Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այսօր դատարկ տարածությունը լցվում է փողով»

«Այսօր դատարկ տարածությունը լցվում է փողով»
30.06.2017 | 11:41

ԱԳՆԵՍԱ ՍԵՎՈՒՆՑԸ դրամատուրգ է, սցենարիստ: 18 տարեկանից նրա նյութերը տպագրվել են հայաստանյան և խորհրդային մամուլում: Նրա սցենարով կինոնկարներ են ստեղծվել «Հայֆիլմ» կինոստուդիայում, պիեսները բեմադրվել են հեռուստաթատրոնում:
Ագնեսան ծնվել է մտավորականների ընտանիքում: Հայրը՝ Գարեգին Սևունցը, հայ նշանավոր գրող էր, մայրը՝ Շողիկ Սաֆյանը, տաղանդավոր բանաստեղծ:


Գարեգին Սևունցը ծննդով Խնձորեսկից էր: Հետագայում ապագա գրողի ընտանիքը տեղափոխվում է Բաքու, որտեղ Գարեգինն ավարտում է մանկավարժական ինստիտուտը: Աշխատել է Բաքվի «Կոմունիստ» թերթում, խմբագրել է «Խորհրդային գրող» ամսագիրը ¥երկուսն էլ՝ հայերեն¤:
Երիտասարդ գրողի ազգանունը Գրիգորյան էր, սակայն իր ստեղծագործությունների տակ նա ստորագրում էր Սևունց: Գրական կեղծանունը ստեղծել էր հոր անունից՝ Սևի:
Գարեգին Սևունցը մեծ հայրենասեր էր: Երբ սկսվեց Հայրենական պատերազմը, նա կամավոր մեկնեց ռազմաճակատ և մինչև պատերազմի ավարտը կռվեց թշնամու դեմ: Եղավ Թեհրանի կոնֆերանսի կազմակերպիչներից մեկը: Պայքարեց նաև գրչով. գրեց բազմաթիվ ռազմահայրենասիրական ակնարկներ, պատմվածքներ: Պատերազմից հետո Գարեգին Սևունցը տեղափոխվեց Երևան: Իր տաղանդի, մարդկային լավագույն հատկանիշների շնորհիվ նա շատ կարճ ժամանակում ձեռք բերեց մեծ հեղինակություն, հայտնվեց գրական իրադարձությունների կենտրոնում, դարձավ գրողների միության կարևոր դեմքերից մեկը: Նա եղել է «Պիոներ» ամսագրի գլխավոր խմբագիր, արտասահմանյան երկրների հետ բարեկամության ու մշակութային կապերի հայկական ընկերության նախագահը, իսկ 1954 թվականին ընտրվել է գրողների միության վարչության քարտուղար: Միակ գրողն է եղել, որ ինքնակամ հրաժարվել է պաշտոններից, որ ավելի շատ ժամանակ հատկացնի ստեղծագործությանը: Գարեգին Սևունցը ակտիվ քաղաքացի էր, ապրում էր ժողովրդի կյանքով ու խնդիրներով: ՈՒշագրավ է, որ գազի բալոնները մեր կենցաղ մտան գրողի նախաձեռնությամբ: Երբ Երևանը դեռ գազիֆիկացված չէր, ու բնակարաններում օգտագործում էին նավթավառներ, պրիմուսներ, վառարաններ, գրողը դիմեց համապատասխան պետական ատյաններին, հետամուտ եղավ, որ իր առաջարկությունն ընդունվի:

Դա առաջընթաց քայլ էր մեր կենցաղում: Երբ աշխատում էր երկրաբանների մասին վեպի վրա, Բջնիում հայտնաբերեց այսօր արդեն շատ հայտնի հանքային ջուրը: Խորհրդային տարիներին ով գեթ մեկ անգամ որպես զբոսաշրջիկ մեկնել է արտասահման, հիշում է, թե ինչ չնչին գումար էր փոխանակվում: Գարեգին Սևունցը հաճախ էր լինում արտասահմանում և նույնիսկ այդ ոչ մեծ գումարով իր համար բան չէր գնում: Հնդկաստանից Երևան բերեց «Ազդարարի» բոլոր համարները, Փարիզում գնեց Սիրանույշի բոլոր բեմական զգեստները և դրանք նվիրեց Գրականության ու արվեստի թանգարանին: Եվ այդպիսի անակնկալներ նա հաճախ է մատուցել: Երբեք չի դադարել ստեղծագործելուց: Ընթերցողի հավանությանն են արժանացել նրա «Գերիներ», «Պետական գաղտնիք» վեպերը, վիպակները, նոթագրական-ուղեգրական ստեղծագործությունները՝ «Իրանական նոթեր», «Դանուբից Գանգես», «Վիետնամի գարունը»:


Սևունցը ճանաչված էր ոչ միայն Հայաստանում: Նրա ստեղծագործությանը քաջ ծանոթ էին ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում, արտասահմանում: Նրա լավ բարեկամներն էին Կոնստանտին Սիմոնովը, Ալեքսանդր Ֆադեևը, Լեոնիդ Լեոնովը, Ժորժի Ամադուն, Ջոն Սթայնբեքը... Գարեգին Սևունցը պարգևատրվել է Կարմիր դրոշի երկու շքանշանով, Ժոլիո Կյուրիի մեդալով, արժանացել է կուլտուրայի վաստակավոր գործչի կոչման: Զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ. ընտրվել է եվրոպական գրողների ընկերության փոխնախագահ, եղել է ԽՍՀՄ-Բուլղարիա բարեկամության ընկերության փոխնախագահը և Հայաստան-Բուլղարիա ընկերության նախագահը:


Դպրոցը, որտեղ ես սովորում էի, գտնվում էր Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դիմաց ¥Վ. Մայակովսկու անվան դպրոց¤: Նախորդ դարի 50-ականներին թատրոնի հայտագրերում հաճախ էի կարդում «Թեհրան» վերնագիրը: Երեկոյան ներկայացում էր, և ասում էին, որ դահլիճը միշտ լեփ-լեցուն էր: Բեմադրության հիմքում Սևունցի «Թեհրան» հանրահայտ վեպն էր՝ Իրանի ժողովուրդների սոցիալական և ազգային-ազատագրական պայքարի մասին: Վեպը թարգմանվել էր 20 լեզվով և տպագրվում էր հազարավոր օրինակներով: Մեր տանն էլ այդ գիրքը կար: Հայրս ու մայրս հաճախ էին վերընթերցում այն, հարևաններն էլ հաճախ խնդրում էին կարդալու համար:
Ագնեսա Սևունցն էլ է սովորել Վ. Մայակովսկու անվան դպրոցում, ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան:


-Չեմ համարում, որ երջանիկ մանկություն եմ ունեցել,- պատմում է Ագնեսան:- Պատերազմ էր և դրանով ամեն ինչ ասված էր: Հայրս կամավոր մեկնեց ռազմաճակատ: Մայրս մնաց մենակ երկու փոքր երեխաներով. ես և եղբայրս՝ Լեոնիդը: Մայրս՝ Շողիկ Սաֆյանը, գեղեցկուհի էր, սերում էր ազնվական տոհմից, տաղանդավոր բանաստեղծ էր: Նա նույնպես Խնձորեսկից էր, և հաճախ էր հիշում իր երկրացիների այն սուր խոսքը, թե Ամերիկայում մի ձմերուկ կտրեցին, միջից խնձորեսկցի դուրս եկավ: Սիրում էր ծննդավայրը, հարազատներին, ընտանիքը: Գովերգում էր հայրենիքը, հայրենի բնությունը, սերը, բարությունը, մարդու գեղեցկությունը...
Մայրիկիս ապուպապերը կրթված մարդիկ էին՝ Սաֆիտբեկյանները: Հետագայում ազգանունը կրճատվեց, և մայրիկս գրվում էր Սաֆյան:
Դարեր առաջ մայրիկիս տոհմի ներկայացուցիչներից մեկն արժանանում է Պարսկաստանի շահի ընդունելությանը: Գնում է շահի մոտ խնդրանքով՝ նվազեցնել հայ աշխատավորների հարկերը: Շահը նրան լսում է ուշադիր և հիանում է այդ պատկառելի մարդու պահվածքով, ներքին կուլտուրայով, գիտելիքներով: Եվ եթե նրա ընդունելությունները սովորաբար տևում էին 10 րոպե, հայ խնդրատուի հետ հանդիպումը տևում է մոտ 3 ժամ: Իսկ վերջում շահը նրան է նվիրում իր խալաթը:


Մանկության տարիներին մի հարց էր տանջում, անընդհատ հետապնդում ինձ. «Ինչո՞ւ մարդիկ իրենց հարաբերություններում ազատ չեն, ինչո՞ւ են կաշկանդված»: Եվ ինձ շատ էին զարմացնում մարդիկ, ովքեր հոգով ազատ էին, անկեղծ, անկաշկանդ: ՈՒ այդ մարդկանցից առաջինը մայրս էր, որն իր ապրելակերպով, իր գործողություններով անընդհատ զարմացնում էր ինձ:
1942 թվականն էր, պատերազմի ամենաթեժ տարին: Մայրս Բաքվի «Կոմունիստ» թերթի գրականության և արվեստի բաժնի վարիչն էր: Հրահանգ է գալիս վերևից, որ խմբագրակազմից մեկը պետք է կրճատվի: Խմբագիրը մայրիկիս ասում է. «Ես արդեն որոշել եմ, թե ում պետք է կրճատել», ու տալիս է աշխատակիցներից մեկի անունը: Մայրս առարկում է. «Ախր նա հիվանդ կին է պահում, ուրիշ տեղ չունի գնալու: Ինձ կրճատեք»: Խմբագիրն ապշում է. «Ո՞նց թե քեզ կրճատեմ, դու ֆրոնտովիկի կին ես: Ինձ կգնդակահարեն...»: Մայրս շարունակում է. «Ես կգտնեմ աշխատանք, ես Երևան կգնամ»: Խմբագիրը համոզում է Շողիկին, որ նման քայլի չդիմի, բայց մայրս անկոտրում է մնում: Խմբագիրը զարմացած բացականչում է. «Դու սուրբ կին ես...»: Մենք գալիս ենք Երևան ու իսկույն գնում գրողների տուն: Մայրս, եղբայրս, ես նստած էինք գրողների տան միջանցքում մեր ճամպրուկների վրա: Գրողների տուն է մտնում մի կին: Տեսնելով մեզ, մոտենում է: Իմանալով, թե ով ենք մենք, նա կատեգորիկ տոնով ասում է. «Գնում ենք մեր տուն, դուք կապրեք մեր տանը»: Պարզվում է, որ նա Հրաչյա Քոչարի կինն է՝ Հասմիկը:


Քոչարի ընտանիքը ապրում էր երեքսենյականոց կոմունալ բնակարանի երկու սենյակներում: Հասմիկը մի սենյակը հատկացրեց մեզ, իսկ մյուսում ինքն էր դստեր հետ ¥Քոչարը ռազմաճակատում էր¤: Այդ տանը մենք ապրեցինք 9 ամիս: Մայրս երկու տեղ էր աշխատում՝ Հայաստանի ռադիոյում և կոմերիտմիության կենտկոմում:
Կոմունիստական և կոմերիտմիության կենտկոմները գտնվում էին նույն շենքում, և երբեմն շենքի նկուղում կինոնկարների դիտումներ էին կազմակերպվում:
Մի անգամ կինոդիտման էր եկել կոմկուսի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանն իր շքախմբով: Աշխատակիցները ¥հիմնականում՝ կանայք¤ կանգնած էին ներքև տանող աստիճանների մոտ և պատրաստվում էին իջնելու: Տեսնելով քարտուղարին, կանայք ճանապարհ բացեցին, որ նա իջնի: Իսկ մայրս մի հայացք գցեց քարտուղարի վրա և սկսեց իջնել, դրանով հասկացնելով, որ կանանց պետք է զիջել: Հետո մայրիկիս ասել էին, որ Հարությունյանին Շողիկի այդ քայլը դուր է եկել՝ գնահատել է կնոջ արժանապատիվ պահվածքը:
1942 թվականին մայրս փողոցում պատահաբար հանդիպում է իր ընկերուհիներից մեկին: Մայրիկիս տեսքը նրան դուր չի գալիս: Շողիկը շատ հյուծված է լինում: Մի քանի օր հետո մեր դուռը թակում են: Այդ կինն էր՝ մի պարկ կարտոֆիլը ուսին: Այդ բեռով քաղաքի մի ծայրից մյուսն է հասել ոտքով և մեզ համար բերել այդ կարտոֆիլը: Մայրս շատ ուրախացավ՝ պատերազմի տարիներին սուղ էր մթերքը: Մայրս եփեց այդ կարտոֆիլը, նաև բաժին հանեց Հասմիկի, մյուս հարևանների համար: Անցան տարիներ, պատերազմն արդեն ավարտվել էր: Հայրս հեռացել էր կյանքից՝ ինֆարկտ: Նրա մահվանից հետո շատ դեֆիցիտ դեղորայք էր մնացել: Իսկ այդ տարիներին դեղորայք դժվար էր ճարվում: Հայրիկի հիվանդության ժամանակ կաթողիկոս Վազգեն Առաջինը շատ օգնեց դեղորայքի հարցում: Նա շատ ջերմ, կարելի է ասել, հայրական վերաբերմունք էր ցուցաբերում Սևունցի նկատմամբ: «Որդիս»,- այսպես էր նա դիմում հայրիկիս, նման վերաբերմունք հայրիկիս նկատմամբ ուներ և Ավետիք Իսահակյանը:


Հայրիկիս մահից հետո մայրս մի օր հանդիպում է այն ընկերուհուն, որը մեզ կարտոֆիլ էր բերել: Նա պատմում է, որ ամուսինը սրտային է, և դեղորայք չեն կարողանում հայթայթել: Մայրս հավաքում է պապայից հետո մնացած բոլոր թանկարժեք դեղերը և տալիս է այդ կնոջը:
Հորեղբայրս՝ Արմեն Գրիգորյանը, ծառայում էր ներքին գործերի համակարգում: Նա շատ նրբանկատ մարդ էր և չէր հանդուրժում այդ համակարգի անարդարությունները:
1937 թիվն էր: Ժողովներից մեկի ժամանակ հորեղբայրս խնդրում է ազատել իրեն աշխատանքից: «Էլ չեմ կարող այստեղ աշխատել, երբ լսում եմ երեխաների լացը ծնողներին ձերբակալելու ժամանակ, չեմ դիմանում, ինձ վատ եմ զգում»: Եվ ի՞նչ: Նրան ծեծում են և ուղարկում հոգեբուժարան: Մինչև պատերազմը սկսվելը նա գտնվում է այդ «հիվանդանոցում»: Լսելով սարսափելի լուրը, նա խնդրում է, որ իրեն ուղարկեն ռազմաճակատ: Չեն մերժում: Եվ ճակատագրի հեգնանք. մեկ ամիս պատերազմը ավարտվելուց առաջ՝ 1945-ի ապրիլի 9-ին նա զոհվում է: Այդ դաժան պատմությունը ծանր նստվածք թողեց իմ հոգում: Եվ երբ 1956-ին իմացա, որ խորհրդային տանկերը մտել են Հունգարիա, որոշեցի դուրս գալ կոմերիտմիության շարքերից: Համալսարանի կոմերիտմիության քարտուղար Ստեփան Պողոսյանը ապշած էր և ոչ մի կերպ չկարողացավ ինձ համոզել, որ հրաժարվեմ իմ մտադրությունից: Ինձ կանչեցին կոմերիտմիության կենտկոմ: Առաջին քարտուղար Սպարտակ Բաղդասարյանը զայրացավ. «Դու հորդ խայտառակ ես անում»: Դա էլ չօգնեց:


Բայց, ըստ երևույթին, լավ մարդիկ էին և ինձ չմատնեցին: Հայրս չիմացավ այդ մասին: Ես աշխատել եմ «Հայֆիլմ» կինոստուդիայում: Գրել էի մի սցենար՝ «Եվ այդժամ դու կվերադառնաս»: Ընկերներս՝ Յուրի Երզնկյանը և Սերգեյ Փարաջանովը, ասացին. «Տաղանդավոր սցենար է»: Իսկ սցենարական բաժնի պետ Լևոն Բուդաղյանը ավելացրեց. «Այդպիսի տաղանդավոր հակասովետական սցենար դեռ չէի կարդացել»: Երբ ռեժիսորները կարդում էին իմ սցենարները, միշտ առաջարկում էին փոփոխություններ կատարել: Դա ինձ դուր չէր գալիս:


Շրջապատս շատ մեծ էր. հայրիկիս ընկերները՝ գրողներ, արվեստագետներ, մայրիկիս համակուրսեցիները՝ Համո Սահյան, Սերո Խանզադյան, իմ հասակակից արվեստագետները: Շփվում էի մոսկովյան կինոէլիտայի հետ: Անդրեյ Տարկովսկին իմ լավ բարեկամներից էր: «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմի դիտումից հետո եկա տուն ու իմացա, որ մահացել է եղբայրս՝ Արեգը: Նա գեոֆիզիկոս էր, երկրաբան: Տաղանդավոր երիտասարդ էր: Ապրեց ընդամենը 27 տարի: Դրանից հետո ես չէի կարողանում դիտել Տարկովսկու ֆիլմերը: Ինձ թվում էր, թե ես վատ լուր պետք է ստանամ նրա ֆիլմերը դիտելուց հետո: Մի անգամ նա ինձ հարցրեց. «Նայե՞լ ես իմ վերջին ֆիլմը»: «Ոչ»,- պատասխանեցի և բացատրեցի ինչն է բանը: Նա պատասխանեց. «К черту, не смотри мои фильмы»: Կյանքից անժամանակ հեռացավ և ամուսինս՝ Արամ Զուրաբյանը: Արամի ծնողները գիտության նվիրյալներ էին: Հայրը ֆիզիկոս էր, մայրը՝ քիմիկոս: Իսկ Արամը կենսատեխնոլոգիայի ինստիտուտի տնօրենն էր:
Երկու որդի ունեմ՝ Լևոնը և Սուրենը: Նրանք երկվորյակներ են: Լևոն Զուրաբյանը քաղաքական գործիչ է, ընդդիմադիր, շատ է մտահոգված մեր երկրի ու ժողովրդի այսօրվա վիճակով:
Իսկ Սուրենս...

Սուրենը Ագնեսայի ամենացավոտ վերքն է: Սուրենը տաղանդավոր մարդ էր, տաղանդավոր երգիչ, արհեստավարժ ատամնաբույժ: Գեղեցիկ արտաքին ուներ, գեղեցիկ հոգի, ներքին բարձր կուլտուրա, արտակարգ մարդ էր: Չափազանց ուշադիր և հոգատար էր իր հիվանդների նկատմամբ: Նրան կոչում էին բժիշկ-փրկիչ, օգնության էր գալիս առաջին կանչով՝ գիշեր էր, թե ցերեկ: Բարի էր և անշահախնդիր, զինվորներին բուժում էր անվճար, ընկերների մասին էլ խոսք չկար: Երաժիշտ ընկերները խանդում էին՝ համարելով, որ Սուրենը պետք է անմնացորդ նվիրվի երաժշտությանը: Իսկ նա, խտրականություն չդնելով, երկու բնագավառում էլ աշխատում էր մեծագույն նվիրումով: Ճշտապահ էր, կարգապահ, նաև հուսալի ընկեր էր, որի հետ ճամփորդելը մեծագույն հաճույք էր: Իրեն չէր խնայում, աշխատում էր ինքնամոռաց: Երգել սկսեց, երբ արդեն ավարտել էր բժշկականը: Երգը նրա կոչումն էր: Ավարտեց նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, սովորեց հմուտ մանկավարժներ Մարիաննա Հարությունյանի և Վալերի Հարությունյանի մոտ: Սկսեց երգել «Նարեկ» արական երգչախմբում ¥ղեկավար՝ Մկրտիչ Մկրտչյան¤: Երգում էր հոգևոր երգեր՝ Բախի, Հայդնի, Մոցարտի, Ռոսինիի, Գունոյի, Վերդիի ռեքվիեմները, մեսսաները: Երգեց օպերային ստուդիայում: Այստեղ նա իրեն դրսևորեց որպես տաղանդավոր դերասան, կերպավորելով գլխավոր հերոսներին Հայդնի «Դեղագործը», Լեոնկավալլոյի «Պայացներ», Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերաներում: Աշխատեց նշանավոր դիրիժորներ Օհան Դուրյանի, Լորիս Ճգնավորյանի, Զավեն Վարդանյանի, Էդուարդ Թոփչյանի, Հովհաննես Միրզոյանի հետ: Սիրված և սպասված երգիչ էր ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Լեհաստանում, Ավստրիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում: Եվ մասնագետները, և ունկնդիրները նշում էին նրա նուրբ երգեցողությունը, բարձր ճաշակը, վառ ստեղծագործական անհատականությունը:


Էությամբ խաղաղ էր, խաղաղություն սիրող և հանդուրժող, չնայած լինում էին և բռնկումների պահեր: Շատ էր սիրում հայրենիքը, ընտանիքը, աշխատանքը, առանձին ջերմությամբ էր վերաբերվում մորը: Մի խոսքով, ինչպես ընկերներն էին բնութագրում, մեծ սրտի տեր մարդ էր: Բազմակողմանի զարգացած, ներկայանալի: Ասպետ էր, կնամեծար: Չափից ավելի համեստ էր, ներկայությունը շեշտված չէր, բացակայությունը նկատելի էր: Համարձակ երգիչ էր, ընտրում էր բարդագույն պարտիաները և հեշտությամբ կատարում դրանք: Անփոխարինելի, բացառիկ ձայն էր: Թվում էր, թե երկար պետք է ձգվի այդ գեղեցիկ մարդու գեղեցիկ կյանքը, ստեղծագործությունը: Սակայն... Սակայն կյանքը երբեմն շատ դաժան է լինում իր անկանխատեսելի շրջադարձերով, գրված ու չգրված օրենքներով:
Իր վերջին մենահամերգի ժամանակ Սուրեն Զուրաբյանը երգեց Լենսկու արիան Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից: Ողբերգական էր Պուշկինի և Չայկովսկու հերոսի ճակատագիրը: Ողբերգական էր և Սուրենի կյանքի ավարտը... Ապրեց ընդամենը 39 տարի, հեռացավ, անկատար թողնելով բազմաթիվ նախագծեր:
Նրա բացակայությունը նկատելի է:


-Այսօր կյանքը փոխվել է,- ասում է Ագնեսան,- ցավոք, փոխվել են և մարդիկ: Փոխվել են և արժեքները: Հպարտ, արժանապատիվ, ազատություն տենչող մարդկանց թիվը պակասել է: Խորհրդային տարիներին կար այդ ձգտումը՝ ապրել ազատ, արժանավայել ձևով: Այսօր ազատության մասին պատկերացումը փոխվել է, չկա: Ազատ ապրելու ձգտումը, պահանջը չկա: Մարդիկ կարծես բարոյալքվել են, ապրում են դատարկված հոգով: Եվ այդ դատարկ տարածությունը լցվում է փողով:
Իսկ ես շարունակում եմ ապրել այն վեհ ու վսեմ գաղափարներով, որով ապրել են իմ ծնողները, որով շարունակում են ապրել իմ ընտանիքը, իմ ընկերները...


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3640

Մեկնաբանություններ