Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ճոճանակին երկուսն են

Ճոճանակին երկուսն են
18.07.2017 | 08:55

Ճոճանակը մեզ տանում է մանկություն: Բոլորս էլ ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ նստել ենք պարաններից կախված փայտի կամ քաթանի կտորի վրա ու տարուբերվել հետ ու առաջ: Պատահել է, որ մեր կողքին եղել է մեկը՝ բակի տղա կամ աղջիկ, քույր կամ եղբայր, հարազատ կամ օտար, որ արագություն է հաղորդել մեր տարուբերումին, հետևել, որ վայր չընկնենք, կամ հակառակը՝ այնպես է հրել, որ վախից ճչացել ենք: Մանկությունը ներում է այդ ճիչերը ու չարությունները: Թռիչքի զգացողությունը ևս մանկությունից է մնում: Մենք մեծանում ենք ու մեզ թվում է, որ ճոճանակից իջել ենք: Ո՞վ կթողնի խաղանք, երբ լիքը գործեր կան, որ մեզնից բացի ոչ ոք չի անի: Իսկ մենք միշտ էլ ճոճանակին ենք, պարզապես ճոճանակը այլևս մեր ներսում է գնում-գալիս, մենք էլ նրա հետ: Այդպես ենք որոշում ինչ անել ու ինչ չանել: Ճոճանակը կանգ չի առել: Միայն մի դեպքում նա կդադարի տարուբերվել: Այդ դեպքի մասին մենք արդեն չենք իմանա:


Գնաց: Դանդաղ: Մենակ: ՈՒղիղ: Թվաց՝ թռավ: Իրականում քայլում էր: Արագ ու ոչ մենակ, ոչ էլ ուղիղ, զիգզագներին պարտադրում էին կողքից անցնողներն ու դիմացից եկողները, իսկ իր մտքում ուղիղ էր գնում՝ մենակ ու արագ: Աշխարհը մեր ներսում ու մեզնից դուրս բացարձակապես տարբեր է: Զգացողությունները խաբուսիկ են, իրականությունը՝ անողորմ: Գիտակցությունը պիտի միջնորդ դառնա ու հարթակ՝ համադրելու ու ելք գտնելու: Սա բոլորիս ընդհանրական պատմությունն է: Ոչ միայն մեր: Նաև՝ պետությունների: Աշխարհում ամեն ինչ ապրում ու գործում է նույն գծակարգով: Շեղումները կարճ են՝ անհրաժեշտ շարժման անընդհատությանը: Անվանեք ֆիզիկա, անատոմիա, քիմիա, քաղաքականություն՝ նույն ճոճանակն է, որտեղ նույնիսկ երբ մենակ ես, ճոճվում ես երկուսով:


Տարօրինա՞կ սկիզբ է: Ինչո՞ւ ոչ: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ոչ ամեն ինչ ենք հասկանում, ոչ ամեն ինչի հետ ենք համաձայն, ոչ ամեն ինչ է մեր իշխանության տակ: Մենք ընդհանրապես իշխանության հետ տարօրինակ հարաբերությունների մեջ ենք: Մեր իշխանության, որ ունենք շրջապատի վրա մեր պարզ ու բարդ որոշումներով: Քաղաքական իշխանության՝ իր բարդ ու պարզ որոշումներով: Իշխանությունը ոսկելար է, որի վրա օղակ-օղակ շարվում են ցանկություններն ու որոշումները, և որովհետև ոսկին ոսկի է ձգում՝ իշխանությունը չի ուզում ընդհատվել: Մինչև կտրվելը: Ոսկին նաև մաշվում է: Ինչպես ամեն ինչ կյանքում: Ինչպես կյանքը:


Իսկ հիմա` օղակ առ օղակ։
1. Անցած շաբաթ Հայաստանի ու Արցախի` Իրանի հետ սահմանին հայ-ռուսական զորավարժություններ էին՝ Իրանից պայմանական սահմանախախտներին որսալու լեգենդով: Որսացին տեղանքում ու կվադրակոպտերով գտան վերևից: Ռուսներն ասում են, որ ուզում են վերազինել Իրանի հետ հայկական սահմանը և, ի վերջո, խաղաղապահներ տեղակայել սահմանին: Այս շաբաթ ՆԱՏՕ-ի և Հայաստանի 5000 զինծառայողներ զորավարժությունների են Ռումինիայում: ԱՄՆ հրամանատարությամբ զորավարժությունների նպատակն է վստահություն ներշնչել Արևելյան Եվրոպայի երկրներին, որ վախենում են Ռուսաստանի ագրեսիայից՝ Ղրիմից հետո: Ինչո՞վ ճոճանակ չէ:


2. Ռուսաստանում չեն ճանաչում ԵԱՏՄ երկրներում տրված վարորդական իրավունքները, թեպետ պարզ տրամաբանությունը թելադրում է, որ միասնական տնտեսական տարածքում պետք է փոխընդունելի լինեն տեխնիկական փաստաթղթերը: ՌԴ Պետդուման որոշում է կայացրել՝ ճանաչել ԵԱՏՄ այն երկրներում տրված վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը երկրորդ պետական լեզու է: Ակներևաբար՝ Ռուսաստանում վարվող ավտոմեքենաների շարժիչը միանում է միայն ռուսերեն թունդ հիշոցից հետո, որը տալու համար քո երկրում ռուսերենը պետք է երկրորդ պետական լեզու լինի: ԵԱՏՄ համաձայնագրի հիմքում ազատ տեղաշարժն է՝ մարդկանց, ապրանքների, ծառայությունների: Ավտոմեքենան ոչ մարդ է, ոչ ապրանք, ոչ ծառայություն: Թեպետ արտադրվում է իբրև ապրանք ու ծառայում է մարդուն: Մոսկվայում գիտեն՝ Մեսրոպ Մաշտոցը երբ է հայոց այբուբենը ստեղծել, բայց համաձայն չեն նրա հետ, համարում են, որ շատ և իզուր է շտապել՝ առաջ ընկնելով Կիրիլից ու Մեֆոդիից, որ ռուս չէին: Ճոճանակը կախվում է օդում:

3. Հայաստանը նոյեմբերին պատրաստվում է ստորագրել ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր: Ի պատասխան կասկածամիտների, որ հավատում են միայն փաստերին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց. «More for more բանաձևի մեջ ես՝ որպես ԱԺ հանձնաժողովի նախագահ և պատվիրակության ղեկավար, բոլոր մեր եվրոպացի գործընկերներին այլևս ասում եմ, որ այդ more-ի տակ մենք ակնկալում ենք ոչ միայն գումար, այլ նաև քաղաքական աջակցություն: Բարեփոխվող երկիրը, իր բոլոր դժվարություններով փոփոխվող երկիրը, եվրոպական մոդելին հավատարիմ երկիրը կարող է աջակցություն ակնկալել նաև եվրոպական քաղաքական վերնախավից իրեն հուզող քաղաքական հարցերում՝ հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված խնդիրներից մինչև տարածաշրջանային կայունություն և Լեռնային Ղարաբաղի խնդիր»: Տարօրինակ հայտարարություն է Բրյուսելում ծեծված մարդու համար, որ այլևս Ռուսաստան չպիտի գնա՝ այնտեղ չեն ծեծում, կրակում են: ԵԱՏՄ անդամության փո՞րձն է ՀՀԿ անդամին համոզել, որ ասոցացման համաձայնագիրը չստորագրելը ժամանակի ու հնարավորությունների կորուստ էր: Ճոճանակը շատ բարձր է ճոճվում:

4. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը վերջերս ասում էր՝ սպառազինությունների համալրումը ոչ միշտ է բերում պատերազմի: Նկատի ուներ, որ սպառազինությունը փոխզսպող մեխանիզմ է: Ինչքա՞ն է մեզնից վախենում Մոսկվան, որ զինում ու զինում է Ադրբեջանին: Ինչքա՞ն է սարսափում Բաքուն, որ «Իսկանդերից» հզոր զենք է ձեռք բերել: Ոչ ռուսական և այդ մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասում է ռուսական լրատվամիջոցին ու առարկություն չի լսում, որ «Իսկանդերը» «Պետրիոտին» հավասար է, բայց այլ զենքերի չի զիջում: ԱՄՆ-ը կոնֆլիկտի կողմերին զենքի վաճառքի վրա արգելք ունի: Ո՞ր երկիրն է այդ զենքը արտադրում ու վաճառում: Թուրքիա՞ն, Իսրայե՞լը, Չինաստա՞նը, թե՞ Բելառուսը կամ Ղազախստանը: Սուրեն Կարայանն ասել է, որ Հայաստանը բանակցում է ՌԴ-ի հետ նոր վարկի շուրջ՝ զենք գնելու համար: Եթե խոսքը վարկի մասին է, ինչո՞ւ բանակցել Ռուսաստանի, ոչ թե այլ երկրի հետ: Մոսկվայի՝ Բաքվին զենքի վաճառքի «բիզնեսը» քաղաքական հայտարարություններով կանխելն անիմաստ է: Ռազմական արդյունաբերությունն անխափան աշխատում է, ապրանքը պիտի սպառվի, գնորդները շատ չեն, շուկան դժվարահաճ է: Մոսկվան չի կորցնի նույնիսկ մեկ Կալաշնիկովի գործարք, ուր մնաց՝ միլիարդների: Հավելեք քաղաքական բիզնեսը: Հայաստանը այս բիզնեսի կանոնները չի յուրացնում: Մինչդեռ կա սքանչելի ասիմետրիկ ու կանխարգելիչ պատասխանի տարբերակ՝ զենք ես գնում ուրիշ երկրից՝ վարկը վարկ է: Ճոճանակ այստեղ դեռ չեն գտել:


5. Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպեցին ու պայմանավորվեցին հանդիպել: Հրապարակային տեղեկությունն այսքանն է: Համանախագահներն էլ առաջարկեցին նախագահների հանդիպում: Հայաստանը համաձայն է, թեև համոզված է, որ հանդիպումը պիտի օրակարգ ունենա, իսկ օրակարգ չկա ու Ադրբեջանի այս պահվածքով չի էլ ձևավորվի: Բաքվի սուբստանտիվ շեղումը անբուժելի է, ուրեմն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից գոնե մեկը կա, որ աջակցում է այդ մտայնությունը կյանքի կոչելու համառությանը: Եվ այդ մեկի շահերը համընկնում են Ադրբեջանի շահերի հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արդեն կես տարվա գործունեության մեջ Ղարաբաղը ի հայտ չի եկել: Ոչ էլ Հայաստանը: Պետքարտուղարը ԼՂ հարցը քննարկել է Ադրբեջանի, գուցե նաև Թուրքիայի նախագահի հետ: Փոխարենը ԱՄՆ դեսպանը Հայաստանին էներգետիկ դիվերսիֆիկացում է առաջարկում, կանաչ տեխնոլոգիաներով ու ութ միլիարդ դոլարով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընտրության նախորդ օրը՝ ապրիլի 22-ին, Փարիզում Կոմիտասի արձանի մոտ խոստանում էր աջակցել ու հայերի հետ լինել: Հաղթելուց հետո՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն ասում է, որ Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Ինչո՞ւ ոչ Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, որ անցյալ տարի կարևոր տարբերակում էր արել՝ նշել էր, որ Սանկտ Պետերբուրգում Պուտինի նախաձեռնած հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ խոսք չկար հրադադարի պահպանման հետաքննության միջազգային մեխանիզմի ներդրման մասին, իսկ իրենց համար դա առաջնահերթություն է: Ֆրանսիան Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը վաղուց էր անոնսել՝ Ֆրանսուա Օլանդը Վիեննայից ու Սանկտ Պետերբուրգից հետո երրորդ հանդիպում էր ուզում Փարիզում կազմակերպել: Օլանդը չկարողացավ, Մակրոնը կանի՞: Մակրոնը, որ որոշել է Ֆրանսիային վերադարձնել ԵՄ առաջին ջութակը: ՈՒնի՞ նոր առաջարկ Մակրոնը, թե՞ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրումն է ուզում ապահովել, որը բանակցությունները վերսկսելու հնարավորություն է: Եթե Ալիևը մերժի, պատրա՞ստ է Էմանուել Մակրոնը Բաքվի դեմ պատժամիջոցների: Փաստացի՝ Մակրոնն ու Պուտինը, Պուտինն ու Թրամփը, Թրամփն ու Մակրոնն արդեն հանդիպել են: Ճոճանակը մոլեգնում է:


6. Անցյալ տարի այս օրերին Թուրքիայում տեղի ունեցավ նորագույն պատմության առաջին ձախողված հեղաշրջումը: Բոլոր նախորդ անգամներին զինվորականները, որ սահմանադրությամբ երկրում պատասխանատու էին սահմանադրական կարգի ապահովման համար, նախ նախագահին կամ վարչապետին էին ձերբակալում, հետո հայտարարում հեղաշրջման մասին: 2016-ի հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը նրանք նախ գրավեցին պետական հեռուստաընկերությունը, հետո գրոհեցին Ազգային մեծ ժողովը, կարծես Էրդողանը երկրում չլիներ: Մեկ տարի շարունակվում են բանավեճերը՝ պետական հեղաշրջման փո՞րձ ձեռնարկվեց, թե՞ Էրդողանը մեծ խառնաշփոթ բեմադրեց, որ անարգել հնարավորություն ստանա իր նախատեսած փոփոխություններն անել: Մեկ տարի՝ արտակարգ դրությունը Թուրքիայում շարունակվում է՝ ձերբակալություններին զուգահեռ: Մենք կարող ենք ընդունել կամ չընդունել Էրդողանի քաղաքականությունը, սրտներս ուզածի չափ այպանել Ալիևի հետ տանդեմի ու հակահայկական հայտարարությունների համար, ժողովրդավարության վիճակը քննադատել, բայց պիտի ընդունենք գլխավորը՝ Էրդողանն ամեն ինչ անում է երկիրը մասնատումից փրկելու համար: Գիտե՞ք` որն է հայերի ու քրդերի տարբերությունը: Մենք 100 տարի ապացուցում ենք, որ մեր հայրենիքում մեզ սպանել են, բայց ոչինչ չենք անում հայրենիքը վերադարձնելու համար, իսկ քրդերը 100 տարի ապացուցում են, որ իրենք ապրում են այդ տարածքում ու ամեն ինչ անում են՝ տարածքն անջատելու ու իրենց հայրենիք դարձնելու համար: Հիմա 100 տարին մե՞զ համար էր կյանքի ժամանակ, թե՞ քրդերի: Ճոճանակը մե՞զ էր ճոճում, թե՞ մեր դեմ էր ճոճվում:


7. 2016-ի հուլիսի 17-ը մեր կյանք մտավ մի իրադարձությամբ, որի անունը չկա՝ ահաբեկչությո՞ւն, ապստամբությո՞ւն, ի՞նչ էր Խորենացու փողոցի ՊՊԾ գնդի գրավումը: Այդ հարցի պատասխանը չկա նաև հիմա ընթացող դատավարության մեջ: Ավելի ճիշտ՝ դատավարության ֆարսի, որտեղ բոլորը ինչ-որ դեր են խաղում, ոչ մեկը մյուսին չի լսում, ամեն ինչ անում է չտեսնելու համար: Եվ ոչ ոք իր արածի համար պատասխանատու չէ: Սա մեր կյանքի հայելին է, սա ճոճանակն է, որից մենք ուզում ենք ու չենք կարողանում իջնել:
Անվանեք ֆիզիկա, անատոմիա, քիմիա, քաղաքականություն՝ նույն ճոճանակն է, որտեղ նույնիսկ երբ մենակ ես, ճոճվում ես երկուսով, նույնիսկ եթե չես հասկանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Վաղը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ԼՂՀ ԱԺ-ն կընտրի նախագահ՝ 3 տարով: ԱԺ 33 պատգամավորներից 28-ը հայտարարել են նրան ձայն տալու մասին: Ճոճանակին են մարդն ու իշխանությունը, որտե՞ղ է երկիրը:

Դիտվել է՝ 4624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ