Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵԱՏՄ-ն որոնում է իր սահմանները

ԵԱՏՄ-ն որոնում է իր սահմանները
11.07.2017 | 01:01

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հուլիսի 6-ին «Անի Պլազայում» կազմակերպել էր կլոր սեղան՝ «Հայաստանի Հանրապետություն՝ 2 տարի ԵԱՏՄ-ում, առաջին արդյունքներ» թեմայով: Կլոր սեղանի հիմնական եզրակացությունները կներկայացվեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում` տարեվերջին: Ելույթների քանակի ու բազմազանության մեջ, ինչպես լինում է նման դեպքերում, երբեմն կորչում է բուն թեման: Կար պաշտոնական մաս, որտեղ ամեն ինչ հարթ ու հասկանալի էր, եղան ելույթներ, որ եթե ՀՀ-ն չանդամակցեր ԵԱՏՄ-ին, աշխարհը կկործանվեր, հիմնականը հստակ գնահատականն էր, բաց խոսակցությունն ու վիճակը համատեղ փոխելու ցանկությունը: 28 ելույթներն ու ռեպլիկները, հարցուպատասխանը ներկայացնելը իրենց նրբերանգների ու մանրամասների մեջ այլ ժանր է պահանջում: Ես ուզում եմ գնալ էկլեկտիկայի տրորված արահետով՝ անելով անկապ թվացող, բայց բնութագրական մեջբերումներ:


Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
. Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը գնահատելու համար անհրաժեշտ է մի շարք գործոններ հաշվի առնել։ Ինտեգրման մասին խոսելիս պետք է հաշվի առնել ոչ միայն կոնկրետ թվերը, այլև համատեքստը։ ԵԱՏՄ-ի անդամակցությունից Հայաստանի ակնկալիքները բավական բարձր էին։ ԵԱՏՄ-ն երբեմն համեմատվում է ԵՄ-ի փորձի հետ։ Այդ պարագայում պետք է հաշվի առնել ոչ միայն ձեռքբերումները, այլև՝ քանի տարի է քեզ անհրաժեշտ։ Երկու տարում Հայաստանի ռեսուրսն ընդլայնվել է, ներկրվող ապրանքների գները՝ նվազել։ Մի շարք ցուցանիշներ կան, որոնք վերաբերում են դեռ առկա պատնեշներին, տնտեսական աճին, առաջընթացին, որն այնքան էլ ակնհայտ չէ։ Գոյություն ունի հսկայական, չօգտագործված ներուժ։


Հայաստանում Բելառուսի դեսպան ԻԳՈՐ ՆԱԶԱՐՈՒԿ
. Հայաստանի անդամակցությունը դրական ազդակ է հաղորդել Հայաստանի և Բելառուսի երկկողմ հարաբերություններին, որոնք առանց այդ էլ դրական էին: ԵԱՏՄ-ի միացնող ներուժը հնարավորություն է տալիս անդամ երկրների տնտեսությունները ներդաշնակեցնել, որն էլ թույլ կտա մոտ ապագայում ԵԱՏՄ երկրների միջև ավելի որակյալ հարաբերություններ ստեղծել:


Հայաստանում Ղազախստանի դեսպան ԹԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎ
. Չնայած շրջակա միջավայրի բացասական ազդեցություններին և համաշխարհային տնտեսության միտումներին՝ Հայաստանի օրինակը՝ ապրանքաշրջանառության աճով և արտահանման ծավալներով, ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ին միանալով մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: ԵԱՏՄ-ին անդամակցության մասով Հայաստանի և Ղազախստանի մոտեցումները նույնն են՝ ավելի լավ է, որ անդամակցեցինք:


Հայաստանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար ԱՆԴՐԵՅ ԻՎԱՆՈՎ (ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի անունից)
. Կազմակերպության շրջանակում Հայաստանը մեծ հաջողությունների է հասել և երկու տարում կազմակերպության կարևոր նախագծերին մասնակցության մեծ ներուժ է արձանագրել, իսկ դա նշանակում է, որ լինելու են նոր հաջողություններ։


ԵԱՏՀ կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար ՏԱՏՅԱՆԱ ՎԱԼՈՎԱՅԱ
. Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամակցությունից հետո զգալի աճել է։ Վերցրեք 2016-ի իրավիճակը, երբ փոխադարձ առևտրաշրջանառությունը հինգ երկրների միջև շարունակ նվազել է, Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ տարածք 50 տոկոսով աճել է։ Արտահանման աճը կատարվել է գյուղմթերքների, թեթև արդյունաբերական ապրանքների հաշվին։ Օրինակ՝ պոմիդորի արտահանումը 15 տոկոսով աճել է, խաղողի արտահանումը՝ 10 տոկոսով։ Մենք նույնը տեսնում ենք նաև 2017-ի մասով՝ 25 տոկոսով այս տարի արտահանումն աճել է:
.. Ի սկզբանե, երբ ստեղծվում էր ԵԱՏՄ-ն, բացի տնտեսական բաղադրիչից, քաղաքական բաղադրիչ չի ունեցել: Քաղաքական հարցերի քննարկման այլ կառույցներ կան:
... Պետք չէ ԵԱՏՄ-ն համեմատել ԵՄ-ի հետ: ԵԱՏՄ-ի հիմնման ժամանակ մենք մեր առաջ ունեցել ենք Եվրոպական տնտեսական միության՝ որոշումների ընդունման մոդելը, սակայն հասկացանք, որ անդամները պետք է հավասար լինեն, ու որոշումներն ընդունվեն կոնսենսուսով: Քաղաքական հարցերը Միության ներսում չենք կարող քննարկել ֆորմալ առումով, բայց կարող ենք քննարկել ֆորումների ժամանակ:


Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ
. Հայաստանը ԵԱՏՄ-ին միացավ գլոբալ տնտեսական դժվար ժամանակաշրջանում: Չնայած անդամակցության կարճ ժամկետին, արդեն դրական արդյունքներ կան. աճում է ԵԱՏՄ-ի հետ ապրանքաշրջանառությունը, արտահանման լավ տեմպեր կան: Փորձը ցույց տվեց, որ նույնիսկ սահմանների բացակայության պայմաններում ինտեգրումը կարող է զարգանալ: Խնդիրների թվում արտադրողների համար նոր շուկաների բացման անհրաժեշտությունն է, և շատ կարևոր է աշխատել Իրանի հետ:
.. Եթե մենք չանդամակցեինք ԵԱՏՄ-ին, ավելի մեծ տնտեսական խնդիրներ կառաջանային, քան հիմա: Այս տարվա հինգ ամիսներին ՀՀ արտահանումը ԵԱՏՄ շուկա ևս 25 տոկոսով աճել է, նախորդ տարվա 51-տոկոսանոց աճի վրա:
... Ընդհանրապես, ես չեմ կարող արձանագրել մեծ բացասական երևույթներ: Հայաստանն ունի 180-միլիոնանոց շուկա, և մեր երկրում ներդրումներ անելիս ներդրողները դա գնահատում են։ Ներդրողները ավելի են շահագրգռված Հայաստանում ներդրումներ անել, որովհետև մուտք ունեն 180-միլիոնանոց շուկա։ Միանալով ԵԱՏՄ-ին՝ մենք կարող ենք էներգակիրներ ներմուծել Հայաստան՝ առանց արտահանման մաքսատուրքերի, նշանակում է, որ ՀՀ ներկրվող գազը և այլ էներգակիրներ արտահանման մաքսատուրքերով չեն հարկվի, և գինը չի բարձրանա Հայաստանում։


Կովկասի ինստիտուտի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
. Տնտեսական միությունն առանց քաղաքական բաղադրիչի չի լինում, հետևաբար քաղաքական բաղադրիչը ԵԱՏՄ հիմքում դրված է եղել: ԵԱՏՄ-ն բացարձակ չի կարելի համեմատել Եվրոպական տնտեսական միության հետ, ինչը հաճախ է արվում Հայաստանում: Շատ քաղաքական գործիչներ, լրագրողներ, քաղհասարակության ներկայացուցիչներ ԵԱՏՄ-ն համարում են բացառապես քաղաքական կառույց: Իհարկե, որոշ ճշմարտություն կա, նկատի ունենալով՝ ինչպես Հայաստանը անդամագրվեց այդ միությանը: Բայց այդ մտայնության համար հիմք է նաև այն, որ շատերը համեմատում են ԵԱՏՄ-ն Եվրոպական տնտեսական միության հետ, ինչը, իմ կարծիքով, ճիշտ չէ:


ԵԱՏՀ անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
. ԵԱՏՄ-ում Հայաստանն ունի ամենաքիչ սահմանափակումները և ամենաբարենպաստ միջավայրը՝ ներդրումների համար: ԵԱՏՄ շուկայում երեք տեսակի սահմանափակումներ կան: Առաջինը խոչընդոտներն են՝ անդամ երկրներն իրենց ազգային օրենսդրությունը չեն համապատասխանեցնում ԵԱՏՄ օրենսդրությանը: Երկրորդի օրինակ է վարորդական իրավունքի վկայականի չճանաչումը Ռուսաստանում և Ղազախստանում: Որքան էլ բիզնես շրջանակները բարձրաձայնում են այս խնդիրը, դա ԵԱՏՄ օրենսդրությամբ չի կարգավորվում: Երրորդ տիպի սահմանափակումները բացառություններն են, որոնք ֆիքսված են պայմանագրերում: Օրինակ, Հայաստանը բանակցությունների ժամանակ ունի որոշ բացառություններ և պարտավորություն է վերցրել մի քանի տարում վերացնել:
.. Ակցիզային օրենսդրության ներդաշնակեցման խնդիրը ԵԱՏՄ մակարդակով դեռևս չի կարգավորվել, ամեն երկիր իրականացնում է իր ակցիզային քաղաքականությունը: Բանակցություններն ակտիվ փուլում են, դեռևս հայտնի չէ՝ երբ կավարտվեն: Իհարկե, որոշակի թանկացում կարող է լինել:


Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
. Հայկական մամուլում ԵԱՏՄ-ի մասին կարծիքներն ավելի շատ բացասական են, չկան հաջողության պատմություններ, դրա մասին պետք է մտածել: ԵԱՏՄ-ն պետք է ուսումնասիրի գոնե մամուլում եղած արձագանքներն իր մասին: Հայաստանում հատկապես շատ քննարկվեց ՌԴ կրթության և գիտության նախարարի դիտարկումը, թե միասնական այբուբենը՝ կիրիլիցան, պետք է օգտագործվի ԱՊՀ երկրներում: Վերջին շրջանում հայ հասարակությունը քննադատում էր նաև ՌԴ-ում արտասահմանյան վարորդական իրավունքների արգելքը: ԵԱՏՄ-ն պետք է ի սկզբանե զբաղվեր այդ խնդրով՝ ուսումնասիրելով ԵԱՏՄ անդամների օրենքները, որոնք կարող են չհամապատասխանել ԵԱՏՄ-ի սկզբունքներին: Մենք ստեղծել ենք միություն: Այնտեղ կա ինստիտուտ, որի գոյության համար բոլոր երկրները վճարում են իրենց հարկերի ինչ-որ մաս, ինչո՞ւ չեն զբաղվում:


Տնտեսագիտության դոկտոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
. Հեռանկարների առումով ուշադրություն պետք է դարձնել ներքին ռեսուրսներին (մարդկային, ֆինանսական, բնական, արտադրական, տեխնոլոգիական) և ներքին հնարավորություներին՝ մրցունակ ապրանքներ ու ծառայություններ, նոր տնտեսական քաղաքականություն՝ հաշվի առնելով նոր իրողությունները: Հայաստանը գերակայություն է տալիս ներդրումներին ու բարեփոխումներին: 2016-ի տվյալներով` տնտեսական ակտիվությունը Հայաստանում դանդաղել է գյուղատնտեսության և շինարարության ռեալ ծավալների նվազման պատճառով՝ 0,2 %, ծրագրված 2,2 %-ի փոխարեն: Տնտեսական աճի դանդաղումը Հայաստանում պայմանավորված է ներդրումների կրճատումով, մետաղների ու հումքային ապրանքների միջազգային գների անկումով, Ռուսաստանից տրանսֆերտների նվազումով:


Տնտեսագիտության դոկտոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ
. ԵԱՏՄ երկրներում կոռուպցիայի մակարդակը նույնպես տնտեսության զարգացման մարտահրավեր է: Անհրաժեշտ է մշակել կոռուպցիայի հակազդման համաձայնեցված միջոցներ, որտեղ իր դերը կարող է խաղալ ԵԱՏՄ համաձայնագրի 69-րդ հոդվածը՝ «Տրանսպարենտությունը»: Անարդյունավետությունը, առավել ևս կոռուպցիոն դրսևորումները պետք է ի սկզբանե նվազագույնի հասցվեն: Դա շատ ավելի արդյունավետ է, քան կամա-ակամա կոռուպցիոն ռիսկեր թույլատրել, հետո վերահսկել ու ի հայտ բերել չարաշահումները: Վաղուց է հասունացել հակակոռուպցիոն փորձաքննության անհրաժեշտությունը, մասնավորապես օրենքների, որ կանոնակարգում են տնտեսական գործունեությունը ԵԱՏՄ-ում:


«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
. Մեզ՝ եվրասիական փորձագետներիս համար այս կլոր սեղանը տարվա խոշորագույն եվրասիական հավաքն էր, և շատ կարևոր էր, որ գործընթացի բավարար ու ճշգրիտ պատկերը տար: Հուսամ, որ Եվրասիական փորձագիտական ակումբի մասնակցությունը միջոցառմանը նպաստեց նրա հասարակական աջակցությանը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՏՀ-ին, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին համագործակցության պատրաստակամության համար, ես ականատես եմ եղել՝ ինչպես Տիգրան Սարգսյանի թիմը Մոսկվայում եվրասիական տարածքի փորձագիտական համայնքի հետ համագործակցությունն առաջ մղելու ժիր ջանքեր է գործադրել: Վստահ եմ, որ Եվրասիական փորձագիտական ակումբի համագործակցությունը ԵԱՏՀ-ի, ՀՀ պատկան կառույցների հետ զարգացման տեղ ունի: Մեզ համար կարևոր է, որ եվրասիական գործընթացները ընդունվեն ոչ իբրև իմպերատիվ, անխուսափելի չարիք, այլ օգուտ և շահ ստանալու լրացուցիչ միջոց զարգացման համար: Ես մեծ հույս ունեմ, որ իշխանավորների մեծամասնությունը ԵԱՏՄ-ին վերաբերվում է ոչ թե որպես չարիքի, այլ գործընթացի, որից ստանալիք օգուտներին ու շահին պետք է նպատակաուղղել հասարակության առողջ ուժերին: Ես կարծում եմ, որ հասարակության մեջ քննարկումները պետք է լինեն կառուցողական և կոմպետենտ, առանց այդ քննարկումների մենք գործընթացի հետևից կարող ենք ուղղակի չհասնել: Եթե նկատեցիք՝ տասնյակ ելույթների մեջ միայն երկու դեմ կար, բայց նրանք ճշգրիտ չէին իրենց գնահատականներում ու խոսում էին պատրաստի կարծրատիպերով, որ կային դեռ գործընթացից առաջ: Գնացքը առաջ է գնացել, հիմա նոր փաստարկներ են պետք, նոր իմաստավորված իրողություններին համարժեք:
.. Մենք հաստատում ենք, որ Հյուսիսային Եվրասիան կամ հետխորհրդային տարածքը ինքնատիպ ու ինքնաբավ քաղաքակրթական տարածք է, և մեր տնտեսությունը ինտեգրելու ցանկությունը հիմնված է նաև այդ ընդհանրության գիտակցության վրա: Սակայն ակնհայտ է, որ պետք է մեր երկրների քաղաքական էլիտաների կամքով բանաձևված խնդիրը ուսումնասիրեն հասարակագետներն ու հումանիտար գիտությունների մասնագետները և դարձնեն հանրության սեփականությունը մեզ միավորող քաղաքակրթական արժեքները: Եթե պարզվի, որ այսօրվա սերնդի ընդունած արժեքները քիչ են, պետք է խթանել մեր օրերի արժեքների որոնումը, որոնք կարող են մերձեցման ու միավորման հիմք դառնալ: Արժեքների որոնումը պետք է ուղեկցվի տնտեսական ինտեգրման մասին դրական տեղեկության տարածմամբ: Ընդհանուր տեղեկատվական ու հումանիտար տարածքի ստեղծումը նվազ կարևոր խնդիր չէ, քան ընդհանուր ֆինանսատնտեսական, էներգետիկ տարածքի ստեղծումը:
Մեջբերումները հնչել են և՛ կլոր սեղանի, և՛ հարցազրույցների ժամանակ, մնացածը դատեք ինքներդ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Թեպետ այս շոգին մտածել չի լինում, բայց 7 եզրակացություն կլոր սեղանից մնաց.
1. Եվրասիական տարածքը դեռ չգիտի իր աշխարհագրությունը ու որոնում է սահմանները, դա արդեն քաղաքական հարց է:
2. Իզուր են խուսափում քաղաքականությունից, համագործակցությունն արդեն քաղաքականություն է՝ շահերի համադրման հենքի վրա, քաղաքակրթական ամենամեծ արժեքը միմյանց ինքնիշխանությունը հարգելն է:
3. Գաղափարներն ու մտադրությունները հռչակելը քիչ է, կոնկրետ գործողությունների մեջ պետք է նույնքան հետևողական ու ազնիվ լինել:
4. ԵԱՏՄ-ն պետք չէ դիտարկել միայն այսօրվա մեջ, զարգացման առումով ամենաշահեկանը ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունների նորմալացումն ու կայունացումն է, որ միանգամից տասնյակ հարցեր է հանելու օրակարգից:
5. ԵԱՏՄ-ն դեռ կարճ կյանք ունի, բայց կրում է հետխորհրդային տարածքի արատավոր որակները, որոնցից պետք է ազատվել, եթե ԽՍՀՄ-ի երկրորդ փլուզումը չէ վերջնանպատակը:
6. Գլոբալացված աշխարհում հարմարավետ դիրք ունենալու համար պետք չէ հնարել արհեստական գերակայություններ, կյանքն ինքն է բերում փոփոխություններ, որոնց դիմակայելն անիմաստ է:
7. Միությունը՝ միություն, բայց կան արժեքներ, որոնց վրա ձեռք բարձրացնելը նույնն է, ինչ կուպր լցնել մեղրի մեջ: Պետք չէ ոտնձգություններ անել ազգային նույնականացման դաշտում:

Դիտվել է՝ 14676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ