին, իսկ 2016 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նրանց գտնելը բավական դժվար էր: Պատճառը շատ պարզ է, առաջին փաստաթղթի պատասխանատուն Կարեն Կարապետյանն է, երկրորդինը` Հովիկ Աբրահամյանը: Գործող վարչապետին թիրախավորելն անվտանգ ու պարտադիր է, նախորդին` բացարձակ անցանկալի: Այս խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, որ նախկինում եղել է սոցապնախարար, «Իրատեսը» մի քանի հարց ուղղեց:


-Կառավարության ծրագիրը քննադատելիս անդրադարձաք նաև սոցիալական ոլորտին, Դուք նախարար եք եղել, այն ժամանակ այդ թերությունները չե՞ք նկատել, չե՞ն եղել, ինչո՞ւ չեք բարձրաձայնել:
-Խնդիրներ միշտ էլ կան, բայց խնդրի բարձրաձայնման սուբյեկտն է փոխվել: Այն ժամանակ խնդիրը կարող էի բարձրաձայնել, հաշվի առնելով, որ այն իրականացնելու պատասխանատվությունն ինձ վրա է դրված, իսկ հիմա խոսում եմ որպես ԱԺ պատգամավոր:
-Բոլոր խնդիրներն այսօ՞ր ծագեցին:
-Ճիշտ է, խնդիրները, ըստ էության, մնում են նույնը, բայց դրանց խորությունը, բարդությունները, լուծման եղանակներն են փոխվում: Ես նախարար եմ եղել 2009-ին, անհնար է ութ տարվա իրադրությունը նույնացնել այսօրվա հետ: Միանգամայն տրամաբանական է, որ այսօր ես ավելի շատ պետք է խոսեմ այդ մասին, քանի որ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագիրը ողողված է սոցիալական խնդիրներով, տնտեսական լուծումներով: Որպես ԱԺ պատգամավոր, իմ պարտքն եմ համարում կատարել մեր նախընտրական խոստումները, ծրագիրը: Հետևողական եմ լինելու հատկապես սոցիալական ոլորտում, օրենսդրությունն ավելի կատարյալ դարձնելու, կառավարության հաշվետվողականությունը, ծրագրերի թիրախավորվածությունը բարձրացնելու համար:
-Ի՞նչ եք ակնկալում հատկապես այսօրվա սոցապնախարարից:
-Չեմ ցանկանում, որ իմ խոսքն անձնավորված բնույթ կրի: Խնդիրների պատասխանատուն պետք է լինի կառավարությունը: Չեմ ուզում ավելորդ լավատեսություն կամ հոռետեսություն ցուցաբերել: Այս պահին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տիրույթում էական, լուրջ տեղաշարժ չեմ տեսնում: Սեպտեմբերին պատրաստվում եմ այցելել մանկատներ, ծերանոցներ, տեսնել և հասկանալ, թե ինչ կարող եմ անել վիճակը բարելավելու համար: Կա՞ն արդյոք օրենսդրական բացեր, թե՞ գործ ունենք օրենքը ոչ լիարժեք կատարելու իրողության հետ։
-Վերջերս խայտառակ իրավիճակ բացահայտվեց տարեցների ինտերնատում:
-Այո, պատգամավորներ էին այցելել և նորից արձանագրել էին անմխիթար վիճակ: Այդ ամենը անձամբ չեմ տեսել, իսկ ես սիրում եմ դատողություններ անել այն ամենի մասին, ինչի ականատեսն եմ եղել:
-Չնայած տարեցների դժգոհությանը, ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը վերընտրվեց: Սա նորմա՞լ է:
-Չեմ կարող ասել` վերընտրվելը որքանով է օրինական եղել, քանի որ հակառակն ապացուցող փաստեր չունեմ: Համենայն դեպս, խնդիրները պետք է դիտարկել ոչ անձերի տիրույթում, եթե, իհարկե, տվյալ պաշտոնյան այնքան բացասական վարքագիծ չունի, որ ողջամիտ չլինի նրա հետ դրական առաջընթացի հույսեր կապելը: Այցելելու եմ, ոչ մի խախտում բաց չեմ թողնելու, ոչ մի բացասական երևույթի կողքով անտարբեր չեմ անցնելու: Այսօր հեռու եմ սոցիալական վիճակը բավարար համարելուց: Օր օրի աճող արտագաղթ, գործազրկություն: Այս ամենը մեզ լավատես լինելու առիթ չի տալիս:
-Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունում խնդիրների լուծման դրական միտում չե՞ք տեսնում:
-Ես միշտ հակված եմ տեսնելու դրականը, բայց իրատես եմ: Եթե կառավարության հնգամյա ծրագրում բացակայում է աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման իրական խոստումը, ի՞նչ դրական միտումների մասին կարող է խոսք լինել:
-Քիչ չեն եղել կառավարության ծրագրերը, որտեղ խոստումները շատ շռայլ են եղել, այդ թվում` աշխատավարձի և կենսաթոշակի զգալի բարձրացում, սակայն դրանք իրականություն չեն դարձել: Վա՞տ է, որ իրատեսությունը ծրագրում շատ է:
-Իսկ ինչո՞ւ չպետք է բարձրանան: Կառավարությունն այն բանի համար է, որ խոստումները կատարի: Կառավարությունը ոչ գուշակությունների բյուրո է, ոչ էլ գիտական կանխատեսումների կենտրոն: Պետք է հռչակի ողջամիտ, տեսանելի ծրագրեր ու փորձի ձեռնամուխ լինել դրանց կատարմանը: Այս պահին մենք կառավարություն չենք, չենք կարող պատասխանատվություն կրել: Այստեղ ենք, որ կառավարությանը հուշենք, ցույց տանք կարևոր թիրախային ուղիները և խորհրդարանական վերահսկողություն իրականացնենք կառավարության գործունեության նկատմամբ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ