Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայաստանում այլասերման քարոզչության առջև դռները փորձում է բացել ջավախքցի կինոռեժիսորը

Հայաստանում այլասերման քարոզչության առջև դռները փորձում է բացել ջավախքցի կինոռեժիսորը
07.07.2017 | 00:08

Ահա, հասանք և այս օրին… «Ոսկե ծիրան-2017» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, հուլիսի 13-ին, ժամը 12:00-ին նախատեսվում է ցուցադրել այլասերվածների և այլասերվածության մասին պատմող «գեղարվեստական» մի ֆիլմ («Ծիրանի այգիներ», ռեժիսոր` Փուրիա Հեյդարի)` հայ դերասանների մասնակցությամբ:


Անցյալ տարի ասպարեզ ելած և աշխարհի մի քանի երկրներում ցուցադրված վերոնշյալ ֆիլմը Իրանից Հայաստան եկած տրանսվեստիտի և հայաստանցի միասեռականի «սիրո» և ամուսնության պատմությունն է: Որպես այդպիսին, այն, ըստ էության, ուղղակիորեն, թե անուղղակիորեն, այլասերվածության քարոզչություն է, քանի որ դրանով փորձ է արվում հասարակության, բոլոր բարոյական մարդկանց համար անընկալելի, անընդունելի, մերժելի այլասերվածությունը դարձնել սովորական, ընկալելի, ընդունելի:
Փուրիա Հեյդարին դժվար թե համարձակվեր ու կարողանար այդ ֆիլմը ցուցադրել Իրանում, հասկանալի է, թե այնտեղ դրա համար նրան ինչ կսպասեր… Իսկ այլասերվածությունն իրենց համար սովորական դարձրած և այն աշխարհով մեկ տարածել փորձող Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, ընդհանրապես, Արևմուտքում դա հնարավոր է: Եվ, ահա, հիմա այլասերվածության վերաբերյալ այդ ֆիլմի ցուցադրությունը փորձում են հնարավոր դարձնել նաև հնագույն աշխարհում «Սուրբ օրենքների երկիր» անվանումով հայտնի և աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած Հայաստանում, այսինքն` Երկրի վրա Աստծո միջնաբերդում:
Փուրիա Հեյդարին, նրա նմաններն ու նրանց հետևում կանգնածները կինոն, արվեստը, մշակույթը, փաստորեն, վերածել են հակամշակույթի և այն, որպես զենք, շուռ տվել մշակույթի, ազգերի և ժողովուրդների, մարդու և Աստծո դեմ, որպեսզի մարդը գայթակղվի, մոլորվի, շեղվի ճիշտ ճանապարհից, հանի իր մեջ եղած բոլոր բարոյական, կրոնական ու հոգեբանական արգելքները, տաբուները ու մինչև չարիքի աստիճանի բացարձակացնելով մարդու իրավունքներն ու ազատությունները, գնա կործանման ու դժոխքի ճանապարհով: Խորքային նպատակն Աստծուն պարտության մատնելն է` նրանից խլելով ու կործանելով իր սիրելի զավակին` մարդուն:


Ավելին. նույն օրը, ժամը 14:00-ին, դարձյալ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ու դարձյալ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, նախատեսվում է ցուցադրել ևս մեկ ֆիլմ («Լսիր ինձ», ռեժիսոր` Գագիկ Ղազարէ), որը փաստավավերագրական է և պատրաստվել է Հայաստանում Արևմուտքի գրանտներով, փողերով գործող, լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների (այսպես ասած, ԼԳԲՏ անձանց) իրավունքների պաշտպանությամբ և այլասերվածության քարոզչությամբ զբաղվող «PINK Armenia» («ՓԻՆԿ Արմենիա») հասարակական կազմակերպության պատվերով: Նշված ՀԿ-ն արդեն շտապել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայերենով և անգլերենով տեղեկացնել-գովազդել հիշյալ ֆիլմի նախատեսվող ցուցադրումը` կատարելով հետևյալ գրառումը. «Հայ ԼԳԲՏ անձանց մասին պատմող «Լսիր ինձ» ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի հուլիսի 13-ին` ժամը 14։00 Հենրիկ Մալյանի անվան թատրոնում»։ Այս ֆիլմը նույնպես, ըստ էության, այլասերվածության քարոզչություն է:


Ընդգծենք, որ «Ոսկե ծիրան-2017»-ի ֆիլմացանկում, թերևս, կարող են լինել այլասերվածների մասին կամ այլասերվածության քարոզչություն պարունակող նաև այլ ֆիլմեր, մենք պարզապես չենք հասցրել բոլորն ուսումնասիրել, հետևաբար, եթե ընթերցողները տեղեկություններ կունենան այդպիսի ֆիլմերի մասին, խնդրում ենք, այդ տեղեկատվությունը փոխանցել մեզ:
Չգիտեմ` զավեշտ ասեմ, խայտառակություն, թե ողբերգություն, սակայն բավական չէ, որ այդ ֆիլմերը պատրաստողները և «Ոսկե ծիրան» փառատոնի կազմակերպիչը կամ կազմակերպիչները ցանկանում են դրանք ցուցադրել քաղաքամայր Երևանում, դեռ ֆիլմերի տակ էլ գրել են 12+, այսինքն` դրանք կարող են դիտել նաև անչափահասները, մինչև 18 տարեկան անձինք: Հետաքրքիր է` այս իրողությանը տեղյա՞կ են հանրապետության ղեկավարները, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, շրջապատում կամ հասարակությանը որպես հավատացյալ, աստվածապաշտ հայտնի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և այլ ղեկավարներ: Եթե տեղյակ չեն, կիրազեկենք ոչ միայն այս հրապարակմամբ, հարցման միջոցով կփորձենք պարզել իրենց կարծիքը տվյալ իրողության նկատմամբ, ինչպես նաև կխնդրենք չթույլատրել հիշյալ ֆիլմերի ցուցադրությունն անչափահասների շրջանում, եթե դա կարող են:
Վերոնշյալ իրողությունը ևս մեկ անգամ օրախնդիր է դարձնում Հայաստանում այժմ դեռ գոնե անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչությունն արգելող օրենքի ընդունման անհրաժեշտությունը:


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում նշված և այլ ֆիլմերի ցուցադրման համար Հենրիկ Մալյանի անվան թատրոնի տնօրենը` տիկին Վարդուհին, մեզ հետ հեռախոսազրույցում հավաստեց, որ իրենք այդ ֆիլմերի ցուցադրման հետ կապ չունեն, դա ոչ թե իրենց, այլ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության միջոցառումն է, ուղղակի թատրոնի դահլիճում են ցուցադրելու, ընդհանրապես, ոչ միայն դահլիճը, այլև շենքը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությանն է: Հիշյալ միության երկարամյա նախագահը` վերջերս մահացած կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը, իր իսկ հրապարակային խոստովանությամբ, մասոն էր: Հետաքրքիր է` այս պահին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը փաստացի ղեկավարող, 14 հոգուց բաղկացած վարչությունո՞ւմ էլ մասոններ կան, ու նրա՞նք են եղանակ որոշողը:


Ռուբեն Գևորգյանցը իր որոշ հարցազրույցներում (հրապարակված, օրինակ, «Հայոց աշխարհ» օրաթերթում) հանդես էր գալիս ազգային, բարոյական արժեքների պաշտպանության դիրքերից, այլասերվածությանը միանշանակ դեմ` այն աստիճանի, որ չէիր հավատա, թե այդ մարդը մասոն է, եթե հենց ինքը խոստովանած չլիներ: Ինչևէ, նշված խայտառակ, անթույլատրելի ֆիլմերի ցուցադրման պատասխանատվությունը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանից, «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն, կինոգետ Միքայել Ստամբոլցյանից բացի, կրում է նաև Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչությունը, որը նաև խնդրո առարկա ֆիլմերի ցուցադրման համար վարձակալել է Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճը:
Հիմա անդրադառնանք կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին, անցյալում նրա հրապարակային ելույթներից մեկ-երկուսին:


Հատվածներ` «Շողակաթ» հեռուստաընկերության «Օր 6-րդ» հաղորդաշարին 2013 թվականին Հարություն Խաչատրյանի տված հարցազրույցից. «Հզոր երկրները, հատկապես եվրոպական երկրները, շատ մտահոգ են կինոփառատոները ծավալուն դարձնելու համար, ավելի մեծացնելու, աշխարհը բերելու դեպի փառատոն, որովհետև մշակութային տեսակը պահպանելու համար, հոգևորը պահպանելու համար` իրենց ազգային, պարզվեց, որ մեծ վտանգի տակ են: Ամերիկյան կոմերցիոն կինոն գրավեց աշխարհը, բոլոր հանդիսատեսներին, հեռուստատեսությունը բավականին բթացրեց մարդկանց, տվեց խաղալիքներ, զբաղմունք, և կարծես մարդկանց մոտ վերացավ այն հոգևորը, որ ստանում էին մշակույթից, մշակութային և հոգևոր հիշողությունը սկսեց կորցնել, կենտրոնանալ փոքրիկ բաների վրա, որոնք տալիս են ամեն օրվա արագ սնունդ ուղեղի, հոգու... Ոչ միայն իրենց արվեստն են իրենք ֆինանսավորում, ասենք, Ֆրանսիան, Գերմանիան, Հոլանդիան, Իտալիան, նաև` այլ երկրների, այլ մարդկանց: Իմ բոլոր ֆիլմերի պես ֆիլմերի համաֆինանսավորողները` Շվեյցարիա, Հոլանդիա, տարբեր երկրներ, նաև մեր` հայկական ֆիլմերի: Հայերի, քուրդերի, թուրքերի, վրացիների, ռուսների, բոլորի համար փող են ներդնում, որպեսզի այդ կինոյի տեսակը, որը կոչվում է հոգևոր-մշակութային կամ հեղինակային, որոնք զարգացնում են կինոլեզուն, որոնք տալիս են հոգևոր մի ինչ-որ ինֆորմացիա, որոնք տալիս են մտավոր, ինչ-որ մի զարգացման ճանապարհ են ցույց տալիս»:


Հրապարակային հարցադրում պարոն Հարություն Խաչատրյանին.
1. Այլասերվածների և այլասերվածության մասին ֆիլմեր ցուցադրելո՞վ է, որ մենք պետք է պահպանենք մեր մշակութային տեսակը, հոգևորը` մեր ազգային… Դուք այդպե՞ս եք ընկալում, ու դրա համա՞ր է, որ չեք բացառել «Ծիրանի այգիներ» և «Լսիր ինձ» խայտառակ ֆիլմերի ներառումը «Ոսկե ծիրան- 2017»-ի ֆիլմացանկում:
2. Ինչո՞վ են տարբերվում վերը նշված ֆիլմերը ամերիկյան կոմերցիոն կինոյի այն նմուշներից, որոնք նույնպես ներկայացնում են այլասերվածների կյանքը, միմյանց հետ հարաբերությունները և այլասերվածություն: ՈՒզում ենք նաև հասկանալ, թե «Ոսկե ծիրան» արժեքավոր ու հեղինակավոր միջազգային կինոփառատոնը, խնդրո առարկա ֆիլմերի ցուցադրությամբ, ինչո՞վ է տարբերվում մարդկանց, Ձեր իսկ խոսքերով, բավականին բթացրած, խաղալիքներ տված հեռուստատեսությունից:
3. «Ծիրանի այգիներ» և «Լսիր ինձ» ֆիլմերը, ըստ Ձեզ, պարունակո՞ւմ են այն հոգևոր արժեքները, որոնք մարդը պետք է ստանա ու ստանում է մշակույթից, Դուք այդ ֆիլմերը համարո՞ւմ եք մշակութային արժեքներ, դրանք, ըստ Ձեզ, ինչո՞վ փոքրիկ բաներ չեն, մեծ բաներ են:
4. Վերոնշյալ խայտառակ ֆիլմերը, ըստ Ձեզ, հոգևոր-մշակութային են կոչվում, հոգևոր-մշակութային կինոյի տեսակի՞ն են պատկանում… Նշված ֆիլմերը հոգևոր ինչ-որ ինֆորմացիա՞ են տալիս, մտավոր ինչ-որ մի զարգացման ճանապա՞րհ են ցույց տալիս…
Վկայակոչենք Հարություն Խաչատրյանի կարևոր մի միտք ևս. «Կինոն ամեն մի երկիր, ամեն մի ազգ համարում է իր կարևոր զենքերից մեկը, դա լուրջ մշակութային զենք է…»:


Իսկ այժմ կրկին հրապարակային հարցադրում պարոն Հարություն Խաչատրյանին.
1. Միանգամայն համամիտ ենք, որ «Կինոն ամեն մի երկիր, ամեն մի ազգ համարում է իր կարևոր զենքերից մեկը, դա լուրջ մշակութային զենք է…»։ Այժմ խնդրում ենք պատասխանել` «Լսիր ինձ» խայտառակ ֆիլմը, արդյոք մեր երկրի, մեր ազգի կարևոր ու լուրջ մշակութային զենքերի՞ց է…
2. «Ծիրանի այգիներ» ֆիլմի նախատեսվող ցուցադրությամբ ո՞ր ազգն ու երկիրն են իրենց այդ կարևոր, լուրջ «մշակութային» զենքը փորձում հանել մեր դեմ: Վստահ ենք` պարսիկներն ու Իրանը չեն, քանզի Իրանում մեծ խստությամբ են վերաբերվում այլասերվածներին և այլասերվածության դրսևորումներին:
Խոսելով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադրման մասին, Հարություն Խաչատրյանը նույն հարցազրույցում ասել է. «Մենք գնացինք այն ճանապարհով, որն ավելի հեշտ էր, բայց մի քիչ երկար ճանապարհ է` ստեղծել կինոփառատոն, որը կպատմի աշխարհի լավագույն ֆիլմերի մասին, կցուցադրի, կսովորեցնի, հայկական կինոն` ինչ-որ ունենք, կցուցադրի եկող հյուրերին, կարտահանի դեպի աշխարհ, և, փա՜ռք Աստծո, մեր 10 տարվա մեջ մի տարօրինակ փոփոխություն տեղի ունեցավ. եթե առաջին տարին ունեինք 1000 հանդիսատես` 5 օրվա մեջ, այսօր տարեկան 50-60 հազար հանդիսատես է նայում այն բոլոր ֆիլմերը, որ մենք բերում ենք»:


Եվս մեկ հրապարակային հարցադրում պարոն Հարություն Խաչատրյանին.
1. Այլասերվածների վերաբերյալ «Ծիրանի այգիներ» և «Լսիր ինձ» խայտառակ ֆիլմերը, ըստ Ձեզ, աշխարհի լավագույն ֆիլմերի՞ց են։
2. Նշված ֆիլմերը բերել եք, որպեսզի մեզ ցուցադրե՞ն, սովորեցնե՞ն։
3. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնադրել ու կազմակերպում եք, որպեսզի այն նաև, ըստ Ձեզ, հայկական կինո համարվող («ինչ-որ ունենք») «Լսիր ինձ» ֆիլմը ցուցադրի եկող հյուրերին, արտահանի դեպի աշխա՞րհ:
4. Խնդրո առարկա ֆիլմերի ցուցադրության ժամանակ ու դրանից հետո չե՞ք ամաչելու։ Իհարկե, նախ և առաջ, մեր ժողովրդից, ապա նաև եկող հյուրերից, որոնց մեջ, վստահ ենք, կարգին, նամուսով տղամարդիկ ու կանայք էլ կան (նույնիսկ Արևմուտքում բոլորը չէ, որ այլասերված են), չե՞ք ամաչելու հայկական կինոն ու Հայաստանը նաև այդ կերպ ներկայացնելով:
5. Չե՞նք սխալվում, որ թվաբանությունից դպրոցում 2 եք ստացել, քանի որ «Ոսկե ծիրանի» առաջին տարում ընդամենը 5 օրվա մեջ ունեցած 1000 հանդիսատեսը համեմատության մեջ քանակապես շատ ավելին է, քան տարեկան, այսինքն` 365 օրվա մեջ ունեցած 50-60 հազար հանդիսատեսը: Անհասկանալի է, թե այդ հետընթացը, եթե, իհարկե, հեռուստատեսությամբ սխալ թվեր չեք հրապարակել, ինչպե՞ս եք փորձում ներկայացնել առաջընթաց, հանդիսատեսների թվաքանակի աճ, ու դրա համար նույնիսկ փառք տալիս Աստծուն:
6. Աստծուն փառք տալով (եթե, իհարկե, Հայր Աստծուն նկատի ունեք և ո՛չ նրա հակառակորդին), կյանքի դժվարին պահերին Աստծուն դիմելով («Շողակաթի» նույն հարցազրույցի նախաբանից ենք տեղեկացել), ինչպե՞ս եք «Ոսկե ծիրան- 2017»-ի ֆիլմացանկում ընդգրկել, իսկ այլ անձի կողմից ընդգրկված լինելու պարագայում, այդ ցանկից առայսօր չեք հանել վերոնշյալ խայտառակ ու հակաստվածային ֆիլմերը:
7. Կարո՞ղ ենք ենթադրել, որ նշված ֆիլմերը կինոփառատոնի ֆիլմացանկում հարկադրաբար եք ընդգրկել, կամ ուրիշի կողմից դրանց ընդգրկումից հետո, ցանկից չեք հանել նաև այն պատճառով, որ այդ դեպքում միանգամայն իրատեսական եք համարել Արևմուտքի ֆինանսավորումից, հետագա տարիներին նույնպես կինոփառատոնի կազմակերպման հնարավորությունից զրկվելը, այսինքն` գերադասել եք 30 արծաթը…
Վերջին մեջբերումը Հարություն Խաչատրյանի մտքերից. «Դա շատ հզոր կինոփառատոն է, բայց պետք է, որովհետև մենք չունենք մեր կինոթատրոնը, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում կարողանանք այդ կրթական, այդ ինֆորմացիոն պրոցեսը շարունակել: Հիմա հարց ենք դրել, որ սա մեկ շաբաթվա տոն չէ, սա ամբողջ տարվա համար աշխատանք է, որը լրջորեն զբաղված է հոգևոր-մշակութային դաստիարակությամբ, կրթությամբ` և՛ աշակերտների, և՛ ուսանողների»:


Եվ վերջին հրապարակային հարցադրումը պարոն Հարություն Խաչատրյանին.
1. Այլասերվածների մասին անբարո ֆիլմերո՞վ պետք է կարողանաք այդ կրթական, ինֆորմացիոն պրոցեսը շարունակել:
2. Այդպիսի ֆիլմերի ցուցադրությունը հիմա արդեն հոգևոր-մշակութային դաստիարակություն, աշակերտների և ուսանողների կրթությո՞ւն է նշանակում կամ կոչվում…
3. Հասկանո՞ւմ է Հարություն Խաչատրյանը, որ իր վերոնշյալ քայլով վարկաբեկում է «Ոսկե ծիրան» միջազգային արժեքավոր ու հեղինակավոր կինոփառատոնը:
Պարոն Հարություն Խաչատրյանին նաև այլ ու վերը շարադրվածից անհամեմատ ավելի շատ հարցեր կարող ենք ուղղել ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ առերես հանդիպման ժամանակ, սակայն առայժմ բավարարվենք այսքանով` հուսալով, որ նա «Ոսկե ծիրան-2017»-ի ֆիլմացանկից արագորեն դուրս կհանի հիշյալ ֆիլմերի անվանումներն ու կբացառի դրանց ցուցադրումը նշված կինոփառատոնի շրջանակում:


«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Հետաքրքիր է նաև, թե ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատուները և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը տեղյա՞կ են, որ «Ոսկե ծիրան- 2017» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում նախատեսվում է ցուցադրել այլասերվածների վերաբերյալ առնվազն երկու ֆիլմ: Հուսանք, որ տեղյակ չեն…


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7208

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ