Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նոր ձևաչափ դասական արվեստում

Նոր ձևաչափ դասական արվեստում
07.07.2017 | 09:03

Այս օրերին Երևանում անցկացվող «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են մինչև 34 տարեկան 48 դաշնակահարներ աշխարհի 14 երկրներից, ունի ժյուրիի պատկառելի կազմ։ Այն ղեկավարում է դաշնակահար, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը։ Դաշնակահարների մրցույթն անցկացվում է երկու փուլով։ Ժյուրիի կազմում են նաև Պաոլո Բալիերին (Իտալիա), Ռատկո Դելորկոն (Գերմանիա), Վլադիմիր Օվչիննիկովը (Ռուսաստան), Վալերիան Շուիկաշվիլին (Վրաստան)։
Արմեն Բաբախանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մրցույթը նպատակ ունի բացահայտելու վառ անհատականությունների։


Ռատկո Դելորկոն նշում է, որ ինքը, որպես ժյուրիի անդամ, հաճախ է մասնակցում միջազգային մրցույթների և ծանոթ է դրանց ընթացքին։ Ժյուրին դիտարկում է՝ արդյոք խոստումնալի՞ց է տվյալ մասնակիցը, բեմական կեցվածք ունի՞ և այլն։ Խոսելով առաջին երկու օրերի լսումների մասին՝ Դելորկոն նկատեց, որ դեռևս վաղ է խոսել ընդհանուր արդյունքների, տպավորության մասին, սակայն լավ դաշնակահարների արդեն իսկ լսել է։
Պաոլո Բալիերին հույս է հայտնում, որ դաշնակահարները լավագույնս կներկայանան մրցույթում։ Ըստ ժյուրիի անդամի՝ կարևոր է զգալ մասնակիցների՝ երաժշտության ընկալումները և հանրությանն այն ներկայացնելու հմտությունը։
Ռուսաստանը ներկայացնող հանրահայտ դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովն ասում է, որ նման երաժշտական մրցույթ-փառատոները միշտ էլ իր համար տոն են, որոնց ընթացքում հավաքվում են երիտասարդ կամ արդեն կայացած արտիստներ. «Շատ հետաքրքիր է հետևել այս փառատոներում տարբեր կատարողական դպրոցների։ Բոլորին հայտնի է, որ Արևելքը՝ ի դեմս կորեացի, ճապոնացի, չինացի դաշնակահարների, ունի շատ հզոր դպրոց։ Բայց չպետք է մոռանանք, որ շատ երաժիշտներ, մանկավարժներ, վարպետության դասերով մեկնելով այդ երկրներ, իրենց մեթոդներով օգնել են ուժեղացնելու այդ դպրոցները։ Ես շատ մրցույթների եմ մասնակցել որպես ժյուրիի անդամ, մասնավորապես` Չայկովսկու անվան մրցույթում, և շատ դեպքերում տեսել եմ, որ, ասենք, հարավկորեացի դաշնակահարները շատ լավ զգում են ռուսական երաժշտությունը։ Միշտ հաճելի է լսել տաղանդավոր երաժիշտների տաղանդավոր կատարումներ։ Նման դեպքերում մոռանում ես, որ մրցույթի ես մասնակցում և ուղղակի վայելում ես երաժշտությունը»։


«Արմենիա» միջազգային մրցույթի լավագույն 5 դաշնակահարները կմեկնեն Մալթա՝ մասնակցելու Մալթայի միջազգային երաժշտական մրցույթին, որի մրցանակային ֆոնդն աշխարհում, թերևս, ամենամեծն է՝ 200 հազար եվրո. առաջին մրցանակակիրը կստանա 100 հազար եվրո։ Այս ընթացքում կազմակերպվում են առանձին 11 միջազգային մրցույթներ Իտալիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Իսպանիայում, Ավստրիայում, Գերմանիայում և այլ երկրներում, որոնց լավագույն 5 մասնակիցները նույնպես կմեկնեն մասնակցելու նշված մրցույթին։
Նշենք, որ «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ