Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պիտի կարողանաս ստիպել հաշվի նստել քեզ հետ

Պիտի կարողանաս ստիպել հաշվի նստել քեզ հետ
11.07.2017 | 09:18

Իր վերջին ելույթներից մեկում Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Վստահ եմ, որ Հայաստանը լինելու է ուժեղ ու բարեկեցիկ երկիր»: Թե ինչու իր կառավարման երկու ժամկետների ընթացքում Հայաստանն այդպիսին չդարձավ, նախագահը ոչինչ չասաց: Անհայտ մնաց նաև, թե որն է նրա «վստահության» հիմքը: Զարմանում ես, մի՞թե Հայաստանի ղեկավարները չեն հասկանում, որ անհարկի ու պարբերական պերճախոսությունը, ներկա ողբալի իրավիճակի համատեքստում, միայն ու միայն ալերգիա է առաջացնում մարդկանց մեջ, եթե չօգտագործենք ավելի կոպիտ բառ:


Եվ ինչու Հայաստանի ղեկավարները, վերացական լավատեսություն ցուցադրելու փոխարեն, չեն փորձում գոնե ինչ-որ բան փոխառել այն պետություններից, որոնք, լինելով մեր երկրի պես տարածքով փոքր ու նվազ բնակչությամբ, այնուամենայնիվ, ուժեղ են ու բարեկեցիկ: Կրկին Իսրայե՞լը նկատի ունենք: Առաջին հերթին:
Սակայն այս անգամ վերցնենք կոնկրետ մեկ բնագավառ՝ ատոմային ռումբի ստեղծումը, ինչը Իսրայելին որոշակի տեղ է հատկացնում աշխարհի գերտերությունների շարքում: Ռուսաստանի լրատվամիջոցների վերջին հրապարակումներն այս թեմայով հենվում են նորագույն տվյալների վրա, երբ հասանելի են դառնում արխիվային շատ փաստաթղթեր ու նյութեր, երբ տարիների հեռվից անկեղծանում են գաղտնի ու անհայտ իրադարձությունների քաջատեղյակ մասնակիցներն ու մասնագետները: Ընդ որում, եթե ոմն անտիսեմիտ կարող է եզրակացնել, թե Իսրայելի կողմից միջուկային զենքի ստեղծման ողջ պատմությունը ներթափանցված է գողությամբ, խաբեությամբ ու ահաբեկչությամբ, ապա, համոզված եղեք, ամեն մի հայ, ծանոթանալով այդ հետազոտությունների արդյունքներին, կհամակվի միայն մեկ զգացումով՝ նախանձով՝ ինչու այդ պետությանն ու ժողովրդին շատ բան հաջողվում է, իսկ մեզ՝ ոչ, ինչու վերհառնած Իսրայելի ղեկավարները իմաստուն են, հայրենասեր, ազգասեր, շրջահայաց, ճկուն, իսկ եթե պետք է, միջազգային մասշտաբով նաև նենգ, ստախոս, դեմագոգ և այլն, միայն թե այդ ամենը բարիք բերի հրեական պետությանն ու հրեա ժողովրդին:
Միջուկային զենքի ու տեխնոլոգիաների ստեղծման ու տարածման ուղղությամբ պետությունների ցանկացած գործողություն կանոնակարգվում ու սահմանափակվում է Միջուկային զենք չտարածելու պայմանագրով, որն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1968 թվականին։ Պայմանագիրն ստորագրել են աշխարհի 190 երկրներ, բացառությամբ Իսրայելի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Պակիստանի և Հնդկաստանի: Այդուհետ Իսրայելը հրապարակավ երբեք չի ընդունել, որ մշակել ու տիրում է միջուկային զենքի: Ճիշտ է, վարչապետ Գոլդա Մեիրը «խոստովանել» էր, որ Իսրայելը ատոմային զենք չունի, բայց եթե հարկ լինի… այն կօգտագործի:


Իսրայելի միջուկային ծրագիրը սկիզբ է առնում 1956 թվականից, երբ նա համաձայնագիր կնքեց Ֆրանսիայի հետ Նեգև անապատում միջուկային ռեակտոր կառուցելու մասին: Երեք տարի հետո սկսվեց ատոմակայանի կառուցումը, ընդ որում, զուգահեռաբար պիտի գործեր նաև պլուտոնիումի վերամշակման գործարանը: Սակայն Ֆրանսիայի նախագահ գեներալ դը Գոլը, արձագանքելով համաշխարհային հասարակայնության անհանգստությանը, որ Իսրայելը կարող է միջուկային զենք ստեղծել չմշակված պլուտոնիումից, երաշխիքներ պահանջեց վարչապետ Բեն Գուրիոնից, որ ձեռնարկությունը կաշխատի միայն խաղաղ նպատակով: Վերջինս պաշտոնապես խոստացավ կատարել դը Գոլի պահանջը, սակայն իրականում ռումբի ստեղծման աշխատանքները պարզապես թևակոխեցին հաջորդ փուլ:
Իսրայելի հաջորդ «զոհը» դարձավ ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդին: Նա ևս, մտահոգվելով Մերձավոր Արևելքի իրադրության հետագա ապակայունացմամբ, Իսրայելից պահանջեց ամերիկացի գիտնականներին ու տեսուչներին թույլատրել ուսումնասիրել միջուկային ռեակտորի աշխատանքը: Փոխարենը իսրայելցիները կառուցեցին կեղծ դիսպետչերական անցակետ, որով շրջանցվում էր շենքի այն հատվածը, որտեղ գտնվում էր պլուտոնիումի վերամշակման գործարանը: Սակայն ԿՎՀ-ն, այնուամենայնիվ, բացահայտեց խաբեությունը, և մահացու վիրավորված Քենեդին պատրաստ էր վճռական գործողությունների` ընդդեմ Իսրայելի: Բայց Դալասում հնչած կրակոցները «հանգստացրին» իսրայելցիներին: Ամերիկացի նախկին հետախույզների, քաղաքագետների, գիտնականների նորագույն հրապարակումներում բազմաթիվ փաստերով ու վկայություններով հավաստվում է, որ Քենեդու սպանության գլխավոր նախաձեռնողներից մեկը եղել է Իսրայելի նշանավոր «հետախույզ» «Մոսսադը»:


Լինդոն Ջոնսոնի ժամանակ էլ Իսրայելի վարչապետ Լևի Էշկոլը բազմիցս խոստացել էր միանալ Միջուկային զենք չտարածելու պայմանագրին, սակայն մինչ օրս էլ նման գործողություն չի հետևել:
Բնականաբար` հարց է առաջանում՝ որտեղի՞ց Իսրայելին այդքան հումք՝ ուրան, ռումբ ստեղծելու համար: Հրապարակումներից մեկում բերված է հետևյալ փաստը: Վերջերս գաղտնազերծվել են միջուկային նյութերի և սարքավորումների ամերիկյան կորպորացիաներից մեկի փաստաթղթերը, որոնք վկայում են, որ 1950-1960 թվականներին իսրայելական հետախուզությունը այդ ընկերությունից հափշտակել է 269 կիլոգրամ զինական ուրան և միջուկային տեխնոլոգիաներ, որոնք էլ էապես նպաստել են միջուկային զենքի ստեղծմանը: Իսրայելամետ հզոր լոբբին խլացնում է ցանկացած լրատվություն ամերիկյան միջուկային օբյեկտներ ներթափանցելու, դիվերսիաների ու գողության բազմաթիվ փաստերի մասին: Միայն 2001 թվականին ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը պաշտոնապես հաստատեց վերոնշյալ կորպորացիայից կատարված գողության փաստը: 2017 թվականին մի այլ ընկերության նույնպես գաղտնազերծված փաստաթղթերը պատմում են այն մասին, թե 1979-1983 թվականներին ինչպես են Իսրայելում հայտնվել ամերիկյան գերզգայուն միջուկային տեխնոլոգիաներ՝ «կրիտրոններ», մինչդեռ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը հայտնի էր, որ Իսրայելում գործում է նաև ջրածնային ռումբի ստեղծման ծրագիր, ինչը պահանջում է համապատասխան մեխանիզմներ:


Սակայն՝ մի պարադոքսի մասին. սեփական միջուկային զենքի ստեղծման ասպարեզում (ապօրինի) ագրեսիվ ու համառ էր Իսրայելը, ոչ մի միջոցի առջև, այդ թվում` ահաբեկչական, կանգ չէր առնում հարևան երկրների միանգամայն օրինական օբյեկտներն ու ծրագրերը ոչնչացնելիս: Եվ դա այն դեպքում, երբ, ինչպես ասվեց, հրեական պետությունը չէր էլ միացել միջուկային զենք չտարածելու միջազգային պայմանագրին:
Սադամ Հուսեյնի ժամանակ Իրաքում ֆրանսիացիները միանգամայն օրինական հիմքի վրա՝ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո, կառուցում էին միջուկային ռեակտոր: 1981 թվականի հունիսի 6-ին իսրայելական ռազմաօդային ուժերի 8 ինքնաթիռներ ռմբահարվածներով ոչնչացրին արդեն ավարտին մոտեցող կառույցը, իսկ 2007 թվականի սեպտեմբերի 5-ին շարքից հանեցին նաև Սիրիայի միջուկային ռեակտորը:


Սակայն Իսրայելը չի բավարարվում միայն անցանկալի օբյեկտների ոչնչացմամբ: Նա վերացնում է նաև իրեն թշնամական ատոմային ծրագրերի հետ կապված գիտնականներին ու մասնագետներին: Սիրիայում իրականացված օդային դիվերսիայից հետո սպանվեց նաև սիրիական ծրագրի պատասխանատու գեներալ Մուհամմադ Սուլեյմանը: 2011-2012 թվականներին հետևեց Իրանի ատոմային ծրագրի առաջատար գիտնականների սպանությունների ալիքը: Բայց վերջին պարագայում սա էլ քիչ էր. 2012 թվականին համակարգչային Stuxnet վիրուսը հսկայական վնաս հասցրեց Ռուսաստանի կողմից իրանական Բուշերում կառուցվող ատոմակայանին (որոշ ռուսական թերթեր գրեցին այդ վիրուսի իսրայելական ծագման մասին):


Իսրայելի հատուկ ծառայությունների գործողություններին են վերագրում նաև ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանի ավերման իրադարձությունները: 2011 թվականին, ճապոնական ազդեցիկ թերթերից մեկի վկայությամբ, կործանիչ ցունամին առաջացել էր ոչ թե երկրաշարժի, այլ միջուկային լիցքի պայթեցման պատճառով, իսկ մինչ այդ վերոհիշյալ վիրուսով խաթարվել էր ռեակտորի պաշտպանական համակարգի աշխատանքը: Աղետը զգուշացում էր Ճապոնիայի պաղեստինամետ դիրքորոշման կապակցությամբ: Իսրայելցիները մտավախություն ունեին, որ Ճապոնիան կարող էր պաղեստինցիներին հանձնել հարստացված պլուտոնիում, վերջիններս էլ կարող էին դրանք վերահանձնել Իրանին Իսրայելի դեմ ուղղված բալիստիկ հրթիռների միջուկային մարտագլխիկների համար:
Օրինաչափ է, որ Իսրայելի ատոմային ռումբի ստեղծմանը ամենաակտիվ մասնակցություն են ունեցել բոլոր վարչապետները, ընդ որում, մինչ այդ պաշտոնը զբաղեցնելը: Պարզվում է, օրինակ, որ ժամանակին մաքսանենգային «կրիտրոնները» ԱՄՆ-ում հայթայթել ու Իսրայել է հասցրել ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Անշուշտ, շատ իրադարձություններ այսօր էլ գաղտնի են մնում, սակայն իրականությունն այն է, որ Իսրայելը միջուկային տերություն է, և թշնամական պետություններով շրջապատված երկրի համար դա անվտանգության գլխավոր երաշխիքն է: Դե, իսկ եթե իսրայելցիները դրան հասել են նաև «զարտուղի» ճանապարհներով, ապա դրանից տուժել են ուրիշները, բայց ոչ հրեա ժողովուրդը: Իսրայելը կարողանում է ստիպել, որ հաշվի նստեն իր հետ:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հ.Գ. «Իրատեսի» հոդվածներից մեկը վերնագրված էր. «Մոսկվան զինում է Անկարային: Երևանը լռում է»: Քաշ պիտի ունենաս, որ չլռես: Իսրայելի պես:

Դիտվել է՝ 5746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ