«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

«Տեղյակ մարդիկ կարող են վկայել, որ «Ոսկե ծիրանի» ֆիլմերը բաց աչքերով ու բաց ուղեղով ընտրված ֆիլմեր են»

«Տեղյակ մարդիկ կարող են վկայել, որ «Ոսկե ծիրանի» ֆիլմերը բաց աչքերով ու բաց ուղեղով ընտրված ֆիլմեր են»
18.07.2017 | 00:32

Երևանի «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնն ավարտեց իր աշխատանքը: «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարվեցին մրցանակակիրների անունները և ցուցադրվեց ազգությամբ հրեա ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» ֆիլմը, որը պատմում է «Խոստում» ֆիլմի ստեղծման և Հայոց ցեղասպանության շուրջ ծավալվող տարատեսակ մոտեցումների մասին: Փակման արարողության ժամանակ «Ոսկե ծիրանը» Ջո Բեռլինգերին հանձնեց «Վարպետ» հատուկ մրցանակը՝ կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի ձեռամբ:
Նախ ներկայացնենք մրցանակակիր ֆիլմերը՝ ըստ անվանակարգերի:

ՄԻՋԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ցանկալի Դուրգան», ռեժ. Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Արաբիա», ռեժ. Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Վեսթերն», ռեժ. Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ուրվականների որս», ռեժ. Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Դերդո մայրիկը և ընկուզենին», ռեժ. Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Գյուղացիներ», ռեժ. Ցվետան Դրագնև (Բուլղարիա)


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ


Խաղարկային

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Դոնալդը լաց եղավ», ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ ԴԵՐԱԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ. Սամվել Թադևոսյան, «Կյանք ու կռիվ», ռեժ. Մհեր Մկրտչյան (Հայաստան)

Վավերագրական

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ձյուն կար», ռեժ. Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Օրիժին», ռեժ. Աշոտ Մկրտչյան (Հայաստան)

Կարճամետրաժ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ջրի երեսին մնալ», ռեժ. Էրիկ Շահինյան (ԱՄՆ)

Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար. «Դոնալդը լաց եղավ», ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)


FIPRESCI ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ

«Անկաշառը», ռեժ. Մոհամադ Ռասուլոֆ (Իրան)
Կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունից մեկ օր անց ,,Ոսկե ծիրանի,, հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը և 14-րդ կինոփառատոնի ժյուրիի անդամները հանդես եկան մամլո ասուլիսով:
Ինչպես փառատոնի փակման պաշտոնական արարողության, այնպես էլ մամլո ասուլիսի ժամանակ Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ, աշխարհահռչակ կինոռեժիսոր Հյու Հադսոնը /Մեծ Բրիտանիա/ հայտարարեց, որ ինքը բազմաթիվ միջազգային կինոփառատոների է մասնակցել, և դրանց մեջ լավագույնը համարում է «Ոսկե ծիրանը»: Նա մասնավորապես ասաց. «Ես և ինձ հետ նույն խմբում ընդգրկված ժյուրիի անդամները մեկ շաբաթ հիանալի ժամանակ անցկացրինք այստեղ: Ամեն իմաստով ինձ համար Հայաստան գալը մեծ հաջողոթյուն էր: Այստեղ հանդիպածս բոլոր մարդկանցից մեծ ջերմության ու շռալ վերաբերմունքի արժանացա: Սքանչելի ղեկավար ունի փառատոնը: Ես իսկապես չէի ակնկալում այս քանակի լավ ֆիլմեր տեսնել: Բացի մրցանակ ստացած ֆիլմերից, ևս վեցը միջազգային բարձր որակի էին: Հանգիստ խղճով դրանք կարելի է ցուցադրել ցանկացած միջազգային կինոփառատոնում: Մենք ընտրեցինք իսկապես կինեմատոգրաֆիկ մի ֆիլմ և շնորհեցինք մրցանակ. դա հնդիկ ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան» ֆիլմն է՝ հզոր, կլանող, հենց առաջին կադրից մինչև վերջին գեղեցիկ ու նուրբ պատկերը խորհրդավոր ու գրավիչ»:


«Ես և ինձ հետ աշխատող կազմը չափազանց լավ ենք զգացել այս օրերին Երևանում: Երևի պատճառը հայ ժողովուրդն է ու նրա պատմությունը: Ձեզ մոտ ձևավորվել է ավելի շատ բացվելու, ոչ թե պարփակվելու, ներամփոփվելու մշակույթը: Մարդն իր խոցելիությունների պատճառով կա՛մ խորշում ու ներհայեցողական է դառնում, կատարվածին արձագանքում զայրույթով ու կատաղությամբ կա՛մ դուրս է գալիս այդ վիճակից ու փնտրում նոր գործառույթներ, փորձում խորանալ երևույթի մեջ ու հասկանալ այն: Հայ ժողովուրդը պատկանում է երկրորդների թվին»,- նկատեց Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամ Յուջին Քորը /ԱՄՆ/:


«Արտակարգ փորձառություն էր մեզ համար Երևանում անցկացրած ժամանակը, ասաց կանադացի ռեժիսոր Թոմ Մքսորլին:- Ես շատ մեծ ու շատ ցուրտ երկրից եմ եկել և այստեղ շատ մեծ ջերմություն եմ զգացել: Բնավ օդի ջերմաստիճանը չէ, որ նկատի ունեմ: Նկատի ունեմ հայերի կիրքն ու նվիրումը կինեմատոգրաֆին և այստեղ տիրող ընդհանուր մթնոլորտը: Ես ևս շատ եմ մասնակցում կինոփառատոների, և պիտի ասեմ, որ սա այն տեղն է, որտեղ զգում ես անմիջական կապը կինոավեստի հետ: Շատ հաճելի էր դիտել փառատոնային բոլոր ֆիլմերը և պատկերացում կազմել հայկական կինոյի մասին, որը շատ արտառոց մի գոյություն է: Մենք ժյուրիում աշխատում էինք ի սրտե: Ի սրտե էր նաև Երևանում մեր ապրածը: Հուսով եմ, որ հետագայում ևս առիթ կունենամ սիրտս Երևանում տաքացնելու»:


Կոլումբիացի կինոռեժիսոր Սիռո Գեռան ևս իր խոսքն սկսեց երախտագիտությամբ. «Շնորհակալ եմ «Ոսկե ծիրան» փառատոնին՝ առատաձեռնության, ջերմության և հյուրընկալության, ինչպես և ֆիլմերի ճիշտ ընտրության համար: Կյանքով լի, կինեմատոգրաֆիկ գաղափարներով հագեցած ֆիլմեր էին բոլորը և մշտապես սևեռուն էին պահում ուշադրությունը: Մեզ տեղից շարժեցին, անգամ վախեցրին դրանք և ստիպեցին կինոյի մասին նորովի մտածել, որի համար շատ շնորհակալ եմ: «Ոսկե ծիրան» փառատոնը Հայաստանը հաստատապես դնում է միջազգային կինոյի քարտեզի վրա, ուստի շատ էական է, որ այն շարունակվի և հարթակ դառնա հայ կինոն աշխարհին ներկայացնելու, ինչպես և համաշխարհային կինոֆիլմերը Հայաստան բերելու համար»:


«Բարև՛, Երևա՛ն: Շնորհակալությո՛ւն, Երևա՛ն-, այսպես սկսեց իր խոսքը «Հայկական համայնապատկեր» անվանակարգի ժյուրիի անդամ, լոնդոնյան ճանաչված դերասանուհի Մարիամ դ՚Աբոն: Նա նշեց, որ հայկական ֆիլմերի հետ աշխատանքն իր համար հաճելի փորձառություն էր, որ մեր հարուստ անցյալը, պատմությունը, մշակույթը խաղարկային, կարճամետրաժ ու վավերագրական ֆիլմերի միջոցով պատմելը խորհելու մեծ նյութ է տվել իրեն: Նա արմատներով վրացուհի է, մանկուց լսել է Հայաստանի ու հայերի մասին, և ուրախ է, որ վերջապես կարողացել է անձամբ գալ ու տեսնել մեր երկիրը: Նա նկատեց, որ անհավատալի ոգի ունենք հայերս, որ անցել ենք սարսափելի դժվարությունների միջով, բայց կարողացել ենք պահանել մեր ինքնությունը:

«Կինոլեզուն միջազգային լեզու է, համընդհանուր,- մասնավորապես ասաց դերասանուհին-, մաղթում եմ ձեզ մի այնպիսի ապագա, որում դուք չեք հոգնի ձեր ծրագրերն ու նպատակներն իրականություն դարնել: Ձեր ֆիլմերի կարևորագույն առանցքը ինքնությունն է, որովհետև Անգլիայում ամերիկյան կինոն մեզ ամբողջովին կուլ է տվել: Մենք բոլորս հուլիվուդյան ֆիլմերի հայեցողության ներքո ենք գտնվում: Մինչդեռ անկախ կինոն և անկախ ոգին ամենակարևոր բաներն են»: Նա հատուկ անդրադարձավ նաև երիտսասարդ կինոդերասան Սամվել Թադևոսյանի խաղին՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմում: Այն առիթ էր դարձել «Ոսկե ծիրանի» այս տարվա մրցանակների թվում արձանագրել նորություն՝ «Ժյուրիի հատուկ հիշատակում դերակատարման համար»: Մարիամ դ՚Աբոն նաև խոսեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ազատության մասին. «Որևէ գրաքննություն, որևէ սահմանափակում մենք չունեցանք մեր աշխատանքում: Կինոփառատոնի կազմակերպիչները ստեղծագործական աշխատանքի շռայլ միջավայր ապահովեցին մեզ համար, և ես շատ շնորհակալ եմ»:


Փառատոնի, Հայաստանի և հայ ժողովդրի մասին հիացական էր նաև մամլո ասուլիսի մյուս բանախոսի՝ նիդերլանդացի կինովավերագրող, Միջազգային վավերագրական ֆիլմերի ժյուրիի նախագահ Թոմ Ֆասարդի կարծիքը: Նա կարևորեց վավերագրական կինոյում այն հանգամանքը, որ իրականությունը պատկերելուց զատ այն ցույց է տալիս ճանապարհի վերջում երևացող լույսը, ավելի բարի ու հուսադրող է ներկայացնում ամեն բան: «Անձամբ ես համարում եմ, որ վավերագրական կինոյում ոչ միայն կարևոր է դրամատիզմը, այլև կյանքը և կյանքի արտառոցությունը: Ուստի շատ լավ էր, որ մենք՝ ժյուրիի անդամներս, մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը դիտելիս ոչ միայն արտասվում էինք, այլև ծիծաղում: Ես պիտի հատուկ դրվատեմ ֆիլմերի ընտրությունը կատարած հանձնաժողովի աշխատանքը, որի շնորհիվ կայացավ մեր երկխոսությունը ոչ միայն կինոյի թեմայով, այլև մարդկային գոյի»:
Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթևոյանը կաևոր հորդոր հնչեցրեց ասուլիսի ընթացքում. «Կարդացեք որակյալ գրքեր, որպեսզի նկարեք որակյալ ֆիլմեր, որովհետև տգիտությունից, կիսագրագետ լինելուց է գալիս անհաջողությունը կամ երբեք չկայանալու փաստն արվեստում»:


Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև ԼԳԲՏ թեմայով նկարված երկու ֆիլմերի շուրջ բարձրացած աղմուկին: Աղմուկ, որն իմ անձնական համոզմամբ ավելի շատ դարձավ այդ ֆիլմերի ու նրանցում արծարծվող նյութի գովազդ, քան «Ոսկե ծիրանի» հակագովազդ, քանի որ կինոփառատոնն ընթացավ ու ավարտվեց հաղթական նոտայով:
Ինչևէ, հարցը բարձրացված էր, և «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրենը պատասխանեց դրան. «Մեր փոքրիկ երկրում հասարակությունը բազմաթիվ խնդիրներ ունի: Ես հաճախ ինձ քաղաքական գործչի պես եմ պահում և պարզապես լռում եմ: Որովհետև եթե խոսեմ, կխորտակվեն, կփլվեն այնպիսի՜ բաներ, էլ ուր մնաց, թե փառատոնը չփլվի: Ինձ համար ամենամեծ դժվարությունը փառատոնը պահպանելն է: Դժբախտաբար, կան մարդիկ, որոնք փառատոնի մեջ չեն կարողանում մտնել՝ կա՛մ իրենց փոքրության, կա՛մ իրենց բարդույթների, կա՛մ իրենց մեծության պատճառով: Պետք է ասենք, որ փառատոնի մեջ մեծ սեր կա, բայց փառատոնից դուրս բավականին ատելություն կա: Իմ կարծիքով մեր իրականության մեջ գոյություն ունեցող շատ քիչ փայլուն երևույթներից, շատ քիչ հարթակներից մեկն է «Ոսկե ծիրանը», որում փորձում են դրսևորվել մարդիկ՝ խաղալով սկզբունքայիններ, գնահատողներ, հայհոյողներ, պաշտպանողներ: Ամեն ինչ հասկանալի է: Բայց մեծ դժբախտություն է մեզ համար, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ծրագիրը չկայացավ: Եթե մենք հակված լինեինք գրաքննության, այդ ֆիլմերը չէինք վերցնի: Մեր փառատոնային ամբողջ ծրագիրն ավելի համարձակ ու բաց էր, քան թե այդ փոքրիկ ծրագիրը, որում ընդգրկված էին նշված երկու ֆիլմերը: Ինչ խոսք, իշխանությունները, նախարարությունը մեզ վրա որևէ ճնշում չգործադրեցին: Բայց զուգահեռ կառույցները՝ և՛ օգնող, և՛ խանգարող, հարձակվեցին մեզ վրա, մեծապես միջամտեցին մեր աշխատանքներին: Մենք չհամաձայնեցինք հանել այդ երկու ֆիլմը, հանդիպեցինք այդ ֆիլմերի արտադրողների հետ և փորձեցինք բացատրել ստեղծված վիճակը: Պայմանավորվեցինք, որ կա՛մ մինչև հաջորդ օրվա ժամը 11:00-ը՝ մեր վերջին մամլո ասուլիսի ժամը, պետք է գտնեն դահլիճ՝ ծրագրի ֆիլմերը ցուցադրելու համար, կա՛մ պետք է հանեն այդ երկու ֆիլմը, որպեսզի ծրագրում ընդգրկված մյուս 39 ֆիլմերը հնարավոր լինի ցուցադրել: Կինեմատոգրաֆիստների միությունը կատեգորիկ արգելել էր իր դահլիճում՝ Մալյան թատրոնում, ցուցադրել ամբողջ ծրագիրը, եթե այդ երկու ֆիլմերը չհանվեին: Փառատոնը երբեք չի կարող հանել իր ծրագիրը, որովհետև փառատոնը չի կարող իր աջ ձեռքը կտրել: Ինձ համար հասկանալի էին բոլոր խաղերը, որ խաղում էին և՛ կինոյի պաշտպանները, և՛ կինոյի հակառակորդները: Դժբախտաբար, մինչև պայմանավորված ժամը ո՛չ դահլիճ գտան ֆիլմերը ցուցադրելու համար, ո՛չ էլ հանեցին այդ երկու ֆիլմը ծրագրից: Եվ տեղի ունեցավ չարության ու ատելության մի խրախճանք: Դա ձեռնտու էր ոմանց, որովհետև ստեղծվեց հարթակ, որից կարողացան խոսել իրենց սկզբունքների մասին: Բայց դժբախտությունն այն էր, որ բամբասանքներ, նկատողություններ եղան փառատոնի հասցեին: Փա՛ռք Աստծո, որ փառատոնը բավականաչափ ուժեղ է, որպեսզի ընկնի այդպիսի մի քանի խեղկատակի ոտքի տակ: Աշխատանքները շարունակեցինք՝ սեղմելով մեր ատամները, լռելով: Եվ իմաստ էլ չունի խոսել, եթե մարդկանց մեջ պաթոլոգիկ ատելություն կա փառատոնի հանդեպ, միմյանց հանդեպ, մարդկանց հանդեպ: Մենք չէ, որ պիտի այդ ամենը միանգամից ուղղենք: Մենք օգնում ենք բացվելու, մենք փակվողներից չենք: Տեղյակ մարդիկ կարող են վկայել, որ «Ոսկե ծիրանի» ֆիլմերը բաց աչքերով ու բաց ուղեղով ընտրված ֆիլմեր են»:


Տեղյակներից մեկը լինելով՝ կարող եմ հավաստիացնել, որ այս տարվա /և ինչո՞ւ միայն այս տարվա/ փառատոնային ֆիլմերը չէին կարող անտարբեր թողնել մշակութային ճաշակ ունեցող որևէ մարդու: Դրանք բարձր արժեքների, հոգևոր խորագույն շերտերի անդրադարձող ֆիլմեր էին, որոնցով դաստիարակվելը պարզապես անհրաժեշտություն է հայ հասարակության համար: Փառատոնի երեկոյան սեանսներից առաջ կինադահլիճ մտնողների այնպիսի հերթեր էին գայոնում, որ ես մտաբերում էի 1990-ականների հացի հերթերը: Գուցե մշակութային այս հրավառությո՞ւնն է անհանգստացնում Հարություն Խաչատրյանի ու նրա հիմնադրած մեծ երևույթի՝ «Ոսկե ծիրանի» դեմ սուր ճոճողներին, որովհետև ոմանք սարսափում են Հայաստանում տեսնել մշակութասեր ու մշակութակիր հասարակություն. չէ՞ որ նույն այդ 1990-ականներին հացի հերթերում ու վառելիքի փնտրտուքներում դեգերող ժողովրդի քթի տակ ոմանք բարեհաջող յուրացնում էին այդ ժողովրդի բաժին հացն ու վառելիքը և այսօր անպատիժ վայելում են իրենց յուրացրածը: Հենց այդպիսիներին է վախեցնում մեջքը կքած ժողովրդի վերածնունդը, չէ՞ որ նրանց ծրագրերում տեղ չունի այդ ժողովրդին անտեղյակության ու հուսալքության ճահճից դուրս բերելու նպատակը, մի բան, որ արդեն 14 տարի մեծագույն հանդգնությամբ անում է աշխարհահռչակ ռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Մի՞թե այս ժողովրդի խեղճության ու ստորացումների հաշվին կայացած մարդիկ պիտի կարողանան գնահատել այն փաստը, որ համաշխարհային մեծության կինոգործիչներն այսօր խոսում են հայկական կինոյի մասին, քայլում են Շառլ Ազնավուրի հրապարակում շողացող հայ կինոաստղերի ճեմուղով այն դեպքում, երբ հենց մեր հանրապետությունում շատերը փորձում են ուրանալ նույն այդ կինոյի գոյության փաստը: Սա՞ է, որ չեն կարողանում ներել Հարություն Խաչատրյանին:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ