Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ընդդիմությունը չպետք է հիստերիկ պահվածք դրսևորի»

«Ընդդիմությունը չպետք է հիստերիկ պահվածք դրսևորի»
18.07.2017 | 09:04

Հուլիսի 19-ին ԼՂՀ ԱԺ-ն երկրի նախագահ է ընտրելու: Խիստ կանխորոշված ընտրություն է սպասվում՝ Բակո Սահակյանի վերընտրությամբ, ինչը, ընդդիմախոսների կարծիքով, ԼՂՀ-ում ժողովրդավարության անկում է արձանագրելու: Ղարաբաղյան և հայաստանյան որոշ քաղաքական գործիչներ կարծիք հայտնեցին, թե իշխանության կենտրոնացում է լինելու, և առնվազն այսօր Բակո Սահակյանը պետք է հայտարարի 2020-ին չառաջադրվելու մտադրության մասին: Փաստորեն, Արցախի գործող նախագահը պետք է անցումային պաշտոնյայի դերակատարում ստանձնի և ապահովի կառավարման սահմանադրական մի կարգից մյուսին անցումը: Սպասվող ընտրությունների և քննադատությունների առնչությամբ հարցեր ուղղեցինք ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՆ:

-Ժողովրդավարության անկում կա՞ այս ընտրություններում:
-Նախ՝ մենք անցումային փուլում ենք: Սա այս պահի փոփոխությունների ընդամենը մի մասն է, բարեփոխումները համաժողովրդական հանրաքվեի միջոցով են եղել: Տարբեր խավերի ներկայացուցիչներ իրենց կարծիքը բազմիցս հայտնել են: Ամիսներ շարունակ հանգամանալից քննարկումներ, մտքերի բախումներ են եղել, փառք Աստծո, քաղաքակրթության շրջանակում: Հիմա այս բոլոր գործընթացներն անցել են, սահմանադրական հանրաքվեն տեղի է ունեցել, ու այսօր այդ բարեփոխումների չկիրառումը սխալ կլինի, որովհետև դա Սահմանադրության պահանջն է: Ընդդիմախոսների դիրքորոշմանը հանրությունը տեղյակ էր դեռ հանրաքվեի քարոզարշավի ընթացքում, այսօր խոսել ժողովրդավարության անկման մասին ճիշտ չէ, քանի որ համաժողովրդական քվեարկություն է եղել: Սա մի փուլ է, որը պետք է անցնել: Ժողովրդավարության անկում ե՞րբ է լինում՝ երբ մարդկանց կարծիքը հաշվի չեն առնում, ոտնահարում կամ խախտում են ազատ խոսքի իրավունքը: Իսկ հանրաքվեին հետևել և արդյունքները վստահելի են համարել միջազգային բազմաթիվ կառույցների դիտորդներ: Այսինքն, ամեն ինչ թափանցիկ է եղել ու բաց: Կարո՞ղ է ժողովրդի կարծիքը հաշվի չեն առել: Ընդդիմությունն իր քարոզչությունն իրականացրել է ազատ, առանց որևէ սահմանափակման: Հիմա ժողովուրդն իր ազատ կամարտահայտությամբ ընտրել է սահմանադրական այս կարգը, ի՞նչ խախտում է եղել:
-ՈՒզում եք ասել՝ միջազգային հանրությունն էլ անուղղակիորեն փաստել է, որ ժողովրդավարության անկում չկա՞:
-Անշուշտ, ընդդիմադիրները բոլոր հնարավորություններն ունեին բաց, ազատ, մրցակցային պայմաններում խոսելու սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Ի՞նչ հակաժողովրդական խնդիր կա: Հասկանում ենք, որ ընդդիմադիր լինելն է պահանջում քննադատորեն մոտենալ հարցին, բայց քննադատությունն էլ, գոնե, առարկայական պետք է լինի: Ընդհանրապես, ցանկացած քննարկում պետք է կառուցողական լինի, ընդդիմության պահվածքն էլ՝ հարգալից: Ընդդիմությունը ոչ թե հիստերիկ պահվածք պետք է դրսևորի, այլ ծանրակշիռ գաղափարներ ունենա: Սա է զարգացման կարևոր գրավականը: ՈՒնենալ պրոֆեսիոնալ ընդդիմություն և իշխանություն: Այո, պետք է պայքարել, բայց պայքարն էլ պետք է լինի կառուցողական:
-ԼՂՀ խորհրդարանական ընդդիմության կարծիքով, այսուհետ նախագահի ձեռքում է կենտրոնանալու ողջ իշխանությունը, ինչը «ողբերգություն» է: Ձեր դիտարկումը:
-Նման բան ասողները Սահմանադրությունը չեն ուսումնասիրել: Օրինակ, նախագահը չի կարող ցրել խորհրդարանը: Եթե ցրում է խորհրդարանը, նույն օրն ինքը նույնպես հրաժարական պետք է տա: Սա իշխանության կենտրոնացո՞ւմ է: Խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել նախագահին, լուծարվել և նոր ընտրություններ կազմակերպել: Այսինքն, իշխանության կենտրոնացումը բացառված է այս համակարգում: Ավելին, կուսակցությունների դերակատարումն է մեծանում: Հիշենք, որ գործող նախագահը ոչ մի կուսակցության անդամ չէ:
-Հնարավո՞ր է, որ ժողովրդավարության անկման մասին այս խոսակցություններն Ադրբեջանը շահարկման թեմա դարձնի:
-Հակառակորդը ժողովրդավարությունից խոսելու իրավունք ընդհանրապես չունի: Ադրբեջանն այն պետությունն է, որ ժողովրդավարության մասին ցանկացած խոսակցություն նրա պարագայում ծիծաղելի է դիտվելու, ավելի ստույգ՝ ողբերգական: Այս երկիրը երբեք էլ ժողովրդավարական չի եղել, և եթե խոսում է ժողովրդավարությունից, ապա մյուս պետությունները պետք է ընդհանրապես չխոսեն:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ