Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իշխանությունն անցել է արտախորհրդարանական «ընդդիմադիր» բևեռի ձևավորմանը

Իշխանությունն անցել է արտախորհրդարանական «ընդդիմադիր» բևեռի ձևավորմանը
30.06.2017 | 10:57

Նորընտիր Ազգային ժողովի աշխատանքները, անցած նիստերը, քաղաքական շոուի տեսանկյունից, անշուշտ, որոշ չափով ապահովում են այն ֆոնը, որ կարևոր է համարվում ցանկացած վարչախմբի ժամանակ։ Կան իշխանություն և ընդդիմություն, որոնք, հստակ իրենց դերերը բաժանած, ամեն մեկն իրեն հատկացված դաշտում աշխատում է։ Ըստ այդմ թերևս ակնհայտ է, որ իշխանությանը լիովին հաջողվել է իր համար բավականին հարմարավետ վիճակ ստեղծել խորհրդարանում, և այն, ինչ այնտեղ կոչվում է ընդդիմություն, գործող իշխանություններին բավականին ձեռնտու է և առավել քան կանխատեսելի։ Միակ բանը, որ պահանջվում է ընդդիմություն կոչվածից` ապահովել ընդդիմադիր ֆոնը, իշխանական որոշ շրջանակների փոխարեն այս կամ այն ուղերձը հնչեցնել։ Եվ իրեն վերապահված շոուն վերջինս բավականին հաջող կատարում է թե՛ դրսի, թե՛ ներսի լսարանի համար։


Այս առումով իշխանությունը որևէ լուրջ խնդիր առանձնապես չունի։ Այդ «կոմֆորտային» խորհրդարանական ընդդիմությունը «Ծառուկյան» դաշինքի պարագայում ոչ միայն վերահսկելի է, այլև կառավարելի։ Ինչ վերաբերում է «Ելք»-ին, ապա վերջինս այս դաշինքային ու խայտաբղետ ֆորմատում բավականին խոցելի է, և անհրաժեշտության դեպքում «Ելք»-ն էլ, թերևս, կարելի է թուլացնել, անգամ՝ կազմալուծել։ Պատահական չէ, որ դրա մասին անընդհատ ակնարկում են հանրապետական կուսակցության ղեկավարները, մասնավորապես խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, շեշտելով, թե համբերեք, կտեսնեք` մեկ տարի անց «Ելքը» կմնա՞ դաշինք, թե՞ ոչ։ Սակայն նաև տրամաբանական է, որ, ընդհանուր առմամբ, իշխանությունը փորձում է իր համար կայուն ու կանխատեսելի կյանք ապահովագրել բոլոր դաշտերում, բոլոր ասպեկտներով։ Եթե խորհրդարանական ընդդիմության պարագայում այդ հարցերը նույնիսկ նախընտրական շրջանից լուծված էին, ապա արտախորհրդարանական ընդդիմության պարագայում, կարծես, փոքր-ինչ բարձիթողի վիճակ է։ Խոսքը մասնավորապես համակարգային ընդդիմությունը ներկայացնող այն ուժերի մասին է, որոնք ընտրությունների արդյունքներով խորհրդարան չեն կարողացել մուտք գործել, ինչպես նաև այն քաղաքական միավորների, որոնք համարվում են ոչ համակարգային ընդդիմություն: Վերջիններս հիմնականում դասվում են նրանց թվին, որոնք համոզված են, որ ընտրություններն իրենց ուղին չէ, ընտրությունների միջոցով Հայաստանում հնարավոր չէ լուրջ քաղաքական հարցեր լուծել, իշխանափոխություն անել։ Նրանք խոսում են հեղափոխական սցենարների մասին, նույնիսկ ինչ-որ փուլում փորձում էին դա իրականացնել։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է մոտ մեկ տարի առաջ զինված ապստամբություն իրականացրած «Սասնա ծռերին», որը, ըստ էության, համարվում է Սէֆիլյանի գլխավորած քաղաքական ուժի ռազմականացված թևը։


Այսպիսով, մի փոքր անկառավարելի վիճակ է արտախորհրդարանական հարթակում, բայց հավանաբար զուտ այն պատճառով, որ իշխանության ձեռքերը դեռ դրան չեն հասել, առայժմ զբաղված էին այլ, ավելի հրատապ հարցերով։ ՈՒ չի բացառվում, որ խորհրդարանում հարցերը լուծելուց, հստակություն ապահովելուց հետո, իշխանություններն անցնեն նաև այս դաշտում իրավիճակը կայունացնելուն, ավելի վերահսկելի դարձնելուն։ Նկատենք, որ այստեղ որոշակի գործոն շարունակում են մնալ «Սասնա ծռեր» խմբավորման շուրջ գործընթացները, և «Սասնա ծռերի» յուրաքանչյուր դատական նիստ, հավանաբար, լինելու է լարվածության որոշակի օջախ թե՛ լրատվական դաշտի, թե՛ հասարակական ակտիվ շերտերի համար։ Նույնը, թերևս, վերաբերում է հենց «Հիմնադիր խորհրդարանի» շուրջ սկսված դատավարություններին. դրանք, այս կամ այն չափով, լինելու են հասարակության մի մասի ուշադրության կենտրոնում՝ առաջացնելով որոշ ընդվզումներ:


Հասկանալի է, որ իշխանությունը խնդիր ունի արտախորհրդարանական ընդդիմության դաշտում վերացնելու ձևավորված թեկուզ թույլ, այնուամենայնիվ, «Սասնա ծռերի» և Սէֆիլյանի մենաշնորհը կամ գոնե ստեղծելու այլընտրանքային մրցունակ ուժեր։
Երևի թե այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել այն, որ ընտրություններից հետո արտասահմանյան ուղևորություններից Հայաստան վերադարձավ և ակտիվություն սկսեց ցուցաբերել Րաֆֆի Հովհաննիսյանը, շեշտելով, որ արտախորհրդարանական ընդդիմությունը պետք է մեծանա, դառնա կուռ մարմին։ Նրան հետևեց նաև նրա նախընտրական դաշինքային գործընկեր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ վերադառնալով Ռուսաստանի Դաշնությունից։ ՈՒշագրավ է, որ այս միավորման առաջնորդներից մեկը ընտրություններից անմիջապես հետո մեկնել էր ԱՄՆ, մյուսը` ՌԴ։ Թեև այս երկու գործիչների հռետորաբանությունը խիստ արմատական չէ ու ոչ համեմատելի սէֆիլյանական կտրուկ մոտեցումներին, սակայն, այնուամենայնիվ, կա արտախորհրդարանական դաշտը գրավելու հավակնություն։ Հատկանշական է, որ այս պահի դրությամբ նախընտրական ՕՐՕ դաշինքից իրենց ակտիվ են դրսևորում Սեյրան Օհանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը։ Առայժմ կենդանության նշաններ ցույց չեն տալիս Վարդան Օսկանյանն ու նրա թիմը, որոնք, ըստ էության, ընտրական գործընթացներում այդ դաշինքի քաղաքական կորիզն էին։
Ինչևէ, ամեն ինչ քիչ թե շատ ամփոփ տեսք ստացավ «Ժառանգություն» կուսակցության համագումարում, որտեղ պաշտոնապես հնչեցվեց ընդդիմության միավորման գաղափարը` ընդհուպ մինչև մեկ կուսակցություն դառնալու ծրագրերը: Զարմանալի կլիներ, եթե հերթական անգամ չհնչեր նաև «թավշյա հեղափոխություն» անելու պատրաստակամության մասին ընդդիմադիրների իդեֆիքսը:


Այսպիսով, ի՞նչ խնդիր է փորձում լուծել իշխանությունը։ Չի բացառվում, որ իշխանական որոշ շրջանակներում Սեյրան Օհանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բավականին լուրջ հույսեր են կապում, հաշվի առնելով այն գործոնը, որ իշխանությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ արդյունավետ աշխատելու բազմամյա փորձ ունի, վերջինս շատ անգամ կարողանում էր չեզոքացնել ցանկացած ռադիկալ դրսևորում, իսկ Սեյրան Օհանյանը, այնուամենայնիվ, մնում է մի մարդ, որն առավել քան սերտ կապեր է ունեցել ու դեռ, հավանաբար, ունի իշխանության հետ, ինչը թույլ է տալիս ղեկավարությանը առանձնապես շատ չանհանգստանալ պաշտպանության նախկին նախարարի հնարավոր վարքագծի առնչությամբ։


Սեյրան Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական տանդեմի միջոցով հանրապետության վերնախավը պետք է փորձի Ժիրայր Սէֆիլյանից վերցնել փողոցում և արտախորհրդարանական հարթակում ընթացող քաղաքական զարգացումների վրա ունեցած ազդեցության լծակները։ Այսինքն, ինչպես արդեն նշվել է, կոտրել այստեղ «Սասնա ծռերի» և Սէֆիլյանի խմբի ձևավորած մենաշնորհը։ Բացի այդ, անկախ ամեն ինչից, որքան էլ խորհրդարանական ընդդիմությունը վերահսկելի է, այնուամենայնիվ, խնդիր կա դրսում վերջիններիս հակակշիռ ստեղծելու հարցում, որպեսզի և՛ իշխանության ներսում, և՛ ԱԺ ընդդիմադիր թևում զգոնություն ապահովվի։ Ի դեպ, անհրաժեշտության դեպքում իշխանությունը նույն այդ փողոցը կարող է օգտագործել ներիշխանական ինչ-ինչ զարգացումների, մասնավորապես, վերադասավորումների ժամանակ։ Սա ոչ ավելորդ գործիք կարող է դառնալ որոշ իշխանական խմբերի ձեռքում: Եվ իրոք, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք ծավալված իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանության որոշ թևեր բավականին հմտորեն օգտագործում էին այդ օրվա ընդդիմադիր համարվող, մասնավորապես, արտախորհրդարանական, շարժումները` իշխանության վրա թվացյալ ճնշում գործադրելու և այդ պատրվակով վարչապետափոփոխություն իրականացնելու համար։


Այսպիսով, արձանագրենք հետևյալը. իշխանությունը խորհրդարանում «կոմֆորտային» ընդդիմություն ձևավորելուց հետո անցել է իր համար նույնքան հարմարավետ արտախորհրդարանական ընդդիմություն ստեղծելու գործին։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6325

Մեկնաբանություններ