«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Որտեղ մեղքն է շատ, այնտեղ էլ՝ շնորհի առատությունը»

«Որտեղ մեղքն է շատ, այնտեղ էլ՝ շնորհի առատությունը»
07.07.2017 | 00:39

Գրիգոր Նարեկացին աղոթել է. «Ո՛վ անձն իմ թշվառ, իսպա՛ռ վայր ընկած պատկառու վարքից, որ պատասխանի չունես ո՛չ մի խոսք, անպիտա՛նդ Աստծո և սրբոց դասի մեջ մասնակցության...: Եթե Լիբանանի ողջ մայրիներն հատեմ, զոդեմ իրարու ու դարձնեմ մի կշեռքի լծակ, և մի նժարին որպես կշռաքար վերն արդարության` Արարատ լեռը դնելու լինեմ, կրկին չի կարող հավասար կանգնել մյուս նժարի` իմ հանցանքների ծանրության հետ»:
ՈՒրեմն, եթե սուրբն իր մասին այսպես է գրում, ապա ինչ կարող ենք ասել մենք՝ առավել մեղավորներս. միայն մի բան. «Տե՜ր, Քո անբավ մարդասիրությամբ ողորմի՜ր ինձ՝ մեղավորիս», ինչպես հայոց հայրապետ Ներսես Շնորհալին է ավարտում իր «Հավատով խոստովանում եմ» աղոթաշարի բոլոր աղոթքները. «...և ողորմի՜ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս»։


Իսկ Գրիգոր Աստվածաբանն էլ, ապավինելով Աստծո սիրո գթասրտությանը, այսպես է աղոթում. «Տե՜ր, միայն Դու կարող ես ինձ բժշկել ու փրկել։ Քո Ձեռքը զորեղ է ամեն ինչի համար, այն հասնում է մինչև անհունի ամենախորքերը, և ամեն ինչ կատարվում է Քո հրամանով։ Չեմ հանդգնում ասել՝ ողորմի՛ր ինձ, Տեր, որովհետև անարժան եմ Քո ողորմությանը, որպես արդարացիորեն արժանի ամեն տեսակի տառապանքների։ Բայց դու, Տե՛ր, ամեն ինչ գիտես, և, ինչպես կամենում է Քո մարդասիրությունը, այդպես էլ վարվիր ինձ հետ, որ արժանի չեմ իսկ ապրելու»։


Աստծո սրբերն իրենց հոգու աչքերով տեսնում են սեփական մեղքերի սարերը, ու եթե մենք էլ ուշադիր նայենք թե՛ մեր մեջ, թե՛ մեր շուրջը, ապա անզեն աչքերով էլ կտեսնենք ու կհամոզվենք, որ համայն աշխարհում մոլեգնում է մեղքի փոթորիկը, իր հետ դժոխքի խորխորատ իջեցնելով բազում հոգիների, մանավանդ քրիստոնեական երկրներում, որոնցից 18-ը, այդ թվում` ուղղափառների առաջնորդ համարվող Հունաստանը, ինչպես և ԱՄՆ-ի նահանգների մեծ մասն ընդունել են միասեռականների ազատ ամուսնությունների օրենքը: Բայց հիշենք, որ երբ Սոդոմ ու Գոմորի մեղքերը շատացան, անձամբ Տիրոջ հրեշտակները երկնքից իջան համոզվելու համար, ու չխնայեցին մեղսագործներին և կրակով բնաջնջեցին ամենքին, բացի աստվածավախ Ղովտի ընտանիքից, քանի որ տասն արդար իսկ չգտնվեց այդ քաղաքներում։ Իսկ հիմա ամբողջ աշխարհը, կարծես, վերածվել է մի մեծ մարմնավաճառատան, քանզի ազգերն ու անհատները վաճառքի են հանել ու փողի են վերածում ամեն ինչ՝ միտքը, մարմինը, նույնիսկ հոգիները՝ իրենց լույս հավատը. այլապես ինչպես կարող է իրեն քրիստոնյա համարող հայորդին մի քանի կիլոգրամ սննդի կամ մի քանի դոլարի համար ուրանալ իր սուրբ նախնիների ապրեցնող հավատը ու հարել օտարամուտ և հոգեկործան վարդապետությունների ու կրոնների: Այդ պատճառով է, որ Պողոս առաքյալն իր խոսքը շարունակում է այսպես. «Որին շատերը անձնատուր լինելով՝ հավատքից մոլորվեցին և իրենք իրենց խոցեցին շատ ցավերով»: Ահա այդ բորոտության ցավերն ու հիվանդություններն են, որ գալիս են մեղավոր աշխարհի ու նաև մեր ազգի վրա: Բայց նույն առաքյալը նաև սփոփում է ամենքիս, ասելով. «Որտեղ մեղքն է շատ, այնտեղ էլ՝ շնորհի առատությունը»։ Իսկ այժմ շնորհի և առատության հենց այդ ժամանակներն են, քանզի Աստված Իր մեծ մարդասիրությամբ լայն բացել է երկնքի օրհնության դռները, որպեսզի Իր զավակները կարողանան բարի պատերազմում հաղթող լինել այս ապականված դարի մեղքերի դեմ, որոնք մինչև երկինք են հասել։


Իսկ Եղիշե վարդապետը մարդկանց անօրենությունների հետ է կապում այժմ աշխարհում տեղի ունեցող բնության արհավիրքներն ու աղետները, ասելով. «Շրջապատող աղետներն ու թշվառությունները ցույց են տալիս, թե որքան մեծ են մարդկանց հանցանքները, որոնք արտաքնապես, ոչ թե սրտի ճշմարտությամբ են հետևում Սուրբ գրքի պատվիրաններին»: Բայց եթե լավ մտածենք, դրանց մեջ Աստծո զարմանալի երկայնամտությունը կտեսնենք, որովհետև ինչպես հիվանդություններն են ուղեկցվում ցավերով, որպեսզի մարդը փնտրի բուն պատճառն ու բժշկվի, այդպես էլ մեր Արարիչ Տերն է Իր Ահեղ դատաստանից առաջ նեղություններով ու արհավիրքներով բացահայտում մարդկության մեղքը, որպեսզի սթափվեն ու դարձի գան դեպի կործանում տանող վիճակից, ու սիրող Հոր նման Ինքն էլ բժշկության սպեղանի է առաջարկում. որ Հիսուս Քրիստոսի առաջին քարոզչության խոսքերն են. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»: Այդ խոսքերն այսօր ուղղված են նաև մեզ՝ աշխարհի վախճանից առաջ վերջին օրերում ապրողներիս:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ