USD486.78
EUR574.01
RUB8.17
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Որ օրը շատ գոհ լինենք մեզնից, այդ օրը կարելի է «Ոսկե ծիրանը» փակել»

«Որ օրը շատ գոհ լինենք մեզնից, այդ օրը կարելի է «Ոսկե ծիրանը» փակել»
14.07.2017 | 10:09

«Իրատեսի» հյուրը Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆՆ է:

«ԱՐՎԵՍՏԸ ԲՈԼՈՐԸ ՉԷ, ՈՐ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ՇԱՏԵՐՆ ԱՐՎԵՍՏԻՑ ՊԱՐԶԱՊԵՍ ՀԱՃՈՒՅՔ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ»


-Պարոն Ստամբոլցյան, «Ոսկե ծիրանը» ոչ միայն իր շուրջն է համախմբել կինոյի ոլորտի մասնագետներին, այլև հանդիսատեսի ստվար լսարան է ձևավորել: Չե՞ք կարծում, որ այս զանգվածի մեջ կան նաև այնպիսի մարդիկ, որոնք փառատոնի՝ տարեցտարի աճող հեղինակությանը տուրք տալու, պարզապես մոդայիկ երևալու մտայնությամբ են հայտնվում կինոդահլիճներում կամ փառատոնային բազմազան միջոցառումներին:
-Շատ լավ է, եթե նման բանն է դառնում մոդա: Դա նշանակում է, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կամաց-կամաց ճաշակ է դաստիարակում, հանդիսատես է ձևավորում: Վերջին հաշվով, արվեստը բոլորը չէ, որ հասկանում են, շատերն արվեստից պարզապես հաճույք են ստանում: Իսկ եթե ինչ-որ բան արվեստում հավանում են, հետագայում սկսում են նաև մտածել իրենց հավանած երևույթի շուրջ: ՈՒրեմն, դա արդեն ինչ-որ բան տալիս է այդ մարդկանց: Չեմ կարծում, որ «Ոսկե ծիրանով» հետաքրքրվելը միայն մոդային տուրք տալով է պայմանավորված: Մոդան անցողիկ բան է, իսկ արվեստին մերձենալը, դրանով հետաքրքրվելը շատ ավելի լուրջ բան են:

«ՈՐՈՇ ՖԻԼՄԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՄԵԿ ՁԱՅՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ»


-Այս տարի ստացել եք մոտ 1100 հայտ 96 երկրից, որոնցից մրցութային և արտամրցութային ծրագրերում ներառել եք ավելի քան 100 ֆիլմ: Լրատվադաշտի ներկայացուցիչների համար կազմակերպված նախնական կինոցուցադրություններից հետո գոնե ինձ համար պարզ դարձավ, որ Միջազգային խաղարկային ֆիլմերի ցանկից առնվազն վեց-յոթ ֆիլմ կարող է դասվել մրցանակի հավակնորդների թվին: Եթե նախորդ տարիներին մեկ-երկու ֆիլմ էր արժանանում համընդհանուր համակրանքի, այս տարի դժվարանում էինք նախապատվությունը տալ այս կամ այն ֆիլմին, որովհետև բոլորն էին հաջողված՝ իրենց ասելիքով, մատուցման ձևով, դերասանական խաղով, ռեժիսորական, օպերատորական աշխատանքով: Հետաքրքիր է իմանալ, թե ինչ ֆիլմեր են մնացել ընտրությունից դուրս. դրանք շա՞տ թույլ ֆիլմեր են եղել, թե՞ պարզապես դժվար է եղել դիմանալ մրցակցությանը:
-Մի մասը, իհարկե, թույլ ֆիլմեր էին և միանգամից էին դեն նետվում: Բայց կային և այնպիսիները, որ կարող էին մրցակցել ընտրվածների հետ: Պարզապես մանրամասնորեն քննարկում էինք հանձնաժողովում բոլոր լավ ֆիլմերը, մտածում, թե դրանցից որը պետք է վերցնենք փառատոնային ծրագրում, որը՝ ոչ: Երբեմն կարծիքները, հակասական մոտեցումներն այնքան շատ են եղել, որ որոշ ֆիլմերի դեպքում ընտրությունը կատարվել է մեկ ձայնի տարբերությամբ:
-Ի՞նչ եք կարծում, այս տարվա մրցութային ժյուրիի համար ավելի դժվա՞ր է լինելու ընտրության խնդիրը, քան նախորդ տարիներին:
-Իսկապես, այս տարի շատ ծանր է լինելու ժյուրիի աշխատանքը: Ամեն տարի էլ ես զգում եմ, որ նրանց համար դժվար է լինում ինչ-որ բան ընտրելը և մյուսներից գերադասելը: Դա խոսում է այն մասին, որ «Ոսկե ծիրանի» կազմած ծրագիրը վատը չէ: Համենայն դեպս, փառատոնային ցանկում ընդգրկվում են իրենց գեղարվեստական մակարդակով համարժեք ֆիլմեր, և դրանց գնահատական տալը բավական բարդ է լինում ժյուրիի անդամների համար:

«ՀԱՅԵԼՈՒՆ ՆԱՅԵԼԻՍ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՉԷ, ՈՐ ԻՆՔԴ ՔԵԶ ԴՈՒՐ ԵՍ ԳԱԼԻՍ. ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԵԼԻՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ»


-14-րդ «Ոսկե ծիրանը» իր շուրջն է համախմբել աշխարհի լավագույն ժամանակակից ռեժիսորներին՝ Հյու Հադսոնին, Յուջին Քորին, Սիռո Գեռային, Ալեքսեյ Ֆեդորչենկոյին, Էլդիկո Էնյեդիին, Թոմ Ֆասարդին, Միքելանջելո Մեսսինային, այլոց, ինչպես և անդրադառնում է համաշխարհային կինոյի դասականներին՝ Ժան-Պիեռ Մելվիլին, Անջեյ Վայդային: Համառոտ կբնութագրե՞ք նրանց և փառատոնի ծրագրում ընդգրկված նրանց ֆիլմերը:
-Դասականներն արդեն վաղուց բնութագրված ու արժևորված են, ընդամենը պետք է գալ, դիտել ու հաճույք ստանալ այդ ֆիլմերից: Իսկ այն մարդիկ, ովքեր այսօր են ստեղծում իրենց կինոն և ովքեր կհյուրընկալվեն մեր փառատոնին, ինչպես, օրինակ, Էլդիկո Էնյեդին, Սիռո Գեռան, այն ռեժիսորներն են, որոնք շատ մեծ ներուժ և տաղանդ ունեն, նշանավոր փառատոներում բարձր մրցանակներ են շահում մշտապես, հանդիսատեսի սիրտն են շահում: Սրանք այն ռեժիսորներն են, որոնցից սպասելիքներ ունենք, վերջին հաշվով: Ռեժիսորներ են, որոնք սպառված չեն, որոնք ներկայում շարունակում են աշխատել, և մարդիկ մեծ հետաքրքրությամբ սպասում են նրանց նոր գործերին:
-Շառլ Ազնավուրի հրապարակում երեք աստղ է ավելացել, նաև այս կինոգործիչներին ներկայացնող ֆիլմեր են նկարվել՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ մեծարումը այդ մարդկանց կինոստեղծագործությունների ցուցադրությամբ էր կայանում: Սա հեռանկար խոստացող ավանդո՞ւյթ է:
-Ոչ, չեմ կարծում, թե սա ավանդույթի հետ կարելի է կապել: Բանն այն է, որ մենք յուրաքանչյուր հինգ տարին մեկ անդրադառնում ենք հայ կինոգործիչների հոբելյաններին և «Ոսկե ծիրանի» ընթացքում ցուցադրում նրանց ֆիլմերը: Իհարկե, ընտրում ենք լավագույն ֆիլմերը, և դրանք արդեն ցուցադրվել են մի քանի անգամ: Բացի այդ, ոչ միայն «Ոսկե ծիրանի» օրերին, այլև տարվա ընթացքում բավական հաճախ մարդիկ տեսնում են այդ ֆիլմերը հեռուստատեսությամբ և արդեն անգիր գիտեն դրանցից շատերը: Այդ պատճառով էլ փորձեցինք խուսափել կրկնությունից և ցուցադրել նոր ֆիլմեր, որոնք ոչ թե նրանց ստեղծածներն են, այլ պատմում են նրանց մասին: Կարծում եմ, որ սա ավելի հետաքրքիր կլինի հանդիսատեսի համար:
-«Ոսկե ծիրանի» ֆիլմացանկն ընտրելիս խուսափո՞ւմ եք այն ֆիլմերից, որոնք բացասաբար են ներկայացնում մեզ՝ հայերիս:
-Կարծում եմ, որ մենք մի քիչ հանդուրժող պետք է լինենք և ինքներս մեզ կարողանանք նայել նաև կողմնակի հայացքով:
-Այսինքն, եթե մենք նույնիսկ այս կամ այն ֆիլմում ներկայացված չենք շահեկան լույսի ներքո, պետք է չխուսափե՞նք այդպիսի ֆիլմերը ցուցադրելուց ու ներկայացնելուց:
-Շահեկանությունը և ոչ շահեկանությունը այս դեպքում մեր սուբյեկտիվ կարծիքն է: Յուրաքանչյուրս կարող է համաձայն լինել կամ չլինել մատուցվող տեսակետին, ունենալ իր անձնական կարծիքը: Բոլորն էլ ձգտում են շատ գեղեցիկ երևալ, բայց հայելուն նայելիս ամեն անգամ չէ, որ ինքդ քեզ դուր ես գալիս. այդ դեպքում հայելին մեղավոր չէ:
-Արայիկ Խանջյանն առաջարկում է ֆիլմերի հայտ ներկայացնելու համար սահմանել ինչ-որ վճար: Ըստ նրա՝ դա և՛ կկանխի թույլ ֆիլմերի հոսքը կինոփառատոն ու կհեշտացնի ընտրություն կատարողների աշխատանքը, և՛ նյութական միջոցների ներհոսք կապահովի: Որպես «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի համահիմնադիր՝ ինչպե՞ս եք վերաբերվում այս առաջարկությանը:
-Մեր գործընկերների մի մասը համաձայն է Արայիկի հետ, ես կտրականապես դեմ եմ:
-Ինչո՞ւ, Դուք ցանկանում եք, որ «Ոսկե ծիրանի» դաշտն առավել բաց ու հասանելի՞ լինի կինոգործիչների համար:
-Ես համարում եմ, որ այդպիսի իրավունք իրենց կարող են վերապահել բացառապես մեծ կինոփառատոները, ինչպիսիք են Կաննի, Բեռլինի, Վենետիկի կինոփառատոները: Նույնիսկ չգիտեմ՝ Լոկառնոյի կամ Ռոտերդամի կինոփառատոները վերցնո՞ւմ են գումար ֆիլմ ներկայացնելու համար, թե՞ ոչ: Օրինակ, ամերիկյան բոլոր մեծ ու փոքր փառատոները վերցնում են, բայց մենք Ամերիկա չենք, ուստի կարծում եմ, որ մեր գործը հեշտացնելու համար բոլորովին չարժե սահմանափակումներ դնել մարդկանց առաջ, առավել ևս՝ գումարային: Դա մեզ ոչինչ չի տա:
-Մտածում եք, որ այդ դեպքում կկրճատվի՞ «Ոսկե ծիրանին» մասնակցության հայտ ներկայացնողների թիվը:
-Կարծում եմ՝ կտրուկ կկրճատվի: Ես մտածում եմ, որ ինչ-որ վատ բան կա դրանում:

«ՍԿԶԲՈՒՄ` ՈԳԵՎՈՐՎԱԾ, ՎԵՐՋՈՒՄ` ՈՏՔԻ ՎՐԱ ՀԱԶԻՎ ԿԱՆԳՆԵԼՈՎ»


-Պարոն Ստամբոլցյան, Ձեր խոստովանությամբ` 14-րդ «Ոսկե ծիրանը» մի շարք մտահղացումներ հետաձգել է՝ դրանք հոբելյանական 15-րդում իրագործելու մտադրությամբ: Ինչ-որ շեշտակի փոփոխությունների՞ սպասենք հաջորդ փառատոնի ընթացքում:
-Եթե ողջ մնանք և համապատասխան ֆինանսավորում ունենանք` այո՛:
-Ի՞նչ տրամադրությամբ եք անցկացնում 14-րդ «Ոսկե ծիրանը»: Գիտեմ, որ աշխատանքային ծանր առօրյան բնորոշ է թե՛ կինոփառատոնի մեկնարկին նախորդած շաբաթներին, թե՛ բուն փառատոնայինին, հասկանալի է, որ շատ եք հոգնում, լարվում:
-Ամեն ինչ այնպես է, ինչպես նախորդ տարիներին. սկզբում՝ ոգևորված, վերջում՝ ոտքի վրա հազիվ կանգնելով:
-Իսկ ե՞րբ է գալիս կայացած հերթական փառատոնի արժևորման պահը: Ե՞րբ է նահանջում հոգնության, հուզական ընկալումների շրջանը և տրվում կինոփառատոնի սթափ գնահատականը՝ կազմակերպչի աչքով:
-Դժվարանում եմ ասել: Միշտ էլ ինչ-որ բաներ կան, որոնցից ես դժգոհ եմ լինում և համարում եմ, որ հաջորդ փառատոների ընթացքում դրանք պետք է շտկել, փոփոխել: Առհասարակ կարծում եմ՝ որ օրը շատ գոհ լինենք մեզնից, այդ օրը կարելի է «Ոսկե ծիրանը» փակել:
-Հուսանք, որ «Ոսկե ծիրանի» փակման մասին խոսակցությունները միայն խոսակցություններ են:
-Դա շատ ռեալ բան է, եթե «Ոսկե ծիրանը» ֆինանսավորում չունենա: Առանց գումարների՝ ի՞նչ փառատոն: Առանց այդ էլ մենք նվազագույն սահմանների մեջ ենք տեղավորվում: Եթե «Ոսկե ծիրանը» համեմատենք նույն կարգի այլ կինոփառատոների հետ, ֆինանսների մասով ամենածիծաղելի պատկերն է մեր դեպքում:

«ՄԵՆՔ ՁԳՏՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԲՈԼՈՐՆ ԻՐԵՆՑ ԼԱՎ ԶԳԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ԶԳԱՆ, ՈՐ ԻՍԿԱՊԵՍ ՏՈՆ Է»


-Այսուհանդերձ, «Ոսկե ծիրանը» համարվում է տարածաշրջանի լավագույն կինոփառատոնը: Սա ինչի՞ հաշվին է, եթե ոչ ֆինանսների:
-Նախ և առաջ՝ ճիշտ ընտրություն կատարելու, ճիշտ աշխատելու հաշվին է. նկատի ունեմ թե՛ ֆիլմերի, թե՛ մասնակիցների և հյուրերի ընտրությունը, թե՛ աշխատանքների կազմակերպման սկզբունքները: Շատ կարևոր է նաև մթնոլորտ ստեղծելու ունակությունը: Մենք ձգտում ենք, որ բոլորն իրենց լավ զգան փառատոնի շրջանակներում, զգան, որ իսկապես տոն է, որ մարդիկ առօրյայից մի քիչ կարողանան կտրվել, բայց և միաժամանակ առնչվեն արվեստի հետ: Դա էլ հենց ստեղծում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասին կարծիք, ապահովում ինչ-որ մակարդակ, ձևավորում ֆենոմեն:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ