Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամպուտի՞ն, G 20, թե՞ G 2

Թրամպուտի՞ն, G 20, թե՞ G 2
11.07.2017 | 00:39

2017-ի հուլիսի 7-ը երկար կհիշեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրանք վերջապես հանդիպեցին Համբուրգում: Մինչ հակագլոբալիստներն աղմկում էին փողոցներում, բախվում քաղաքակիրթ գերմանացի ոստիկանների հետ, ծեծում ու ծեծվում, քայլող դիակների կերպարանք ընդունում՝ իբրև բողոք, պաշտպանում իրենց շահերը, 20 մեծ տնտեսություններն ունեցող պետությունների ղեկավարները համարյա նույն գործին էին՝ քաղաքական ու դիվանագիտական ասպարեզում: Համբուրգում գրեթե բոլորը բոլորի հետ հանդիպեցին, իսկ ուշադրության կենտրոնում երկուսն էին՝ Պուտինն ու Թրամփը:


Բծախնդիր ու ճշտապահ գերմանացիներն ամեն ինչ արել էին, որ Համբուրգի G 20-ը պատմության մեջ մտնի օրակարգով՝ կանաչ էկոնոմիկա, դիգիտալիզացիա, ահաբեկչության դեմ պայքար, Աֆրիկայի զարգացում, գլոբալ ջերմացում, համաշխարհային տնտեսական աճ ու միգրացիոն ճգնաժամ, իսկ մամուլը գրեց ու խոսեց գերազանցապես մեկ հանդիպման մասին: Համբուրգում G 20 էր, թե՞ G 2: Հանդիպումից առաջ երկու կողմերն էլ դիվանագիտորեն հայտարարում էին, որ մեծ փոփոխությունների ակնկալիք չունեն: Անկեղծ չէին, ունեին, ձախողման վտանգ կար, չէին ցանկանում հետո բացատրել՝ ինչու ակնկալիքները չարդարացան: Ծրագրված կես ժամի փոխարեն ԱՄՆ-ի ու ՌԴ նախագահները զրուցեցին 2 ժամ 15 րոպե: G 20-ը լուսաբանող լրագրողները դրական որակեցին՝ Ռուսաստանի ու ռուս-ամերիկյան հարաբերությունների համար: Կարճլիկ հանդիպումը նշանակելու էր՝ արձանագրեցին տարաձայնություններն ու միմյանց հաջողություն մաղթեցին, երկար հանդիպումը վկայեց՝ խոսել են փոփոխությունների հասնելու համար: Հանդիպմանը ներկա էին ԱԳ նախարարներն ու թարգմանիչները, միայն նրանք գիտեն՝ ինչ ու ինչպես են խոսել, ճշտել, բանավիճել, պայմանավորվել: Հետո սկսվեցին մեկնաբանություններն ու տարընթերցումները: Ռեքս Թիլերսոնն ու Սերգեյ Լավրովը փոխեցին շեշտադրումները ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ռուս հաքերների միջամտության հարցում: Թիլերսոնը լրագրողներին ասաց, որ Թրամփը այդ թեմայից է սկսել խոսակցությունը, Պուտինը հերքել է կասկածները, ինչպես արել է միշտ: Լավրովը նույն պահին ասում էր, որ ԱՄՆ-ի նախագահին բավարարեցին Պուտինի բացատրությունները՝ նա ընդունեց: Թիլերսոնը այդ կարծիքին չէր: Հանդիպումից առաջ ՌԴ պաշտոնյաներն ու փորձագետները օրուգիշեր քննարկում էին հանդիպման ակնկալիքները, արդյունքներն ու հետևանքները: Նրանք լավատեսություն չէին ճառագում և հայտարարում էին, որ Թրամփի ձեռքն ու ոտքը կապված են ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետաքննությամբ, ցանկացած զիջում Պուտինին ներքաղաքական պայքարում Թրամփի դեմ է օգտագործվելու: Թիլերսոնն ու Լավրովը հանդիպումից հետո ընդգծում էին, որ նախագահները բարյացակամ մթնոլորտում երկխոսության ցանկություն դրսևորեցին: «Երկու նախագահները շատ արագ ընդհանուր լեզու գտան, դրական քիմիան լավ զգացվում էր, անցյալին շատ քիչ անդրադարձ եղավ»,- հաստատեց ԱՄՆ-ի պետքարտուղարը՝ դա հարված էր սեփական դեմոկրատներին:


Լավրովի ու Թիլերսոնի վկայությամբ՝ Թրամփն ու Պուտինը նաև կոնկրետ պայմանավորվածություն ունեցան՝ ևս մեկ անգամ հրադադար կհայտարարեն Սիրիայի տարածքում: Նախագահները տարբեր կարծիքներ ունեին Հյուսիսային Կորեայի զենքերի ծրագրի վերաբերյալ: Ռեքս Թիլերսոնը ասաց. «Ռուսները այս հարցում մի փոքր այլ դիրքորոշում ունեն, բայց մենք շարունակելու ենք բանակցել նրանց հետ և խնդրելու ենք ավելին անել: Ռուսաստանը տնտեսական կապեր ունի Հյուսիսային Կորեայի հետ»: Նույնիսկ կիբեռհանցագործության հարցում ելքը գտան՝ որոշեցին համատեղ աշխատանքային խումբ ստեղծել: Լավրովն ու Թիլերսոնը լռեցին գլխավորի մասին՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների: Փոխարենը սամմիթից առաջ ՌԴ նախագահը Handelsblatt-ին, նաև ուրբաթ օրը Համբուրգում ասաց, որ պատժամիջոցները պրոտեկցիոնիզմ են ու հակասում են G 20-ի հայտարարած ազնիվ առևտրի սկզբունքներին: Դա պատասխանն էր Թրամփի անկեղծության պոռթկումին Վարշավայում՝ նույնպես սամմիթից առաջ:

Թրամփը Վարշավայում հայտարարել էր, որ հավանական է համարում 2016-ի ընտրություններին ՌԴ միջամտությունը, որ ՌԴ գործողություններն Արևելյան Եվրոպայում ապակայունացնող են, կոչ էր արել դադարեցնել ՈՒկրաինայի ապակայունացումն ու աջակցությունը Սիրիայի ու Իրանի թշնամական վարչակարգերին: (Թրամփի վարշավյան ելույթին Պուտինը «հակադրեց» ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի այցը Մոսկվա՝ G 20-ից առաջ, դա Արևմուտք-Արևելք խոսուն տանդեմ էր): Հանդիպման ժամանակ նրանք որոշեցին սկսել մաքուր էջից: Սերգեյ Լավրովին թվացել էր, որ երկու նախագահներն առաջնորդվում են ազգային շահերով և չեն ուզում այդ շահերը հակադրել: Զրույցը նա գնահատեց «շատ կոնկրետ»: Լավրովը դեսպանների հարցն էլ փակեց՝ «Պայմանավորվեցին արագացնել նոր դեսպանների նշանակման համար անհրաժեշտ գործընթացները՝ ԱՄՆ-ի ՌԴ-ում և ՌԴ-ի՝ ԱՄՆ-ում»: Վլադիմիր Պուտինը հանդիպումից հետո ասաց. «Ես շատ երկարատև զրույց ունեցա ԱՄՆ-ի նախագահի հետ: Շատ հարցեր էին կուտակվել՝ և՛ ՈՒկրաինան, և՛ Սիրիան, և՛ այլ խնդիրներ, որոշ երկկողմ հարցեր: Մենք նորից վերադարձանք ահաբեկչության դեմ պայքարի, կիբեռանվտանգության հարցերին»: Հետո նա ասաց, որ աշխատանքային հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ի նախագահի հետ, կարծում է՝ հիմքեր կան հավատալու, որ Վաշինգտոնի հետ առնվազն մասնակի համագործակցություն կլինի: Համբուրգում ասուլիսի ժամանակ Պուտինն ասաց` Թրամփն իրականում այլ մարդ է, քան կարելի է պատկերացնել հեռուստատեսությունից: ԱՄՆ-ի նախագահը Թվիթերում շնորհակալություն հայտնեց Համբուրգին՝ G 20-ի առաջին հրաշալի օրվա համար: Պուտինի հետ հանդիպումը նա մեկնաբանեց մեկ բառով՝ ցնցող: Մեկ այլ թվիթով նա ավետեց. «ժամանակն է առաջ շարժվել Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցության մեջ»:


Փորձագետներն արձանագրել են, որ հանդիպման ժամանակ խոսքերը ջերմ էին, ժեստերի լեզուն՝ զուսպ: Նախագահներից ոչ մեկը չէր ժպտում, երբ հանդիպման դրական ելքի հույս էր հայտնում: Նրանց ձեռքսեղմումն արագ ու գործնական էր: Հանդիպման բուն փաստը Ռուսաստանը համարում է նվաճում՝ հաստատում, որ Պուտինը համաշխարհային առաջնորդ է, և նրա հետ պետք է հաշվի նստել: Բայց ոչ ոք հանդիպումից նշանակալից փոփոխություններ չի սպասում, օրինակ՝ պատժամիջոցների թուլացում: Կրեմլը մշտապես շեշտում էր, որ իր հիմնական նպատակը Դոնալդ Թրամփի հետ «աշխատանքային երկխոսությունն» է և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնումը: Ի՞նչ էր ուզում Սպիտակ տունը: Գուցե հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ռուսական «պինդ ընկույզը»՝ ինչպես Պուտինին անվանել էր Թրամփը: Առաջիկա ամիսներին ի հայտ կգան G 2-ի արդյունքներն ու հետևանքները:


Առաջին հանդիպումով անհնար է որոշել, թե ինչ ուղղությամբ հարաբերությունները կզարգանան: Կա վիճակագրություն, որ ՌԴ ու ԱՄՆ-ի նախագահներն ունենում են առաջին, տևական ու դրական հանդիպում, որին ոչինչ չի հաջորդում իրավիճակի փոփոխության կտրվածքով: Գուցե Թրամփն ու Պուտինը նույն խմորից են՝ սիրում են ցուցադրական ելույթներ ու գերակա դիրք՝ խիստ հայրենասիրական մղումներով: Երկուսն էլ նախընտրում են ազգայնական կեցվածքը, ուրախ կլինեին մի կողմ դնել համաշխարհային առևտրի համակարգն ու ԵՄ-ը (Պուտինը՝ նաև ՆԱՏՕ-ն), բայց աշխարհը ցանկությունների ու հնարավորությունների հավասարությանը դեմ է: ՈՒ՝ ի՞նչ: Մի քանի օրից մեդիաաղմուկը կհանդարտվի, փորձագետները կսկսեն G 2-ի ավելի շատ բովանդակային, քան ձևային խնդիրները վերլուծել, և գուցե պարզվի, որ Համբուրգը նոր սկիզբ էր կամ շարունակություն` հին հակասությունների: Փաստացի՝


1. Մամուլը կենտրոնացավ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության խնդրին, դա դամոկլյան սուր է, որ դեմոկրատները պահում են Թրամփի գլխին՝ հետաքննություն հետաքննության հետևից հարուցելով, բայց ինչպես Թրամփն ինքը նշեց՝ այդ ընթացքում ոչ մի կոնկրետ ապացույց չներկայացնելով: Այս պատմությունը ուռճացված է, ավելի շատ պատրվակ՝ ռուս-ամերիկյան հակասությունները պահելու, նոր պատմություն չսկսելու համար:
2. Երկու նախագահներն անդրադարձել են Սիրիայի հարցին: Եթե հրադադարը Սիրիայում հաջողվի, բազում մարդիկ կստանան իրենց առաջին ու հիմնարար իրավունքը կենսագործելու հնարավորություն՝ չեն սպանվի, դա քայլ է դեպի խաղաղություն:
3. ՈՒկրաինայի հարցը մնաց անորոշ՝ Համբուրգից Թիլերսոնը գնաց Կիև, հետը տանելով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչին: ՈՒկրաինայի հարցը քննարկեցին նաև Մերկելը, Մակրոնն ու Պուտինը՝ պայմանավորվելով ևս մեկ անգամ անդրադառնալ քառակողմ հեռախոսազրույցով՝ Պորոշենկոյի մասնակցությամբ:
4. Կորեայի հարցում արձանագրվեց տեսակետների տարբերություն:
5. Հանդիպումը Պուտինի համար կարևոր էր՝ վերջ դնելու տարակույսներին, որ Թրամփի հետ փոխհարաբերությունները չեն ստացվելու: ՌԴ նախագահը վերահաստատեց Ռուսաստանի՝ իբրև գերտերության և իր կարգավիճակը՝ իբրև ղեկավարի, ում հետ հաշվի են նստում միջազգային օրակարգի հարցերում: Սա ռուսական դիվանագիտության համար կարևոր ելակետ է: Գլխավոր՝ պատժամիջոցների հարցը մնաց առկախ: Դա Պուտինի գերխնդիրն է՝ նա նախագահական ընտրությունների նախօրեին է, քաղաքականից շատ պետք են տնտեսական հաջողություններ: 2018-ին Պուտինը, իհարկե, կառաջադրվի, կարևորը դա չէ, այլ Արևմուտքի վերաբերմունքը և հարաբերությունների ընթացքը:
6. ԱՄՆ-ի նախագահը ինքնահաստատման շրջանում է: Չլինելով քաղաքական գործիչ ու հայտնվելով Սպիտակ տանը՝ նա հարկադրված է ամեն օր ու ամեն հանդիպումով ապացուցել, որ կարող է նախագահ լինել: Ոչ միայն «սիրալիր» դեմոկրատները, ոչ պակաս «սիրալիր» Եվրոպան, Չինաստանը, Թուրքիան ու ևս մեկ տասնյակ երկրներ սիրով սպասում են նրա ձախողմանը: Թրամփի ագրեսիվ էքսցենտրիկան ինքնապաշտպանական բնազդ է, նա դեռ միլիարդատեր է, որ քաղաքականությունը հասկանում է հաջող կամ անհաջող գործարքի մակարդակով: Թրամփն այլ պատկերացումներ ուներ նախագահի դերի մասին, Սպիտակ տանը նրան ավելի շատ պարտականություններն են հիշեցնում, քան իրավունքները: Նա բացարձակ ռեկորդակիր է ԱՄՆ-ի նախագահների մեջ, ում դեմ առաջին կես տարում այդքան դատական գործեր են հարուցվել, նրա վարկանիշը անկում է ապրում, և նրան պետք է հաջողության պատմություն, հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում, որ իր հայտնությունից առաջ քաղաքական ասպարեզի միակ անկանխատեսելին էր: Նա վերջապես հարաբերությունների սկիզբ դրեց, բայց ընթացքը նույնիսկ ինքը չի կարող երաշխավորել: Կվերականգնվի՞ ԱՄՆ-ՌԴ քաղաքական ու տնտեսական երկխոսությունը՝ սա է հարցը, որի պատասխանը Համբուրգում չէր:
7. Հարաբերությունների զարգացման դիվանագիտական հաջողության երաշխիքը լինելու էր Թրամփի այցը Մոսկվա կամ Պուտինի այցը Վաշինգտոն, մինչդեռ ակնարկ իսկ չեղավ, իսկ դա ցուցիչ է փոխհարաբերությունների իրական վիճակի:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Բազում հարցեր մնացին լուսանցքում կամ, փոխադարձ համաձայնությամբ, հրապարակավ լռության մատնվեցին: Համբուրգը աշխարհի վերջին քաղաքը չէ: Իսկ ժամանակը շտապեցնում է: ՌԴ-ԱՄՆ հարաբերություններն ուղղակի ազդեցություն ունեն ԵՄ-ի, Մերձավոր Արևելքի վրա և, իհարկե, մեր տարածաշրջանի: Չի բացառվում, որ G 2-ում քննարկվել է Իրանի հարցը, եթե ոչ միջուկային համաձայնագրի, հաստատ Սիրիայի առնչությամբ: Նրանք չէին կարող Թուրքիային չանդրադառնալ՝ նույն Սիրիայի և քրդերի խնդրով: Իսկ Հայաստա՞նը: Ինչո՞ւ ոչ: Այդքան պտտվել են մեր շուրջը, ու ոչի՞նչ: Լավրովի քայլերից կերևա: Կամ՝ Միլսի:

Դիտվել է՝ 4507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ