«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Ես երազում եմ այն օրը, երբ գրելը կլինի ոչ թե հարակից զբաղմունք, այլ աշխատանք»

«Ես երազում եմ այն օրը, երբ գրելը կլինի ոչ թե հարակից զբաղմունք, այլ աշխատանք»
04.07.2017 | 09:44

«Իրատեսի» հյուրը բանաստեղծ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ է: Մեր զրույցը տարածության ու ժամանակի բանաստեղծական ձևափոխումների, մեր քաղաքի տխրության ու ժպիտների, բանաստեղծի և քաղաքացու մտահոգությունների մասին է: Հիմքում երիտասարդ բանաստեղծի «Չկարդացած գրքերի փոխարեն» գիրքն է, որն արժանացել է ՀՀ նախագահի 2016 թ. Երիտասարդական մրցանակի` գրականության բնագավառում:

«ԿԱ ԺԱՄԱՆԱԿ, ԵՎ ԿԱ ՍԵՐ»


...Անձրևից հետո փոքրացող
ու բարակ այս քաղաքում
դու այնքան մոտ ես,
որ ձեռքդ չեմ կարող բռնել,
որ ներեմ քեզ…:


Այս և շատ այլ տողերում տարածության, ժամանակի խաղ կա: Բոլոր այդ տողերում ներկա է սերը: Ժամանակը, տարածությունը ձևափոխելու, հերքելու կամ հաստատելու համար սերը պարտադի՞ր է:
- Գրականությունն արվեստի մի տեսակ է, որ միավորում է տարածությունն ու ժամանակը։ Այն ունի վերժամանակյա թեմաներ՝ սեր, կյանք, գոյի փիլիսոփայություն։ Այս բոլորը կան իմ պոեզիայում։ Սերը, իհարկե, հատուկ տեղում է բազմած։ Չգիտեմ։ Սա մի փողոց է, որտեղ ապրում են մյուս իրողությունները։ Կա այդ փողոցը, ուրեմն մարդիկ ապրում են, հանդիպում, բաժանվում։ Ինձ համար կա չափման միայն մեկ միավոր, ամեն բան ժամանակով է չափվում. չկան կիլոմետր, բարձրություն, հեռավորություն։ Կա ժամանակ։ Եվ կա սեր։
-Հարևան պատշգամբից երկու երեխա
դիտում էին արևագալը:
Նրանց ժպիտներում տխրություն չկար…
Ենթադրենք քաղաքը մեծ երեխա է, նրա դեմքի ժպիտներում ուրախությո՞ւնն է շատ, թե՞ տխրությունը:
- Քաղաքային, հատկապես, երևանյան իրականությունն ամենագեղեցիկ միջավայրն է, որ երբևէ տեսել եմ։ Այո, Երևանը և՛ շենքերն են, որ հնում գուցե և կավածեփ հյուղակներ էին, և՛ Կարապի լճի լուսավորված տնակը կղզում, մոդեռն պլաստմասսայե լապտերիկները, որ հիմա չկան։ Մնացել են միայն լուսանկարները։ Նոր ծնված երեխա է հիմա մեր քաղաքը, որ դեռ մասնագիտություն էլ չի ընտրել։ Գուցե շինարար դառնա, գուցե հնագետ կամ հոգեբան, իսկ եթե գրո՞ղ դառնա… Դեմքին ժպիտն է շատ։ Ես տխրադեմ շրջողներին չեմ նկատում, իսկապես։ Ես պարզապես ուզում եմ, որ այդ երեխան ապրի ինքն իր հետ հաշտ, ներդաշնակ։ Ի վերջո, դժբախտ է նա, ում առավել շատ բան է պետք երջանիկ լինելու համար։ Ինձ համար այսօր երջանիկ լինելու միակ նախապայմանը խաղաղությունն է։ Հետո, ոչինչ, կուղղվի ամեն ինչ։
-Սիրտս
անփույթ գրամեքենա է.
վրիպակներ է անում,
բանականությունս
տառաճանաչ չէ.
գրամեքենայիս պատմությունները
չսրբագրված են մնում…
Սրբագրումների կարիք ունի՞ կյանքը, կյանքդ: Ավելի շատ սրբագրված-խմբագրած էջե՞րդ ես սիրում, թե՞ անփույթ գրվածքները` սխալներով, վրիպակներով:
-Ամեն նոր օր սկիզբն է քո մնացած կյանքի։ Ամեն օրը հնարավորություն է ապրելու զրոյից։ Խմբագրումը քո հաջորդ քայլի տեսակն է նախորդի համեմատ։ Իսկ ընդհանրապես, նախորդ որևէ քայլիս համար չեմ զղջում։ Խիստ կանոնակարգված էջերը հետաքրքիր էլ չեն, պետք է տեղ-տեղ անփույթ լինեն, ինչու չէ, նաև սխալներով լի, որ հետաքրքիր լինեն։
-Բանաստեղծությունը ինքնանկա՞ր է:
-Ոչ միայն բանաստեղծությունը, գրականությունն ընդհանրապես ինքնանկար է։ Դու գրում ես քո մասին։ ՈՒրիշի մասին գրածը խորթ կլինի, կեղծ, իսկ ընթերցողին չես կարող խաբել։ Երբեմն վերցնում ես գրիչը ու չգիտես՝ ինչպիսի՞ ինքնանկար ես գծագրելու, ու այդ ժամանակ է, որ գրականությունը սկսվում է պարզապես առաջին տողից։ Երբեմն էլ վստահ ես, թե ինչ ես գրում, որովհետև թեման եկել կանգնել է գրչի ծայրին։ ՈՒ այստեղ է, որ գրականությունից կարող ես ճանաչել մարդուն, իմանալ նրա կյանքի անուղղակի մանրամասները։ Կյանքը գրականությունում արտահայտված է այնպես, ինչպես ոչ մի այլ տեղ։
-Գրքի հրապարակումից հետո զգացողություն ունե՞ս, որ դրանք քոնը չեն այլևս կամ միայն քոնը չեն:
-Եթե քո սևագրության թղթի սահմաններից բանաստեղծությունը դուրս է գալիս, փնտրում ուրիշ ափեր՝ նավարկելու համար, ուրեմն արդեն քոնը չէ, ու այնտեղ այլևս դու չես։ Այսօր ստեղծագործությունը հրապարակելու սահմանները շատ են ու լայն։ Ասենք համացանց ու հասկանանք մի օվկիանոս։ Այ, այստեղ է, որ գրքի դերը կարևոր է, որովհետև Ֆեյսբուքում հրապարակում ես գործդ, այլևս տերը չես՝ բառիս ամենաիսկական իմաստով։ Զավեշտալի է, բայց երբեմն դու էլ կարող ես չնկատել, թե ինչպես բանաստեղծությունիցդ ամբողջական տողեր ու կառուցատիպեր տարան… ու սեփականացրին։

«ԴՈՒ ՔՈ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՈՂՆ ԵՍ»


-Տողերդ ինչպե՞ս են ծնվում:
- Ծնվում են միասին, իրար համար։ Թեթև։ Նրանցում թաքնված մտքերն ու հույզերը երբեմն պատերազմում են, բայց հանգրվանում են խաղաղ էջերում։ Իմ տողերը պարտադրող չեն, խրատողի ձեռնափայտ չունեն։ Մարդիկ տանել չեն կարողանում, երբ նրանց սկսում ես խրատել ու կյանք սովորեցնել։
-Մտածո՞ւմ ես գիրքդ գնող անծանոթ ընթերցողի մասին, համաժամանակյա ընթերցողից մինչև շատ հետո եկող ընթերցողը:
-Ամեն տառի ու բառի արանքում մտածում եմ։ Ինձ համար նրա կարծիքը չափազանց կարևոր է։ Հաճախ գրում եմ 15-20 տողից կազմված բանաստեղծություն, հետո սկսում եմ խմբագրել, դրան երբեմն անդրադառնալ հաջորդ օրը կամ մեկ շաբաթ անց։ Կրճատում եմ այն տողերը, որոնք մտքի շփոթ կարող են առաջացնել։ Ընթերցողը միշտ խելացի է։ Չկան վատ ընթերցողներ։ Պետք չէ փորձել հիմարացնել նրանց։ Ստեղծագործություններ կան, որ շարունակ կարդում ես ու սկսում կասկածել մտավոր ունակություններիդ վրա, բայց հավատացեք, խնդիրը հենց այդ ստեղծագործությունն է, ասելիքի արհեստական բարդացումը։ Քո ընթերցողը և՛ հովիվն է, և՛ գրողը, և՛ գիտնականը։ Եվ դու։ Դու քո առաջին ընթերցողն ես։ Մի բան հասկացա՞ր քո բանաստեղծությունից։ Վստա՞հ ես, որ հասկացար։
-Երբ ընթերցողը կարդացած գիրքը հավանում է, ցանկանում է տեսնել-իմանալ, թե ով է կանգնած տողերի հետևում: Մեր օրերում համացանցը, սոցցանցերը` հատկապես, շատ են մոտեցրել ընթերցող-գրող (առհասարակ` արվեստագետ) սահմանը: Հիմա հակառակն է, նախ գրողին են ճանաչում, հետո կարդում կամ չեն կարդում նրան: Ըստ քեզ` պե՞տք է լինեն որոշակի սահման, հեռավորություն: Ընթերցողի հետ պետք է խոսել գրքից գիրք, հանդիպումից հանդիպո՞ւմ, թե՞ մեծապես օգտվել համացանցի տված միշտ հասանելի, միշտ կապի մեջ լինելու հնարավորությունից:
-Համացանցը մի տարածք է, որը պետք է ճիշտ օգտագործել։ Այո, հիմնականում այստեղ ենք գտնում մեր ընթերցողներին, որովհետև, եթե մեկ գիրքը կարող է կարդալ միջինը 3-4 մարդ, ուրեմն մեր իրականությունում գրքով կարող ես առավելապես 2-3 հազար ընթերցող գտնել, բայց, հավատացեք, նրանց թիվը շատ ավելին է։ Հայերեն գրականություն կարդում է համացանցում մի քանի հարյուր հազար մարդ։ Ընթերցողի հետ մշտական շփումն օգնում է և՛ սոցցանցերում, և՛ իրական կյանքում։ Ես ընկերներ ունեմ, որոնց հետ գրքիս շնորհանդեսին եմ հանդիպել, հետո՝ մտերմացել։ Իսկ սահման միշտ պետք է։ Առանց սահմանի ցանկացած բան մի տեսակ վտանգավոր է։ Հա, գրողին ճանաչելու մասին հարցրիք։ Դա ևս ազդում է նրա գրականության ընկալման վրա։ Եթե գրողի անձը շատ վանող է, չես կարողանում նրա գրականությանը մոտ գնալ։ Տեսակետս գուցե պրոֆեսիոնալ չէ, բայց լուրջ հիմքեր ունի։
-Երբ հեղինակի գիրքը հավանում ես, սպասում ես հաջորդին: Ընթերցողի սպասումն արդարացնելու «պարտավորությունը» քեզ չի՞ վախեցնում:
-Ցանկացած պարտավորություն վախեցնող է։ Դու պարտավոր ես առավոտյան վաղ արթնանալ, ամեն օր աշխատանքի գնալ, այնքան էլ ազատ չես տնօրինելու քո ժամանակը, եթե, իհարկե, չես ուզում սովից մեռնել։ Գրականությունը տալիս է այդ հաճախ բացակա ազատությունը։ Եթե պարտավոր ես էլի գրել, ուրեմն դա միայն հաճելի պարտավորություն է, հավելյալ ազատություն։ Իհարկե, պետք է մի պահ դադար տալ, հասկանալ, թե ինչ ես անելու հետո, որովհետև նույնն անել պարզապես չի կարելի, պետք է առաջ շարժվել, այլապես հետաքրքիր չես լինի։ Պետք է գրականության ընթացքից հետ չընկնես։ Իսկ ձևերն այսօր այնպես արագ են փոխվում։
-Ընթերցասերների կարծի՞քն ես կարևորում ավելի շատ, թե՞ մասնագիտական գնահատականը:
-Երկուսն էլ հավասարապես կարևոր են։ Եթե երկուսն էլ դրական են, ուրեմն երջանիկ ես, հաջողել ես։ Բայց միշտ պետք է հիշել, որ գրողի թիրախն ընթերցողներն են։ Հո չե՞ս ստեղծում գրականություն միայն գրականության համար։
-Իբրև երիտասարդ գրող ի՞նչ մտահոգություն ունես:
-Ես երազում եմ այն օրը, երբ գրելը կլինի ոչ թե հարակից զբաղմունք, այլ աշխատանք, որով կարելի է վաստակել, և լավ վաստակել։ Երբ կարելի է արթնանալ, նախաճաշել և գրել։ Սա լուրջ աշխատանք է, որին ամեն օր մի քանի ժամ պետք է հատկացնել։ Անցել են 19-րդ դարի ռոմանտիկ մուսաների ժամանակները։ Հստակ ժամանակ է պետք ստեղծագործելու համար։
-Իսկ որպես քաղաքացու` ի՞նչն է քեզ ամենից շատ մտահոգում:
-Քիչ առաջ ասացի, որ տխրադեմ մարդկանց չեմ նկատում, բայց… Իրականում կուզեմ, որ մարդիկ բարեկեցիկ ապրեն, իրենց երկրի տերը լինեն, ազատ լինեն, ապահով։ Մենք վաստակել ենք այդպես ապրելու իրավունքը։ ՈՒզում եմ, որ բացասական էներգիան, որն այնքան շատ կա այսօր, վերջապես տեղը զիջի լուսավոր բաների։
-Արժանացել ես նախագահի մրցանակի` «Չկարդացած գրքերի փոխարեն» գրքի համար: Մրցանակները հաճախ քաղաքականացվում են: Ինչպիսի՞ն է քո զգացողությունը, ի՞նչ է տալիս մրցանակը գրողին:
-Երբ արածդ գնահատվում է, միայն ուրախ ես։ Նաև՝ պարտավորված, որովհետև քեզ նկատել են, արդեն չես կարող «անել, ինչ ուզում ես»։ Գիրքս հրատարակվելուց հետո արագ տարածվեց։ Արդեն կար ընթերցողի արձագանքը, մրցանակն էլ մասնագիտական վավերացում բերեց գրքին։ Մուտքը հաջող էր, մնում է ընթացքից հետ չընկնեմ։
-Հաջորդ գրքիդ ուրվագիծը կա՞ արդեն:
-Արդեն նոր գործերի վրա եմ աշխատում։ Աշնանը գրական մամուլում կհրապարակվի բոլորովին նոր շարք, հուսամ՝ ընթերցողները կհավանեն։ Նոր գրքի ուրվագիծ, իհարկե, կա, բայց չեմ շտապում։ Հենց զգամ՝ ժամանակն է, չեմ ուշացնի։ Հիմա մի քիչ էլ զբաղվում եմ «Չկարդացած գրքերի փոխարեն» ժողովածուի բանաստեղծությունների թարգմանություններով։ Պետք է նաև դրսում տարածել։ ՈՒրախ կլինեմ, եթե ոչ հայալեզու ընթերցողը ևս հավանի։
-Ի՞նչ կասես ընթերցողին զրույցի վերջում:
-Իսկապես հաճելի էր ևս մեկ անգամ գրականությունից խոսել։ Իսկ ընթերցողներին շնորհակալ եմ, որ մինչև այս հարցը «դիմացան» իմ պատասխաններին։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ