Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կանխատեսելի ընտրությունների պարագայում ընդդիմությանը մնում է շոուն

Կանխատեսելի ընտրությունների պարագայում ընդդիմությանը մնում է շոուն
14.07.2017 | 09:38

Արցախի Հանրապետությունում մոտենում են նախագահի ընտրությունները։ Իհարկե, այս անգամ գործընթացները որոշակի առանձնահատկություններ ունեն: Այստեղ նոր սահմանադրությամբ նախագահն ընտրվելու է անցումային ժամանակաշրջանի համար, ընդ որում` ընտրվելու է այսօր գործող խորհրդարանի կողմից և պաշտոնավարելու է մինչև 2020 թվականը։ Այնուհետև ամեն ինչ կվերադառնա սովորական համաժողովրդական եղանակով ընտրության։ Ինչպես և սպասվում էր, այս թեմայի շուրջ աշխուժություն կա թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան որոշ քաղաքական շրջանակներում և թե՛ համապատասխան լրատվամիջոցներում։


Արցախյան ակտիվության հիմնական հեղինակը, ինչպես և սպասվում էր, արմատական ընդդիմադիրի դերը ստանձնած «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանն է, որը վերջին շրջանում նաև հասցրեց Հայաստանի որոշ լրատվամիջոցներում հարցազրույցներ տալ և հերթական անգամ իր բացասական վերաբերմունքն արտահայտել ոչ միայն Արցախի նոր սահմանադրության, այլև նախագահի հավանական թեկնածուի վերաբերյալ։ Առայժմ, այնուամենայնիվ, ասում ենք հավանական, քանի դեռ պաշտոնապես չի առաջադրվել գործող նախագահ Բակո Սահակյանը։ Թեպետ Արցախի երեք քաղաքական ուժեր՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, «Ազատ Արցախը» և «Հայ հեղափոխական դաշնակցությունը», արդեն հայտարարել են, որ պաշտպանելու են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։ Նշված առաջին երկու կուսակցությունների պարագայում որևէ կասկած չէր առաջանում նրանց քաղաքական վարքագծի և դիրքորոշման վերաբերյալ։ Դաշնակցության պարագայում, սակայն, որոշակի թույլ տարակարծություններ կային, քանի որ այս կուսակցությունը սահմանադրության փոփոխությունների բոլոր փուլերում դեմ էր այդ փոփոխություններին ու նախագահական մոդելին անցում կատարելուն։ Եվ ինչպես վերջինիս հայաստանյան գործընկերները՝ Արցախի ՀՅԴ կառույցը նույնպես կողմնակից էր կառավարման խորհրդարանական մոդելին։ Սակայն ինչպես հայաստանյան դաշնակցականները, այնպես էլ Արցախի, որպես կանոն, մի բան ասում են, մտքում այլ բան ունենում և մեկ այլ բան էլ անում են։ Տվյալ դեպքում էլ, ինչպես ասում են, կառավարման մոդելին դեմ ըլլալով` կողմ են քվեարկում կոնկրետ իշխանությանը։


Սովորականի պես Արցախի որոշ ընդդիմադիրների քննադատական տոնը կրկնօրինակեցին հայաստանյան որոշ շրջանակներ, ինչն առանձնապես անսպասելի չէր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ լրատվամիջոցներ և քաղաքական ուժեր բավականին սերտ կապեր ունեն Արցախի ընդդիմադիրների հետ և ինչպես բազմիցս ակնարկվել է մամուլում, նույնիսկ բոլոր առումներով հովանավորում են։


Իսկ ի՞նչ նրբերանգներ ունի հայկական երկրորդ պետության անցումային նախագահ ընտրելու վերաբերյալ քննադատությունը։ Նշենք ընդդիմադիրների առաջ քաշած թերևս հիմնական կետերը.
1. Անցումը կիսանախագահականից ուժեղ նախագահական համակարգի տեղի է ունեցել` հաշվի առնելով կոնկրետ անձի, որը պետք է ղեկավարի անցումային շրջանում։ Խոսքը, հասկանալի է, Բակո Սահակյանի մասին է, որն այժմ փաստացի առնվազն երրորդ անգամ առաջադրվելու և ընտրվելու հնարավորություն է ստանում։ Այս թեզը առաջ էր քաշվում դեռևս սահմանադրության նախագծի առաջադրման և քննարկման ժամանակաշրջանից։
2. Բակո Սահակյանի առաջադրումը կարող է իբրև թե լուրջ հարված հասցնել Արցախի ժողովրդավարական իմիջին, որը, ինչպես ընդունված է ասել, բավականին հաստատուն տեղ ունի միջազգային կազմակերպություններում։
3. Արցախում իշխանությանը կամ նախագահին նորից վերարտադրվելու հնարավորություն տալով՝ մշակվում ու փորձարկվում է մի սցենար, որը գուցե հետագայում կիրառվի նաև Հայաստանում՝ Սերժ Սարգսյանի պարագայում։ Փաստորեն Արցախում իբրև թե որոշակի ապրոբացիա է ընթանում։
Քննադատության հիմնական դրույթները վերոնշյալ երեք կետերն են: Ինչևէ, բնական է, որ ցանկացած ընտրական գործընթացից առաջ ընդդիմությունը քննադատում է և ասում, որ ինչ էլ արվում է, ինչ օրենք էլ փոխվում է, վերարտադրության համար է։ Բայց նաև ակնհայտ է, որ եթե Արցախում որոշեին անցնել, ասենք, ինչպես Հայաստանում խորհրդարանական մոդելի, միևնույն է, դարձյալ ասվելու էր, թե ամեն ինչ արվում է, որ գործող նախագահը հնարավորություն ստանա, պառլամենտական համակարգում վարչապետ դառնալով, մնալու որպես իշխանության և պետության առաջին դեմք։ Այնպես որ՝ այստեղ օրիգինալ ոչ մի բան չկա. ցանկացած պարագայում ընդդիմությունը վերագրելու էր վերարտադրությանը։ Օրինակ` հայաստանյան ընդդիմության գերակշիռ մասի վարքագիծը ոչնչով չէր տարբերվում արցախյան իրենց կոլեգաների մոտեցումներից:


Ի դեպ, հիշենք, որ ի սկզբանե Արցախում քննարկվում էր խորհրդարանական կառավարման մոդելի անցնելու գաղափարը, սակայն ապրիլյան պատերազմից հետո տրամադրությունները կտրուկ փոխվեցին, քանի որ հասկանալի դարձավ` պատերազմող երկրում պետք է բանեցվի խիստ ուղղահայաց կառավարում։ Պատերազմող երկրում, ինչպես ասում են, «թիթեռ նկարելու» ժամանակ պարզապես չկա` որոշումները խորհրդարանական կառավարման համակարգի բոլոր «ջունգլիներով» անցկացնելու համար, ու անհրաժեշտ է կոշտ կառավարում։
Նախագահի երրորդ անգամ պաշտոնավարմամբ երկրի ժողովրդավարական իմիջին վնասելու թեզին անդրադառնալով՝ պետք է ասենք, որ դա, այսպես ասած, հավերժ և վիճելի թեմա է, քանի որ, ինչպես արդեն նշել են որոշ քաղաքական շրջանակներ, կան բազմաթիվ օրինակներ, երբ զարգացած երկրներում, օրինակ, Գերմանիայում, գործող կանցլերը չորրորդ անգամ է առաջադրվում։ Եթե շատ խորանանք, քննադատների համար, որոնք իրենց ասոցացնում են ազատական թևերի, առավել ևս արևմտյան արժեքների հետ, կարող ենք բերել նույն ԱՄՆ-ի ամենաարդյունավետ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի օրինակը։ Այնպես որ՝ դժվար թե կա մի արտառոց բան, որ կարող է հարվածի տակ դնել Արցախի ժողովրդավարական իմիջը։ Ի վերջո, ամեն ժողովուրդ ինքն է որոշում` ինչպես ապրել։


Եվ ամենակարևորը՝ եթե պրագմատիկ առումով նայենք խնդրին, ապա բոլորս էլ հասկանում ենք` որոշում ընդունող աշխարհաքաղաքական կենտրոններում իրականում քչերին է հետաքրքիր՝ քո իշխանությունը ժողովրդավարակա՞ն է, թե՞ ոչ։ Քեզ հետ հաշվի են նստում, եթե դու քեզնից կարևոր գործոն ես ներկայացնում, ուժեղ ես։ Բազմաթիվ օրինակներ կան, երբ աշխարհը համագործակցում է, հաշվի է նստում այնպիսի երկրների հետ, որոնք ժողովրդավարության օրրան չեն։ Միջպետական և աշխարհաքաղաքական հարաբերություններում կարևորը շահն է, և եթե շահերը համընկնում են, ապա ամեն հարց էլ հարթվում է։ Մասնավորապես մեր հարևան Թուրքիան, Սաուդյան Արաբիան կամ Արևմուտքի հովանավորությամբ անկախացած Կոսովոն դժվար է համարել ժողովրդավարության կղզյակ, եթե չասենք հակառակը, բայց աշխարհը նրանց լսում է։
ՈՒշագրավ է, որ քննադատելով ուժեղ նախագահական մոդելի անցնելու քայլը՝ ըստ էության ոչ ոք չի քննադատում անձամբ Բակո Սահակյանին, հիմնականում ընդունում են (բնականաբար, բացառությամբ որոշ արմատականների), որ նա երկրի ներսում բարձր վարկանիշ ունի։ Հայաստանում, ի դեպ, հակառակն է։


Ինչ վերաբերում է այն վարկածին, թե Արցախում գործարկվող սցենարը հող է պատրաստում և հանրային կարծիք ձևավորում Հայաստանում կիրառվելու համար, ապա դա առավել քան պարզունակ մոտեցում է։ Եթե Սերժ Սարգսյանը մտադրություն ունենա ՀՀ իշխանության գլխավոր պաշտոնը գրավելու, նա, պարտադիր չէ, որ տեսնի, թե ինչ կլինի Արցախում։ Պարզ է, որ սա ընդամենը քաղաքական շահարկում է։ Հասկանալի է, որ Արցախը այն տարբերակը չէ, որտեղ պետք է ինչ-որ բան փորձարկել ու նախադեպ գործարկել։


Նշված երեք թեզերը բավականին թույլ են, թույլ են նախ և առաջ այն պատճառով, որ քննադատողները չունեն ռեալ այլընտրանք։ Փաստացի կա թույլ ընդդիմություն, և չկա որևէ լուրջ այլընտրանք։ Այդ իսկ պատճառով նախագահի կոնկրետ թեկնածուների շուրջ խոսակցությունների փոխարեն իրականում քաղաքական բեմականացումներ, մանիպուլյացիաներ են արվում։ Թեև, ամենայն հավանականությամբ, Արցախի խորհրդարանում երկրի նախագահի քվեարկությունը կլինի այլընտրանքային։ Այդուհանդերձ, նույնիսկ այդ պարագայում Արցախի ԱԺ-ում նախագահի ընտրության քվեարկության արդյունքները կանխատեսել դժվար չէ։ Խորհրդարանում իշխանական մեծամասնության առկայության պարագայում ընդդիմադիրներին մնում է ապավինել, հավանաբար, միայն շոու անելուն:


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7221

Մեկնաբանություններ