Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Կոռուպցիայի հայտնի ներկայացուցիչներն այսօր ՀՀԿ խմբակցությունում են»

«Կոռուպցիայի հայտնի  ներկայացուցիչներն այսօր ՀՀԿ խմբակցությունում են»
11.07.2017 | 01:08

ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆ (ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար)

-Խորհրդարանն արտահերթ նիստում լսեց պետական մի շարք կառույցների (ՄԻՊ, ԿԸՀ, ՎՊ, գլխավոր դատախազություն) տարեկան հաշվետվությունները։ Ի՞նչ հետևությունների հանգեցիք, ինչպե՞ս են աշխատել նրանք։
-Մեր խմբակցության անդամներն իրենց ելույթներում խոսեցին թերացումների մասին, տվեցին իրենց գնահատականները։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ ներկայացված զեկույցները ոչ մի աղերս չունեն իրականության հետ։ Հայտնի անեկդոտ կա.
«-Ես ուզում եմ ապրել Հայաստանում։
-Դու արդեն ապրում ես Հայաստանում։
-Ոչ, ես ուզում եմ ապրել «Հ1»-ի Հայաստանում»։
Այսինքն, կա իրական Հայաստան, որն ամեն օր մենք տեսնում ենք մարդկանց հետ շփվելիս, և այն, ինչ ներկայացնում է «Հ1»-ը։
-Վերոհիշյալ կառույցներն անկախ մարմիններ են, և դրանց հաշվետվություններն անգամ քվեարկություն չեն ենթադրում։ Բայց իրականում դրանք անկա՞խ են իշխանությունից։
-Հետաքրքիր հարց է։ Այդ կառույցները բազմիցս առիթ են ունեցել իրենց անկախությունը ցույց տալու, և եթե ցանկանային, հասարակությանը կներկայանային որպես անկախ մարմիններ։ Այդպես չեն վարվել, և որևէ ապացույց, թե դրանք անկախ են, մենք չունենք։
-ԿԸՀ-ն, ՎՊ-ն, գլխավոր դատախազությունը կարևոր ու պատասխանատու օղակներ են յուրաքանչյուր երկրի համար։ Դուք բոլորի աշխատանքն անբավարար եք գնահատում։ Կա՞ հավանականություն, որ այդ կառույցները կառողջանան ու կկայանան։
-Մեր երկրում ցանկացած համակարգի կայացման համար հարկավոր է մեկ բան` քաղաքական կամք ու ցանկություն։ Այդ կամքը մենք դեռևս չենք տեսնում և մեր հարցադրումներով ավելի ակնառու ենք դարձնում այդ կամքի բացակայությունը։ Չկա քաղաքական կամք` երկրում լրջագույն բարեփոխումներ իրականացնելու։ Մենք կողմ քվեարկեցինք կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծվող հանձնաժողովին, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկություն տեսանք, թեև խոսեցինք նաև դրա որոշակի թերությունների մասին։ Այլ ոլորտներում այդ քաղաքական կամքը չենք տեսնում, միայն կոսմետիկ փոփոխություններ են։ Այս հաշվետվությունները ևս վերացական երևույթների մասին էին խոսում, իսկ երբ կոնկրետ խնդիրների մասին էինք բարձրաձայնում, հստակ պատասխաններ չէին հնչում։
-Եթե վերոհիշյալ կառույցները լավ աշխատեին, հակակոռուպցիոն մարմնի անհրաժեշտություն կլինե՞ր։
-Ամեն դեպքում, հակակոռուպցիոն մարմնի անհրաժեշտություն լինելու էր, որովհետև ոչ մի կառավարություն երբեք երաշխավորված չէ կոռուպցիոն ռիսկերից։ Այս հանձնաժողովը միշտ պետք է լինի, քանի որ կոռուպցիան մեր երկրի լրջագույն խնդիրն է, որը չի թողնում, որ որևէ ոլորտում զարգացում լինի։ Հովանավորչությունը, մենաշնորհը կոռուպցիայի դրսևորումներից են, երբ ինչ-որ մեկին թույլատրվում, արտոնվում է գերակա դիրքը շուկայում, իսկ մյուսների գործունեությունը խոչընդոտվում է։ Եվ եթե կառավարությունը բերել է ծրագիր ու խոստանում է «աճ», ասես գտել է կախարդական փայտիկը, մենք փորձում ենք հասկանալ` ինչպե՞ս են դա իրականացնելու։ Բայց այս հարցի պատասխանը կառավարությունը չուներ, որովհետև կոռուպցիայի հայտնի ներկայացուցիչներն այսօր ՀՀԿ խմբակցությունում են ու նստած են խորհրդարանում։ Եթե ուզում են պայքարել կոռուպցիայի դեմ, թող սկսեն պայքարն իրենցից։ Մարդիկ օֆշորային սկանդալի պատճառով աշխատանքից ազատվեցին ու հայտնվեցին խորհրդարանում։ Սա վկայում է քաղաքական կամքի բացակայության մասին և հույս չի ներշնչում, որ ապագայում որևէ լավ բան կլինի։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 14488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ