Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Կեղծ ազատականությունը արժեքային ներկան վերածում է աղբանոցի»

«Կեղծ ազատականությունը արժեքային ներկան վերածում է աղբանոցի»
14.07.2017 | 10:41

Զրուցակիցս ճարտարապետ ԴԱՎԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ է, «Հայերեն խոսող հուշարձաններ» վերլուծական պատկերագրքի, նաև մի շարք մասնագիտական հոդվածների հեղինակ, քաղաքացիական ակտիվիստ, որը ժամանակին Երևանի «Փակ շուկայի» «վերախմբագրման» դեմ պայքարի կիզակետում էր:


«ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲԱՐՁՐԱԿԵՏԸ ԱՆԻԻ ՇՐՋԱՆՆ Է»


-Դավիթ, վերջերս անցնում էի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Պ. Յավորովի անվան թիվ 131 դպրոցի մոտով, որի բակում մի հաղթահասակ խաչքար էր վեր հառնում՝ նվիրված նշյալ կրթօջախի հիմնադրման 50-ամյակին: Երևանում, առհասարակ երկրում, խաչքարային բում է: Խաչքարը, կարծես, վերածվում է զանգվածային արտադրության:
-Խաչքարը ինքնին հայկական եզակի մշակութային արժեքներից է: Այն մեծ զարգացում ապրեց միջնադարում, արդեն ուշ միջնադարում խաչքարերը սկսեցին կրել որոշ փոխազդեցություններ, ինչի օրինակը Ջուղայի խաչքարերն են: Մուսուլմանական մշակույթների ազդեցությամբ ինչ-ինչ համաչափական շեղումներ եղան, որոնք դիտարկվում են որպես խախտումներ: Խաչքարային մշակույթի բարձրակետը Անիի շրջանն է, 10-14-րդ դարերը: Մեր օրերում խաչքարերի ստեղծման մշակույթը նոր շրջափուլ թևակոխեց:
-Հենց սա է, որ ինձ վախեցնում է. ո՞վ, որտե՞ղ և հանուն ինչի՞ կամ հանուն ո՞ւմ կարող է խաչքար տեղադրել:
-Ճանաչված ճարտարապետ Ռոմեն Ջուլհակյանին մի անգամ հարցնում են, թե ինչու նա դասական խաչքարի ավանդույթով «իր» խաչքարերը չի ստեղծում: Ջուլհակյանը պատասխանում է. «Բայց ես ո՞վ եմ, որ դասական խաչքար պատկերեմ: Միջնադարում խաչքար կերտող վարպետը շատ լուրջ դպրոց էր անցնում, ամիսներ շարունակ աղոթք էր կարդում, ահռելի փորձություն էր հաղթահարում ու նոր միայն խաչքար էր կերտում: Մեր արագընթաց ժամանակը միջնադարի հոգեվիճակի անդրադարձը չէ, ներկա խաչքարագործը չի կարող ամիսներ շարունակ աղոթք կարդալ և նախապատրաստվել արարմանը: ՈՒ նա ինչ-որ մոդեռն խաչքար է ստեղծում և հավանաբար մտորում է, որ չի կարող ոտք գցել իր արհեստակից միջնադարյան վարպետների հետ: Եվ ներկա խաչքարագործը ենթարկվում է իր ժամանակի պահանջներին»:
-Իմ անհանգստությունը հասկանալի է, տեսանելի ապագայում չի բացառվում, որ արդեն յուրաքանչյուր դպրոց, մանկապարտեզ և քոլեջ իր հաստատության առջև խաչքար տեղադրի:
-Յուրաքանչյուր արժեքավոր բան կորստյան է մատնվում, երբ վերածվում է ցուցքի: Կրկնությունը, անհարկի վերարտադրությունը, քանակը, պատճենումը խեղաթյուրում են այս պարագայում խաչքար-երևույթն ու այն միջավայրը, որտեղ այն տեղադրվում է: Նույն կերպ երաժշտության ոլորտում ոչ հարիր, ոչ պատշաճ մոտեցմամբ հաճախ են խեղաթյուրում Կոմիտասի երաժշտության ավանդույթը:

«ՆՐԱՆՔ ՈՒՂՂԱԿԻ ԻՆՔՆԱԿԱՅԱՑՄԱՆ ԲԱՐԴՈՒՅԹՈՎ ԵՆ ՏԱՌԱՊՈՒՄ»


-Այսպիսով, տեղադրե՞լ խաչքարեր, թե՞ ձեռնպահ մնալ:
-Ըստ իս չի կարելի կտրուկ միջոցների դիմել և արգելել խաչքարերի ստեղծումը: Պարզապես ամեն բան պետք է իմաստավորել, առավել ևս, որ ներկա քաղաքաշինությունը ուղղակի շիլաշփոթային իրավիճակներ է ձևավորել մասնավորապես Երևանում: Այսօր չունենք այն անաղարտ միջավայրը, որտեղ կարելի է և պետք է արդի խաչքարային մշակույթ զարգացնել: Լավ օրինակ է Կասկադը, որտեղ ուրույն պատմամշակութային միջավայր է ձևավորվել, այնտեղ տեղակայված երեք խաչքարերն ամբողջովին մերված են Կասկադի քանդակային ճարտարապետությանը: Շատ խաչքարեր անհարիր են իրենց քաղաքաշինական-ճարտարապետական միջավայրերին, մի բան, որ խիստ բնորոշ է նաև ժամանակակից արձաններին: Ալեքսանդր Թամանյանի կոթողային արձանի կողքին հերթագայող քանդակների գերարդիական նմուշները մեծ ճարտարապետին մխրճեցին ինչ-որ «կատվի և ծտի» մշակութային ռիթմի մեջ:
-Թամանյանի արձանի դիմահայաց այգին բռնազավթել է սրճարանը, ու արդեն այն փակված է մայրաքաղաքի և նրա բնակիչների, նաև հյուրերի համար:
-Կեղծ ազատականությունը արժեքային ներկա համակարգը վերածում է աղբանոցի: Մայրաքաղաքի շատ հատվածներ, հայտնի արտահայտության համաձայն, դարձել են «քոչվորի դոշակ»: Ինչ-որ ճչացող պաստառներ են. օտարալեզու գրություններ, խառնիճաղանջ այլ բաներ:
-Ի սեր Երկնավորի, ի՞նչ են կամենում դրանց հեղինակները մեզ ասել և ի՞նչ պատգամել սերունդներին:
-Նրանք ուղղակի ինքնակայացման բարդույթով են տառապում, ուրիշ ոչինչ: Այդ տխրահռչակ բարդույթը չպետք է տարածվի խաչքար արարողների և հովանավորների վրա:


Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2832

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ