Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Բժշկական տվյալների բազայից գողությունն անխուսափելի է»

«Բժշկական տվյալների բազայից գողությունն անխուսափելի է»
30.06.2017 | 11:18

Տասնչորս հասարակական միավորումներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին և մարդու իրավունքների պաշտպանին` կոչ անելով կասեցնել էլեկտրոնային բժշկական քարտերի նախագծի ընդունումը:


Սա վարչապետին ուղղված նախաձեռնող խմբի առաջին նամակ-դիմումը չէ, ամիսներ առաջ հրապարակվեց «Էլեկտրոնային բժշկական քարտերի նախագծի գաղտնի իմաստը և կոռուպցիոն ռիսկերը» վերնագրով բաց նամակը: Պատասխանը, մեղմ ասած, չի գոհացրել նախաձեռնող խմբին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի» միավորման ղեկավար Ա. ՌՈՒԲԵՆԸ, նշելով, որ տարբեր ճանապարհներով շարունակելու են պայքարը: Նախաձեռնող խմբին միացել են նաև այլ միավորումներ: Առանձին ստորագրահավաք է անցկացվելու նաև քաղաքացիների շրջանում, բարձրացնելու են նաև նույնականացման քարտերի խնդիրը:


Ա. Ռուբենը վստահեցնում է, որ նմանատիպ ռեֆորմներ կառավարությանը պարտադրում են արտաքին դեստրուկտիվ կառույցները, որոնք իշխում են Արևմուտքում և կանգնած են նաև այս նախագծի հետևում: Համաձայն այս նախագծի` քաղաքացիների բժշկական տվյալները կտեղադրվեն համացանցում` վտանգելով մարդկանց և խախտելով նրանց բժշկական, անձնական և ընտանեկան գաղտնիքի սահմանադրական իրավունքը: Զրուցակցիս պնդմամբ` բժշկական տվյալների բազայից գողությունն անխուսափելի է, տվյալները կարող են գողանալ հաքերները, այդ թվում` թուրքական և ադրբեջանական լրտեսական կառույցները. «Ինչպես իր օրինակով ապացուցել է Էդուարդ Սնոուդենը (ի պատիվ նրա), բժշկական տվյալների գողությունը անխուսափելի է նաև ինչ-որ բժշկի, ծրագրավորողի կամ պաշտոնյայի դավաճանության դեպքում: Շատ ավելի ուժեղ պաշտպանված հիմնարկների բազաներ են կոտրվել, օրինակ` Պենտագոնի սերվերները»: Ա. Ռուբենը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Windows-ը և շատ այլ հայտնի ծրագրեր (այդ թվում` հակավիրուսային) արտադրող կորպորացիաները կապված են Արևմուտքի պետությունների գաղտնի ծառայությունների և հենց վերոհիշյալ արտաքին դեստրուկտիվ կառույցների հետ. «Այս կապը գոյություն է ունեցել հենց հիշյալ ծրագրերը ստեղծելիս: Դրանք հատուկ գրվել են այնպես, որ որևէ պահի հնարավոր լինի համացանցի միջոցով գաղտնի ներթափանցել յուրաքանչյուր համակարգիչ: Այսպիսով` արտասահմանյան ծրագրերի վրա հայկական բազա ստեղծելը, որոնց կոդը ՀՀ իշխանությունները չգիտեն, անգրագիտություն է, եթե ոչ դավաճանություն»: Նախաձեռնող խումբը զգուշացնում է, որ էլեկտրոնային բժշկական քարտերի նախագիծը շատ վտանգավոր է մեր երկրի անվտանգության և քաղաքացիների համար, խախտում է մարդու իրավունքները և ՀՀ Սահմանադրության մեջ նշված բազմաթիվ դրույթներ:


Ֆինանսական կողմին անդրադառնալով` զրուցակիցս ասում է, որ նախագծի ներդրմամբ իբր խնայվելու են ֆինանսները, քաղաքացիների ժամանակը, այնինչ բժշկական անկետաների ներդրումը պահանջում է հսկայական ծախսեր բազմաթիվ հզոր համակարգիչների, պլանշետների, սկաներների, մոդեմների, լիցենզիոն ծրագրերի ձեռքբերման համար, ծրագրավորողների աշխատավարձի, բժիշկների վերապատրաստման, հոսանքի և այլն, որոնց համար անհրաժեշտ են նոր վարկեր: «Այս ամենը կհանգեցնի պետական պարտքի կտրուկ աճի: Բացի այդ, բժիշկը ստիպված է լինելու կատարել հավելյալ աշխատանք, ինչից կտուժի նրա հիմնական աշխատանքը»,- հավելում է Ա. Ռուբենը:


Տվյալների արտահոսքից զատ, կա նաև մեկ այլ խնդիր: Տեխնիկական խնդիրների կամ հաքերային հարձակման դեպքում էլեկտրոնային քարտերը կարող են անհասանելի դառնալ կամ, որ ավելի վատ է, կարող են աղավաղվել տվալները: Մեկ այլ կանխակալ վարկած ևս. «Էլեկտրոնային քարտերով բարձրաստիճան կոռուպցիոներները և արտաքին դեստրուկտիվ կառույցների անդամները, առողջական խնդիրների դեպքում, հեշտությամբ իրենց համար դոնոր կգտնեն: Այսպիսով` կերկարացնեն իրենց կյանքը, նաև քաղաքական լրջագույն խնդիր կլուծեն. կենսաչափական տվյալներով կպարզեն անձի հոգեբանական դիմանկարը, ըստ այդմ, գտնելով ու չեզոքացնելով պոտենցիալ այլախոհներին, որոնք վտանգավոր են արտաքին դեստրուկտիվ կառույցների համար»:


«Սոցցանցերը նույնպես գաղտնի ծառայությունների համար տվյալների բազա են ապահովում, ի՞նչ իմաստ ունի նման մեծածավալ նախագծի ներդրումը»,- մեր այս հարցին ի պատասխան զրուցակիցս ասաց, որ ինքը, օրինակ, սկզբունքորեն չի օգտվում սոցցանցերից, տանը համացանց չունի, և եթե դիսիդենտն ուզում է թաքնված մնալ, չի օգտվի սոցցանցից կամ կձևանա, որ հետաքրքրվում է ֆուտբոլով ու աղջիկներով: Բացի այդ, սոցցանցերի տված տեղեկատվությունն այդքան մեծ չէ։


Ի լրումն Ա. Ռուբենն ասում է, որ պայքարը շարունակելու են, իսկ թե ինչ եղանակներով, առայժմ չակերտները բացել չեն ցանկանում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ