Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ոսկե ծիրանի» երազային ֆիլմը

«Ոսկե ծիրանի» երազային ֆիլմը
13.07.2017 | 19:18

«Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի Միջազգային խաղարկային մրցույթում ընդգրկված «Դեռ մութ, դեռ լույս» ֆիլմի (Կանադա, Մեքսիկա) ռեժիսոր Սոֆի Գուայետը հանդես եկավ մամլո ասուլիսով: Նրան և նրա ֆիլմը նախ ներկայացրեց կինոգետ Կարեն Ավետիսյանը: Ապա ռեժիսորը պատմեց իր անցած ստեղծագործական ուղու և «Դեռ մութ, դեռ լույս» ֆիլմի մասին: Սա նրա առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը նկարահանելու համար ստիպված է եղել կուտակել ֆինանսներ, ի մի բերել բազմաթիվ միջազգային կինոփառատոներում իր կարճամերտրաժ ֆիլմերի համար ստացած մրցանակային գումարները և 17 օրում, մի քանի երկրներում նկարել այս նուրբ, հուզական ֆիլմը: Ի դեպ, այդքան դժվարությամբ հավաքված գումարի մի զգալի մաս նա վճարել է Ռախմանինովի երաժշտության հեղինակային իրավունքը գնելու և իր ֆիլմում հչեցնելու համար: Երիտասարդ կինոռեժիսորն ասաց, որ այժմ աշխատում է նոր ֆիլմերի վրա, որ իր աշխատանքային ոճն է այդպիսին՝ երբեք չսպասել, որ ավարտվի որևէ ֆիլմ, հետո նոր սկսել հաջորդը, այլ միաժամանակ աշխատել տարբեր ֆիլմերի վրա: Նա նկատեց, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնում ընդգրկված են այնպիսի ուժեղ ու հետաքրքիր ֆիլմեր, որոնք անպայման կօգնեն իրեն իր հետագա կինոաշխատանքներում:

«Դեռ մութ, դեռ լույս» ֆիլմին համառոտ անդրադարձ է եղել մեր նախորդ հրապարակումներից մեկում: Ֆիլմի հերոսը՝ Պաբլոն, ասում է. «Երազներումս ես եմ թագավորը»: Սոֆի Գուայետին հացրինք, թե արդյո՞ք սա հենց նրա դիրքորոշումն ու մոտեցումն է, արդյո՞ք նա երազների աշխարհը գերադասում է իրական կյանքից:
-Ֆիլմը մեր ներաշխարհի մասին է,- պատասխանեց նա:- Մենք երբեմն նաև երազներից դուրս, ասենք, ռեստորանում ինչ-որ երաժշտություն լսելիս, ընկնում ենք հիշողության գիրկը, կտրվում իրականությունից: Այդպես է միշտ, այդ երկու ճանապարհները՝ մեր ներաշխարհի և երազներից զատվող իսկական կյանքի, ընթանում են զուգահեռ: Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա. ֆիլմն ստեղծելիս ես ձգտում էի գտնել մեզ բոլորիս իրար միացնող կետը: Անկախ նրանից, թե մենք աշխարհի որ հատվածում ենք գտնվում, քանի տարեկան ենք, բոլորս էլ ունենք երազներ և հենց այդ կետում բոլորս միանում ենք: Ձեր նշած նախադասությունը կարևորագույն մտքերից է և ֆիլմի, և ինձ համար:
-Ձեր ֆիլմում պատկերները պաստելային երանգավորում ունեն: Դուք խուսափո՞ւմ եք վառվռուն, պայծառ գույներից,- հարցրինք ռեժիսորին:
-Ընդհանրապես իմ ֆիլմերում գույները շատ մեծ դեր են խաղում: Նախորդ կարճամետրաժներիցս մեկը վառ կարմիր գույնի մեջ է արված, մյուսը՝ վառ կապույտ: Քանի որ այս ֆիլմը ես նկարում էի շատ էկզոտիկ երկրներում, ցանկացա գույներն էկրանից փոխանցել այնպես, որ ֆիլմում միահյուսված լինի ամեն ինչ, որ տարբեր միջավայրերի միջև կտրուկ տարբերություններ չլինեն, որ երազներն ու իրականությունն իրարից շատ չզատվեն: Ինձ համար կարևոր էր օգտագործել այդ նուրբ գույները, որպեսզի հանդիսատեսը ֆիլմի ընթացքում զգար երազի նրբությունը,- պատասխանեց Սոֆի Գուայետը:
-«Դեռ մութ, դեռ լույս» ֆիլմը բաղկացած է որոշակիորեն իրարից առանձնացող երեք պատումից: Սա չի՞ խոսում այն մասին, որ Դուք լիամետրաժ ֆիլմ նկարելիս էլ հավատարիմ եք մնում կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորին բնորոշ կինոմտածողությանը,- սա մեր վերջին հարցն էր Սոֆի Գուայետին:
՜չ, դա ուղղակի զուգադիպություն է: Այն ֆիլմերը, որոնց վրա ես հիմա աշխատում եմ, լիամետրաժ, ամբողջական պատմություներ են՝ իրարից չառանձնացող մասերով: «Դեռ մութ, դեռ լույս» ֆիլմը շատ դժվար էր նկարել թե ֆինանսական առումով, թե այն պատճառով, որ նկարահանող խումբը շատ փոքր էր: Թեև ֆիլմն ստեղծվել է 17 օրում, դրա վրա ստիպված ենք եղել աշխատել մի ամբողջ տարի, և անել այն առանձին բաժիններով: Գուցե հենց այդ պատճառով է տպավորություն առաջանում, թե այն բաղկացած է երեք տարբեր մասերից-, պատասխանեց ռեժիսորը:
Հավելենք, որ այս տարի «Դեռ մութ, դեռ լույս» ֆիլմն արժանացել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Պայծառ ապագա» մրցույթի գլխավոր մրցանակին:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3305

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ