Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչ կլինի Ամուլսարի շահագործման դեպքում

Ի՞նչ կլինի Ամուլսարի շահագործման դեպքում
07.07.2017 | 07:45

Մեր երկիրը, ըստ էության, վեց գետերի հովիտներ է, հերթով այդ բոլոր հովիտները ոչնչացնում են: Սյունիքը ոչնչացրել են, հարավից բարձրանում են վերև, շուտով կհասնեն ավելի վերևի` Սյունիքի հյուսիային մասերը, հանրապետության հյուսիսում սկսել էին, հիմա շարունակեցին Թեղուտով: Կենտրոնական մասն էր մնացել քիչ թե շատ մաքուր, որը դեռ մետաղական հանքարդյունահանման վնասը չէր ստացել, սակայն մենք Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման պարագայում երկու գետավազան` Արփայի հովիտն ու Որոտանի հովիտը, և երկու ձոր կանգնեցրել ենք այդ աղետի առջև:

Այս մտահոգիչ, ավելի ճիշտ, տագնապալի հեռանկարի մասին բարձրաձայնում է «Հայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ, աշխարհագրագետ ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ: Նրա հավաստմամբ, Արփայի հովտի ներքևի գյուղերի մոտ 80 տոկոսն իրենց խաղողի այգիները` մեզ բոլորիս հայտնի արենու և այլն, ջրում են այդ ջրով:
«Սակայն,- շարունակեց բնապահպանը,- գնահատական չկա, ասում են` ոչ մի խնդիր չի լինի, իսկ ո՞վ ասաց, ապացուցեց, որ որևէ խնդիր չի լինի»:
«Լիդիան Արմենիա» (նախկինում` «Գեոթիմ») ընկերությունը, որի բաժնետոմսերի 100 %-ը պատկանում է «Lydian International» («Լիդիան Ինթերնեյշնլ») ընկերությանը, Վայոց ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրում արդեն սկսել է աշխատանքները և պատրաստվում է շահագործելու այն:


«Lydian International»-ն օֆշորային ընկերություն է, գրանցվել է ընդամենը 2005 թվականին,- ասաց Լևոն Գալստյանը:- Իր ամբողջ գործունեության ընթացքում այդ ընկերությունն անընդհատ ցույց է տվել, որ շատ հակված է տարբեր տեսակի մանիպուլյացիաների` և՛ տեղական մակարդակով, և՛ միջազգային: 2005 թվականից առայսօր նրանք ամենաքիչը 5 անգամ փոխել են իրենց նախագիծը, բազմիցս փոխել են տարբեր ինֆրակառույցների տեղադիրքերը, բազմիցս վերագնահատվել են հանքարդյունահանվող պաշարների ծավալները, ոսկու գնահատված պաշարները, որոնք սկզբում 16,5 տոննա էին ներկայացվում, հետո դարձան` 54, հետո` 73: Հիմա էլ խոսում, ենթադրում են, թե իբր 100 տոննայից կարող է ավելի լինել: Եթե լավ ուսումնասիրենք, այդ շղթան ամբողջովին մանիպուլյացիաների հսկայական շարք է, որը, ի վերջո, մեզ բերելու, կանգնեցնելու է տխուր փաստի առաջ»:
Բնապահպանի հավաստմամբ, այս բոլոր փաստերը մեկ անգամ ևս ապացուցում են, որ մենք, ընդհանրապես, վստահելու ոչ մի նախադրյալ չունենք այս օֆշորային «Լիդիան» ընկերությանը, նրա ներկայացրած փաստաթղթերին:


«Ասեմ նաև երկու փաստ,- շարունակեց Լևոն Գալստյանը,- որոնց մասին մինչ օրս չի խոսվել, որովհետև ուսումնասիրվում էր այդ ամենը: Ընկերությունն անընդհատ շեշտում է, որ իրենք աշխատում են միջազգային ինչ-որ ստանդարտներով` IFC-ի, այսինքն` Միջազգային ֆինանսական կորպորացիայի, և EBRD-ի, այսինքն` Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկի ստանդարտներով:
ՈՒսումնասիրեցինք այդ փաստաթղթերը, որոնք ներկայացրել է մասնավորապես IFC-ն` մեր (բնապահպանական խմբերի և տեղի բնակիչների) 2014 թվականի բողոքի հիման վրա: Եվ ինչ է պարզվում. 2007 թվականին, երբ IFC-ն որոշում էր կայացրել աջակցելու այս ծրագրին, ինքը, բնականաբար, հասկացել է, որ «Lydian International» ընկերությունն ընդհանրապես անփորձ, նոր ծնված, ինչ-որ անհայտ տեղից ընկերություն է, որի միակ ծրագիրը, այսօրվա դրությամբ, Ամուլսարն է, որը նրա համար փորձադաշտ է:
2007 թվականին IFC-ն որոշում է կայացրել «Lydian International»-ին աջակցել-չաջակցելու խնդրի վերաբերյալ, IFC-ի փաստաթղթերում հստակ գրված է` քանի որ «Lydian International»-ը ընդհանրապես նոր, շատ կրտսեր ընկերություն է և հայտնի չէ նրա գործունեությունը հանքարդյունահանման ոլորտում, մենք վստահում ենք «Lydian International»-ին այն պատճառով, որ տվյալ ընկերությունում այս պահին ներգրավված է ոսկու հանքարդյունաբերությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն կազմակերպությունը` «Նյումոնթ»-ը»:


«Նյումոնթ»-ը, ՀԲՃ համակարգող խորհրդի անդամի տեղեկացմամբ, աշխարհի 2-րդ կազմակերպությունն է ոսկու արդյունաբերության ոլորտում, այն այդ պահին ներգրավված էր Ամուլսարի ծրագրում որպես լուրջ բաժնեմաս ունեցող: Ըստ բնապահպանի, IFC-ն փաստորեն վստահելով «Նյումոնթ»-ի փորձառությանը, քանի որ «Նյումոնթ»-ը կա այդ գործընթացում, ենթադրելով, որ հետագա ամբողջ գործընթացը կլինի հիմնավորված փաստաթղթերով, ուսումնասիրություններով, իհարկե, այդ վստահությունից ելնելով, ֆինանսավորել է «Lydian International» ընկերությանը, դարձել նրա բաժնետեր, մոտավորապես 17 միլիոն դոլարի ներդրում կատարել 2007 թվականին, որը շատ անհրաժեշտ էր այս ծրագիրը սկսելու համար, որովհետև առանց դրա, հնարավոր չէր ուսումնասիրություններ անել:


«Այսինքն` IFC-ն կարևորագույն ներդրում է կատարել Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման համար` հաշվի առնելով «Նյումոնթ»-ի մասնակցությունը,- ասաց Լևոն Գալստյանը:- Հետո, 2010 թվականին «Նյումոնթ»-ն ընդհանրապես դուրս է եկել այս ծրագրից, մնացել է «Lydian International»-ը` իր ընդհանրապես փորձառություն չունեցող անձնակազմով և այս տեսակի ու բազմաթիվ այլ հետազոտություններով, որոնց մեջ անընդհատ կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ մենք քանի որ IFC-ի և EBRD-ի ստանդարտներով ենք ամեն ինչ մշակել, հետազոտությունները պատվիրել, դրա համար ոչ մի խնդիր չի առաջանա:
Կներեք, այդ հիմնավորումն ընդհանրապես ոչ մի հիմք չի կարող ունենալ, որովհետև, նախ, Հայաստանի կառավարությունն իրականում չի կատարել ոչ մի անկախ գնահատում: Երբ ծանոթանում ենք բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի եզրակացություններին, տեսնում ենք, որ դրանք ստորագրողները, կարդալով ընկերության ներկայացրած փաստաթղթերը, վարվել են այսպես` քանի որ իրենք գրել են, մենք էլ հավատում ենք իրենց գրածին: Կառավարության, պետության կողմից ո՞վ է այլընտրանքային ուսումնասիրություններ կատարել, ոչ մեկը:
Բարեբախտաբար, բազմաթիվ այլ փորձագետներ կատարել են փորձաքննություններ, ուսումնասիրություններ, տվել եզրակացություններ: Այդ աշխատանքներին վերջին շրջանում միացել են նաև միջազգային շատ լուրջ փորձագետներ, դոկտոր պրոֆեսորներ` այդ բնագավառում 20-30 և ավելի տարվա փորձ ունեցող, նրանք արդեն տվել են իրենց եզրակացությունները, որոնցում կան նշածս փաստերի նման բազմաթիվ փաստեր, որ «Լիդիան Արմենիան» ընկերությունը, ըստ էության, լիարժեք չի կատարել ուսումնասիրությունները, լիարժեք չի ներկայացրել վտանգները, և շատ ենթադրություններ, թե ոչ մի խնդիր չի առաջանա Որոտան-Արփա-Սևան թունելի, ջրամբարների, Արփա, Որոտան գետերի, Ջերմուկի հանքային ջրերի և, ընդհանրապես, այդ տարածքների հատկապես ջրային համակարգերի հետ կապված, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը կամ հիմնավորված չեն գիտական լուրջ փաստերով:
Կառավարությունը, ըստ էության, չունենալով գնահատման ռեալ մեխանիզմներ (պետք է լինեն էկոլոգիական վնասի տնտեսական գնահատման մեխանիզմներ ու դրա մեթոդիկան), ցանկություն էլ չունի այդ մեթոդիկան ունենալու, որովհետև եթե այդ մեթոդիկայով իրականում լուրջ գնահատում կատարվի, Հայաստանում երևի ոչ մի հանքավայրի, բացի Քաջարանի հանքավայրից, շահագործման նույնիսկ տնտեսական հիմնավորումը կարող է չապացուցվել: ՈՒղղակի ստացվում է, որ մնացած հանքավայրերը տնտեսապես շահավետ չեն, քանի որ նրանց էկոլոգիական վնասը շատ ավելի մեծ է: Այդ գնահատման մեխանիզմները չկան, չափորոշիչները չկան, բայց կառավարությունն առանց դրա որոշում է կայացրել, որ պետբյուջե մուտք արվելիք ենթադրյալ 400-500 միլիոն դրամն ավելի կարևոր է, քան այն բոլոր վտանգներն ու վնասները, որոնք ինքը, որպես կառավարություն, ոչ հաշվարկել է, ոչ էլ գնահատել»:


Ամուլսարի հանքի թթվային դրենաժի վերաբերյալ ի՞նչ է գրված «Լիդիան Արմենիան» ընկերության ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության մեջ, և ի՞նչ ներկայացված չէ: Պատասխանելով այս հարցին, ՀԲՃ համակարգող խորհրդի անդամն ասաց.
«Իրենք որոշակի ընթացքից հետո թթվային դրենաժի խնդիրը ներառել են իրենց փաստաթղթերի մեջ, քանի որ արդեն աղմուկ էին բարձրացրել մասնագետներն ու բնապահպանները: Հստակ է, որ իրենք ունեն մոտավորապես 125 էջից կազմված անգլերեն ուսումնասիրություն` պատվիրված այդ խնդրի վերաբերյալ, բայց որից հայերեն տարբերակում ներկայացված է ընդամենը 4-5 էջ, այսինքն` 4-5 էջով իրենք ինչ-որ բաներ ներկայացրել են իրենց վերջնական հաշվետվությունում, որն ուսումնասիրել է բնապահպանության նախարարությունը:
Մենք համոզված ենք, որ այդ մոտ 125-էջանոց և անգլերեն մնացած շատ այլ փաստաթղթերը, որոնք շատ մեծ տեղեկատվություն են պարունակում, և այնտեղ ռիսկերը նշված են, պետական ոչ մի մարմնի կողմից ուսումնասիրված չեն, քանի որ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության մեջ մենք ոչ մի բառ չենք տեսնում դրա, նշված ռիսկի կառավարման մասին: Այդ խնդրի մասին ոչ մի խոսակցություն ու քննարկում չեն ուզում անել, որովհետև բոլորը գիտեն, որ այդ խնդիրն անվերահսկելի խնդիր է, չկառավարվող ռիսկ»:
Նմանատիպ հանքավայրերի շահագործման համաշխարհային փորձը, Լևոն Գալստյանի տեղեկացմամբ, ցույց է տալիս, որ առաջ են գալիս ահռելի վտանգավոր էկոլոգիական հետևանքներ, վնասներ, որոնք որոշակի կառավարությունների ստիպել են դիմել տարբեր քայլերի: Մոտ 6 երկիր, որոնց մի մասը` եվրոպական, արգելել են աղքատ ոսկու հանքավայրերից ցիանիդով ոսկու արդյունահանման իրավունքը:


«Աղքատ, այսինքն` այն հանքավայրերի, որտեղ հանքաքարի 1 տոննայում 2 գրամից պակաս է ոսկու պարունակությունը, հանքաքարի ցիանիդով տարալվացումն արգելված է, որովհետև դրա էկոլոգիական հետևանքներն այնքան ահռելի են, որ ավելի լավ է արգելել, քան թույլատրել,- ասաց ՀԲՃ համակարգող խորհրդի անդամը:- Իսկ Ամուլսարում եղած հանքաքարում ոսկու միջին պարունակությունը տոննայում ընդամենը 0,78 գրամ է: Այսինքն` եթե մենք ունենայինք լուրջ բնապահպանական և այլ օրենսդրություն, Ամուլսարի հանքավայրի շահագործումը նաև տնտեսապես ոչ շահավետ և անիմաստ կհամարվեր, բայց քանի որ մեզ մոտ գրեթե ամեն ինչ թույլատրված է, այն համարվում է տնտեսապես շահավետ:
Սալվադորը վերջերս ընդհանրապես արգելեց բաց հանքերի շահագործումը: Բազմաթիվ երկրներում արգելում են ոսկու հանքերի, մետաղական հանքերի բաց եղանակով շահագործումը` հաշվի առնելով հենց ջրային պաշարների վրա աղետալի ազդեցությունը: Դա փաստ է, համացանցում բոլորը կարող են գտնել, ծանոթանալ»:


Որպեսզի հասկանալի լինի, թե այդպիսի հանքավայրի շահագործումն ինչ տնտեսական բեռ կարող է լինել տարբեր կառավարությունների ու ժողովուրդների, մարդկանց վրա, բնապահպանը բերեց նաև Միացյալ Նահանգների օրինակը. ԱՄՆ-ի Բնական միջավայրի պահպանության գործակալությունը գնահատել է մի դեպք, երբ գետի 27-կիլոմետրանոց մի հատված աղտոտվել էր հանքի թթվային դրենաժի պատճառով: Այդ գետի վերականգնման համար նրանք արդեն իսկ ծախսել են 210 միլիոն դոլար, բայց դեռևս չեն կարողացել հասնել ցանկալի արդյունքի:
Բացի այդ, ինչպես տեղեկացրեց ՀԲՃ համակարգող խորհրդի անդամը, հիշյալ գործակալությունը հաշվարկ է կատարել և արդյունքում պարզել, որ 40-ից ավելի մետաղական հանքավայրեր տարեկան 4,5-ից մինչև 7 միլիարդ լիտր ջուր թթվային դրենաժի պատճառով ամբողջովին աղտոտում են անվերադարձ: Պարզվել է նաև, որ բնական միջավայրին ԱՄՆ-ի այդ 40-ից ավելի լքված և այլ մետաղական հանքավայրերի (որոնք կան Միացյալ Նահանգների հատկապես արևմտյան ափում) պատճառած վնասները վերացնելու համար պահանջվում է 20-54 միլիարդ դոլար:


«Հիմա,- շարունակեց Լևոն Գալստյանը,- մենք խոսում ենք Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում ինչ-որ 400-500 միլիոն դրամի մասին, որը պետբյուջեն իբր պետք է ստանա, առանց հաշվի առնելու, որ այդ հանքավայրի շահագործման դեպքում սպասվող աղտոտումը, հատկապես ջրերի (Որոտան-Արփա-Սևան թունել, Կեչուտի, Սպանդարյանի ջրամբարներ, Որոտան, Արփա, Դարբ գետեր, ի վերջո, մեր նաև ազգային հարստություն համարվող Սևանա լիճ և Ջերմուկի հանքային ջրեր, որոնք նույնպես մեր ազգային հարստությունն են): Այդ ամենը դրել են աղտոտման վտանգի տակ և ասում են` ոչ մի խնդիր չկա, ոչ մի խնդիր չի առաջանա:
Ծանր, թունավոր, վտանգավոր մետաղները, նաև ռադիոակտիվ մետաղները, որոնք շատ ավելի մեծ պարունակություն ունեն Ամուլսարի հանքավայրում, քան ոսկին, անգամներո՛վ ավելի շատ, դրանք բոլորը հանքաքարը ջարդելու, փշրելու արդյունքում տարածվելու են այդ ամբողջ տարածքում, հետո քամիների, ջրերի միջոցով տարածվելու են տասնյակ կիլոմետրեր: Դա այնքան ակնհայտ ու գիտականորեն ապացուցված փաստ է, որ մենք չենք էլ ուզում դրա մասին խոսել, որքան էլ «Լիդիան Արմենիան» պնդի, թե ոչ մի խնդիր չի լինի: Բոլորս լավ գիտենք, որ մինչև 30-40 կիլոմետր այդ աղտոտումը տարածվում է, ինչի՞ մասին է խոսքը»:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ