Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Դուք էիք, որ ազատության տատասկոտ ճանապարհին խիզախ երազներ հյուսեցիք»

«Դուք էիք, որ ազատության տատասկոտ ճանապարհին խիզախ երազներ հյուսեցիք»
04.07.2017 | 09:34

ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ պատմաբանը վաղուց է արդեն հայ հանրությանն իր բեղմնավոր գրչով դադարել զարմացնելուց մեկը մյուսից արժեքավոր պատմական ու հայրենասիրական կոթողային նշանակություն ունեցող գրքերով: Արդեն համոզվել ենք, որ արարիչը օժտել է նրան մեզ և գալիք սերունդներին հայրենասիրությամբ, հայասիրությամբ և պետականապաշտությամբ դաստիարակելու բնատուր շնորհով: Նրա գրքերը խոշոր գիտնականին վայել խորագիտակ, մանրազնին ուսումնասիրության և անկողմնակալ ու անաչառ վերլուծության արդյունք են, որոնք լուսաբանում են մինչ օրս մեր պատմության քիչ ուսումնասիրված, երբեմն էլ չլուսաբանված պատմական դեպքերն ու իրադարձությունները: Դրանք, անկասկած, հայ պատմագիտության համար կծառայեն որպես անժխտելի սկզբնաղբյուրներ:


Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Գարեգինի Մինասյանը դպրոցական ու բուհական պատմության մի շարք դասագրքերի, 30 ուսումնական ձեռնարկների, 7 մենագրությունների, ավելի քան 200 գիտական հոդվածների հեղինակ է, որոնց զգալի մասը նվիրված է հայոց ազգային ազատագրական պայքարին, Հայկական հարցին, Հայոց ցեղասպանության պատմությանը, ինչպես նաև Հայաստանի նորագույն պատմությանը, երկրի տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքականության բարդ ու վիճահարույց հիմնահարցերին:
Անժխտելի է, որ հայ պատմագիրները, գրողները, բանաստեղծները և արվեստագետները ժլատ չեն եղել հայ առաքինի կնոջ հերոսական կյանքի դրվագները նկարագրելու հարցում, այդուհանդերձ, մեկ ամբողջական գործ, խոր ուսումնասիրությամբ և գնահատմամբ, չի եղել: Ահա թե ինչու նաև դրանով է նշանակալի Էդիկ Մինասյանի վերջերս լույս ընծայված մեծածավալ՝ 780-էջանոց «Հայ հերոսուհի կանայք» հանրագիտարանային և կոթողային նշանակություն ունեցող գիրքը:


Մինչ օրս հայ բանահյուսության և պատմագրության մեջ չի եղել մի ամփոփ, լուրջ գիտական ամբողջական ուսումնասիրություն, որտեղ խորությամբ լուսաբանված ու վերլուծված լինեն հայ ժողովրդի հերոսական պատմության բոլոր փուլերում (ֆիդայական պայքար, ինքնապաշտպանական հերոսամարտեր, Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմներ, Արցախյան շարժում ու ազատամարտ) իրենց հերոսական խիզախումներով աչքի ընկած հայուհիների, աղջիկների, կանանց ու մայրերի գործունեությունը: Այս գիրքը գալիս է ամբողջացնելու և լրացնելու այդ բացը:


Հայ ժողովրդի հերոսական գոյապայքարի բոլոր դժվարին ու ճակատագրական պահերին իր նվիրական մասնակցությունն է ունեցել հայ կինը՝ հետ չմնալով հերոս տղամարդկանցից, բացառիկ դեպքերում՝ գերազանցելով նրանց: Մեր ժողովրդի պատմությունը հարուստ է իրենց կյանքը հայրենիքի ազատությանը նվիրաբերած խիզախ ու համարձակ, հայրենասեր հայուհիների գործած սխրանքներով, որոնք հպարտության աղբյուր են դարձել սերունդների համար:
Հայ ազգային գործիչ, նշանավոր գրող Ավետիս Ահարոնյանը, ինչպես նշել է Էդիկ Մինասյանը գրքի առաջաբանում, բնութագրելով հայ հերոսուհիների գործունեությունը, գրել է. «Դուք էիք, որ ազատության տատասկոտ ճանապարհին ցավոտ ու բոսոր մշուշի մեջ ամենից գեղեցիկ, ամենից խիզախ երազներ հյուսեցիք: Դուք էիք, որ ըմբոստության ժայռերի բարձրությունից գահավեժ նետվեցիք ժողովրդի մեծ տառապանքի ծովը, որ ուռած ու մրրկածուփ եռում էր ձեր ոտքերի տակ: Դուք էիք, որ բռնության և արհավիրքի խեղդող խավարի մեջ բոցավառ աչքերի փայլով մոլորված ու լքված հոգիների ուղիները լուսավորեցիք: Փառք ձեզ»:


Գրքի առաջին իսկ տողերից ընթերցողը գամվում է շարադրանքին և անհամբեր սպասում է հայ հերոսուհիների խիզախ, երբեմն մարդկային երևակայությունից դուրս անսահման հայրենասիրության դրսևորումներին: Այսպես, հենց առաջաբանում նշված առաջին օրինակը՝ Մարիամ Մակարյանը, որն իր անձնական կյանքն ու ապագա երջանկությունը զոհաբերելով, հայրենասիրության դաս տվեց իրեն անսահման սիրող երիտասարդին: Անվարան կարելի է պնդել, որ համաշխարհային պատմության մեջ սա եզակի երևույթ է, գրեթե աննախադեպ իրողություն: Հայ օրիորդը, զգալով և համոզվելով, որ իր սիրեցյալը թշնամու դեմ կռվում համարձակություն չի ցուցաբերում, փորձում է կյանքը պահպանել իրենց ապագա ամուսնության, երջանկության ակնկալիքով, դիմում է վճռական քայլի՝ գնում է ինքնազոհության՝ վերջ տալով իր կյանքին և դրանով հայրենապաշտության դաս տալով ոչ միայն իր սիրեցյալին, այլև բոլոր հայ երիտասարդներին: Մահվանից առաջ նա թողնում է հետևյալ գրությունը իր սիրեցյալին. «Դու, որ Հայաստանի ազատության գործը չգերադասեցիր, քան իմ ու քո անձնական երջանկությունը, դու, որ սերդ զոհեցիր ավելի բարձր գաղափարական սրի, կատարիր խոսքդ, անձդ զոհ դիր հայրենյաց սուրբ սեղանի վրա: Լցվիր թունավոր վրեժխնդրությամբ Բաբկեն Սյունիի նման: Կատարիր վերջին կտակս, դրանով միայն կհանգստանան ոսկորներս գերեզմանի մեջ… ներիր ինձ»:


Նամակը չնայած անմիջական հասցեատեր չուներ, բայց սիրեցյալը այն խոր ցավով ըմբռնեց և այդ վայրում՝ Խանասորի դաշտի կռվում, քաջաբար մարտնչեց թշնամու դեմ: Չնայած կար հնարավորություն կենդանի մնալու, սակայն մարտի դաշտից չհեռացավ և մինչև վերջին փամփուշտը մխրճեց թշնամու սիրտը ու ինքն էլ հերոսի մահով անմահացավ: Մեծ հայրենասեր օրիորդ Մարիամ Մակարյանի նամակը հասցեագրված էր իր սիրեցյալ Արտաշես Զորյանին, թվագրված էր 1896 թ. դեկտեմբերի 2-ով:
Համոզված եմ, որ նրանց հոգիները վերերկրային, երկնային կյանքում հանդիպել են իրար, վայելում են միմյանց, անսահման տիեզերքում անսահման երջանիկ են, իսկ նրանց ոսկորները պարարտ հող են հայրենասիրության գաղափարների արգասաբերության համար և վառ դասեր են տվել իրենց ժամանակակիցներին, մեզ՝ ապրողներիս և կտան գալիք սերունդներին:
Գրքի ամբողջ շարադրանքից գալիս ենք այն եզրահանգման, որ հերոս ունեցող հայ ընտանիքներում հերոս են եղել նաև այդ ընտանիքների կանայք, մայրերը, աղջիկները: Նույնիսկ մտորելու տեղիք է տալիս՝ ով է ում օրինակ ծառայել և մյուսին խրախուսել՝ կի՞նը տղամարդուն, թե՞ հակառակը: Շարադրանքի բազմաթիվ օրինակներից անվերապահորեն կարելի է անել այն հետևությունը, որ հերոսական հայ ընտանիքներում մեկը մյուսով է հպարտացել: Այսպես, հայ հայդուկային պայքարի հայտնի դեմքերից է Աննա Մայրիկը՝ ազգային ու պետական նշանավոր գործիչ Կարո Սասունու մայրը: Նա Սասնա լեռնաշխարհի այն խիզախ կանանցից էր, որն իր ողջ կյանքը նվիրաբերել էր ազգային ազատագրական պայքարին՝ մասնակցելով Սասունի 1894 թ., 1904 թ. ինքնապաշտպանական մարտերին: Նա Հրայր Դժոխքի (Արմենակ Ղազարյան) ազգականն էր: Աննա Մայրիկը իր զորավոր նկարագրով, համարձակությամբ և խելքով գրավել էր բոլորի ուշադրությունը: Ահա նրա հերոսական կյանքից մի քանի դրվագ:


1880 թ. հայերը հրաժարվել են քուրդ աղային վճարել «10 փարա» կոչվող հակաօրինական տուրքը, որի համար Միրզա աղան խաբեությամբ սպանել էր Ահրոնքի իշխան Գրքոյին: Աննա Մայրիկի կոչով և գլխավորությամբ ոտքի ելած ահրոնքցիները հարձակվել են Միրզա աղայի տան վրա, այրել ու հողին են հավասարեցրել այն: Թեև Միրզա աղան, խույս տալով հայերի վրեժխնդրությունից, փախել էր լեռները, սակայն հայերի բարձրացրած աղմուկն ու ըմբոստությունն այնքան ուժեղ ու ազդու էին, որ թուրքական իշխանություններն ստիպված բանտարկել և կախաղան են հանել նրան: Այդ դեպքերից հետո Աննա Մայրիկը դարձել էր պատմական անձնավորություն:
1894 թ. դեպքերի ժամանակ Ահրոնք գյուղը լուր է առնում, որ քրդերի մի խումբ իրենց գյուղով պետք է անցներ և ճաշի նստեր: Աննա Մայրիկը կարգադրում է, որ գյուղն ամբողջովին դատարկվի, և ժողովուրդը լեռ բարձրանա: Գյուղում ինքն ու իրեն օգնող 20 կանայք են մնում: Աննա Մայրիկը հյուրասիրում է քրդերին և երբ վերջում տեսնում է, որ քրդերից մեկը թանի պղնձե թասը գաղտագողի ծոցն է դնում, մի շառաչուն ապտակ է տալիս նրան: Քուրդ պարագլուխը հանկարծակիի է գալիս և հիանում է հայ կնոջ համարձակ ու կորովի կեցվածքով:


Երբեմն մեր եկեղեցականները ոչ ճիշտ պահին և ոչ ճիշտ տեղում ժողովրդին քարոզում են հնազանդություն, իշխանության զայրույթը չբորբոքելու համար հորդորում են հանդես բերել հարմարվողականություն, լռակյացություն և այլն, ինչը ոչ միշտ է ճիշտ ու արդարացի: Այսպիսի մի պահի Աննա Մայրիկը, լինելով նաև խոր դիվանագետ, հեռատես ու վճռական անձնավորություն, առարկում է ժողովրդի հույսը համարվող Վարդան վարդապետին: Նա մեղադրում է վարդապետին, որ, թուրքերին հավատալով, ժողովրդին հեռու է պահել մարտական վիճակից, կոչ չի արել զինվելու, համարելով, թե ժամանակները փոխվել են, պետք չէ կատաղեցնել գազանին: Հետագա դեպքերը ցույց են տալիս, որ Աննա Մայրիկը, ինչպես միշտ, ճիշտ էր, ու հեռատես՝ թուրքերը չեն խնայում նաև հնազանդ վարդապետին:
Ահա այս զտարյուն կաթն ու հայրենասիրական գենն է անցել Կարո Սասունուն և իր մյուս զավակներին: Մեծ եղեռնի օրերին այս հերոս հայուհին զենքի բռնագրավման համար բանտ է նետվում և իր երեք որդիների հետ Բիթլիս տանող ճանապարհին նահատակվում արյունախում թուրքերի և քրդերի ձեռքով:


Գրքի ո՞ր հերոսուհուն նկարագրես և որի՞ն աչքաթող անես, երբ մեկը մյուսից հերոսուհի են: Սասունի ինքնապաշտպանական կռիվներում աչքի են ընկել հերոսաբար կռվող շենիկցի Շաքեն, նրա քույրը՝ Շուշանիկը, Հռիփսիմեն (Ռպե), Հեզիկը և Ալթունը, շատախցի Սրբուհին, Իսկուհի (Սևո) Համբարձումյանը, ՈՒրֆայի հերոսամարտում՝ Խանում Քեթենջյանը, Մարիամ Չիլինգարյանը, Շապին Գարահիսարի հայտնի կռիվներին մասնակցել են Վերոնիկա Թանջուտյանը, օրիորդ Մարիամ Աշճյանը, Ծաղեր Տեր-Մովսիսյանը և հարյուրավոր հայ կանայք:


Սասունի 1894 թ. ինքնապաշտպանության հերոսուհիներից էր Շենիկի իշխան Մոսե Գրքոյի մեծ եղբոր՝ Մարդոյի կինը` Հարս Շաքեն (ի դեպ նա գրքի հեղինակ Էդիկ Մինասյանի պապի՝ Սիմոն Հակոբյանի հարազատ մորաքույրն է): Նրա գլխավորությամբ դեռևս 1891 թ. շենիկցի կանայք, տղամարդկանց կողքին հավասար կռվելով, քրդական ուժերին ստիպել են նահանջել:
1894 թ. օգոստոսին, տևական կռիվ մղելով թշնամու գերազանց ուժերի դեմ, ռազմամթերքի սպառվելուց հետո նրանք շարունակել են դիմադրել` ժայռաբեկորներ գլորելով թշնամու վրա, որը շատ զոհեր է տվել և չի կարողացել գրավել դիրքերը: Բայց երբ օղակը սեղմվել է և պաշտպանվելն ու փախուստը դարձել անհնարին, Շաքեն, վայրի ու բարբարոս քրդերի ձեռքը գերի չընկնելու համար, հպարտ ժպիտը դեմքին, իր զավակին կրծքին սեղմած, ժայռագագաթից իրեն նետում է խոր անդունդը: Նրա հերոսական սխրանքին հետևում են հիսունից ավելի կանայք: Շաքեի օրինակին են հետևում շատ կանայք 1904 և 1915 թթ. Սասունի պաշտպանության օրերին և Մեծ եղեռնի ժամանակ: Քրդերի ձեռքը չընկնելու համար Շենիկ գյուղի մոտով հոսող գետն են իրենց նետում Շաքեի երկու գեղանի քույրերը՝ Հեզիկն ու Ալթունը:


Շաքեի մյուս քույրը՝ Շուշանը, նույնպես հերոսուհի էր իր քույրերի նման: Գրքի հեղինակ Էդիկ Մինասյանի Սիմոն պապի վկայությամբ, 1902 թ. Տիգրանակերտ գնալու ճանապարհին, երբ 5 զինված քրդեր հարձակվել են նրա վրա, նա զայրացած խլել է նրանցից մեկի զենքը, գցել է նրան գետնին, սպանել է մեկին, մյուսին դաշունահարել, ինչը տեսնելով` մյուսները փախուստի են դիմել: Պատահական չէ, որ հերոսուհու դիմապատկերը քանդակել են Տիգրանակերտի պարիսպների վրա, որը Սիմոն պապի վկայությամբ իր մոր՝ անվեհեր ֆիդայի Հռիփսիմեի (Ռպե) հետ ամեն այցելության ժամանակ դիտել են մեծ հպարտությամբ: Այդ հերոսուհի հայուհին նահատակվել է 1904 թ. Սասունի ինքնապաշտպանության մարտերում:
Հերոսուհի էր նաև Մշու Ղարս գյուղից Զրեն, որը Սիմոն պապի եղբոր՝ Խաչոյի կինն էր: Նա աչքի է ընկել քաջությամբ, կազմակերպել է շրջանի կանանց խմբեր՝ մարզել նրանց:
1905 թ. Ղարսի կռվի ժամանակ, երբ Գևորգ Չավուշն ընկել էր թշնամու թակարդը, կռվին մասնակցող Զրեն, նկատելով թուրք սպա վիրավոր Սուլեյմանին, որը փորձում էր կրակել Գևորգ Չավուշի վրա, կայծակնային արագությամբ հարձակվում է թուրքի վրա, խլում թուրը և տեղն ու տեղը սպանում նրան: Ապա, թուրը գլխավերևում պահած, ոգևորում է ֆիդայիներին, կանանց խմբին նոր գրոհի տանում և հաղթանակով ավարտում մարտը:


1915 թ. Մեծ եղեռնի օրերին նա մասնակցում է ինքնապաշտպանական մարտերին: Զրեն խմբապետուհի Ռպեի հետ (նրա հարսն էր՝ տղայի կինը) կռվում է թուրքական զորքերի և քրդական խուժանի դեմ ու նահատակվում Անդոկ լեռան փեշերին՝ թշնամու արկի պայթյունից:
Համաշխարհային գրականությունից շատ ենք հանդիպել այն տեսակետին, որ սերն ազգային պատկանելություն չունի, եթե այն հիմնված չէ խաբուսիկ զգացմունքների վրա սոսկ, այդ պարագայում այլազգի նվիրյալների միավորումը երջանկություն է բերում միմյանց համատեղ կյանքում՝ ստեղծելով կայուն ընտանիք, հակառակ դեպքում այն դառնում է դժոխք: Այդպիսի բախտի է արժանացել Մշո դաշտի սուրհանդակ Մարիամը: Նա շատ փոքր տարիքից սիրել է իրենց գյուղի քուրդ բեկի տղային՝ 17-ամյա Սմոյին, որի հետ էլ փախել է Ալադաղի լեռները, լքելով իր ծնողներին, անտեսելով նման քայլ չանելու ազգականների աղերսագին խնդրանքը: Կարճ ժամանակ անց բարբարոս քուրդն աստիճանաբար փոխվել է՝ հատկապես իրենց զավակի ծնվելուց հետո: Նա Մարիամին «կեղտոտ գյավուր» անվանելով՝ սկսել է հալածել և ուրիշ քրդերի հետ հայկական գյուղերի թալանով զբաղվել: Կինը սկզբնական շրջանում դա հանդուրժել է հանուն զավակի սիրո: Սակայն որքան հասակ է առել զավակը, այնքան նմանվել է հորը և նույնիսկ ավելի անհարգալից վերաբերմունք է դրսևորել մոր նկատմամբ: Երբ ռուսական զորքը գրավել է Ալաշկերտը և Ալադաղի վրա արշավել, Սմոն կռվի է գնացել Դրոյի կամավորական գնդի դեմ: Մարիամն աղաչել է, որ ամուսինը հայերի դեմ զենք չբարձրացնի, իսկ նա հրացանի կոթով խփել է կնոջը և հեռացել: Զավակն իր հերթին մոր վրա է բարկացել, ասելով, թե ինչպես են այդ «կեղտոտ գյավուրները» համարձակվել քրդերի դեմ կռվել, և սկսել է մորը քարկոծել: Մարիամի միտքն ու աչքերը կատաղությունից մթագնել են: Իր անցյալը սեփական ձեռքով ուղղելու վճռականությամբ անարժան զավակի վրա է կատաղությամբ հարձակվել և տեղն ու տեղը սպանել նրան: Այնուհետև, մի կերպ խելագար հոգեվարքով հասել է իր հայրենի գյուղը, որտեղ շեն բնակավայրից միայն ավերակներ ու մոխրակույտեր է գտել և չորս կողմը նեխած դիակներ: Այս ամենից սթափված՝ Մարիամն ինքն իր համար երդում է տվել կյանքի մյուս ապրելիք օրերն ազգին մատաղ լինել՝ գործած մեղքերը քավելու և վրեժը լուծելու համար: Այդ նպատակով աշխատանքի է անցել Իգդիրում բացված հայկական «Շտաբ»-ում իբրև հետախույզ, քրդական տարազով ծպտյալ պտտվել է քրդական շրջաններում, չի հոգնել երբեք, օրնիբուն գործել է մեծ եռանդով և կարևոր տեղեկություններ հասցրել կենտրոն: Երբ անհրաժեշտություն է առաջացել վստահելի ու կարող հետախույզներ ուղարկելու Տարոնում գտնվող Ռուբենի և Կոմսի մոտ, բոլորի ուշադրությունը կենտրոնացել է Մարիամի և երկու տիգրանակերտցի երիտասարդների վրա: Նրանք հաջողությամբ են կատարել իրենց առջև դրված դժվար ու վտանգավոր առաջարկը: Այս քաջասիրտ հայուհին նահատակվել է 1915 թ. Սասունի վերջին օրհասական կռիվներում՝ ազգի առջև իր խիղճը և պարտքն ամբողջովին կատարած:


Հայ կնոջ համար անհանդուրժելի էր ազգային սրբությունները ոտնահարող պիղծ թշնամին: Այդ ստորացուցիչ պահը չապրելու համար նրանք գերադասել են պատվավոր մահը, քան թե պատվազուրկ ապրելը:
Մեր պատմության բոլոր փուլերում ոչ մի քայլ, ոչ մի գործ չէր կարող կատարել հայ զինվորը՝ ազգային ազատագրական պայքարի գործիչը, եթե հայ կինը նեցուկ չլիներ նրան՝ անտրտունջ տանելով անսահման զոհաբերություն և տանջանք: Կնոջ ներկայությունն առավել ևս անհրաժեշտ է կռվի դաշտում: «Եթե ես զգայի, որ իմ ներկայությունը կռվի դաշտում անհրաժեշտ չէ, կթողնեի, կվերադառնայի»,- գրում է Արցախյան պատերազմի մասնակից կանանցից մեկը: «Լինում են պահեր, երբ կինն ավելի խիզախ է մարտադաշտում, քան տղամարդը: Մարտակերտի բարձունքներից մեկում էինք, որտեղ թեժ մարտեր էին գնում: Մերոնք նահանջում էին՝ թողնելով բարձունքը, որովհետև թուրքերը թվով ավելի շատ էին: Կարինեն, տեսնելով դա, սթափվեց, սկսեց կրակել հրանոթից: Տղաները, լսելով, որ մեր հրանոթը կրակում է, շրջվեցին, տեսան՝ Կարինեն է կրակում, վերադարձան, կռվեցին և կարողացան պահել բարձունքը»:


Մենք նպատակ չենք դրել մեր առջև մեկ առ մեկ թվարկելու գրքում նշված բոլոր հայ հերոսուհիներին, այս հոդվածով չէ, որ պետք է հիշատակենք և հավերժացնենք նրանց: Նրանք իրենց հերոսական կեցվածքով, հայրենիքին ու ազգին ծառայելու վեհ գործով, խիզախ անձնազոհությամբ հավերժացել են ազգային ազատագրական գոյապայքարի պատմության մեջ և համարվում են հայ ժողովրդի պատմության հավերժ բնակիչներ: Նրանց թողած պատմական այս հիասքանչ դասերն են, որ մեզ գոտեպնդում են և պատասխանում են այն հարցին, թե որն է Հայի գոյը, որտեղից ենք գալիս, ուր ենք գնում և ինչպես ենք կերտում ազատ ապրելու մեր իրավունքը:


Սա՛ է գրքի ուսուցողական արժանիքներից մեկը: Եթե ցանկանում ենք կերտել մեր ազգի արժանապատիվ ապագան, որպես անհրաժեշտ պայման պետք է պատմական իրական հերոսների և հերոսուհիների ոգով ու հիշատակով մատաղ սերնդին վաղ հասակից կրթենք ու դաստիարակենք: Ներկայումս աշխարհում սրընթաց ընթացող մրցակցային զարգացումները մեզ նման փոքրաթիվ ազգերին ստիպում են նոր ուղիներ ու ելքեր փնտրել խոշորամասշտաբ մարտահրավերներին պատվով դիմակայելու համար: Դրան հասնելու համար մենք՝ որպես նախաստեղծ հնագույն քաղաքակիրթ ժողովուրդ, անհրաժեշտ է, որ ակտիվացնենք և նոր շունչ հաղորդենք ազգի «իմունային համակարգին»՝ արթնացնելով և խրախուսելով նրա՝ դեռևս ամբողջովին չբացահայտված ազգային ինքնագիտակցությունը, պարզելու՝ պատմական ի՞նչ առաքելություն ունենք, ովքե՞ր ենք, որտեղի՞ց ենք գալիս, ո՞ւր ենք գնում, այսինքն, ճանաչենք ու գնահատենք ինքներս մեզ:


Ազգ-բանակ հայեցակարգի գաղափարախոսության լույսի ներքո այդ նպատակով պահանջվում է եկող յուրաքանչյուր սերնդի մեջ զարգացնել ազգային արժանապատվության զգացումը, ազատագրել նրան հավերժ զոհ լինելու թերարժեքության բարդույթից և նրա էության մեջ ներարկել, ամրապնդել, մեծացնել ու խորացնել ազգային ոգին:
Ամփոփելով գրքի գիտական, ճանաչողական և դաստիարակչական նշանակության այս շարադրանքը, կարծում եմ` անհրաժեշտ է անել հետևյալ առաջարկությունները.


1. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պետք է պահանջի համապատասխան օղակներից պատմության դասավանդման բոլոր մակարդակների (դպրոց, քոլեջ, բուհ) ծրագրերում ներառել հայ կին հերոսուհիներին նվիրված թեմաներ:
2. Հումանիտար կրթական համակարգում քննարկել այս ուսանելի գիրքը, հանձնարարել ուսանողներին՝ գրել հայ կին հերոսուհիների մասին ռեֆերատներ, կուրսային աշխատանքներ և նույնիսկ դիպլոմային աշխատանքներ:
3. Բոլոր կրթական համակարգերում կազմակերպել և անցկացնել հայոց մեծերին՝ հերոսներին, քաջակորով հերոսուհիներին նվիրված միջոցառումներ:
Երկարատև տարիների փորձը ցույց է տվել, որ երիտասարդության շրջանում հայրենասիրության ոգին բարձր է այն ուսումնական հաստատություններում, որտեղ հաճախակի են կազմակերպում մեծ հնչողություն ունեցող արտալսարանային միջոցառումներ՝ նվիրված հայոց մեծերին ու պատմական նշանակալի հաղթանակների տարեդարձերին:
Նման գաղափարադաստիարակչական միջոցառումների շնորհիվ երիտասարդության սեփականությունը պետք է դարձնել մեր մեծերի պատգամները՝ կերտել հզոր հայրենիք, քանզի եթե իմանաս անցյալդ, կիմանաս ներկա պայմաններում գործելու եղանակն ու միջոցը, ինչը լավագույնս կարող է անել միայն հայրենասեր մարդը:


Էդիկ Մինասյանը, կարծես, բոլոր հայ տղամարդկանց կողմից երախտագիտություն է հայտնում մեր աղջիկներին, քույրերին, մայրերին: Մենք ազգովին երախտապարտ ենք նրանց:
Մեր հազարամյա պատմության ընթացքում հայ կինը մշտապես եղել է ամուսնու կողքին, համարվել է ընտանիքի սյունը, օջախի կրակը վառ պահողը:
Հայ կինը ամեն կերպ ջանացել է ամրապնդել ընտանիքը, սուղ միջոցներով բնատնտեսություն վարել, հավասարակշռություն ու ներդաշնակություն պահպանել, սուր տեսակետները հարթելու համար փոխզիջումների գնալ, իսկ վճռական պահերին էլ, զենքը ձեռքին, կանգնել է ընտանիքի և սուրբ հայրենիքի անկախության և ազատության պաշտպանության դիրքերում: Հերոսուհի մայրը կամ տատը նաև տան հայրն է (երբ ամուսինը կռվի դաշտում է), տան տնտեսվար-գործակալն է, հաշտարարն է, դիվանագետն է, տան պահակն է, սահմանապահն է, անհրաժեշտության դեպքում՝ քաջարի զինվորն է, զորավարն է և իր մեծ հեղինակությամբ մեծ տան Աստվածն է: Նրա օրորոցային երգերը մանկան ենթագիտակցության մեջ ներարկում են հայրենասիրություն, ազնվություն, շիտակություն, քաջություն, մի խոսքով առաքինի մարդ լինելու բոլոր հատկությունները: Հայրենասեր հայ մայրերն իրենց ապրած կյանքով զավակներին սովորեցնում են երբեք չընկճվել, չխեղճանալ, խուճապի չմատնվել, ուրիշի ձեռքին չնայել, վիզ չծռել, լինել քաջ, հայրենիքին նվիրված մարդ, ցանկացած իրավիճակից դուրս գալու ելք գտնել՝ երբեք չկորցնելով արժանապատվությունը: Հենց ա՛յս նպատակին է ծառայում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի «Հայ հերոսուհի կանայք» հանրագիտարանային նշանակություն ունեցող, վերջերս լույս ընծայված գիրքը:

Ռուբիկ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու

Դիտվել է՝ 7532

Մեկնաբանություններ