Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞ր ուղղությամբ է սուրում «քրդական նիզակը»

Ո՞ր ուղղությամբ է սուրում «քրդական նիզակը»
07.07.2017 | 07:28

(սկիզբը՝ այստեղ)

Հիմա հասկանալի՞ է, թե ինչու էր 2014-17 թթ. ընկած ժամանակահատվածում Իսրայելից հաճախ լսվում, որ, սիոնիստների կարծիքով, Իրանն ու շիաներն «ավելի վտանգավոր են, քան ԻՊ-ը»: Վարկածների առաջադրման և կանխատեսման արդյունավետության մասին բոլոր վերապահումներով հանդերձ, չի կարելի չհավատալ, որ Հելբրայթն ուներ որոշակի նպատակներ և ոչ թե հերթական անգամ որոշել էր քննադատել ԱՄՆ-ի մտադրությունը՝ պատերազմ սկսելու Իրաքի դեմ կամ, իբր, Սպիտակ տունը «չէր ուզում» զբաղվել քրդական խնդրով: Ինձ անձամբ քրդական անկախության և քրդերին եռանդուն օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության (ԱՄՆ-ի համար) գործում ամերիկյան դիվանագետի շահագրգռության իսկական աղբյուրների հարցում պերճախոս կերպով համոզել է 2013 թ. հետևյալ զայրագին խոսքը. «Ես շատ եմ հիասթափված ԱՄՆ-ի քաղաքականությունից և կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք է խոստովանի, որ Քրդստանն իր լավագույն դաշնակիցն է Մերձավոր Արևելքում, և որ դա միակ տարածաշրջանն է Իրաքում, որն ունի նույնպիսի արժեքներ ու նպատակներ ժողովրդավարության հարցում, ի տարբերություն Մալիքիի, որը Իրանի ամենամտերիմ դաշնակիցն է աշխարհում»: Սա է, ըստ էության, Հյուսիսային Իրաքի շուրջ բարձրացած աղմուկ-աղաղակի պատճառը: Հելբրայթն էլ բացահայտորեն խոստովանում է, որ ինքն անձամբ կաջակցի ոչ թե շիական Բաղդադին, այլ Իրաքյան Քրդստանին: Միայն հասկանալի չէր և հասկանալի չէ նաև 2017 թվականին՝ իսկ պատրաստ կլինե՞ն, արդյոք, ընդունելու և օրհնելու անկախ, բայց աննավթ Քրդստանը (այսինքն` Իրաքի մասնատումը շիաների սցենարով) և՛ Հելբրայթը, և՛ նրա երկիրը: Իմ կարծիքով՝ ո՛չ, չէ՞ որ, պատկերավոր ասած, սցենարի պատվիրատուն նստած է Իսրայելում:
Իսկ Հելբրայթին հավատալ պետք է անգամ հիմա: Դա այն նույն մարդն է, որը Բալկաններում սերբերի ցեղասպանությանը միջնորդավորված մասնակցությունից հետո հասցրել էր 2000-2001 թթ. աշխատել որպես Արևելյան Թիմորում ՄԱԿ-ի ժամանակավոր վարչության քաղաքական հարցերի տնօրեն: Եվ այդ տարածքը, ինչպես ասում են, փառք Աստծո, արդեն լիովին անկախ է և ճանաչվել է համաշխարհային հանրության կողմից: 2003-ին, 24 տարվա ծառայությունից հետո, Հելբրայթը հեռացավ ԱՄՆ-ի կառավարական ապարատից, և դա նրան հնարավորություն տվեց ազատորեն քննադատելու ամերիկյան քաղաքականությունը Իրաքում: Ավելի ուշ նա աշխատեց որպես սպառազինությունների վերահսկողության և չտարածման կենտրոնի ավագ աշխատակից, ինչպես նաև հիմնեց մի անկախ խումբ, որը մասնագիտացած էր միջազգային բանակցություններին աջակցություն ցուցաբերելու մեջ:

Վերջապես, 2009 թ. մարտի 25-ին Հելբրայթը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից նշանակվեց Աֆղանստանի գծով հատուկ ներկայացուցչի տեղակալ: Նա Քաբուլ մեկնեց և իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ եղավ 2009 թ. հունիսի 2-ին, ՄԱԿ-ի ներկայացուցչությունում նա պատասխանատու էր քվեարկության նախապատրաստման և անցկացման գործում աֆղանական իշխանություններին օգնություն ցուցաբերելու հարցում: Սակայն 2009 թ. օգոստոսին Պիտեր Հելբրայթն անսպասելիորեն և արագ հանվեց պաշտոնից: Պաշտոնանկության պատճառների մասին ոչինչ չհայտնվեց: Ինքը՝ Հելբրայթը, համաձայն չէր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի որոշմանը: ԲիԲիՍի-ին տված հարցազրույցում նա հայտարարեց, որ հեռացման պատճառն այն էր, որ ինքը չէր ուզում աչք փակել Աֆղանստանի նախագահական ընտրությունների ընթացքում կատարվող կեղծիքների վրա: Ամերիկյան դիվանագետի ասելով, ինքն ունեցել է «ընտրակեղծիքների բազմաթիվ ապացույցներ», բայց իր ղեկավարը՝ Աֆղանստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության պատասխանատուն, «չէր ուզում հրապարակել այդ փաստերը»: Հելբրայթին հեռացնելու որոշումն ընդունվեց աֆղանական ղեկավարության մի շարք անդամների այն հայտարարությունների հիման վրա, թե իրենք «Այլևս չեն կարող աշխատել նրա հետ»: Արդյունքում նա վերադարձավ ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնակայան, սպասելով նոր նշանակման, ինչպես նաև, զբաղվելով «Մեծ Քրդստանի» սցենարի քարոզչությամբ:


Հիմա դառնանք տարածաշրջանի քրդերի վրա Իրանի ազդեցությանն ու, բնականաբար, Թուրքիայում ապրող իրանական զազա ժողովրդին: Չէ՞ որ Իրանի դեմ ամերիկացիներն ու իսրայելցիները օգտագործում են ոչ միայն ԻՊ-ը, PJAK խմբավորումը (կա նաև ինչ-որ «Քոմալա» կուսակցություն) և այլ քրդական կազմակերպություններ: Իրանի պատասխանը միայն այն չէ, որ 2014 թ. օգոստոսին իրանական հատուկ ծառայությունները մերկացրին ԱՄՆ-ի ու Իսրայելի, իսկ իմ խորին համոզմամբ, նաև Թուրքիայի ամբողջ մտահղացումը և Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիների դեմ միջնորդավորված հակապատերազմի խորացման ուրիշ շատ քայլեր: Ես հիմա պարզապես չեմ ուզում խորանալ, թե ինչ է հետևել միստր Հելբրայթի վերոհիշյալ հայտնություններին, բայց համառոտակի կհիշեցնեմ, որ այն ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը 2013-ի գարնանից ազդարարեցին... Իմրալը կղզում (Ստամբուլից ոչ հեռու) ցմահ բանտարկված՝ գրեթե համաշխարհային մասշտաբով «ահաբեկչական» ճանաչված և արգելված «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ Էրդողանի բանակցությունների սկիզբը, ընդ որում, այսպես ասած, քրդամետ HDP կուսակցության և անձամբ նրա պարագլուխ Սելահետտին Դեմիրթաշի միջնորդությամբ: Հիմա այդ բանակցություններն ընդհատված են: Ընդ որում, նախաձեռնությունը, 2014-ի ամռանից առաջ, հենց թուրքական կառավարությանն է: Թուրքիայից Իրաքի Ղանդիլի լեռներ PKK-ի մարտական ջոկատների՝ ԱՄՆ-ի և Իսրայելի պարտադրած էվակուացման մեջ փեշմերգայի մի շարք դաշտային հրամանատարներ (չշփոթել Հյուսիսային Իրաքում Բարզանիին ենթարկվող «փեշմերգա» ռազմականացված զորամիավորումների հետ), որոնց մասին տեղեկություններ կամ պարզապես կասկածներ կան, թե նրանք, ըստ էության, ոչ թե քրդեր են, այլ զազա ժողովրդի ներկայացուցիչներ, ծուղակ տեսան և լրացուցիչ երաշխիքներ պահանջեցին: Ընդ որում, դրանցից մեկը թուրքական բանտերից ոչ միայն մարտական զինակիցների, այլև... հենց Օջալանի ազատ արձակումն էր:


Ով ինչ ունի առարկելու, չգիտեմ, սակայն ես կարծում եմ, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի իսկական մտադրությունները մերկացնելու գործում PKK-ի դաշտային հրամանատարներին օգնեցին հենց իրանցիները: Պատահական չէ, որ նրանք 2015 թ. մի ամբողջ շարք բանակցություններ վարեցին PKK-ի քաղաքական և զինվորական ղեկավարության հետ, իսկ 2016-ից PKK-ի մարտական ջոկատները համաձայնեցին միանալու «Ալ Հաշիդ աշ-Շաաբի» շիական (իրաքյան) աշխարհազորին: Այդ շարժման դրոշի ներքո (իսկ դրանք շիական մեծ նահատակ Հոսեյնի դրոշներն են) PKK-ի քրդերը մասնակցում են... Մոսուլի ազատագրման մարտերին: Սիրիայում օգնում են շիա կամավորականներին, գործակցում են YPG-ի ու «Ժողովրդավարական միություն» (PYD) կուսակցության (Սալեհ ալ-Մուսլիմի) նույն ջոկատների մեջ մտնող սիրիացի քրդերի այն մասի հետ, որոնք սերտորեն կապված են Ռուսաստանի և Իրանի հետ, ռազմական մեծ օգնություն են ստանում Մոսկվայից ու Թեհրանից: Իսկ համեմատաբար վերջերս սիրիական Աֆրինում ռազմական ճամբար տրամադրեցին ռուսական հատուկ գործողությունների ուժերին: Արդեն հայտնի է, որ 2016 թ. նոյեմբերի 7-ին հենց PKK-ի ջոկատների քուրդ պարտիզաններն են գրոհել և ահաբեկիչներից ազատագրել հյուսիսիրաքյան Բաշիքա քաղաքը, միաժամանակ ոչնչացնելով Իրաքում Թուրքիայի ռազմարշավային կորպուսի առաջապահ շտաբն ու համակարգման կենտրոնը և թուրքերին ստիպելով փախչել Բաշիքայից:


Թե իրանցիները երբ են շփման մեջ մտել և համագործակցություն սկսել YPG-ի սիրիացի քրդերի մի մասի հետ, դժվարանում եմ ասել, բայց, հաշվի առնելով Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար, ծովակալ Ալի Շամխանիի մայիսի 24-ի խոստովանությունը, նկատի ունենալով «անվտանգության հարցերին նվիրված համապարփակ համաձայնագրերի» առկայությունը երկու կողմերի, այսինքն, Թեհրանի ու Մոսկվայի միջև, ես ենթադրում եմ, որ Իրանի կապը սիրիացի քրդերի հետ սկսվել է հենց այն ժամանակ, երբ Իրանն ու Ռուսաստանը միմյանց հետ կնքեցին «անվտանգության հարցերին նվիրված համապարփակ համաձայնագրեր» (այստեղ տարեթիվն ու ամսաթիվը առանձնակի նշանակություն չունեն): Դե, իսկ Քրդական հարցին նվիրված իր քաղաքականության կտավին Իրանը եզրափակիչ «վրձնահարվածն» արեց 2017-ի հունվարի վերջին: Ես փետրվարին Թեհրանում էի և հետաքրքրվեցի այս հարցով: Թեհրան էին այցելել Իրաքի մի շարք եզդի շեյխեր, ինչպես նաև Իրաքի պատգամավորներ՝ Իրաքի խորհրդարանի պատգամավոր Հաջի Կոնդորիի գլխավորությամբ: Նրանք բանակցություններ վարեցին այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյն Խամենեիի խորհրդականների ու օգնականների, այդ թվում` ԻԻՀ-ի արտաքին քաղաքական հարցերի գծով խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթիի հետ: Արդյունքը եղավ Սինջարի (Շանգալի) եզդիների մարտական զորամիավորումների միացումը Իրաքի նույն «Ալ-Հաշիդ աշ-Շաաբի» շիական աշխարհազորին և շիաների (նաև քրիստոնյաների, որովհետև նշված աշխարհազորի մեջ մտնում է նաև քրիստոնեական «Բաբելոնյան բրիգադը», որի կազմում կռվում են նաև իրաքահայերը-խմբ.) մասնակցությունը Մոսուլի և Նայնավայի (Նինվեի) նահանգի ազատագրման մարտերին: «Բարզանիականները» Էրբիլում ծայրաստիճան անհանգստացած էին այդ այցի պատճառով և անգամ դատապարտում էին եզդիներին: Հասկանալի է, չէ՞, թե ում դուդուկի տակ են պարում:
Ահա այսպես աստիճանաբար Իրանը վերածվեց Քրդական հարցի գերիշխող գործոնի. չէ՞ որ նա, բացի նկարագրվածից, ամուր դիրքեր ունի նաև Սուլեյմանիայում՝ Բարզանիի կլանի ներքրդական ընդդիմախոսների կենտրոնում, այսինքն` Ջելալ աթ-Թալաբանիի կլանի «Քրդստանի հայրենասիրական միություն» կուսակցությունում: Իրանի ԻՀՊԿ-ի հրամանատար գեներալ Քասեմ Սոլեյմանին սերտագույն կապեր ունի նաև Իրաքի քրդական ևս մեկ կուսակցության՝ «Գորանի» («Փոփոխություններ») հետ: Իրանին ձեռնտու է այն հանգամանքը, որ և՛ Իրաքում, և՛ Սիրիայում, և՛ Թուրքիայում զգալի քանակությամբ քրդեր Մասուդ Բարզանիին ու նրա կլանը բացահայտորեն անվանում են «քուրդ ժողովրդի դավաճաններ», իսկ եզդիները «բարզանիականներին» նույնիսկ մեղադրել են 2014-15 թթ. իրենց ապստամբների զանգվածային ձերբակալությունների, ինչպես նաև Սինջարում (Շանգալում) եզդիների ցեղասպանության իրականացման մեջ:


Ինչ վերաբերում է Սիրիային, ապա, ինչպես հայտնի է, Կասպից և Միջերկրական ծովերից մայիսի 30-ի ուշ երեկոյան Ռուսաստանը մեկ անգամ ևս թևավոր հրթիռներով հարվածներ հասցրեց ահաբեկիչներին, ընդ որում, նաև՝ սուզանավից: Տեղեկությունները ժլատ են. նշված է միայն, որ հարվածները հասցվել են Պալմիրայի շրջանի ԻՊ օբյեկտներին: Համոզված եմ, որ այս ձևակերպման հետևում շատ բան է թաքնված: Սակայն այդ հարվածներից, ինչպես նաև թուրքերին Քարզայի տված հարցազրույցից և Քաբուլում կատարված ահաբեկչական ակտերից հետո, մայիսի 31-ին ՌԴ արտգործնախարարությունը՝ ի դեմս ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, կոշտ հակահարված տվեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ու նաև Իսրայելին. «ԱՄՆ-ի մեղադրանքները Իրանի հասցեին կայունություն չեն բերում: Ինչ վերաբերում է Իրանի կողմից ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելու ամերիկյան մեղադրանքներին, ապա Ռուսաստանն Իրանի հետ սերտորեն աշխատում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում հակաահաբեկչության ուղղությամբ: Թեհրանի հետ շատ ակտիվ կոնսուլտացիաներ ենք անցկացնում նաև «Աստանայի» շրջանակներում: ԱՄՆ-ին շարունակ հրավիրել ենք լիարժեք ձևաչափով միանալու այդ հարցին: Գործնական աշխատանքները կարող են հանել Թեհրանին ուղղված ԱՄՆ-ի հարցերը: Չէ՞ որ կոնկրետ աշխատանքի փոխարեն շեշտը մեղադրանքների վրա դնելը ոչ մի բանի չի հանգեցնում»:


Առայժմ չեմ ուզում խոսել այն մասին, թե Իրանն ուր կուղղի իր «քրդական նիզակը» Թուրքիայի հասցեին գեներալ Քասեմ Ռըզայեի վերոհիշյալ նախազգուշացումներից հետո: Նշեմ միայն, որ թևավոր հրթիռներով իր հարվածների մասին Մոսկվան նախազգուշացրել էր ԱՄՆ-ին, Իսրայելին ու Թուրքիային, այսինքն, հենց նրանց, ում Իրանը մեղադրել էր Իրաքում ու Սիրիայում ԻՊ ահաբեկիչների կողմից կատարվող հանցագործություններին մասնակցություն ունենալու մեջ: Իսկ Զախարովայի խոսքերը, և այն էլ այդ հարվածներից հետո, պարզորոշ նշանակում են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի համառ ջանքերը «մեղքը այլոց վրա բարդելու» (այսինքն, ԻՊ խմբավորման նախագիծը «գործի դնելու» և ահաբեկչության սանձազերծման իր մեղքը Իրանի ու տարածաշրջանի շիաների վրա բարդելու) ուղղությամբ արդեն ինչ-որ բանի հանգեցրել են, այն է, Ռուսաստանը լիովին մերժել է ԱՄՆ-ի ու սիոնիստների «առաջարկությունները»՝ զոհաբերելու Իրանին ու շիաներին: Իսկ երբ բառացիորեն մի քանի օր առաջ Իրանը, իրանա-իրաքյան պատերազմից հետո առաջին անգամ, Սիրիայում գործող ԻՊ ահաբեկիչների բազաների դեմ գործադրեց իր միջին հեռահարության բալիստիկ հրթիռները, և երբ Ռուսաստանը դադարեցրեց ԱՄՆ-ի հետ համագործակցությունը սիրիական երկնքում անվտանգության ապահովման հարցում այն բանից հետո, երբ ամերիկացիները խոցեցին սիրիական Cy-22 ինքնաթիռը, պարզ դարձավ, որ ԱՄՆ-Իսրայելի առճակատումը Ռուսաստան-Իրանի հետ անպայման տարածվելու է նաև քրդերի վրա: ՈՒրեմն, տարածաշրջանում ահաբեկչության սանձազերծման մեղավորների դեմ քրդական գործոնի օգտագործման «կանաչ լույսը» Իրանի համար շուտով կվառվի:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ