Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

«Մարդը, չարաճճի երեխայի պես, խաղում է արարչական ծրագրերի հետ»

«Մարդը, չարաճճի երեխայի պես, խաղում է արարչական ծրագրերի հետ»
14.07.2017 | 09:58

Ընթերցողի սեղանին է ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԻ «Տիեզերքի սրտխփոցը» գիրքը: Ինչպես նշվում է գրքի անոտացիայում, ճանաչված գրողի, գեղանկարչի, հրապարակախոսի հետաքրքրությունների շրջանակում կրկին մարդկային էության, նրա կյանքի գաղտնիքների բացահայտման հիմնախնդիրներն են: Մարդու մտաշխարհի, ներաշխարհի խորքային, հուզական ու զգացմունքային ապրումները կենսական լիցքեր ու հոգեհոսքեր են ստանում տիեզերքից: «Տիեզերքի սրտխփոցը» շուրջ երկու տասնյակ բանաստեղծական գրքերի հեղինակ Արևշատ Ավագյանի երրորդ արձակ գիրքն է: Արևշատ Ավագյանը «Իրատեսի» հյուրն է:


-Ինչո՞ւ «Տիեզերքի սրտխփոցը»:
-Տիեզերքի սրտխփոցը, բառիս բուն իմաստով, ես զգացել եմ դեռ մանկության, պատանեկության տարիներին: Ես Աշտարակում եմ ծնվել և շատ էի սիրում նայել աստղերին: Հարդագողի ճանապարհն ինձ շատ էր գայթակղում, և փորձում էի հասկանալ` արեգակնային լույսը ցերեկն անընդհատ գալիս է, իսկ աստղերի մեծ ու հեռավոր լույսը ո՞ւր է թափվում, ի՞նչ է լինում: Այդպես կամաց-կամաց սկսեցի հասկանալ, որ ես ինքս տիեզերքի անբաժանելի մասնիկն եմ, կենդանի օրգանիզմ: Իմ էության մեջ զգում էի այդ ճառագայթվող լույսի ազդեցությունը, արտացոլումները, ոչ միայն ցերեկը, այլև գիշերը, երբ պառկում էի ու քունս չէր տանում: Ինձ թվում էր` սիրտս ուր որ է կկանգնի, որովհետև խորհրդավոր, հուժկու մի ուժ էի զգում` աստղերին նայելով ու անսահմանության մասին մտածելով: Հիվանդագին աստիճանի էր դա: Հորեղբայրս ինձ տարավ Գերմանիայում ուսանած բժշկի մոտ: Ասացի, որ ամեն գիշեր քնելուց առաջ մահվան զգացողություն եմ ունենում, ինձ թվում է` մահանալու եմ: Բժիշկն ինձ ասաց` եթե ուզենաս էլ, տղա ջան, չես մեռնի, գնա, հանգիստ ապրիր: Գիտենք, թե ինչ է լինում, երբ էներգիան ուժեղ է լինում. լամպերը վառվում են, այլևայլ աղետներ են լինում: Այսինքն, էներգիան պետք է լինի համաչափ, և ներշնչանքը, ոգեշնչումը, որ ես ստանում էի տիեզերքից, ազդում էին իմ էության վրա: Ի վերջո, համոզվեցի, որ տիեզերքում ամեն ինչ` քար, թուփ, ծառ, մենք բոլորս, կենդանի տիեզերքի օրգանական գոյության, նրա հավերժական, անմահ ընթացքի մի մասնիկն ենք: Այստեղից էլ տարիներ շարունակ ծնվել են խոհեր, մտորումներ, իմաստասիրություններ, բանաստեղծություններ:
-Դուք գրում եք. «Իրական կյանքի ռիթմերը և սրտի ռիթմերը հաճախ են հեռանում իրարից»: Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ է խզվում կապը մարդու և բնության միջև:
-Բնականի ու բանականի տարբերության պատճառով: Այն, ինչ բնական է, ճշգրիտ է, հավասարակշռված: Ժամանակային առումով կա հավերժություն, և կան պայմանական բաժանումներ` վայրկյան, րոպե, օր, շաբաթ, ամիս, տարի, դար և այլն: Դրանք ճշգրտված են, և ամեն ինչ կրկնվում է համարյա նույնությամբ, որովհետև տիեզերքի սրտխփոցը, սրտի զարկերակը արարչական ճշգրտությամբ են աշխատում: Իսկ բանականը մարդու անուղղակի փորձն է իր հորը` Արարչին նմանվելու: Եթե Արարողը աստղերը, տիեզերքն է ստեղծել, մարդը դրանք նկարում է, դրանց մասին երգեր է գրում: Երբեմն այդ ամենի մեջ չափազանցություն է լինում, և խախտվում է բնական հավասարակշռությունը: Մարդը, չարաճճի երեխայի պես, սկսում է խաղալ իսկական, բնական, արարչական ծրագրերի հետ, բայց հազարամյակների ընթացքում ոչ մի կենդանի օրգանիզմ, մրջյուն անգամ չի կարողացել ստեղծել:
-«Ոչինչ չի ավելանում աշխարհում, ոչինչ չի պակասում աշխարհից, մահից վախենալու հարկ չկա»: Դուք ասում եք, որ դա պատգամել են մեր նախնիները, որ անցյալն ու գալիքն իրար կապող օղակներ են, և դա է հավերժության գաղտնիքը: Դուք հերքո՞ւմ եք մահը, թե՞ այլ բանաձև ունեք:
-Մահը հերքում է հենց ինքը` բնությունը: Նույնիսկ տգետ, անգիտակից, բայց բնական առողջ ներունակությամբ լցված մարդն իր մտքում, իր ուղեղում, իր բնազդների մեջ կրում է անմահության գեները, որոնք պետք է վերարտադրվեն: Ես շատ եմ գրել ծիրանի ծառի, կորիզի, կորիզի մեջ դրված մոլեկուլային ծրագրի մասին, որը հողը կարդում է, օդը կարդում է, ջուրը կարդում է և բնական ձևով վերարտադրում: Մարդը ծերանում է, կինը ժամանակի ընթացքում գեղեցկությունը կորցնում է, բայց այդ ծաղիկը չի ոչնչանում, նա վերարտադրվում է:
-«Ովքեր ազգի մասին շատ են խոսում, նրանք քիչ ժամանակ են ունենում նրա մասին մտածելու»: Երբ Ձեր այս տողերը կարդացի, մտածեցի սոցցանցերի և Ազգային ժողովի մասին:
-Զարմանում եմ, որ այսքան գիտակից, այսքան տաղանդավոր ազգը հանդուրժում է, որ արդարության երկիրը, հավատի, արարչական երկիրը, նախաստեղծ Հայաստանը գտնվի այսպիսի թշվառ վիճակում: Թույլ է տալիս, որ ընտրակեղծիքներով բոլոր այդ դատարկամիտները, շատախոսները, պոռոտախոսները տեր կանգնեն այն լծակներին, որոնց շնորհիվ օրենքները պետք է գործեն: Օրինակ, նայեք` ամբողջ քաղաքը լցված է արտագաղթը գովազդող հայտարարություններով` բեռնափոխադրումներ, ուղևորափոխադրումներ, նույնիսկ աղբամանների վրա նման հայտարարություններ կան, կանգառներում, ամեն տեղ: Այդ մասին պետք է մտածեն մեր այն այրերը, որոնց տրված է իշխանություն:
-Դուք գրել եք նաև, որ անցյալը մեզ սովորեցնում է ավելի լավ ճանաչել ներկան և ավելի անսխալ գուշակել գալիքը: Բայց հակառակն է` մենք կրկնում ենք սխալները, պատմությունն էլ շարունակ կրկնվում է:
-Պատմությունը կրկնվում է, որովհետև մարդիկ վճարում են, որ իրենց երեխաները կրթություն ստանան, բայց ոչինչ չսովորեն: Թղթով դատավոր, դատախազ, իշխանավոր, ակադեմիկոս դարձած մարդիկ, բնականաբար, չեն կարող անել այն գործը, իրականացնել այն առաքելությունը, որ մեր երկիրը հզորացման կտանի: Իշխանավորները պետք է լինեն գրագետ, ազնիվ, մինչդեռ ճիշտ հակառակն է: Իսկ հակառակը` ժամանակավոր զվարճությունները, ուրախությունը, անցողիկ է: Եթե այսպես մնա, երկիրը չհզորանա, չծաղկի, եթե իսկապես չբարգավաճի, հարուստներն էլ կկորցնեն իրենց հարստությունը:
-Ի՞նչ դեր կարող է ունենալ այս համատեքստում գրականությունը: Ո՞Ւմ և ինչպե՞ս են հասնելու գրողի ձայնը, Ձեր գիրքը, «Տիեզերքի սրտխփոցը»:
-Գիրքս լավ արձագանք է գտել, ունեմ լավ ընթերցող, բայց քիչ է տպաքանակը: Իմ վերջին գիրքը` «Լուսավոր հետագիծը», խորհրդային տարիներին լույս տեսավ 20 հազար տպաքանակով, և այնքան հոնորար էի ստանում, որ ամեն անգամ մեքենաս փոխում էի: Հիմա հեղինակն ինքը պետք է գումար տա տպագրվելու համար ¥իհարկե, իմ գիրքը պետական աջակցությամբ է տպագրվել¤: Կարծում եմ՝ մեր մշակույթը, գրականությունը կարող են ազդել կյանքի բարեշրջման ընթացքի վրա, եթե հեռուստաեթերը մաքրվի մոլախոտերից, եթե պոռոտախոսների, ամեն ինչ զավեշտի վերածողների փոխարեն իսկական հայորդիները, իսկական հայուհիները խոսեն բարոյականության, ճշմարտության, ազատության մասին` մեր երկրի առաջընթացի համար, շատ զավակներ ծնելու համար, աշխատատեղեր ստեղծելու և արտագաղթը կանխելու համար: Արտագաղթը սարսափելի ազդեցություն է ունենալու մեր պետության ճակատագրի վրա: Հարկ է, որ բոլորս մտածենք ներգաղթի մասին: Ես նոր միավորում եմ ստեղծում` «Հայրենատներ» խորագրով: «Հայրենատները» պետք շատացնել, դրանք այն տներն են, որտեղ մարդիկ խոսում են հայերեն, որտեղ առկա են հայ մշակույթի բարերար ազդեցությունը, հայրենասիրությունը, հայրենիքը հզորացնելու, նրա սահմաններն ընդարձակելու ցանկությունը:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ