Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանը պատրա՞ստ է իրեն հանցակից համարելու այն բանում, ինչում ԱՄՆ-ին մեղադրում է Համիդ Քարզայը

Հայաստանը պատրա՞ստ է իրեն  հանցակից համարելու այն բանում, ինչում ԱՄՆ-ին մեղադրում է Համիդ Քարզայը
11.07.2017 | 09:25

Հունիսի կեսերին տեղեկատվական եթերը, ինչ-որ իմաստով, «պայթեցրեց» այն հաղորդագրությունը, թե ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ բանակցություններ է վարում Աֆղանստանում հայ խաղաղապահ զինծառայողների քանակն ավելացնելու շուրջ: Հասկանալի է, որ Աֆղանստանում իր ռազմական ներկայության հարցում ՆԱՏՕ-ի խառնափնթոր «նկրտումները» (ուրեմն և ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների «նկրտումները», որոնց կողքին՝ նաև Հայաստանը) կապված են այն բանի հետ, որ ԱՄՆ-ը, իբրև Կենտրոնական Ասիայում միջազգային հակաահաբեկչական խաղաղապահ գործողության նախաձեռնող, մերթ որոշում է ընդունում իր զորքերը լիովին դուրս բերելու Աֆղանստանից, մերթ էլ հանկարծ, ընդ որում` դեռ մինչև անցած տարվա նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, առանց առանձնակի հրապարակայնության, իր իսկ որոշումը համարում է վաղաժամ: Բայց Հայաստանի համաձայնությունը՝ քննարկելու ՆԱՏՕ-ի դրոշի ներքո իր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը, անկեղծ ասած, 2017 թ. հունիսի վերջի դրությամբ, մի տեսակ երկիմաստ է, և ահա թե ինչու:


Հայաստանի ղեկավարության կողմից նման որոշում ընդունելու «հնարավորության» մասին հունիսի 12-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ ամերիկացի Ջեյմս Ապատուրայը, հավելելով. որ մոտ ժամանակներս Բրյուսել կժամանի Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների, ինչպես նաև Աֆղանստանում խաղաղապահ գործողությանը մասնակցող գործընկեր պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների նիստին: Հենց այդ նիստում էլ պետք է քննարկվի Աֆղանստանում դաշինքի անդամների ու գործընկերների ներկայության ընդլայնման հարցը: Ընդ որում, բացարձակապես բոլոր լրատվամիջոցները, լուսաբանելով Ապատուրայի հայտարարությունները, ցուցադրաբար առաջին պլան էին մղում նրա այն խոսքերը, թե, իբր, ամեն ինչ հրաշալի է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում, և նա «համոզված է, որ Հայաստանը շատ հավասարակշիռ քաղաքականություն է վարում»: «Երևանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին խնդիր չէ մեզ համար: Հայաստանը մնում է որպես ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր, և տեսանելի ապագայում այս իրադրության փոփոխման որևէ նշան չենք տեսնում: Մենք կշարունակենք զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում, որտեղ դա խելամիտ ու նպատակահարմար է»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:


Հասկանալի է, որ Վաշինգտոնը Ապատուրային հենց այն բանի համար էլ նշանակել էր Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում, որ նա ժամանակ առ ժամանակ «ձգի» այնպիսի երկրների «սանձը», ինչպիսին Հայաստանն է, և հիշեցնի, որ կամավոր «պարտավորություններ» ստանձնեն: Բացի այդ, պետք է «պարտքերի դիմաց հատուցել». հարկ եղած պահերին Հայաստանի նման երկրներին հիշեցնում են, թե որքան փող է Արևմուտքը հատկացնում «բանակի բարեփոխման», խաղաղապահ զինվորական ծառայության համար զինծառայողների պատրաստման, խաղաղապահ բրիգադների համար շենքերի ու շինությունների վերակառուցման և այլ նպատակներով: Սակայն հասկանալի չեն այն հիմքերը, որոնցից ելնելով Հայաստանը նույնիսկ փորձ չի անում անգամ թեթևակի ակնարկելու Ապատուրային ու ՆԱՏՕ-ին (ի վերջո, չէ՞ որ դա, այնուամենայնիվ, հենց ԱՄՆ-ը չէ, եթե Հայաստանի բարձրագույն պաշտոնատար անձանցից ոմանք վախենում են, թե ստվեր կգցեն հայ-ամերիկյան հարաբերությունների վրա), որ ինքը ինքնիշխան անկախ երկիր է և կցանկանար բանակցություններ վարել իր զինվորականներին, օրինակ, նույն Աֆղանստանից դուրս բերելու հարցի շուրջ: Վերջապես, 2010 թ., երբ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման երաշխավորում էր 2012-13 թթ. ՆԱՏՕ-ի ու գործընկերների զորքերը լիովին հանել Աֆղանստանից, Հայաստանը համաձայնեց իր խաղաղապահների թվակազմի ավելացմանը: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հյուսիսատլանտյան դաշինքում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Սամվել Մկրտչյանի հետ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյի հանդիպման ժամանակ: Արդյունքում Երևանը կրկնապատկեց Աֆղանստանում հայ զինծառայողների թվաքանակը, դրա համար էլ Բրյուսելի ներկա «խնդրանքները» մի տեսակ այնքան էլ հանկարծակի ու արտասովոր չեն:
Այդուամենայնիվ, ինչ-որ բան զարմացնում է: ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանի ղեկավարության «մշակումը» սկսվեց այն բանից գրեթե անմիջապես հետո, երբ մայիսի 31-ին Քաբուլում պայթյուններ որոտացին աֆղանական մայրաքաղաքի դիվանագիտական թաղամասում: Տարբեր երկրներում, այդ թվում և ԱՊՀ անդամ երկրներում, սկսեցին խոսել այն մասին, որ տեղի է ունենում հենց Աֆղանստան «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման զինյալների «հոսքի» մի անչափ վտանգավոր գործընթաց, որ Աֆղանստանում նաև մեկ այլ ահաբեկչական ավազակախմբի՝ «Թալիբանի» զինյալների գործողությունների հետ ԻՊ-ի ահաբեկիչների ջանքերի խաչաձևման տարրեր են նկատվում:

Թվում է՝ ՆԱՏՕ-ի նախաձեռնությունները հիմնավորված են, սակայն ահա թե ինչ եմ հիշում. դեռ 2012 թ. Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը (իսկ նա հաստատ գիտեր, թե ինչ է խոսում, որովհետև Իրանն անմիջականորեն սահմանակից է Աֆղանստանին և բազում զինված հարձակումների է ենթարկվել սահմանամերձ գոտում) Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին մասնակցող բոլոր երկրներին բացահայտորեն մեղադրում էր այն բանում, որ ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների զորամիավորումների ռազմական ներկայության ժամանակ մեծացել է այդ երկրից կատարվող թմրանյութերի հոսքը, ավելի են հաճախակիացել «թմրասուրհանդակների» զինված փորձերը՝ մարտերով թափանցելու Իրանի տարածք: Գրեթե հինգ տարի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից և ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանից ոչ ոք չի հերքել Ահմադինեժադի մեղադրանքները: Բայց Աֆղանստանում թմրագործունեության սաստկացմանը նատոյականների ու նրանց գործընկերների մասնակցությունը կամ, առնվազն, նրանց անգործությունը և ապօրինի թմրաբիզնեսի ու թմրահոսքի ծաղկմանը չխոչընդոտելը մի տեսակ չարիքների փոքրագույնն են:


Քաբուլի ահաբեկչական ակտերից մեկ-երկու օր առաջ թուրքական կիսապետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված լուրջ ու ծավալուն հարցազրույցով հանդես եկավ Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը, իսկ նրա մեղադրանքներն արդեն ծայրաստիճան տհաճ տարրեր են պարունակում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի ու նրա գործընկերների համար: Որոշ բաներ պետք է մեջբերեմ, որպեսզի գայթակղություն չառաջանա կողմնակալության մեջ մեղադրելու թե՛ Քարզայի խոսքերի նշանակությունը մեկնելիս, թե՛ հայ խաղաղապահների թվակազմն ավելացնելու մասին Ապատուրայի խնդրանքը բավարարելու Հայաստանի իշխանությունների որոշման գնահատման փորձ անելիս: Աֆղանստանում ԻՊ խմբավորման ահաբեկիչների ներկայությունը ԱՄՆ-ի ջանքերի հետևանք է՝ անսպասելիորեն հայտարարել է Աֆղանստանի նախկին նախագահը: Նրա ասելով, Աֆղանստանի տարածքում գործում են ԻՊ զինյալներ, որոնք այլ երկրների քաղաքացիներ են, և ԱՄՆ-ը աջակցություն է ցուցաբերում նրանց: Քարզայը համարում է, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէ Աֆղանստանում ահաբեկչության դեմ տարած լիակատար հաղթանակով: «ԱՄՆ-ի զորախումբը ահաբեկչության դեմ պայքարի համար Աֆղանստանում է գտնվում 2001 թվականից, ընդ որում, ահաբեկչական սպառնալիքն Աֆղանստանում աճում է օրեցօր: Ամերիկյան զինծառայողները միայն նպաստում են ԻՊ դիրքերի ամրապնդմանը»,- ասել է նա:

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Արևմուտքի մի շարք այլ երկրներ կարող են կապեր ունենալ նաև աֆղանական «Թալիբան» շարժման հետ, հավելել է «Anadolu»-ի զրուցակիցը, ընդգծելով, որ վերջին ժամանակներս թալիբներն ամրապնդել են իրենց դիրքերը Աֆղանստանում, ինչին «նպաստել են որոշ արտասահմանյան ուժեր»: Եվ այսպես, ԱՄՆ-ի խամաճիկը ԱՄՆ-ին մեղադրում է այն բանում, որ Ամերիկան ոչ միայն Աֆղանստանում չի պայքարում ահաբեկչության դեմ, այլև «ամերիկյան զինծառայողները միայն նպաստում են ԻՊ-ի դիրքերի ամրապնդմանը»:


Թե ինչո՞ւ Քարզայը որոշեց 2017 թ. բաց տեսքով խոսել Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին՝ «երրորդ պլանի» առեղծված է: Եղբոր մահվան համար վրե՞ժը, որին, իբր, «ահաբեկիչներն» են ոչնչացրել: Բացառված չէ: Իր համար ֆիզիկական անվտանգության երաշխիք կորզելու փո՞րձ: Դարձյալ հնարավոր է. աֆղանական դաշտային հրամանատարներ ու քաղգործիչներ, բադախշանցի տաջիկներ Ահմադ-Շահ Մասուդի, Բուրխանուդդին Ռաբանիի ճակատագիրը դեռ ամբողջ աշխարհի աչքի առաջ են: Մենք նշենք միայն, որ Քարզայի խոստովանություններին ի պատասխան ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի կողմից ոչ մի խիստ խոսք չի հետևել, փոխարենը «ահաբեկիչները» գրոհել են Քաբուլի դիվանագիտական թաղամասը, և, ի դեպ, առավել տուժել են Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունն ու այն շենքը, ուր տեղակայված է չինական «Սինխուա» գործակալության թղթակցական կետը: Այս ամենը պատահականությո՞ւն է, թե՞ ոչ՝ սուրճի մրուրում գուշակություն անողների իմանալիքն է: Հետաքրքիր է միայն, որ Հայաստանի իշխանությունները, չգիտես ինչու, չեն ուզում հասկանալ, որ Ահմադինեժադի 2012 թվականի և Քարզայի 2017 թվականի մեղադրանքները ծանրագույն ամբաստանություն են ոչ միայն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հասցեին, այլև նրանց գործընկեր երկրների: Ինչպես հայտնի է, խմբակային հանցագործություններում կան և՛ կազմակերպիչներ, և՛ գաղափարական ոգեշնչողներ, և՛ կատարողներ, բայց կան նաև հանցակիցներ, որոնց մեղքի չափը, իհարկե, հիմնական հանցագործների մեղքի չափից պակաս է, սակայն դա հանցակիցներին զերծ չի պահի, ինչպես Քարզայն է ասել, «Աֆղանստանում ահաբեկչական սպառնալիքի ահագնացմանը» և այդ երկրում «ԻՊ-ի դիրքերի ամրապնդմանը նպաստելու» համար պատասխանատվությունից:


Էլ ավելի կասկածելի են Կոսովոյում և Մետոխիայում հայ զինվորականների «խաղաղապահ առաքելության» շարունակման հիմքերը, ընդ որում, այն տարածաշրջաններում, որտեղ արդեն կարիք չկա ապահովելու որևէ մեկի անվտանգությունը, բացի... ամերիկյան «Բոնդստիլ» ռազմաբազայից: Վայրեր, որտեղ շա՜տ գաղտնի բաներ են կատարվում. օրինակ, օտարերկրյա վարձկանների նախնական կուտակումներ ու վարժանքներ, որոնք այնուհետև Թուրքիայով ուղարկվում են Սիրիա: Եվ որտեղ «նախագահներն» ու «վարչապետները» բացահայտ պատերազմական հանցագործներ են, այդ թվում՝ քրիստոնյաների և այլ ոչ մուսուլմանների զանգվածային սպանությունների մասնակիցներ, նպատակ ունենալով «մարդկանց օրգանների կորզումը», որոնք այնուհետև Ալբանիայի և Թուրքիայի համապատասխան կենտրոնների միջոցով առաքվում են Իսրայելի «սև տրանսպլանտոլոգներին»: Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող (հասցեն՝ http://xn-----8 sbeybxdibygm.ru-an.info) տեղեկատվական նյութում խոսվում է, ճիշտ է, արաբ երեխաների նկատմամբ կատարվող վայրագության մասին, սակայն անգամ Հարավսլավիայում տխրահռչակ Հաագայի դատարանի նախկին դատախազ Կառլա դել Պոնտեն իր հուշագրություններում խոստովանել է, որ իրեն հայտնի են եղել Կոսովոյի ալբանացի մարդակեր-ֆաշիստներ Հաշիմ Տաչիի և Ռամուշ Հարադինայի խմբավորումների հանցակցության ապացուցված դեպքեր: 2004 թ. նա անձամբ այցելել է Ալբանիայի ճամբարներից մեկը, որտեղ այդ անմարդկային գործողություններն էին կատարվում: Անօրինական տրանսպլանտոլոգների գործունեությունը միջազգային հրապարակայնություն ստացավ նաև 2010 թվականին՝ ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի անդամ Դիկ Մարտիի զեկուցումից հետո, որտեղ նա հրապարակեց 90-ական թվականներին կոսմետցի «սև տրանսպլանտոլոգների» գործունեության փաստեր: Զեկուցման մեջ ընդգծվում էր, որ այդ հանցագործություններին մասնակից են եղել նաև ալբանացի Հաշիմ Տաչիի շրջապատի մարդիկ: Ըստ որում, Տաչիի նման գործունեությանը քաջատեղյակ էին նրա ամերիկացի հովանավորները և ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները. բրիտանական «The Guardian»-ը 2011 թ. հոկտեմբերին գրել էր, որ Տաչիի քրեական գործունեության մասին ասվում է ՆԱՏՕ-ի գաղտնի փաստաթղթում: Սակայն այդ ալբանացուն առայժմ չեն շտապում դատի տալ, երևի, իրենց ինչ-ինչ նեղ քաղաքական նկատառումներով, իսկ Կոսմետում տարաբախտ զոհերի մարմիններից կորզված մարդկային օրգանների հետքերը միշտ տարել են դեպի Ալբանիա, Թուրքիա և Իսրայել:


Ահա թե այսօր ինչ ժողովրդավարություն է շարունակում պաշտպանել հայ խաղաղապահը Կոսմետում՝ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և, իհարկե, պաշտոնական Երևանի ցնծուն գնահատականների ուղեկցությամբ: Քանի՜-քանի անգամ հանրության ուշադրությունը հրավիրել ենք ինչպես Աֆղանստանում, այնպես էլ Կոսմետում հայ խաղաղապահների մասնակցության այս «նրբերանգների» վրա, բայց, ինչպես երևում է, հայկական իշխանություններին չի անհանգստացնում այն, որ վաղվա օրն էլ է գալու և իր հետ բերելու է նոր օրախնդիր քաղաքական օրակարգ: Եվ երբ գա նաև Աֆղանստանի ահաբեկիչների ու Կոսմետի «սև տրանսպլանտոլոգների» դատի օրը, չէ՞ որ նրանք կնշեն նաև այն անուններն ու երկրները, որոնք, այսպես թե այնպես, օգնել են իրենց: Պետք չէ, որ Հայաստանն ավելացնի «աֆղանստաններում» իր զինծառայողների թիվը, այլ պետք է պայքարի հանուն այն բանի, որ հայ խաղաղապահ զինվորը մասնակցի Սիրիայի հայաբնակ շրջաններում, Հալեպի հայկական թաղամասում և այլուր խաղաղության պահպանմանը: Իսկ Երևանում, թերևս, այլ կերպ են մտածում:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ