Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Մի՞թե Երևանն ուզում է «ուժերի փորձարկում» անցնել հակաիրանական պատրաստություններում

Մի՞թե Երևանն ուզում է «ուժերի փորձարկում» անցնել հակաիրանական պատրաստություններում
14.07.2017 | 09:44

Մոտենում է Վրաստանում ՆԱՏՕ-ի հերթական «Noble Partner-2017» («Արժանավոր գործընկեր-2017») զորավարժությունների անցկացման ժամանակը, ինչի մասին Անդրկովկասի երկրների հանրությունն իրազեկվել էր դեռևս ընթացիկ տարվա մարտի վերջին։ Սակայն անհնար է չխոստովանել, որ մոտենում է նաև Հայաստանի երկու կարևոր գործընկերների` Ռուսաստանի և Իրանի դեմ թշնամական գործողությունների պատրաստվող երկրների «թիմի» մեջ մտնելու (կամավոր կամ պարտադրաբար) Հայաստանի փորձի ժամանակը։ Ոչ ոքի չպետք է խաբի կամ «հանգստացնի» այն հանգամանքը, որ, հարևանյան պաշտոնական շրջանակների փոխանցմամբ, Հայաստանն առաջին անգամ է մասնակցելու ՆԱՏՕ-ի «Noble Partner-2017» զորավարժություններին։ Ինչպես ասում են, ամեն ինչ երբևէ առաջին անգամ է տեղի ունենում. իսկ ինչո՞ւ հայ զինծառայողներն էլ գործընկերություն չսկսեն նույն Իրանի բացահայտ ռազմավարական հակառակորդի հետ, ի դեմս ՆԱՏՕ-ի դաշնախմբի, հենց 2017-ի հուլիսի վերջին։ Թեև սա էլ է մի տեսակ սուտ դուրս գալիս, որովհետև Հայաստանն արդեն Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել է 2015 թվականին, միայն թե այն ժամանակ Հայաստանի իշխանություններն ավելի զուսպ ու խելամիտ էին և իրենց մասնակցությունը սահմանափակեցին սոսկ դիտորդի դերով։


Այդ դեպքում ո՞րն է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի թելադրանքին այդքան հնազանդ հետևելու պատճառը։ Մի պահ կարելի է չհիշել ո՛չ Հայաստանի և Ռուսաստանի ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ փաստաթղթերը, ո՛չ ԱՊՀ ՀԱՊԿ դաշնախմբին Հայաստանի անդամակցությունը։ Իսկ մի՞թե Արևմուտքում որևէ մեկը թաքցնում է, որ ՌԴ ներկա սահմանների երկայնքով անցկացվող ՆԱՏՕ-ի, փաստորեն, բոլոր զորավարժությունները «Ռուսաստանի ագրեսիայի կանխման գործընկերային համագործակցություն են»։ Համաձայնելով Վրաստանում անցկացվելիք «Noble Partner-2017» զորավարժություններին մասնակցելուն, Հայաստանի իշխանությունները, ինչևէ, ԱՄՆ-ում գտնվող իրենց խնամակալներին, իհարկե, նաև Ռուսաստանին, «իմաց են տալիս», որ պաշտոնական Երևանը համաձա՞յն է նման հարցադրմանը։ Երևի այո։ Բայց չէ՞ որ չարիքի արմատն այն է, որ եթե անգամ «վրացական զորավարժությունները» քողարկված իմաստով հակառուսական քայլ չլինեին, միևնույն է, Հայաստանի իշխանությունները պարզապես պարտավոր են հաշվի նստելու այն բանի հետ, որ ԱՄՆ-ի և Իրանի առճակատումային հարաբերությունների ահագնացման պայմաններում լավ կլիներ ձեռնպահ մնալ Անդրկովկասում նատոյական զորախաղերին ուղղակի մասնակցությունից։ Երևանը պարզապես պարտավոր է հիշել, թե որքան սևեռուն է Թեհրանը հետևում հակաիրանական իրադարձություններին Անդրկովկասի բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի առնչությանը։ Մի՞թե 2016-ի ապրիլին հայկական իշխանությունները չտեսան, թե ինչ պայթյունալի լարվածություն էր առաջացել Իրանի և ՆԱՏՕ-ի անդամներից մեկի` Թուրքիայի միջև։ Այն ժամանակ Թեհրանից Անկարա գնացող նախազգուշացումներն ավելի քան թափանցիկ էին։ Մի՞թե 2017-ի փետրվարին Սիրիայի հարցով Աստանայի եռակողմ հանդիպման ձախողումից հետո Հայաստանի իշխանությունները չհասկացան, որ գնալով բարդանալու են Իրանի հարաբերություններն Արևմուտքի և Թուրքիայի հետ, քանի որ հենց ԱՄՆ-Թուրքիա դաշնազույգը (Եվրոպան էլ՝ ստվերից) այն ժամանակ ձախողեց Սիրիայի հարցով Աստանայի կոնսուլտացիաները։
Վերջապես, մի՞թե Հայաստանի իշխանությունները չեն տեսնում, թե որքան արագ է մոտենում այն ժամանակը, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, ի հաճույս Իսրայելի, կձախողի իրանական ատոմին նվիրված Վիեննայի համաձայնագրերը, և, ինչպես նախազգուշացնում էին իրանական իշխանություններն ընթացիկ տարվա ապրիլ-մայիսին, Վաշինգտոնի այդ քայլերը կհանգեցնեն Իրանի պատասխան քայլերի հորձանքի։ Իսկ հունիսի 7-ին Թեհրանում կատարված ահաբեկչությունից հետո, կարծում եմ, ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլև ամբողջ աշխարհը պարզապես պարտավոր էին ուշադրությամբ ականջ դնելու այն ամենին, ինչ լսվում էր Իրանի մայրաքաղաքից: Առավել ևս, որ հունիսի 19-ին Իրանի խորքից Դեյր-էզ-Զորի նահանգում «Իսլամական պետություն» ¥ԻՊ¤ խմբավորման զինյալների և, ինչպես համեստորեն նշել են իրանական լրատվամիջոցները, «օտարերկրյա վարձկանների» տեղաբաշխման վայրի հրթիռակոծությունից հետո, իմ կարծիքով, Հայաստանի իշխանությունները ժամանակ և հիմքեր ունեին մեկ անգամ ևս լրջորեն մտածելու «Noble Partner-2017» զորավարժություններին իրենց մասնակցության ձևաչափի մասին:

Բացի այդ, իմ կարծիքով, այս տարվա մայիսի 24-ից և Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի ու Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար ծովակալ Ալի Շամխանիի միջև մերձմոսկովյան Զավիդովոյում կայացած բանակցություններից հետո հրապարակայնորեն հայտարարվեց Թեհրանի և Մոսկվայի միջև կնքված անվտանգության հարցերի համապարփակ համաձայնագրերի ծրարի գործողության մեջ մտնելու մասին: Եվ գոնե 2014 թ. աշնանից քաջ հայտնի է, որ անվտանգության հարցերում ռուս-իրանական համագործակցության կարևորագույն դրույթներից մեկն ամբողջ Մերձկասպյան տարածաշրջանում արտատարածաշրջանային երկրների ¥իսկ դա հենց ՆԱՏՕ-ի դաշինքն է¤ ռազմական ներկայություն թույլ չտալն է: Իմ կարծիքով, Հայաստանի ղեկավարության մեջ քիչ չեն այն անձինք, ովքեր հիանալի «գլուխ են հանում» տարածաշրջանի աշխարհագրությունից ու հասկանում են, որ «Մերձկասպյան տարածաշրջան» հասկացությունը տարածվում է նաև ամբողջ Անդրկովկասի, ոչ միայն Կասպից ծովի երկու կողմերի առափնյա գոտու վրա:
Իսկ ակնարկները, թե ինչն է վճռորոշ եղել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության որոշումն ընդունելիս, ակնբախորեն երևում են մարտի այն պաշտոնական հաղորդագրություններում, որոնցով հանդես եկավ Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը. «2017 թվականին զորավարժությունները կլինեն լիամասշտաբ: Դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 11 երկրների զինծառայողներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, ՈՒկրաինայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Սլովենիայից»: Իսկ «Արժանավոր գործընկեր-2017»-ի «նպատակն է բարձրացնել ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների ստորաբաժանումների պաշտպանունակությունն ու զինծառայողների համատեղելիությունը, ինչպես նաև զարգացնել բազմազգ, տարածաշրջանային և մասնավոր գործընկերության հնարավորությունները, յուրացնել փոխադրաուղիների ցանցն ու օպերատիվ պլանավորման հարցերը»: Ինչպես տեսնում ենք, զորավարժությունների նախաձեռնողները (իսկ որ դա հենց ԱՄՆ-ն է, կասկած չկա) գրեթե ոչինչ չեն թաքցնում. նրանց թե՛ «փոխադրաուղիների ցանցն» է հետաքրքրում, այսինքն, հաղորդակցության ուղիների խորացված ուսումնասիրությունը, թե՛ «տարածաշրջանային և մասնավոր գործընկերությունը»: Իսկ դա, ինչպես կուզես, այնպես էլ մեկնաբանիր, հաշվի առնելով ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներում տխրահռչակ «մասնավոր ռազմական ընկերությունների» առկայությունը:
Հասկանալի է, որ մարտից սկսած, գուցե և ավելի շուտ, հաշվի առնելով տարածաշրջանի ռազմավարական իրադրությունը, Վրաստանում այս բոլոր «համաձայնեցումները» ՆԱՏՕ-ի և «գործընկեր երկրների» միջև եղել և մնում են Իրանի ու Ռուսաստանի համապատասխան պետական կառույցների սևեռուն հսկողության ներքո: Թերևս, սևեռուն հսկողության ներքո կանցնեն նաև բուն «Noble Partner-2017» զորավարժությունները:


Թեհրանն ու Մոսկվան նույնիսկ Սիրիայի առնչությամբ են հուսալի և գործուն փորձ կուտակել հնարավոր ռազմական հակառակորդի ձեռնարկումներին հակազդելու ուղղությամբ, և կարելի է ասել, աշխարհի ցանկացած շրջանում: Ե՛վ Ռուսաստանի, և՛ Իրանի հրթիռային զսպիչ ուժերը ցույց են տվել, որ ոչ ոք չի մնում հասանելիության գոտուց դուրս: Եթե ԱՄՆ-ի գլխավորած ուժերը, որոնց 2017-ի հունիսի կեսերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, փաստորեն, միաձայն մեղադրեցին ահաբեկչական խմբավորումներին աջակցելու, համապատասխանաբար Ռուսաստանի և Իրանի տարածքներ ահաբեկիչներ «ներածելու» գործում, «օր ու գիշեր մտածում են» Իրանի և Ռուսաստանի անվտանգության շահերին հակառակ Անդրկովկասի տարածքն օգտագործելու մասին, ապա համարժեք պատասխան կստանան ոչ միայն ՆԱՏՕ-ի երկրները, այլև ՆԱՏՕ-ի, այսպես ասած, անդրկովկասյան «գործընկեր երկրները»: Այսինքն, Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը, քանի որ նրանք ընդգրկված են «բազմազգ, տարածաշրջանային և մասնավոր գործընկերության» զարգացման «վարժանքների» մեջ:


Այս դիրքերից ելնելով, նույնիսկ կարևոր էլ չէ, թե Հայաստանը որքան զինծառայող կտրամադրի հուլիսի վերջին Վրաստանում ՆԱՏՕ-ի հակաիրանական և հակառուսական պատրաստություններին մասնակցելու համար, նշանակություն չունի նաև, թե այնտեղ քանի միավոր ամերիկյան կամ այլ մարտական տեխնիկա կլինի, և դրա որ մասը զորավարժություններից հետո կթողնվի Վրաստանին: Հետաքրքրություն է ներկայացնում այն հանգամանքը, որի բերումով Հայաստանի ղեկավարությունը, այնուամենայնիվ, որոշել է առաջին անգամ մասնակցել մի զորավարժության, որի ուղղվածությունը կասկած չի հարուցում (պարզապես տեսեք, թե ՆԱՏՕ-ն ինչեր է անում նույն ՌԴ սահմանների մոտ Լեհաստանում, Մերձբալթիկայում, ՈՒկրաինայում): 2015 թ. այդ զորավարժություններին մասնակցությունը, ընդ որում, դիտորդի կարգավիճակով, դեռ ինչ-որ իմաստ ուներ: Իրանն ու Արևմուտքը, Ռուսաստանի և Չինաստանի միջնորդությամբ, հսկայաքայլ ճեղքում էին կատարել և գնում էին դեպի իրանական ատոմի վերաբերյալ Վիեննայի համաձայնագրերի կնքում, հույս էր արթնանում, որ, հնարավոր է, պատմության մեջ առաջին անգամ Արևմուտքը անկեղծ է և մտադիր է հրաժարվել հակաիրանական քաղաքականությունից: Սակայն 2017-ի ամռան իրադրությունը սկզբունքորեն այլ է, փոխարենը Հայաստանի իշխանություններն առանց այլևայլության բացահայտորեն տարօրինակ քայլ են ձեռնարկում՝ միանալով Իրանի ռազմավարական և հնարավոր պատերազմական հակառակորդներին:


Ի միջի այլոց, կա նաև բարոյական առումով խիստ բացասական ենթատեքստ. բանն այն է, որ հիմա արդեն ոչ մի «բողոք» որևէ մեկի կողմից Ադրբեջանին կատարվող զինամատակարարումների առնչությամբ, պատկերավոր ասած, «չի անցնի»: Եթե Հայաստանի ղեկավարությունը, ամբողջ հայ հասարակությունն այդքան սկզբունքային են, ապա ինչպե՞ս են համաձայնում, որ հայ զինվորներն ու սպաները ՆԱՏՕ-ի դրոշի ներքո ուս ուսի տված «գործընկերություն անեն ընդհանուր թշնամիների դեմ»: Այդ դեպքում ինչպե՞ս վարվենք 2016 թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ռազմական արկածախնդրության զոհերի հիշատակի հետ: Եվ մի՞թե բարոյական բան է թուրքի հետ կողք կողքի կռվելը, եթե նկատի առնենք, որ, օրինակ, Սիրիայի հայերը համոզված են, որ 2012 թվականից իրենք կռվում են հենց Թուրքիայի դեմ: Հայ զինվորականը թուրք զինվորականի կողքին, և դեռ Հայաստանի իշխանություններն ու հայ հասարակությունը, սփյուռքահայությունը հույս ունեն, թե որևէ մեկն աշխարհում լո՞ւրջ կընդունի 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման անհրաժեշտության մասին խոսակցությունները: Ստացվում է, որ ՆԱՏՕ-ի դրոշի ներքո Հայաստանի իշխանությունները պատրաստ են իրենց զինվորականներին ստիպել սեղմելու նաև թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքը, և ոչ միայն դա:

Մնում է՝ Հայաստանի իշխանություններն ասեն, թե այդ ի՞նչ «ընդհանուր թշնամիների» դեմ են իրենք պատրաստ իրենց զինվորականներին ստիպելու կռվել Թուրքիայի և Ադրբեջանի զինվորականների հետ համագործակցած:
Իհարկե, 21-րդ դարը լիովին ընտելացել է ԱՄՆ-ի կարգած անզուսպ բարոյազանցության ու անպատժելիության քաղաքականությանը, սակայն Հայաստանը Ամերիկա չէ, և պահի ռազմավարական սխալի համար նրանից հաշիվ կպահանջեն ոչ միայն գործընկեր երկրները, որոնք ՆԱՏՕ-ի մեջ չեն մտնում, այլև ինքը՝ պատմությունը: Ի դեպ, Իրանը հունիսի 19-ից հետո նախազգուշացրեց աշխարհին, որ կլինի նաև հրթիռային երկրորդ հարվածը Սիրիայում գործող «օտարերկրյա վարձկաններին», իսկ անհրաժեշտության դեպքում նաև երրորդը, չորրորդը... Եվ բոլոր նրանք, ովքեր շարունակում են երազել Անդրկովկասում Իրանի մասնակցությամբ ինչ-որ հակառուսական ռազմաքաղաքական հենահրապարակի ձևավորման մասին, պետք է հիշեն, որ Թեհրանին չի հաջողվել ո՛չ խաբել քաղաքականության մեջ, ո՛չ վախեցնել հունիսի 7-ի ահաբեկչական ակտերով, և որ իրանցիները անսխալ տեսնում են, թե ովքեր են իրենց թշնամիները, ովքեր և ինչ չափով են ռազմական ոլորտում համագործակցում Իրանի թշնամիների հետ՝ ի դեմս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ