Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անկաշառ ապրելու կինոբանաձև՝ «Ոսկե ծիրանի» ֆիլմացանկում

Անկաշառ ապրելու կինոբանաձև՝ «Ոսկե ծիրանի» ֆիլմացանկում
12.07.2017 | 15:24

«Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի Միջազգային խաղարկային մրցույթում ընդգրկված է պարսիկ ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի «Անկաշառը» ֆիլմը, որն այս տարի Կաննի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիրն է: Այն պատմում է 35-ամյա Ռեզայի մասին, որը կաշառակերության համատարած ճահճում փորձում է հետևել անկաշառ ապրելու իր բանաձևին՝ ենթարկվելով տարատեսակ փորձությունների Իրանի հեռավոր գյուղերից մեկում խմորվող անազնիվ բարքերում:

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որը վարեց կինոգետ Կարեն Ավետիսյանը, պարսիկ ռեժիսորը ներկայացրեց իր դիտարկումները թե «Անկաշառը» ֆիլմի, թե պարսկական կինոյի մասին: Նա նշեց, որ Կաննի կինոփառատոնում հաջողություն ունենալը հանրաճանաչ դառնալու միակ ու ամենակարևոր ուղին չէ կինոգործչի համար, քանի որ աշխարհում կան նաև այլ կինոփառատոներ, որոնք նույնպես դռներ են բացում արվեստագետների առաջ: Նա հավաստիացրեց, որ Իրանում չկա կինոարտադրություն՝ այդ բառի բուն իմաստով: Կա ընդամենը կինոշուկա: Ու թեև տարեկան նկարահանվում է 100 իրանական ֆիլմ, դրանց մեջ գերակշռող են այնպիսիք, որոնք չեն հակասում երկրի իշխանությունների տեսակետներին: Իսկ դրանց հետ անհամաձայնություն ունեցող ռեժիսորները մշտապես ունենում են խնդիրներ: Եվ խնդիրները նաև արտահայտվում են քաղաքական հետապնդումների տեսքով, ինչպես իր և պարսիկ մեկ այլ ռեժիսորի՝ Ջաֆար Փանահիի դեպքում: Ավելին, այսպիսի ռեժիսորների հանդեպ չի փոխվում վերևների վերաբերմունքը անգամ միջազգային նվաճումների պարագայում. Իրանում այն համոզմանն են, որ «Անկաշառը» ֆիլմի կաննյան մրցանակը պայմանավորված է ոչ թե դրա գեղարվեստական արժանիքներով, այլ քաղաքական ուղղվածությամբ:


«Իրատեսի» հարցին, թե կա՞ն արդյոք ընդհանրություններ իր և իր ֆիլմի հերոսի՝ Ռեզայի ճակատագրերում, ռեժիսորը պատասխանեց, որ իրենից ինչ-որ բաներ կան կերպարի մեջ, բայց դժվարանում է ասել, թե հատկապես ինչ:


-Ըստ Ձեզ՝ «Անկաշառը» ֆիլմն ի՞նչ վերջնարդյունքի կհանգեցնի իրական կյանքում, Դուք ձգտում եք նպաստե՞լ, որպեսզի Ռեզայի նման մարդիկ առավել ինքնավստահ ու անկոտրում լինեն իրենց կեցվածքում, թե՞ կարծում եք, որ այն կարող է հուսահատեցնել համարձակ անհատներին,- հարցրինք Մոհամադ Ռասուլոֆին:
-Ես կարծում եմ՝ ֆիլմի ավարտը բավականին հուսադրող է: Հանդիսատեսն ինքն է իր համար որոշողը, թե երկու ճանապարհներից որն ընտրել: Իմ պարտականությունն է ոչ թե հույս ներշնչել, այլ հարցեր առաջադրել: Եթե մարդը գիտի, թե ինչպիսի կառույցի մեջ է ինքն ապրում, բնականաբար, կարող է ավելի ճիշտ պայքարել և հասկանալ իր առջև դրված խնդիրները: Այնուհադերձ, կարծում եմ, որ այս ֆիլմը հանդիսատեսին պիտի ավելի պնդացնի,- պատասխանեց Մոհամադ Ռասուլոֆը:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ