Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ողջո՜ւյն քաջին»

«Ողջո՜ւյն քաջին»
14.07.2017 | 10:30

Զորավար Անդրանիկը կանգնում էր զորքի առջև ու գոչում.
-Ողջո՜ւյն քաջաց:
Իսկ շարքերը միահամուռ պատասխանում էին.
-Ողջո՜ւյն քաջին:
Բոլորը հավասար էին, բոլորը` քաջեր, բոլորը հավասարապես հայրենիք ու ժողովուրդ էին պաշտպանում:
Ես շատ կուզեի, որ այսօր Հայաստանի և Արցախի զինված ուժերում` մեր հերոսական բանակում, գոնե որևէ զինվորական ուսումնական հաստատությունում ողջույնի այս ձևը կիրառվեր: Բայց քանի դեռ դա չի արվել, ոչ ոք ինձ չի կարող խանգարել, որ հրապարակումս անվանեմ «Ողջո՜ւյն քաջին»:

Անդրանիկի սիրած խոսքն էր. «Եթէ քո գնդակները նպատակին չեն հասնում, ազնիւ եղիր` ինքդ քեզ կրակիր: Այդ դէպքում դու անպայման նշանին կխփես ու մեզ էլ աւելորդ բերանից կազատես»:


Ահա այս նշանաբանը նկատի ունենալով, նրա զինվորներից մեկը հետևյալն է պատմել.
-Երդւում եմ զինուորական պատուովս, որ մեր և ոչ մի գնդակը իզուր չի կորել, որովհետև երբ մի անգամ թշնամին չդիմանալով մեր հարուածին ստոր փախուստի դիմեց, նրա թողած դիրքերում մենք հանդիպեցինք մօտ 350 դիակների և մեծ քանակութեամբ վիրաւորների, որոնց նա ժամանակ չէր ունեցել հետը վերցնելու: Վիրաւորներից շատերը մեզ աղերսում էին սպանել իրենց, բայց Անդրանիկը մահուան սպառնալիքով խիստ հրաման տուեց` ոչ ոքի չսպանել: Մենք գերի վերցրինք 70 հոգու, որոնց մէջ էր գլխաւոր շտաբի մի սպա: Դրանց բոլորին Խոյ ենք ուղարկել:

Վանի շրջանում կռիվներից մեկը տևեց 27 ժամ և ավարտվեց Անդրանիկի լիակատար հաղթանակով: Զորավարը կորցրեց 10 սպանված ու 18 վիրավոր: Ամեն սպանվածի համար ափսոսանք էր հայտնում, որ 20 թշնամի ողջ մնաց, որովհետև իր զինվորներից յուրաքանչյուրին հարաբերակցում էր 20-ի հետ: Երբ նրան ասում էին, թե թուրքերը 8000 են, պատասխանում էր` ուրեմն 400 մարտիկը բավական է:

1914 թ. նոյեմբերի 18-ին Անդրանիկը գերեվարեց քուրդ ցեղապետեր Առաթել-բեկին, Օսման-բեկին (Մլանցի ցեղից), Նահիր-բեկին (Մուկուրցի ցեղից), Սադն-բեկին (Շամսեկցի ցեղից), Հասան-բեկին (Աշոշցի ցեղից), Հուսեին-բեկին (Բետկորցի ցեղից), եզդի Ջալիա-աղային: Սրանք բոլորն անձնատուր եղան իրենց մարդկանցով ու գյուղերով:
Երբ Անդրանիկի կամավորներն ու ռուսական ջոկատները շրջապատում են նրանց գյուղերը և ակնհայտ է դառնում, որ դիմադրությունն անիմաստ է, երեք մարդ են ուղարկում Անդրանիկի մոտ` երեք քուրդ ցեղապետերի ստորագրությամբ նամակով: Թուրքերեն գրության տեքստը այսպիսին էր. «Հայ մարտիկների ամենազոր և անհաղթ պետ Անդրանիկին` դիմում: Ամենազորեղ պե՛տ, բախտը դավաճանեց մեր զենքին, որովհետև մեր կառավարության ձեռնարկած գործն անարդար է, ինչի համար էլ Աստված մեզ պատժում է: Ռուսական հաղթական դրոշի առջև գլուխ ենք խոնարհում, Ձեր իշխանավորների ոտքերի տակ դնում մեր ամենահավատարիմ հպատակության զգացումները և հայտնում Քեզ` փառավոր ժողովրդի առաջնորդիդ, մեր ամբողջ մարդկանցով ու զենքով ձեր կողմն անցնելու ցանկությունը, եթե Դու, անհաղթելի պետ, ապահովես մեր կյանքն ու ազատությունը: Քո ամենաողորմած պատասխանը կարող ես հանձնել այս մարդկանց, որոնք, պե՛տ, քեզ կբերեն այս նամակը»:
Իր պատասխանով Անդրանիկն իր պատվով երաշխավորում է նրանց անձի անձեռնմխելիությունը և համաձայնում ընդունել: Հաջորդ օրը բեկերը նվերներով և իրենց մարդկանցով գալիս են` արժեքավոր տեղեկություններ հաղորդելով թուրքերի դրության և ռազմական վիճակի մասին:


Անդրանիկը պահակների հսկողությամբ բոլոր բեկերին ուղարկում է Խոյ:

Անդրանիկը զորախմբում ուներ Հասան անունով մի քուրդ, որը 25 տարի հավատարմորեն ծառայում էր իրեն: Հասանը քաջածանոթ էր բոլոր տեղանքներին, ճանապարհներին, լեռնային կածաններին և բազմիցս նպաստել էր Զորավարի ռազմական գործողություններին: Այդ քրդի համար թուրքական կառավարությունը գլխագին էր նշանակել:

Կռիվներից ազատ ժամանակ Անդրանիկը հաճախ ասում էր իր զինվորներին.
-Տղերք, խաղաղ ժամանակ դուք ինձ ծառայեցէք, կռուի ժամանակ` ես ձեզ:

1916 թ. ամռանը Անդրանիկն ամիսուկես գտնվում էր Պյատիգորսկում` քայքայված առողջությունը վերականգնելու նպատակով: Տեղեկանալով այդ մասին, տեղի հայ համայնքը ցանկություն է հայտնում նրա բոլոր ծախսերն ստանձնել, սակայն Զորավարը կտրականապես մերժում է: Բայց երբ Հայ կանանց բարեգործական ընկերության տեղական մասնաճյուղը ուղերձով հանդերձ 300 ռ. է տրամադրում հօգուտ հայ կամավորների, Անդրանիկը, ի պատասխան, շնորհակալական նամակ է ուղարկում, ցանկություն հայտնելով, որ մյուսներն էլ հետևեն նրանց օրինակին:

1919 թ. վերջին Անդրանիկը գտնվում էր ԱՄՆ-ում: Դեկտեմբերի 11-ին Բոստոնի «Սաութ Արմըրի» սրահում նա կազմակերպեց դրամահավաք և ազգակիցների առջև հանդես եկավ հետևյալ ելույթով.


«Յարգելի հայրենակիցներ
Աշխարհի մէջ եթէ կայ բան մը զոր կ’ատեմ ամէնէն աւելի` դրամ հանգանակելն է: Երբէ՛ք այս գործը ըրած չեմ կեանքիս մէջ: Այսօր սակայն, պարագաներու բերմունքով, ստիպուած եմ այդ չսիրած գործս ընել: Մանչէսթրի և Լոնդոնի մէջ հանգանակութիւն մը կատարուելով, հաւաքուեցաւ մօտաւորապէս 50.000 անգլ. ոսկի: Կանխաւ եղած համաձայնութեամբ մը անգլիացիք այս գումարը կրկնապատկեցին, և այդ դրամով առնուեցան հետևեալները` 200.000 յարտա (բրիտանական և ամերիկյան յարդ=91,4 սմ – Խ. Դ.) կտաւ, 40.000 զոյգ գուլպայ, 60.000 տրեխ, 2000 կաշի, 20.000 զինուորական հագուստ, 14.000 բուրդէ զինուորական շապիկ, 16 թօնօ (տոննա - Խ. Դ.) օճառ, 1000 ոսկիի դերձան, 50 հազար թաշկինակ և այլն: Եւ որովհետև ուղղակի Երևան ապրանք կարելի չէր ղրկել, քանի որ վրաց կառավարութիւնը Պաթումի մէջ կը պահեր զանոնք, մասնաւոր դիմում մը եղաւ գնդապետ Հասքէլի որ այս ամէնուն փոխադրութեան հոգ տանի: Անիկա մեր խնդիրքը ընդունեց և խոստացաւ կարելի եղածին չափ շուտ գնուած ապրանքները Երևան հասցնել:
Շատեր այսօր կ’ըսեն թէ Անդրանիկ Երևանի Հանրապետութիւնով բնաւ չի հետաքրքրուիր: Բայց իմ ըրածս չա՞պացուցաներ արդեօք թէ այսօրուան պլպլացող ազգասէրներէն աւելի կը հոգամ Հանրապետութիւնը: Պ. Ահարոնեան, իմ օրինակիս հետևելով, խնդրեց գնդապետ Հասքէլէն որ իր ղրկած ապրանքներուն ալ հոգ տանի: Պպ. Պօղոս Նուպար և Ահարոնեան, Մանչէսթրի մէջ իմ ըրածէս քաջալերուելով, առաջարկեցին ինծի որ Ամերիկա երթամ ու հոն գտնուող 100.000 ամերիկահայութեան մէջ ալ հանգանակութիւն մը կատարեմ: Հոս հասնելէս վերջ ուզեցի ընդհանուր համագործակցութիւն մը ստեղծել, որպէսզի ձեռնարկը աւելի հավաքական բնոյթ կրէ ու աւելի արդիւնաւոր ըլլայ: Գտնուեցան անհատներ և հօսանքներ սակայն, որոնք այս գործին մէջ կուսակցական նեղմտութիւն մտցնելով չուզեցին քաջալերել ձեռնարկը: Եւ սակայն բնաւորութեամբ արագաշարժ ըլլալով, և միւս կողմէ կարիքն ալ վայրկեանէ վայրկեան աւելի ստիպողական դառնալուն, ուզեցի մղում տալ հանգանակութեան գործին: Անոնք որ պատմութեան և ազգին առջև կ’ուզեն անպարտ դուրս գալ, պէտք է հիմայ առատաձեռնօրէն մասնակցին»:


Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ Զորավարի հատու, անսեթևեթ խոսքը, և ի՞նչ արդյունք գրանցեց նրա հանգանակությունը:
Ժողովվեց 55000 դոլար. խոշոր նվիրատվություններ կատարեցին ծխախոտարդյունաբերող Մ. Ս. Գոնտազյանը` 25000 դոլար, Ալեքսանդր Գևորգյանը` 5000, Ժիրայր Կյուրեղյանը` 2000, Մարտիրոս Ժամկոչյանը, Կիրակոս Սարգիսյանը, Սարգիս Ադամյանը` 1000-ական, Սեդրակ Սարաֆյանը` 700, «Հայուհեաց ազգանվէր ընկերությունը»` 600, «Հայ ազգային կարմիր խաչի կենտրոնական մարմինը»` 500 դոլար:
Որոշվեց հանգանակված գումարը բաժանել հետևյալ կերպ. Պոլսո պատրիարքարանին` 50 %, Կիլիկիո կաթողիկոսությանը` 20 %, ՀԲԸՄ-ին` 10 %, մնացյալը` Երևանի Հանրապետությանը` հագուստի և այլ անհրաժեշտ իրերի տեսքով:


Սփյուռքի թերթերից մեկը գրեց. «Այսպէս ամեն հայ որ մէկ տօլար կը նուիրէ այսօր Ամերիկայի մէջ, այն վստահութիւնը ունի թէ իր տուած նուէրը պիտի կրկնապատկուի: Պօսթընի հայերը իրենց առաջին հանգանակութեամբ մօտաւորապէս մէկ միլիոն ֆրանք հաւաքեր էին: Իրապէս երկու միլիոն պիտի հասնի Հայաստանի և հայ ժողովրդի»:
Քանի որ Անդրանիկի կազմակերպած դրամահավաքը առաջինն էր Բոստոնի հայության համար, որոշվեց շարունակականությունն ապահովելու համար ստեղծել Հանգանակության կենտրոնական հանձնախումբ հետևյալ կազմով. ատենապետ` Շահե վրդ Գասպարյան, փոխատենապետ` Պատրիկ Գյուլբենկյան (Գալուստի հորեղբոր որդին), ատենադպիր` Երվանդ Մեսիայան, փոխատենադպիր` Մաղաք Պերպերյան, գանձապահ` Միհրան Կարագյոզյան, որի եղբայր Արշակը 1942-ին դարձավ ՀԲԸՄ նախագահ, Մ. Ս. Գոնտազյան` փոխգանձապետ, վերապատվելի Գ. Պետրոսյան` ընդհանուր քարտուղար:
Բոստոնյան առաջին դրամահավաքի ժամանակ տեղի ունեցավ մի հիշարժան իրադարձություն ևս` ոմն Գևորգ Գազանճյան հանգանակությանը մասնակցեց 100 դոլարով, բայց Անդրանիկին նվիրեց… ոսկեզօծ սուր:

1915-ի սարսափելի օրերին, երբ ռազմական անհրաժեշտության պատրվակի ներքո օսմանյան կառավարությունն սկսեց տարագրել ու ջարդել 600000 հայերի, Շապին-Գարահիսարում տեղի ունեցավ դյուցազնական ինքնապաշտպանություն: Այստեղ բոլոր հայերը` տղամարդիկ ու կանայք, զինվեցին ու ցմահ կռվեցին, փոխանակ թուրքական զորքերի ներխուժմանը տեղի տալու: Նրանք թուրքին դիմադրեցին իննսուներկու օր (ողջ մնացին միայն հինգ հոգի), և բոլորն էլ զոհվեցին լոկ այն ժամանակ, երբ Էնվերի զորքերը խոշոր հրետանու կրակով հիմնահատակ կործանեցին պաշարված քաղաքը:


Ջարդի երկյուղը չէր, որ տեղի հայերին մղել էր այդպիսի ինքնապաշտպանության: Մահվան դատապարտված այդ տղամարդիկ ու կանայք ներշնչված էին մի մարդու ոգով, որի անունն այդ իննսուներկու օրվա ընթացքում բոլորի շուրթերին էր: «Անդրանիկի ծննդավայրը պետք է արժանի լինի Անդրանիկի անվանը: Եթե սա չապացուցենք, Անդրանիկը կթքի մեր երեսին»,-կրկնում էին նրանք:
Հարկ է նշել, որ թեև Անդրանիկը կես դար առաջ էր ծնվել Շապին-Գարահիսարում, սակայն ավելի քան երեսուն տարի ծննդավայրից հեռու էր ապրում:
Անդրանիկը հայ Ռոբին Հուդն է, հայ Գարիբալդին և հայ Վաշինգտոնը` մեկտեղված:
Մելվիլ Չեյթերի
«Հայ Գարիբալդին»
հոդվածից
1919 թ.


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 7235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ