USD485.23
EUR551.80
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Պրոխանովի վրա էլ խաչ քաշենք, հետո՞

Պրոխանովի վրա էլ խաչ քաշենք, հետո՞
07.07.2017 | 07:54

Ռուս նացիոնալիստ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, «Завтра» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Պրոխանովի վերջերս Բաքվում արած հակահայկական որոշ «բանավոր» հայտարարություններն արժանացան հայոց լրատվամիջոցների բացասական արձագանքին: Զարմանում է Պրոխանովը, թե ինչպես ադրբեջանցիները կորցրին Շուշին՝ այդ անմատչելի ամրոցը, թե ինչու Ադրբեջանը հետ չի նվաճում իր հողերը, որ ինքը ղարաբաղյան կոնֆլիկտի առաջին իսկ տարիներից որպես համոզված սովետամետ կարեկցել է Ադրբեջանին ու դատապարտել հայերի ագրեսիան և այլն:
Ի սկզբանե, ի վերուստ անտի քաղաքականությունը համեմատել են մարդկության հնագույն արհեստի հետ:

Պարզվում է, որ մերօրյա գրողն էլ է «հնանում», երբ վերածվում է քաղաքագետի: Եվ սա Պրոխանովի համար նոր երևույթ չէ: Նացիոնալիստական «Завтра» թերթը ռուսական մամուլում առանձնանում է իր անթաքույց հակասեմիտական ուղղվածությամբ՝ հրեաներն էին «բոցավառ Կարմիր կայսրության» կործանման գլխավոր շարժիչ ուժերից մեկը: Բայց այս պարագան, ի դեպ, ժամանակին չէր էլ խանգարում ռուսազգի գրողին չհրաժարվելու նշանավոր հրեա օլիգարխ Բորիս Բերեզովսկու ֆինանսական աջակցությունից, ինչը հաճախ են հիշեցնում նրա քաղաքական հակառակորդները: Ինչ բնույթի է եղել ազերական շռայլությունը, հայտնի չէ:


Սակայն Ղարաբաղը հայրենի երկրի գիրկը վերադարձնելու Բաքվի անկարողության վերաբերյալ Պրոխանովի վերոնշյալ «մտորումները» ոչինչ են «իՈՉՑՐՈ» թերթի հերթական համարում տպագրված նրա «գրավոր» հղանքի համեմատ՝ «Բաքուն՝ կյանքի ծառ» վերնագրով՝ «Նոր ադրբեջանական քաղաքակրթությունը կառուցվում է բոլոր ժողովուրդների, մշակույթների, լեզուների, ավանդույթների սիմֆոնիայի վրա» խորագրի ներքո: Ապշում ես արձակագրի անմնացորդ ադրբեջանասիրությունից՝ պերճախոսություններից, բանաստեղծական պատկերներից, ոգեղեն ներշնչումներից… Երևի պոետ պիտի լինես նույնիսկ դրանք թարգմանելու համար. «Ինչպես որ բարեբեր հողն ընկնող սերմնահատիկից հսկա ծառ է աճում, արձակելով ճյուղ ճյուղի հետևից, կազմավորելով սաղարթապսակը, ծածկվելով փթթուն ծաղիկների վերածվող կոկոններով, նույնպես բնության հավերժական օրենքով ծնվում է նոր պետությունը»: Նույն «վսեմ» էպիտետները՝ անզուգական երկիր, անկրկնելի պատմական ճակատագիր, ադրբեջանական նոր քաղաքակրթություն, երկիր, որին Աստված (և ոչ թե ալլահը) բարեհաճել է ստեղծել, օժտել ծովով, լեռներով, ջերմ անապատով ու ծաղկուն անտառներով, անբավ նավթահարստություններով և այլն, և այլն: Մեծարում է Հեյդար Ալիևին, նրա որդուն ու «հմայիչ» փոխնախագահին: «Ղարաբաղում կորցնելով շրջան շրջանի հետևից, Ադրբեջանը ցնցվում էր, պատրաստ էր մասնատվելու, նրանում տերուտնօրեն էին դիլետանտները, ժուլիկները, խելակորույսները: Եվ այդ քաոսից նրան հանեց Հեյդար Ալիևը, որը կանգնեցրեց հայկական զորքերի հարձակումը, որոնք պատրաստ էին մոտենալու Բաքվի արվարձաններին»: Պրոխանովը չի ասում, թե Խորհրդային Միության քայքայման ժամանակ ո՛ւմ արյունը թափվեց Բաքվի փողոցներում, սակայն եզրակացնում է, որ դա մեռնող խորհրդային պետության վերջին արյունն էր ու այն առաջին արյունը, որը թափվեց նոր, տառապանքների միջով ծնվող երկրի համար:
Պրոխանովի ցինիզմը, սակայն, գագաթնակետին է հասնում, երբ նա խոսում է ադրբեջանական բանակի կազմավորման մասին: «Ադրբեջանը «Ժողովրդական ճակատի» ժամանակ բանակ չուներ, կային քաոսային, վատ զինված խմբեր, որոնք չդիմակայեցին հայկական զինյալ զորամասերին: Իսկ հիմա, օգտագործելով նավթաեկամուտները, պետությունը կառուցել է նոր բանակ՝ կանոնավոր, սպայական փայլուն կազմով՝ հագեցած ամենաարդիական զենքով: Այդ բանակը մարտունակություն դրսևորեց Լեռնային Ղարաբաղի շրջանում վերջերս տեղի ունեցած գարնանային մարտերում, այդ բանակը հայերից խլեց նրանց զավթած շրջանների մի մասը: Հարձակումը կասեցվեց Մոսկվայի պահանջով»:


Այս «մտքերն» արդեն բացահայտ ատելության դրսևորումներ են:
Պրոխանովը երկար-բարակ «վերծանում է» նաև բազմազգ երկիրը բարդ, հարմոնիկ սիմֆոնիկ միասնության վերածելու ադրբեջանական երազանքը: Իսկ ի՜նչ ասել Ղարաբաղի, պատերազմի, հակամարտության գծում շարունակվող փոխհրաձգությունների, ադրբեջանական ընտանիք մտնող թաղումների մասին՝ պաթետիկորեն հարցադրում է ռուս նացիոնալիստը և ինքն էլ պատասխանում. «Տասնամյակներ շարունակվող այդ պատերազմը անողոքացնում է ադրբեջանցու սիրտը, հոգին համակում ատելությամբ ու թշնամանքով: Այդ պատերազմը ներկայիս Ադրբեջանի մեծագույն դրաման է»:


Կրկին ու կրկին ներբողներ հնչեցնելով Ալիևների հասցեին, Պրոխանովը հանգում է այն համապարփակ եզրակացությանը, որ Ադրբեջանում Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական ու մշակութային դաշինքին առաջատար դեր է հատկացվում, որ Ռուսաստանը Կովկասում ընկեր ունի, և որ ինքը երազում է վերադառնալ երկնագույն Կասպիայի ափերը, գինով լի շողափայլ բաժակ բարձրացնել ի կենաց երիտասարդ ադրբեջանական պետության:
Գիտեք, կարելի է քննադատել, դատապարտել, դատափետել Պրոխանովին: Թեկուզ և հենց նրա համար, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը չէ Ռուսաստանի միակ հենակետը Հարավային Կովկասում: Բայց սա չէ խնդիրը, լրագրողական տեխնիկայի տեսակետից դա ամենադյուրին գործն է: Բոլորովին այլ մտքեր են հառնում:


Ինչքա՜ն կարելի է կույր ձևանալ չտեսնելու համար, որ Հայաստանը հսկայական քայլերով հետ է ընկնում իր սոցիալ-տնտեսական զարգացումներում, գլորվելով գավառամտության գիրկը: Այն աստիճանի, որ աշխարհում մեզ անտեսում են ոչ միայն պետություններ, այլև անհատ գործիչներ: Սա էլ է ազգային ողբերգություն: Այդ նույն Ալեքսանդր Պրոխանովը բնավ էլ շարքային անձնավորություն չէ: Նա աչքի ընկնող դեմք է ոչ միայն որպես ճանաչված գրող, այլև ռուսական կայսրապետականության զարգացման, ռուս ժողովրդի ազգային շահերի պաշտպանության, ռուսական աշխարհի ձևավորման գաղափարախոսության հաստատման ասպարեզում: Նրա հետ հաշվի են նստում Ռուսաստանում, և ոչ միայն: Հենց այնպես Իլհամ Ալիևը երբեք անձամբ չէր հրավիրի նրան Բաքու ու տևական «հոգեհարազատ» զրույցներ չէր ունենա նրա հետ: Գիտե` ում է կանչում:


Օրերս Երևանում հանդիսավորապես բացվեց օվկիանոսային ալիքներ նմանակող ինչ-որ մարզական ակումբ: Հայոց նախագահն էլ էր ներկա միջոցառմանը: Ասես շունչ էր առնում արդյունաբերական հզոր մի ձեռնարկություն-գործարան՝ հազարավոր աշխատատեղերով: Ո՜վ պիտի հաշվի նստի էկոնոմիկա չունեցող երկրի հետ, որի անարդար իրողություններից փախչում են նույնիսկ նրա հարազատ քաղաքացիները: Ո՞Ւմ ենք խաբում: Միայն անցյալ տարի հայրենիքը լքել է 56 հազար հայաստանցի:
Եվ մեզ պիտի անտեսեն ու մոռացության մատնեն ուրիշները, մինչև ինչ-որ բան փոխվի մեր հայրենյաց երկրում: Պրոխանովի վրա էլ կարելի է խաչ քաշել, բայց դրանից էլ ոչինչ չի փոխվում:
Երկիրն է պետք փոխել:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 4645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao