Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գիշերային ակումբների «մաշող պատերազմը»

Գիշերային ակումբների  «մաշող պատերազմը»
30.06.2017 | 11:27

ՆԱԽԵՐԳ
Երբ օր օրի գորշացող երկիրն ու մայրաքաղաքը քուն են մտնում, արթնանում է մայրաքաղաքի և երկրի գունեղ տականքը։ Իսկ օրվա ընթացքում երկրում և նրա քաղաքներում անհաշիվ հանդեսներն են դրության տերը։ Ահա Զ. գավառաքաղաքի գրական վերնախավը չի զլանում և նշում է վաստակաշատ քնարերգու օրիորդ Ծովինարի հերթական «Ծաղկեփունջ և գորտնուկ» ժողովածուի լույսընծայումը։ Հանդեսը զարդարում են գավառապետը, նրա տիկինը և վերջինիս «Շանել-5» օծանելիքի բույրը։ Մայրաքաղաքում նախարար Պ.-ի աշխատակազմի ղեկավար Չ.-ի ծննդյան տարեդարձն է նշվում «Պ+Չ» սրճարանում։ Տարեդարձի կարմիր թելը պարոն Չ.-ի բարեփոխչական ներդրումն է։ Տակավին երիտասարդ, 30-ամյակը նոր բոլորած տիար Չ.-ին հաջողվել է երեք վարկ և չորս դրամաշնորհ կորզել դրսից և շենացնել նախարարությունը, նախարարին, վարկի մարումն էլ ազնվորեն թողնել գալիք սերունդներին։ Անհաշիվ այս հանդեսներում երկինք և երկիր է խարազանում այս ելույթը. «Մենք, հայերս, հավերժի ճամփորդն ենք ահա 7 հազար (ոմանց համոզմամբ` 27 հազար) տարի, և մեզ ծնկի չեն բերել ո՛չ արաբն արյունարբու, ո՛չ բյուզանդացին բարոյազուրկ, ո՛չ թաթարը, ո՛չ էլ օսմանցին»։ Ինչպես ասացինք, նման ցերեկույթներն ու երեկույթներն ամենուր են, անհամար են և հայկական հավերժությանը միտված ցնորական այս ձոներգը ցանկացած հանդեսում հնչում է հավատավոր երազանքով։ Իհարկե, ձոներգի երանգը կարող է փոխվել, երբ վասն ազգի կենաց հոխորտա խմբիշխանության հավատի զինվոր, թաղային դուրսպրծուկ, կուսակցության տեղական պարագլուխը. «Հայոց ազգին ոչ թուրքն ա չոքացրել, ոչ էլ ռուսը, մեզի բան ասողի...»։ «Մեզի», այնուամենայնիվ, բան են ասում։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Եվ այսպես, ՀՀ 14-րդ վարչապետ տիար Կարեն Կարապետյանը, ընդառաջելով հանրությանը, ՀՀ կառավարության հերթական նիստում (սույն պատմական նիստը կայացել է 2016-ի նոյեմբերի 10-ին և վավերացվել է N29.6 (379656)-16(45) արձանագրությամբ) հրահանգում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին (նախարարն է Սուրեն Կարայանը) և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին (նախագահն է Նարեկ Սարգսյանը), համագործակցելով համայնքապետերի հետ, կանոնակարգել բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ներկայացնել դրանք այլ վայրեր տեղափոխելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ` այդ գործընթացի իրականացման համար նախատեսելով ողջամիտ ժամկետներ և պայմաններ։


Այս պահին խոր շունչ քաշենք, զի շոգ է և հարկ է վայելել պաղպաղակ, գարեջուր կամ էլ թան, ըստ ճաշակի և քսակի։ Վայելեցինք, սքանչելի է, այժմ փորձենք հասկանալ, թե ինչպես է սահմանվում «գիշերային ակումբը»։ Միջազգային օրենսդրությամբ գիշերային ակումբը ժամանցի վայր է, որն ապահովված է երաժշտությամբ և տարածքով, որտեղ կարելի է պարել, և որը բաց է հանրության համար, մատուցում է զովացուցիչ ըմպելիքներ, նաև ոգելից խմիչքներ, նաև սնունդ։ Համաձայն ՀՀ օրենսդրության, ցանկացած համայնք ունի առևտրի, հանրային օբյեկտների քարտեզագրում, որը հնարավորություն է տալիս բիզնեսմենին ուսումնասիրելու սույն քարտեզը` գործունեությունը իրականացնելու նպատակով։
Այս խիստ ասկետիկ հաստատությունները պետք է ապահովեն`
ա) պարային հրապարակ` 0,5 քմ յուրաքանչյուր անձի համար։
բ) Ձայնամեկուսիչների առկայություն, ընդ որում` աղմուկը ներսում չպետք է գերազանցի 100 դեցիբելը։
գ) Բարոյականության վկայական։ Գիշերային ակումբի անձնակազմը պետք է բացառի այն մարդկանց, ովքեր դատապարտվել են թմրամիջոցների կամ թմրանյութերի հետ կապված իրավախախտումների, սեռական հանցագործությունների և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար։


Ի դեպ, 100 դեցիբել աղմուկը չափագրելու նպատակով հիշենք, որ մետրոյի գնացքն առաջացնում է 80 դԲ աղմուկ, ամպրոպի ճայթյունը` 110 դԲ, զենքի կրակոցը` 120 դԲ։
Պարային հրապարակում անձը կես քառակուսի մետր տարածքում է ինքնարտահայտվում, ամպրոպի ճայթյունի ուժգնությամբ հնչող երաժշտության տակ։ Գիշերային ակումբի այցելուների համար ուղղակի անարգանք է զովացուցիչ գործածելը, քանի որ, ինչ խոսք, անհամատեղելի են խելահեղ կրքապարը, ամպրոպային երաժշտությունն ու հանքային ջուրը։ Ոգելից խմիչքն է այստեղ տեղին, ու որքան թունդ, այնքան լավ։
Կրկին դեգերենք վարչապետի հանձնարարականի և դրա կատարման լաբիրինթոսում։ Դեգերումն ընդհատվում է առաջին իսկ խութին առերեսվելիս, չէ՞ որ գիշերային ակումբները պետք է տեղակայվեն բնակելի տարածքներից 400 մետր հեռու, սակայն մայրաքաղաքում և մյուս գավառաքաղաքներում բնակելի շենքերի առաջին հարկերում կամ մերձակայքում տեղակայված վերոնշյալ բարեպաշտ հաստատություններն անգամ կես թիզ չեն տեղաշարժվել, այնինչ հանձնարարականից անցել է արդեն իսկ յոթ ամիս և... երկու շաբաթ։ (Գուցե 7 ամիս և 2 շաբաթը ողջամիտ ժամկետ չէ)։ Սույն փաստը եղերական պետք է որ արժանանա հարգարժան վարչապետի համակ ուշադրությանը։ Այն, ինչ խոսք, մշտապես կգտնվի «հողմաղացի» ուշադրության կենտրոնում։ Ի դեպ, «հողմաղացի» երազանքն է, որ այդ որջերը առհասարակ վերացվեն օրենքով։ Իսկ մինչ այդ ծանոթանանք իրավիճակին։

ԳԻՇԵՐԱՈՐՋԻ ՋՈՒՆԳԼԻՆԵՐՈՒՄ
«Հողմաղացը» հողմազերծվել և զմայլված ականջ է դրել ահա այս քնարական ուղերձին
Գնացքը կցված սև թունելին
Վագրի պես փնչոցով
դուրս է նետվում,
ՈՒժասպառ հասնում է
կայարանին,
Մարմինն է կրքերից
ախտաժետում
(«Սև ռոմանս»):

Այս ռոմանսը սև, բայց շիտակ մաքրագրել է խենթ մի պոետ` Գևորգը Կարապետյան։ Իր հերթին «Առաջին լրատվական» ուղղամիտ կայքը բացեց փակագծերը` անկեղծ զրուցելով մայրաքաղաքի Խանջյան-Թումանյան խաչմերուկում տեղակայված մի քանի շենքերի տարաբախտ բնակիչների հետ։ Մի քանի մեջբերումներ կատարենք նշյալ զրույցներից, ինչ խոսք, հարազատ մնալով հուզախռով քաղաքացիների խոսքի անմիջականությանը։ «Սաղ գիշեր էստեղ կռիվ ա լինում, ժամը 23.00-ից հետո բարձր երաժշտությունը քոքում են, ստրիպտիզներ ա լինում, քեֆեր ա լինում, երգում են, պարում են, հետո հելնում իրար են ծեծում։ Փոքր թոռնիկ ունեմ, որ կեսգիշերին դրանց գոռգոռոցից արթնանում, լացում է։ Ես արդեն որոշել եմ, որ պետք է տունս վաճառեմ, թողնեմ ռադ լինեմ ուրիշ թաղամաս, ինչքան կարելի է այսպես ապրել»։ Սա Խանջյան 33 շենքի 2-րդ հարկի բնակչի սրտակեղեք բողոքն է։ Նրա բնակարանը գտնվում է ակումբ-որջի վերևի հարկում։ Մեկ այլ բնակիչ այլ պատկեր է նկարագրում. «Հայաթում բիսեդկա կար, ամբողջ գիշեր գալիս էին ու էդ բիսեդկում երակները լցնում, առավոտը սաղ սպրիչները տեսնում էինք խոտերի մեջ թափած, անբարոյականության մասին էլ չեմ ասում։ Մի անգամ երեկոյան տեսա` մի անշնորհք աղջիկ մուտքի մոտ պպզած միզում էր... Դրանց նմաններին որ տանես բաց թողնես ջունգլիներում, գազանները կփախնեն»։ Այս սյուրռեալիստական եղելությունն ավարտվում է զավեշտախառն եղերգով։ Երբ բնակիչները դիմում են ոստիկանություն, վերջինիս ծառայողները արձանագրում են բողոքը և հորդորում քաղաքացիներին դիմել քաղաքապետարան։ Դիմում են, քաղաքապետարանից աչալրջորեն ուղղորդում են բողոքավոր քաղաքացիներին դիմել ոստիկանություն։ Այսպիսով շրջանը փակվում է, տականքը բարգավաճում է։ Սակայն երբ բնակիչների ահազանգերը բազմապատկվում են, ոստիկանությունը մեկ անգամ հատուկ պահակակետ է ամրացնում այս վայրում։ Աղմուկը դադարում է, անբարո արարքները` ևս։ Բայց չգիտես ինչու մի քանի օր անց պահակակետը վերանում է։ Որջերը շարունակում են անառակության նոր հորիզոններ նվաճել, բնակիչները մտորում են` կամ բնակարանը փոխել, կամ էլ... արտագաղթել։


Հետաքրքիր է, իսկ ինչո՞վ են զբաղվում ցերեկները գիշերային ակումբների պատանի և երիտասարդ հաճախորդները։ Գուցե թմրանյութի ձեռքբերմա՞մբ։ Միգուցե ուղղակի քնում-կազդուրվո՞ւմ են գիշերային արկածներին ընդառաջ։ Իսկ ես, ձեր ծառան հեզ, պատեպատ եմ խփվում և փորձում եմ հասկանալ, երբ լուսաբացին ոգելից (հաճախ նաև թմրանյութից) և այլ «պլատոնական» հաճույքներից գերագույնս խոնջացած պատանին և աղջիկը հայրենի օջախ են վերադառնում, նրանց ինչպե՞ս են դիմավորում հայրն ու մայրը, պապն ու տատը։ Բայց միգուցե որջակումբների ացելուներն ուղղակի երկկողմանի ծնողազուրկ որբուկնե՞ր են, ողջ ցերեկը լացակումած քար են քաշում, որ չչարանան անիրավ աշխարհի դեմ, իսկ գիշերները մոլեգնում են և վրե՞ժ են լուծում հասարակությունից։
«Մաշող պատերազմ է» երկրի դեմ սանձազերծել Ազերբայջանը։ Դեպքից դեպք զոհասեղանին են դրվում տակավին պատանի և դեռ երիտասարդ մեր զինվորների և մեր սպաների սուրբ աճյունները։ Իսկ տականքը գիշերաորջերում է պատերազմ սանձազերծել երկրի և բնակիչների դեմ, մաշող պատերազմ։


Ովքե՞ր են գիշերաորջերի իրական սեփականատերերը, դժվար չէ կռահել։ Որո՞նք են վերոնշյալ հաստատությունների գործունեության բուն նպատակները, դարձյալ խոր գաղտնիք չէ, ոտն ի գլուխ բարոյազրկել ապագա մայրերին և հայրերին զուգահեռաբար ոտնահարելով ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները։ Ահա թե ինչ շրջափուլ է թևակոխել 3-րդ հանրապետությունը։ Այո, երկրում, վասն վարկային դևերի առջև մեր իշխանախմբի ստանձնած պարտավորությունների սև թունելներ են կառուցել երկրով մեկ։ Մի քանի նման թունել գոտեպնդել են երկիրը։ Ահավասիկ ԼԳԲՏ-ականների կայուն աճ արձանագրող թունելը, ահա աղանդավորական բազմաթիվ թունելախորշերը, նաև գիշերային ակումբաորջերը և այլն։
ՀՀ կառավարությունը 2007-ի հուլիսի 19-N 962-ն սահմանել է ՀՀ համայնքներում գործող առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույտվություն տալու կարգը։ Սա, վստահաբար, ճանապարհ էր հարթելու դեպի Եվրամիություն։ Հարթել է, բայց ճանապարհը հեղեղումներից փլուզվել է, ապահովվել է բարոյազուրկ գործընթացների անխափան ուղին։ Սակայն գուցե ժամանա՞կն է 10-ամյա չարաբաստիկ օրենքը չեղարկելու և, առհասարակ, արգելելու որևէ զվարճանքի օբյեկտի գործունեություն մարդաբնակ վայրում, Երևանում և այլուր։

ՎԵՐՋԵՐԳ
Ելքը այս է` այո՛, այո՛, օրենքով խիստ ազդու պետք է արգելվի գիշերային ակումբների, նաև խաղատների և շոգեբաղնիքների գործունեությունն առհասարակ, այսինքն` պետք է վերջակետ դրվի «մաշող պատերազմներին»։ Սա խնդրի ռազմավարություն է։ Տակտիկական առումով անհրաժեշտ վերոնշյալ գիշերաորջերը տեղափոխել մարդաբնակ վայրերից դուրս, զի «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է` «գիշերային ակումբները պետք է տեղակայվեն` ա) դեպի զբոսաշրջային վայրեր տանող գլխավոր ճանապարհի վրա, բ) խոշոր առևտրի օբյեկտներում կամ բիզնես համալիրներում։
Զինչե՜ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 9539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ