Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայ թագավորների աճյունների գաղտնիքը

Հայ թագավորների աճյունների գաղտնիքը
10.07.2017 | 09:13

Առասպելում ասվում է՝ բազմաթիվ արշավանքներից հետո պարսից արքա Շապուհ 2-րդ Մեծին (309-379 թթ.) չի հաջողվում ծնկի բերել Հայաստանը։ Նրա քրմերը խորհուրդ են տալիս գողանալ հայ թագավորների աճյունները, որ երկիրը զրկվի իր ուժից ու պարսիկները հեշտությամբ գրավեն։ Պարսից զորքերը շրջանցում են Հայաստանը, հասնում Եփրատի ակունքներին, մինչև Անի Կամախ ու գողանում Արշակունիների աճյունները՝ Արամազդ աստծո հեթանոսական տաճարի դամբարանից։ Հայկական զորքերին հաջողվում է ջախջախել պարսիկներին ու վերադարձնել թագավորական աճյունները։ Բայց քրիստոնեական Հայաստանում բարդություններ են առաջանում հեթանոս թագավորների աճյունների հուղարկավորման հարցում՝ հոգևորականությունը դեմ էր, որ հուղարկավորեն Սուրբ Վաղարշապատում՝ Էջմիածնում։ Այդ ժամանակ, ըստ ավանդույթի, Աղձք ավանում՝ Արագածի ստորոտին, կառուցվում է հատուկ դամբարան՝ զարդանախշ սարկոֆագերով, ու որսորդական տեսարաններ պատկերող որմնաքանդակներով։ Աղձքը դարեր շարունակ համարվել է Արշակունիների դամբարանը։


Առաջին պեղումներն Աղձքում 19-րդ դարում արդյունք չեն տվել։ Դամբարանում թագավորների աճյուններ չեն եղել։ Թվում էր, թե Շահուպ արքան հասել էր իր նպատակին՝ Հայաստանի մեծ արքաների աճյունները անհետ կորել էին ու երկիրը զրկվել էր իր զորությունից ու փառքից, նաև պետականությունից։
Պեղումների նոր փուլը՝ 2015-2016-ին, ինչպես վստահեցնում է պատմամշակութային ժառանգության ԳՀԿ-ի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը, լույս է սփռել այդ պատմության վրա, ու առասպելը սկսել է պատմական ուրվագծեր ձեռք բերել։ Դամբարանի կողքին գտնվող եկեղեցու սալահատակի տակ հայտնաբերվել են աճյուններով երեք աճյունատուփեր։ Դրանցից մեկի վրա խաչ է, որը վկայում է, որ այդ աճյունները թաղվել են արդեն քրիստոնեական ժամանակաշրջանում։


Առասպելից բացի ուրիշ ի՞նչ է վկայում, որ սափորներում հայտնաբերված աճյունները կարող էին պատկանել հայ թագավորներին։ Հակոբ Սիմոնյանի խոսքով, նախ բոլոր ոսկորները ջարդված էին ու դա պարսիկների հապշտապ հողից հանելու ու տանելու հետևանքն է։ Երկրորդ՝ մարդաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ ոսկորները պատկանում են տարբեր սեռերի ու տարիքի անձանց, ինչը վկայում է, որ դա ընտանեկան թաղում է։ «Եթե դրանք սրբերի մասունքներ լինեին՝ կլինեին մեծահասակ տղամարդկանց, այլ ոչ թե երեխաների ու կանանց ոսկորներ։ Այսինքն` պարսիկները դամբարանից առևանգել են թագավորական ընտանիքների բոլոր անդամների աճյունները»,- ասում է նա։ Երրորդ, հնագետի խոսքով, այդ աճյունատուփերի մեջ հայտնաբերված որոշ ոսկորներ այրված էին, իսկ մենք գիտենք, որ մինչքրիստոնեական ժամանակաշրջանում թագավորների մարմինները դիակիզում էին։


Հակոբ Սիմոնյանի խոսքով իր վարկածի օգտին է խոսում նաև փաստը, որ աճյունատուփերը թաղված էին այն ժամանակ արդեն գոյություն ունեցող եկեղեցու խորանի տակ՝ սալահատակը քանդվել էր, տուփերն իջեցվել էին հողի մեջ, հետո նորից քարերը շարվել էին։ Ինչո՞ւ։ «Պատերազմ էր։ Հայաստանը պատերազմում էր Սասանյան կայսրության դեմ, որը աշխարհակալ երկրներից էր։ ՈՒ ամեն վայրկյան պարսիկները կարող էին նորից փորձել գողանալ ոսկորները։ Այսինքն` դրանք պետք էր թաքցնել հնարավորինս հուսալի վայրում»,- ասում է գիտնականը ու հավելում, որ հիմնական դամբարանը կառուցվել էր կամ մոլորեցնելու համար, կամ էլ աճյունների մի մասը այնտեղ է թաղված։ Չնայած սա ընդամենը վարկած է։ Ավելի ճշգրիտ տվյալների համար պետք են աճյունների լաբորատոր հետազոտություններ ու դրա համար ֆինանսավորում է պետք։ Աղձքում այս տարվա պեղումների ժամանակ գտնվել են վաղ քրիստոնեական գերեզմաններ՝ հայերեն գրություններով, թագավորական պալատի, ճեմուղու փլատակներ, որի մեջտեղով հոսում էր Արագած լեռան գագաթից իջնող սառը առվակը։ Դա վկայում է, որ այդտեղ վաղ միջնադարում ապրում էին նշանավոր մարդիկ։

Դիտվել է՝ 3059

Մեկնաբանություններ