Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արդյունաբերությունը սկսվում է շուկայից

Արդյունաբերությունը սկսվում է շուկայից
11.07.2017 | 09:37

(սկիզբը` այստեղ)

Ի միջի այլոց, իմ քննադատներին ասեմ, որ խորհրդային տարիներին Արա Աբրահամյանը եղել է իմ կոլեգան՝ որպես էլեկտրոնային արդյունաբերության համակարգի նշանավոր դեմք, միշտ հանդես է եկել որպես ճիշտ մտածող հայ, բայց հիմա նա արդեն Արա Աբրահամյան չէ՝ բառի փոխաբերական իմաստով՝ որպես Համաշխարհային հայկական կոնգրեսի ու Ռուսաստանի հայերի միության նախագահ: Այդ թափուր պաշտոնի համար հիմա պայքարում են 25-ից ավելի հայ թեկնածուներ, թե նրանցից ո՞ւմ կդնեն այդ պաշտոնում, կորոշի ազգությամբ ռուս Սերգեյ Կիրիենկոն:


Այո, ես ճիշտ ասացի՝ որոշողը Սերգեյ Կիրիենկոն է: Պետք է մտածել նաև նման բաների մասին, որ կարողանանք հասկանալ, թե մեր վարչապետն ինչու է դեմ մեր գիտնականների աշխատանքները մայր հայրենիքում օգտագործելուն, որպեսզի կարողանանք գնահատել մեր անկախության իրական աստիճանն ու խորիմաստ դատողություններ անել:
Իհարկե, ես կցանկանայի դառնալ Պուտինի «մարդը»… Այստեղ ես կփորձեմ ներքին շուկայի խնդիրը բացատրել թուրքական պոմիդորի օրինակով ու բացատրել, թե ինչ համառությամբ և ինչու Պուտինը պետք է մերժեր Էրդողանի պաշտոնական աղերսանքն ու հրաժարվեր թուրքական պոմիդորներից, չնայած այն բանին, որ, ըստ Թուրքիայի նախագահի, դրանք շատ համով են, շատ էժան են, շատ կարմիր, մի խոսքով, ամենապոմիդորայիններն են:
Պուտինի համար կարևորը Ռուսաստանի ֆերմերների, հետևաբար նաև Ռուսաստանի պետական շահերի պաշտպանությունն է, պոմիդորի ռուսաստանյան ներքին շուկան նա թողեց ռուսներին, իսկ մեր արևային շուկան մենք պատրաստ ենք տրամադրելու չինացիներին կամ այլոց, դեռ պետք է հասկանալ` ինչո՞ւ:
Հայկական իշխանություններն այդպես էլ ոչինչ չարեցին՝ պաշտպանելու մեր ներքին շուկաները՝ սննդի ոլորտից սկսած մինչև պլաստմասսայից պատրաստված իրերինը:
Ի միջի այլոց, Խորհրդային Հայաստանում, ի թիվս այլ ոլորտների, խիստ զարգացած էր պլաստմասսայե իրերի արտադրությունը: Իրեն հարգող ցանկացած գործարանի տնօրեն պետք է ստեղծեր պլաստմասսայե իրերի սեփական արտադրություն` փակ ցիկլով: Բացի գործարաններում կազմակերպված հատուկ կոնստրուկտորական բաժիններից ու կաղապարների պատրաստման արտադրամասերից ու արտադրական տեղամասերից, Երևանում ստեղծված էր կաղապարների պատրաստման հատուկ գործարան՝ պլաստմասսայով զբաղվող բոլոր արտադրամասերի համար:


Հայաստանի բոլոր գործարաններում աշխատում էին աշխարհի լավագույն թերմոպլաստավտոմատները: Հայաստանի համար անհրաժեշտ սարքավորումները ձեռք էին բերվել աշխարհի լավագույն ֆիրմաներից, բայց ավելի հարգված էին KuASY մակնիշի սարքավորումները:
Հայաստանում լայն զարգացում էր ստացել նաև սեփական մշակման թերմոպլաստավտոմատների ու տեխնոլոգիական այլ սարքավորումների արտադրությունը: Հայաստանը դարձել էր Խորհրդային Միության գործարանների համար արտադրվող պլաստմասսայե պահեստամասերի ու լայն սպառման առարկաների հիմնական արտադրողներից մեկը: Օրինակ, Էջմիածնի պլաստմասսաների գործարանը սպասարկում էր ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերությունն ամբողջապես:
Այսօր կարող ենք փաստել, որ մեր այդ կարևոր ոլորտը ևս տապալված է, տապալված է մեր իշխանությունների մեղքով, ավելի ճիշտ կլինի ասել` նրանց անմիջական մեղավորությամբ: Էջմիածնի պլաստմասսայի գործարանը գնեց իմ լավ ընկեր, Հայաստանի լավ բարեկամ Հովսեփ Սեֆերյանը: Հայաստանում տարածված է այն կարծիքը, որ Հովսեփ Սեֆերյանը եկել էր Հնդկաստանից: Ոչ, այդպես չէ: Նա Բրազիլիայի քաղաքացի էր, պարզապես աշխատում էր Հնդկաստանում Բրազիլիայի դեսպանատանը: Հետաքրքիր է այդ գործարանի ձեռքբերման պատմությունը: Էջմիածնի շրջանում կար պլաստմասսաների երկու գործարան՝ Էջմիածին քաղաքի պլաստմասսայի գործարանը և Ծաղկունք գյուղի «Պլաստիկ» գործարանը: Հովսեփը շատ էր զայրացել իր աներձագ Ավետիսի վրա.


-Ես հանձնարարել էի գնել «Պլաստիկը», իսկ նա գնել է պլաստմասսայի գործարանը: Ի՞նչ անեմ: Չգիտեի, որ Էջմիածնում երկու գործարան կա: Թերթում կարդացի հայտարարությունն ու գնեցի:
Հայաստանում նման գործարաններ գնելը շատ հեշտ գործ էր, կարելի էր գնել նաև առանց «արիշ-վերիշ» անելու: 1992-96 թվականներին այնպիսի իրավիճակ էր ստեղծված, որ շունը տիրոջը չէր ճանաչում: Էջմիածնի պլաստմասսայի գործարանը լավ կահավորված ու բարձրակարգ բանվորներով հագեցած կառույց էր, որի տեխնոլոգիական հնարավորությունները, Հովսեփ Սեֆերյանի բարի կամքով, ես հաջողությամբ օգտագործեցի՝ երկրորդ սերնդի արևային սարքերը ստեղծելու ժամանակ: Հիմա գործարանը չկա, տեղական գործարարները կամ տեղի «գործ» անողները Հովսեփին «քցեցին» ու գործարանը ձեռքից առան: Հիմա այնտեղ ավերակներ են, եղած տեխնիկան, տեխնոլոգիական սարքավորումներն ու հայտնի KuASY-ները վաճառվեցին՝ հիմնականում պարսիկներին: ԽՍՀՄ փլուզումից հետո Էջմիածնի պլաստմասսաների գործարանը զրկվեց իր ավանդական շուկաներից ու անցավ տեղական շուկաների համար նախատեսված լայն սպառման ապրանքների արտադրությանը՝ պլաստմասսայե դույլեր, մրգերի արկղեր և այլն: Հայաստանի պլաստմասսաների արդյունաբերությունը կործանվեց կազմակերպված ձևով ու շատ ինքնատիպ հնարքներով: Դրանց մեջ տեսանելի էր հետևյալ սխեման: Սկսած 1996 թվականից հայկական պլաստիկ իրերի շուկան հեղեղվեց պարսկական փոխարինողներով ու զարմանալի էժան գներով: Պատկերացնենք մեր գործարանի վիճակը, երբ սեփական արտադրանքը չէր վաճառվում, արտադրանքը ուղղակի տրվում էր բանվորներին՝ աշխատավարձի փոխարեն, շահույթը զրոյից ցածր էր, հեռանկարային այլ շուկաներ չէին նշմարվում:


Պարսիկներն իրենց արտադրանքը Հայաստանում վաճառում էին այն աստիճանի դեմպինգային (ցածրագին վաճառք) գներով, որ հայ արտադրողներին ավելի ձեռնտու էր գնել պարսկական պլաստիկ ապրանքները, աղալ ու սեփական արտադրություններում օգտագործել հումքի փոխարեն: Այդօրինակ ներթափանցումը ոչնչացրեց հայկական ներքին շուկան ու հայ արտադրողներին դրդեց կատարելու (իրավիճակից ելնելով) հետևյալ ստիպողական քայլը. վաճառքի հանել ունեցած թերմոպլաստավտոմատները: Եվ ո՞ւմ… Իհարկե պարսիկներին:
Հայկական պլաստիկ արտադրությունների ողնաշարը կոտրելուց հետ պարսկական պլաստմասսայե ապրանքների գները կամաց-կամաց բարձրացան ու հասան բարձր շահութաբերություն ապահովող նշագծին: Իրենց հայաստանցի մրցակիցներին պարսիկները կարողացան հաջողությամբ հաղթել խելացի տնտեսական քաղաքականության (կասկած չունեմ, որ դա պետական քաղաքականություն էր) միջոցով: Այդ ոլորտի հիմնական պատասխանատուների մեջ էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, մեծ-մեծ խոսող վարչապետ Հրանտ Բագրատյանն ու ՀՀ արդյունաբերության նախարար Աշոտ Սաֆարյանը: Նրանք այդ ամենը տեսնում էին, գիտեին (բավական է ասել, որ այս մտահոգությունները անձամբ եմ հայտնել նախարար Աշոտ Սաֆարյանին: Եվ ի՞նչ: Ոչի՛նչ: ՀՀ արդյունաբերության նախարարը դրանց ուշադրություն չդարձրեց: Նրանք բոլորն ավելի կարևոր գործեր ունեին, անձնական կարևորության գործեր, որոնց հաջողությունը պայմանավորված էր Հայաստանի տնտեսության ոչնչացմամբ` ոլորտ առ ոլորտ): Իշխանությունների պատասխանատվությունը կամ, ավելի շուտ, անպատասխանատվությունը ամենուր էր, եթե խոսքը Հայաստանի տնտեսությանն էր վերաբերում:


25 տարի անց ևս այդ մոտեցումները չեն փոխվել: Դրա վառ վկայությունն է 2017 թ. ՀՀ կառավարության ԱԺ ներկայացրած Հայաստանի տնտեսության զարգացման հնգամյա ծրագիրը, որտեղ դարձյալ խոսք չկա տնտեսական, տեխնոլոգիական ու տեխնիկական քաղաքականությունների մասին: Մասնավորապես, օրակարգից դարձյալ դուրս է մնացել հելիոֆիկացիայի մեր երկրաստեղծ ու հակաճգնաժամային ծրագիրը, այն էլ այն դեպքում, երբ ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց արևային տեխնիկայի զարգացման համար 8 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումների պատրաստակամության մասին. ինչ արած, իշխանությունների «մուրն իշխանավորների վիզը», մենք կգնանք ուրիշ ճանապարհով:
Տեղին կլինի հիշատակել Ռուսաստանի վերջին աղմկահարույց գործերից մեկը. «ՈՒթ տարի ընդհանուր ռեժիմի գաղութում. Մոսկվայի Զամոսկվոռեչիեի դատարանը այսպիսի դատավճիռ կայացրեց պատիժների ի կատար ածման դաշնային ծառայության նախկին ղեկավարի նկատմամբ: Ալեքսանդր Ռեյմերը մեղավոր է ճանաչվել էլեկտրոնային ապարանջանների հետ կապված միլիարդ ռուբլու հասնող գումարի յուրացման խարդախության մեջ: Բացի այդ, հինգ տարի ութ ամիս պատժաչափով դատապարտվել է նրա նախկին տեղակալը, վեց տարով՝ այն ձեռնարկության ղեկավարը, որը սարքավորումները վաճառել է մի քանի անգամ բարձր գներով: Պատիժների ի կատար ածման դաշնային ծառայության գնումների շուրջ աղմուկը բարձրացել էր 2013 թվականին: Պարզվել էր, որ, այսպես կոչված, «հսկողության տակ գտնվող անձանց էլեկտրոնային մոնիտորինգի համակարգերը», ավելի պարզ ասած, այն անձանց հսկողության ապարանջանները, ովքեր գտնվում են տնային կալանքի տակ, գերատեսչությունը գնել էր հատը 128 հազար ռուբլով, այն դեպքում, երբ իրական գինը 19 հազար էր: Ավելին, քննիչները պարզել էին, որ սարքերը նույնիսկ չեն օգտագործվում: Կեսից ավելին լցված էր պահեստում, մնացածները կամ կորսվել էին, կամ փչացել: Բացի քրեական պատժից, գործով անցնող անձինք պատասխան կտան նաև գրեթե 3 մլրդ ռուբլի վնասի հատուցման քաղաքացիական հայցով»:


Հարց՝ ի՞նչ ընդհանուր եզրեր կան ռուս գեներալ-գնդապետի դատավարության և Հայաստանում մշակված մեր արևային ծրագրի ճակատագրի միջև: Պարզվում է՝ կան, այն էլ խիստ անմիջական. հիշյալ եզրերը բխում են հետխորհրդային ընդհանուր իրադրությունից ու բացատրվում Ռուսաստանում, Հայաստանում և այլուր ձևավորված «ատկատային» տնտեսության առանձնահատկություններով:
Հետաքրքիր է` ի՞նչ պատասխան կստանային հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակները, եթե, օրինակ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ռեյմերին առաջարկվեր զբաղվել արևային բիզնեսով՝ ապացուցելով, որ 5-10 տարի հետո նա կսկսի ռեալ եկամուտներ ստանալ՝ կատարած ներդրումների 2-3 տոկոսի սահմաններում, այն էլ հաջողության դեպքում: Նման պարապ զրույցների համար գեներալ-գնդապետը, իհարկե, ժամանակ չէր գտնի, որովհետև իր համար ավելի իրատեսական էր թվում սեփական անձնական բիզնեսը կազմակերպել պաշտոնական դիրքի չարաշահման ճանապարհով ու սուպերգերշահույթներ ստանալ՝ օգտվելով «ատկատային» տնտեսության ընձեռած հնարավորություններից: Այս հարցերում երկար մտածել պետք չէր, ընդամենը պետք էր 19-հազարանոց ապրանքի պետական գնումների գինը բարձրացնել 6,74 անգամ (բացառվում է, որ նման շահութաբերությամբ կարողանա աշխատել արտադրական որևէ բիզնես՝ ինչ գյուտերի ու նորամուծությունների վրա էլ նրանք հիմնված լինեն):


Այդ նույն սկզբունքները գործում են նաև Հայաստանում, դրանց դեմ պայքարելն առայժմ չի հաջողվում ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ Հայաստանում ու չի՛ էլ հաջողվի, որովհետև պայքարի միջոցները համեմատելի չեն կատարված տնտեսական հանցագործությունների մասշտաբների հետ, այդ պայքարի իրական արդյունքը մշտապես դրսևորվելու է կոռուպցիոն երևույթները ևս մեկ փաթեթով առաջ տանելու տեսքով: Կոռուպցիոն նորանոր գործարքների հաստատումը միայն խորացնելու ու լայնացնելու են «ատկատային» տնտեսության հնարավորություններն ու շրջանակները:
Հայաստանում, որտեղ քառորդ դար ի վեր մոլեգնում է «ատկատային» էկոնոմիկան, անիմաստ է խոսել լավ-լավ բաներից, ազնվությունից, հայրենասեր գիտնականներից ու նրանց ստեղծած ծրագրերից: Ի՞նչ է պետք անել նման դեպքերում, իհարկե, գործերը տանել այլ երկրներ, այնտեղ, որտեղ իրական հնարավորություններ են ստեղծված գիտական նախաձեռնությունների ու առողջ բիզնեսի համար: ՈՒրեմն, առա՜ջ դեպի Ամերիկա: Այս մտքին հանգեցի, երբ վերլուծեցի Հայաստանում ստեղծված քաղաքական ու տնտեսական իրավիճակը ու պարզեցի, որ դեռ վաղ է, դեռևս հայտնի չէ, թե երբ են գալու այն երանելի ժամանակները, երբ հայ գիտնականները կարող են առանց արհեստական խոչընդոտների զբաղվել բեղմնավոր աշխատանքով, օգուտներ բերել սեփական երկրին ու ժողովրդին՝ հանուն երկրի հզորացման, քաղաքական ու տնտեսական քաշի ավելացման, քաղաքացիների սոցիալական դրության բարելավման, Հայ դատի խնդիրների լուծման:


2017 թվականի հունիսի 7-ին ես հանդես եկա Երևան-Լոս Անջելես հեռուստակամրջով: Ամերիկայի հայ հանրությանը ներկայացրի երկրների հելիոֆիկացիայի իմ ծրագիրը: Ասել, թե հեռուստակամուրջը հաջող ստացվեց, նշանակում է ոչինչ չասել, անսպասելիորեն իմ դեմ բացվեց գիտությանն ու նորարարությանը ծարավ, հայրենիքի խնդիրներով մտահոգ, նախկինում անհայտ մի հրաշալի հայ հասարակություն, որի կարիքը մեր գիտնականները այսօր ունեն, մենք միմյանց կարիքը ունենք, պետք է աշխատել այդ ուղղությամբ ու հաջողությունների հասնել թեկուզ Ամերիկայում: Պուտինը թող ներող լինի, Հայաստանում վարած իր քաղաքականությունն է մեզ այդ քայլին դրդում:


Ամերիկան իր բացառիկ տեխնոլոգիական հնարավորություններով, իր արդյունաբերական պոտենցիալով, իր ահռելի շուկայով ու, վերջապես, իր հսկայածավալ հայկական սփյուռքով կարող է լայն հնարավորություններ բացել հայկական գիտության ու արդյունաբերության զարգացման համար: Դրան նպաստող հանգամանքների մեջ կարելի է նշել նաև Ամերիկայում իրականացվող թրամփյան տնտեսական քաղաքականությունը, որն ուղղված է իր երկրում նոր արտադրությունների բացմանն ու ներդրումների խրախուսմանը: Այնպես որ… առա՜ջ դեպի Ամերիկա, սա էլ է մեր հայրենիքի մի մասը, որի համար աշխատելը կարող է միայն պատիվ ու հաջողություններ բերել հայ ժողովրդին, մինչև տեսնենք, թե մեր բուն հայրենիքում, մեր բազմաչարչար երկիր Հայաստանում ինչ արմատական փոփոխություններ կլինեն, ու երբ կգան այն երանելի ժամանակները, երբ վերջապես մեր նախագահները, վարչապետները կամ նախարարները մի ընդհանուր հայտարարի գան ու հասկանան, որ սեփական գիտության ու գիտնականների դեմ ծավալած պայքարը ճիշտ չէ, արդյունք տալ չի կարող, դա երկրի առաջընթացի համար հակացուցված երևույթ է:
Առաջիկայում կփորձեմ վերլուծել, թե ինչ պատճառով հետխորհրդային երկրներում այսպիսի կազուս ստացվեց, ինչն էր պատճառը, որ Գորբաչովի «տպՐպրՑՐՏռՍՈ»-ից հետո մեր խոփը քարին դեմ առավ, թե ինչ է պետք անել, որ մեր գործերը սկսեն տեղից շարժվել: Աշխարհի բոլոր երկրների տնտեսություններն ու արդյունաբերությունը, իրենց գիտությամբ, տեխնիկայով ու տեխնոլոգիաներով, զարգանում են յոթմղոնանոց քայլերով, իսկ հետխորհրդային երկրներում դեռևս շարունակվում է թալանը, իսկ վերջը չի երևում: Հզոր Խորհրդային Միության կործանման հարցում բոլորը միաբերան մեղադրում են միայն Միխայիլ Գորբաչովին: Իսկ ըստ իս, ամենամեղավորը, թերևս, ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամ Միխայիլ Վասիլևիչ Սուսլովն էր: Մանրամասներին կանդրադառնանք «Իրատեսի» առաջիկա համարներում:

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 13571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ