Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նույն ջուրն է, նույն ջրաղացը

Նույն ջուրն է, նույն ջրաղացը
11.07.2017 | 01:05

Այս շաբաթ խորհրդարանն արտահերթ նիստում լսեց պետության կարևորագույն օղակների տարեկան հաշվետվությունները` ԿԲ, ԿԸՀ, գլխավոր դատախազություն, ՎՊ, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով, ՄԻՊ: Խորհրդարանը միայն կարող է լսել ու գնահատել, բայց ոչ քվեարկել, որովհետև սրանք անկախ մարմիններ են:
Այս առումով շատ հետաքրքիր պատկեր էր ստեղծվել. մի կողմից` ընդդիմադիրները փաստարկված հայտարարում էին, թե ինչ չափով են այս կառույցներն իշխանություններից կախված, մյուս կողմից էլ` խորհրդարանը ձևական առումով պահում է կարգը` հաշվետությունները քվեարկության չդնել, քանի որ դա կփաստի, որ այս մարմինները կախվածություն ունեն ԱԺ-ից: Արդյունքում ամեն տարի հիշյալ կառույցների ղեկավարները գալիս են, խոսում, կոպիտ ասած, ընդդիմադիրներից «թուքումուր ուտում», գնում: Ո՛չ նրանց անկախությունն է «մեծանում», ո՛չ համակարգում եղած խնդիրներն են «փոքրանում»:
Ինչպես և սպասվում էր, ընդդիմադիրների թիրախը հիմնականում դատախազությունն ու ԿԸՀ-ն էին: Եվ սա բնական է, քանի որ ամեն ինչ սկսվում է ընտրություններով և կարգավորվում արդարադատությամբ: Ոլորտի պատասխանատուներն իրենց աշխատանքի գնահատականը ներկայացնում էին թվերով, ՀՀԿ խմբակցության անդամները դրանք ամրապնդում էին միջազգային կառույցների իրենց ցանկալի գնահատականներով, թեև ամենալավ գնահատականը հանրության վերաբերմունքն է, իսկ այստեղ անզոր են և՛ թվերը, և՛ երկակի ստանդարտներով տառապող միջազգային հանրույթը:


Հայաստանի քաղաքացին հավասարապես չի վստահում թե՛ ընտրական գործընթացներին, թե՛ անկախ դատաիրավական համակարգին: Այս անվստահության մթնոլորտում խոսել ինչ-որ թվերից, արդյունքներից, մեղմ ասած, ծիծաղելի է: Ավելին, տարբեր տարիներին երկրում աղմկահարույց իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն դատախազությունն արդարությունը հաստատելու հասարակության սպասումները չի բավարարել, հստակ չի ներկայացրել, թե, ի վերջո, ովքեր էին մեղավոր, ու ով է գլխավոր պատասխանատուն:
Նույնը կարելի է ասել ԿԸՀ-ի մասին, երբ ակնհայտ փաստերի առկայության դեպքում անգամ այս կառույցի պատասխանատուները ընտրական իրավունքի խախտումներ չեն տեսնում` հանուն իշխանության շատ բաների վրա աչք փակելով: Ահա և ձևավորվում է հասարակական ընկալումը, ըստ որի, մեր երկրում ոչ մի օղակ անկախ չէ, ինչ շարժվում է, այսպես ասած, «վերևի» հրահանգով է շարժվում: Իսկ երբ խոսքը վերաբերում է գերկարևոր պետական կառույցների գործունեությանն ու որոշումներին, դրանց անկախության մասին խոսելը միամտություն է, անկախ այն բանից` ԱԺ-ն քվեարկության կդնի՞ այդ հաշվետվությունները, թե՞ ոչ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ