Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քանդակ. հանրապետական ցուցահանդես

Քանդակ. հանրապետական ցուցահանդես
14.07.2017 | 10:42

2017 թ. հունիսի 27-ին նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում բացվեց քանդակի հանրապետական ցուցահանդեսը, ներկայացված էին տարբեր սերնդի հայ քանդակագործների 30 ստեղծագործություններ: Ցուցասրահում տեղ էին գտել քանդակի տարբեր տեսակներ` արձանիկներ, մարմնաքանդակ, կիսանդրի, փոքր ձևերի բավական կենդանի ու անմիջական քանդակներ, խմբաքանդակներ: Ցուցահանդեսում արվեստասեր հասարակության դատին են ներկայացվել տարբեր ժանրերի քանդակներ` դիմաքանդակ, նյու ժանրի (մերկ մարմնի պատկերում) աշխատանքներ, անիմալիստական և կենցաղային ժանրի գործեր: Տարբեր նյութերով արված (բրոնզ, փայտ, մարմար և այլն), տարբեր ուղղությունների (ռեալիզմ, աբստրակցիոնիզմ) գործեր կային:
Էքսպոզիցիայում անմիջապես աչքի են զարնում Գևորգ-Ջորջ Քասաբյանի` նյու ժանրի երեք աշխատանքները («Կանացի ֆիգուր N1», «Կանացի ֆիգուր N2», «Կանացի ֆիգուր N3»), որոնք ներկայացնում են կնոջ մարմնի առանձին հատվածներ: Նշված երեք քանդակները տպավորում են իրենց ծավալայնությամբ և նյութականությամբ: Նյու ժանրի հետաքրքիր աշխատանքներ են նաև Վահան Գալստյանի` պլաստիկական հմուտ մշակումներով արված «Լիլիթ», «Եվա» քանդակները և «Խաթարված արժեքներ» փոքր ձևերի քանդակը, որում շատ արտահայտիչ են կերպարների դիմագծերը:


Նշված ժանրի մեկ այլ տպավորիչ գործ է Տիգրան Բագամյանի մարմարյա մարմնաքանդակը, որում կերպարն աչքի է ընկնում քնարականությամբ: Գոռ Հովհաննիսյանի նյու ժանրի աշխատանքը, որը ցուցահանդեսում ներկայացված գործերից չափերով թերևս ամենամեծն է, ևս արժե հիշատակել: Այս բոլորաքանդակը բավական ծավալային է, քանդակի բոլոր մասերը հավասարակշռված են, լավ հաշվարկված է տարբեր դիտակետերից դիտելու համար:
Տպավորիչ են անիմալիստական ժանրի գործերը` Սարգիս Քալաշյանի «Չաու-չաու» բրոնզե մանրաքանդակը, Սամվել Ղազարյանի «Ոսկե հորթը»: Սամվել Ղազարյանը ցուցահանդեսին ներկայացել է նաև մի ինքնատիպ դիմաքանդակով` «Սոնայի դիմաքանդակը»: Այստեղ հիանալի է տրված գլխի պլաստիկական մեկնաբանումը, հեղինակը կարևորել է դիմակողմի և կիսադեմի բոլոր տարրերի օրգանական միավորումը ամբողջության մեջ:


Բավական խոր աշխատանքներ են Գեղամ Աբրահամյանի «Գրավիտացիան» և Ռաֆիկ Սարգսյանի «Կենաց ծառ», «Սպանված ծառերի հիշատակին» գործերը: Ռաֆիկ Սարգսյանի քանդակներում միավորված են սյուրռեալիզմը և աբստրակցիան: «Կենաց ծառը» հետաքրքիր է մակերեսների խոռոչներով: Այս աշխատանքում կարելի է գտնել Երվանդ Քոչարի և Ռուդոլֆ Խաչատրյանի տարածական գործերի հեռավոր արձագանքները:


Վերացական (աբստրակտ) ուղղության հետաքրքիր քանդակ է Բագրատ Բալաբեկյանի «Գարունը»:
Ցուցահանդեսում տեղ են գտել նաև խմբաքանդակներ. Սարգիս Բաբայանի «Պտույտ» և Սպարտակ Գևորգյանի «Հանդիպում» քանդակներում նկատում ենք կերպարների պլաստիկական և հոգեբանական կապը:
Անշուշտ, ինքնատիպ գործ է Արմեն Առաքելյանի «Ապագա» կոչվող արձանիկը, որը ներկված է, ներկայացնում է հղի կնոջ կերպար: Մանրակրկիտ և վարպետորեն մշակված են կնոջ ձեռքերը: Արձանիկի բոլոր հատվածները ներդաշնակության մեջ են: Դեմքը մանրամասն պատկերված չէ: Ընդհանուր առմամբ քանդակը հարթային է, չնայած առանձին հատվածներում կա ծավալայնության ձգտում:
Այսպիսով, այս ցուցահանդեսում տեսանք իրենց ուրույն ոճն ունեցող քանդակագործների ինքնատիպ աշխատանքներ:


Սիլվիա ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3493

Մեկնաբանություններ