«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Օպերային արվեստում այսօր պահանջները շատ ավելի են, քան միայն գեղեցիկ ձայնը»

«Օպերային արվեստում այսօր պահանջները  շատ ավելի են, քան միայն գեղեցիկ ձայնը»
11.07.2017 | 14:28

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացվել են վարպետության տասնօրյա դասեր, որոնց ընթացքում օպերային թատրոնի մեներգիչներին հնարավորություն է ընձեռվել վարպետանալու միանգամից երեք աշխարհահռչակ արտիստների մոտ` Հովարդ Վատկինս, Ջոն Ֆիշեր, Դայանա Զոլա: Նախաձեռնությունը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանինն է, ծրագրի աջակիցն է «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը: Այս և այլ թեմաների շուրջ զրուցել ենք օպերային թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր ԱՆՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հետ:
Բոլորովին վերջերս Աննա Մնացականյանը հանդիսատեսին ներկայացավ Ջ. Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերայում` Տոսկայի դերերգով: Հանդես է գալիս նաև Վերդիի «Աիդա» օպերայում՝ Աիդայի, «Տրավիատա» օպերայում՝ Վիոլետայի, «Տրուբադուր» օպերայում՝ Լեոնորայի, Բելլինիի «Նորմա» օպերայում՝ Նորմայի, Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայում՝ Աղջկա դերերգերով:

-Ի՞նչ կասեք օպերային թատրոնում վերջերս անցկացված վարպետության դասերի մասին: Աննախադե՞պ էին այդ դասընթացները, կա՞ր դրանց անհրաժեշտությունը:
-Ինչ խոսք, կար անհրաժեշտություն, որովհետև ոչ բոլոր արտիստներն ունեն արտերկրում վերապատրաստվելու հնարավորություն, դա լուրջ ֆինանսների հետ է կապված: Թատրոնի կոնցերտմայստերները, դիրիժորներն անընդհատ աշխատում են մեզ հետ, բայց ժամանակի ընթացքում սկսում ես ինչ-որ նրբերանգներ չլսել: Իսկ նոր ունկնդրումը, նոր խոսքը, այն էլ՝ այդպիսի վարպետների, բնականաբար, մեծ նշանակություն ունեն: Ինձ համար այդ դասընթացները կարևոր էին նաև այն առումով, որ այդ ընթացքում պատրաստվում էի «Տոսկա» օպերայում Տոսկայի դերերգով հանդես գալուն (ինձ համար առաջնախաղ էր), և կատարվեց շատ մանրակրկիտ աշխատանք ամեն բառի, ամեն դարձվածի, երաժշտական և կերպարային մեկնաբանության վրա:
-Նման դասընթացները անհրաժեշտ են արտիստին անկախ փորձառությունից ու պրոֆեսիոնալիզմի՞ց:
-Իհարկե, երգչական արվեստում եթե մի պահ կանգ առնես ու չաշխատես քեզ վրա, մի քանի քայլ հետ կընկնես: Նման դասընթացները հնարավորություն են տալիս մշտապես լավ «մարզավիճակում» լինելու, իհարկե, նաև վերցնելու նորը: Մեզ մոտ երաժշտական կտավին վերաբերող ոճային մեկնաբանությանը գրեթե ուշադրություն չեն դարձնում, իսկ այս մասնագետները գերմանական երաժշտության վրա աշխատում էին գերմանական երաժշտությանը հատուկ սկզբունքներով, իտալական երաժշտության վրա` իտալական, ֆրանսիականի՝ ֆրանսիականին հատուկ սկզբունքներով: Դրանք հսկայական պաշար կարող էին տալ յուրաքանչյուր արտիստի, նույնիսկ միայն ունկնդրելու դեպքում` առանց անմիջական մասնակցության:
-Թատրոնի արտիստներից քանի՞սն էին մասնակցում դասընթացներին:
-Օպերային թատրոնի բոլոր մեներգիչներին տված էր այդ հնարավորությունը, և, իհարկե, շատերը մասնակցեցին: Դասընթացները բաց էին նաև կոնսերվատորիայի ուսանողների համար: Հրավիրված վարպետները առանց զլանալու աշխատում էին բոլոր ցանկացողների հետ:
-Ստացվում է` թատրոնը մեծ բա՞ց է ունեցել մինչ օրս:
-Ժամանակ առ ժամանակ կազմակերպվել են վարպետության դասեր, բայց դրանք համընդհանուր բնույթ չեն կրել, դրանցից օգտվել են հատուկենտ մարդիկ: Այս պարագայում օգտվում էին բոլորը, և դա մեծ ձեռքբերում էր: Այս ամենի համար մենք երախտապարտ ենք մաեստրո Օրբելյանին, որն իր անձնական միջոցներով Հայաստան բերեց այս վարպետներին: Սա աննախադեպ երևույթ էր: ՈՒզում եմ հուսալ, որ նման հանդիպումներ էլի կլինեն, մանավանդ որ մաեստրոն ինքն էլ ասել է՝ շարունակական են լինելու այս դասընթացները:
-Համառոտ կներկայացնե՞ք հրավիրյալ արտիստներին:
-Ջոն Ֆիշերը «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի տնօրենի վարչական գծով տեղակալն է, դիրիժոր, օպերային ռեժիսոր, վոկալի ուսուցիչ և պրոդյուսեր: Նա մեծ ճանաչում ունի երաժշտական աշխարհում: Եղել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 2006-2011 թթ.՝ ՈՒելսի ազգային օպերայի գործադիր տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: Աշխատել է որպես օպերային ձայնագրությունների պրոդյուսեր «Deutsche Grammophon» և «Decca Records» ստուդիաներում: Հովարդ Վատկինսը «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի դաշնակահար է, դիրիժորի օգնական, Ջոն Ֆիշերի աջ ձեռքը: Համագործակցում է աշխարհահռչակ օպերային երգիչների և երաժիշտների հետ, ինչպիսիք են Գրեյս Բամբրին, Դայանա Դամրաուն, Աննա Նետրեբկոն, Ռոլանդո Վիլազոնը և այլք: Վատկինսը վոկալ արվեստի համահիմնադիրն է ԱՄՆ-ի «Թանգելվուդ» երաժշտական կենտրոնում, ինչպես նա Տոկիոյի միջազգային վոկալ արվեստի ակադեմիայում: Դայանա Զոլան Հյուստոնի «Գրանդ» օպերայի թատերական խմբի ղեկավարն է, Մեծ թատրոնի և Մարիինյան թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի գլխավոր խորհրդատուն: Վարպետության դասեր է անցկացրել ԱՄՆ-ում, Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, մի շարք վոկալ մրցույթների ժյուրիի անդամ է եղել:
-Վարպետության դասերը կարո՞ղ են առիթ դառնալ համագործակցության, հրավերների:
-Իհարկե, ամեն բան սկսվում է այսպիսի փոքր քայլերից:
-Մեր ձայների մասին ի՞նչ կարծիք ունեին դրսի վարպետները:
-Շատ հավանեցին, որովհետև մեր ձայները իսկապես շատ գեղեցիկ են գունային, տեմբրային առումով: Ինչ խոսք, գեղեցիկ ձայները պետք է նաև շտկված, մշակված լինեն: Ինչպես նշում էր Ջոն Ֆիշերը՝ 21-րդ դարի հանդիսատեսը ցանկանում է տեսնել մշակված, հետաքրքիր, խարիզմատիկ ներկայացումներ՝ գեղեցիկ ու գերող էներգիայով ու երգով: Ազդեցիկ և համոզիչ դրամատիկ կատարումը նույնպես շատ սպասված է: Օպերային արվեստում այսօր պահանջները շատ ավելի են, քան միայն գեղեցիկ ձայնը:
-Մի քանի տարի առաջ խոսվում էր այն մասին, որ օպերային թատրոնում ներկայացումները քիչ են, արտիստներն անգործության են մատնված: Այդ խնդիրը դեռ արդիակա՞ն է:
-Նկատվում է դրական միտում: Ներկայումս ընթանում են Գ. Դոնիցետիի «Պողիկտոս» օպերայի վերականգնման աշխատանքները: Հրաշալի ներկայացում էր` Տիգրան Լևոնյանի բեմադրությամբ` նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: Այն ինչ-ինչ պատճառներով, ցավոք, դուրս էր եկել խաղացանկից: ՈՒրախ եմ, որ հիմա կրկին վերադառնում է բեմ: Կոնստանտին Օրբելյանը պայմանավորվածություններ ունի աշխարհի տարբեր թատրոնների հետ, որոնք մեր թատրոնին նվիրելու են իրենց ներկայացումները, ընդհուպ՝ դեկորները, կոստյումները: Բեմադրող ռեժիսորը գալու է Հայաստան և իրականացնելու է ստեղծագործական աշխատանքը: Մոտ ժամանակներս մեր բեմում կլինեն Ժ. Մասնեի «Մանոն» օպերան, Գ. Ֆ. Հենդելի «Ալեքսանդրի խնջույքը» օրատորիալ գործը, հետո նաև՝ Ջ. Պուչինիի Եռապատումը՝ «Թիկնոցը», «Քույր Անժելիկա», «Ջաննի Սկիկկի» օպերաներով: Զբաղված կլինի ողջ թատերախումբը: Տարիներ շարունակ մենք համբերատար սպասել ենք, որ մի օր մի լույս կբացվի բոլորիս համար, կարծում եմ, լուսաբացն արդեն մոտ է:
-Մշակութային կարևոր իրադարձություն էր «Տոսկայի» բեմադրությունը: Բոլորովին վերջերս Տոսկայի դերում հանդես եկան Հասմիկ Պապյանը, Մագդա Մկրտչյանը: Ինչպե՞ս հանդիսատեսը ընդունեց գլխավոր դերակատարուհու Ձեր մեկնաբանությունը:
-Տոսկայի առաջնախաղը եղել է 2016-ի հոկտեմբերի 22-ին, բեմադրությունը իրականացրեց երիտասարդ, տաղանդավոր ռեժիսոր Նարինե Ստեփանյանը: Ներկայացումը նվիրված էր Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Բեմադրական աշխատանքները շատ հետաքրքիր էին: Մեր լավագույն երգչուհիներին հնարավորություն տրվեց ներկայանալու Տոսկայի դերերգով: Այնպես ստացվեց, որ թատերաշրջանի վերջին Տոսկան բաժին հասավ ինձ: Իհարկե, պատասխանատվությունը մեծ էր, ես լսել էի և՛ մեր, և՛ համաշխարհային շատ արտիստների կատարումները՝ այդ ամենի մեջ փորձելով կերտել իմ Տոսկայի կերպարը: Հույս ունեմ, որ հանդիսատեսը սիրեց իմ Տոսկային, ու ստացա արձագանքը այն վերաբերմունքի, որ ունեի հերոսուհու նկատմամբ, այն էներգիայի ու սիրո, որ ներդրեցի այդ կերպարի ստեղծման մեջ:
-Ձեր իսկ փորձից ելնելով` կարո՞ղ եք ասել, թե ինչ դժվարություններ է հաղթահարում արտիստը հաջողության հասնելու համար` ստեղծագործական դժվարություններից մինչև առողջ ու անառողջ մրցակցություն: Ի վերջո, արտիստը կարող է գոհ չլինել ռեժիսորի վերաբերմունքից, դերաբաշխումից և այլն:
-Չկա թատրոն, որտեղ չկան հետկուլիսյան խմորումներ, միջանձնային հարաբերություններ: Թատրոնը հենց դրանով է թատրոն, և որքան մեծ է թատրոնը, այնքան մեծ են եռացող կրքերը: Դերաբաշխման ժամանակ կարող է լինել որոշակի սուբյեկտիվ վերաբերմունք` ներկայացման ռեժիսորի, դիրիժորի կողմից: Համենայն դեպս, հիմա մի փոքր ավելի քիչ է, ժամանակին շատ ավելի սրված էր այդ սուբյեկտիվությունը: Յուրաքանչուր արտիստ մտածում է, որ առաջինն ինքը պետք է լինի: Դա, թերևս, հատուկ է բոլոր արտիստներիս: Իմ կարծիքով` ամեն մեկը հնարավորություն է ունենում ներկայացնելու իր մեկնաբանությունը, իր ներսում եփված կերպարը: Ինչպես ես ներկայացրի այն Տոսկան, որը միայն իմն էր: Առաջինը կլինես, երկրորդը կամ վերջինը՝ էական չէ, կարևորը` թե ինչ տպավորություն ես թողնում հանդիսատեսի վրա, և որքան երկար է հիշվում ստեղծածդ կերպարը:
-Ի՞նչ կասեք օպերային թատրոնի վերջին դեպքերի` «Գայանե» բալետի տապալման մասին:
-Այդ միջադեպը տհաճ ու ծանր հետք է թողել բոլորիս վրա: Երբ նման պահվածքից հետո մարդիկ անպատիժ են մնում, առիթ են ունենում մեկ անգամ ևս նման արարք գործելու: Ցավալի է, որ նրանք ոչ թե անձամբ են բարձրաձայնում, այլ փաստի առաջ են կանգնեցնում իրենց գործընկերներին: Մարդիկ, որոնք ոչ մի առնչություն չունեն այդ ամենի հետ, ենթարկվում են պատասխանատվության, իսկ սադրանքի հեղինակները հայ տղամարդուն վայել արժանապատվություն չունեն, որ իրենց արածին տեր կանգնեն: Սա ստահակի պահվածք էր…
Կարող եմ մի բան վստահաբար ասել, որ թատրոնի աշխատակիցները, հատկապես արտիստական կազմը, համախմբված են մաեստրո Օրբելյանի շուրջը, որովհետև պարզորոշ տեսնում են նրա սրտացավ վերաբերմունքը օպերային արվեստի և մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ: Ես 1994-ից թատրոնում եմ: Ամենաբարդ տարիներն էին հանրապետության համար, բայց օպերային թատրոնը ապրում էր, շնչում: Դա օպերային թատրոնի հիրավի ոսկեդարն էր: Դրանից հետո երկար ժամանակ ոչինչ չունեինք: Հույս ունեմ, որ մաեստրո Կոնստանտին Օրբելյանի շնորհիվ թատրոնը պիտի ապրի իր վերածննդի ժամանակաշրջանը: Ինչպես արդեն ասացի` նախապայմանները կան, պետք է միայն մի փոքր համբերել:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ