«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մնայուն արժեքների ընթացիկությո՞ւն, թե՞ ընթացիկ արժեքների մնայունություն

Մնայուն արժեքների ընթացիկությո՞ւն, թե՞ ընթացիկ արժեքների մնայունություն
18.07.2017 | 09:28

Եվրասիական փորձագիտական ակումբը պարբերաբար հրապարակում է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական միտումներին վերաբերող իր ուսումնասիրությունները: 2016-ի օգոստոսի 31-ին ամփոփվեց 2016-ի առաջին կիսամյակը, 2017-ի հուլիսի 15-ին՝ 2017-ի առաջին հինգ ամիսները: Երկու տնտեսագետներ՝ փորձագիտական ակումբի անդամներ Աշոտ Թևիկյանը և Աշոտ Թավադյանը, ասուլիսում ներկայացրին իրենց տեսակետները, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը տվեց քաղաքական գնահատական: Համեմատելով անցած տարվա հետ՝ այս տարվա արդյունքներն ավելի լավատեսական էին, արձանագրվում էին տնտեսական վերելք և հուսադրող հեռանկարներ: Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը նշեց, որ ակումբը նախապատրաստել է երկու տեղեկանք. մեկի հեղինակը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի խումբն է, մյուսի հեղինակներն են տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը և տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Թևիկյանը: Արամ Սաֆարյանը վստահ է, որ 2017-ի առաջին հինգ ամիսների ցուցանիշներով Հայաստանում և ԵԱՏՄ-ում տնտեսական վերելք է սկսվել: Մի քանի օր առաջ ՌԴ ԿԲ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը ոտք է դրել տնտեսական զարգացման նոր փուլ, կանխատեսվում է լավ տարի ՌԴ-ի համար: Կանխատեսվող վարկանիշները ևս տնտեսական աճի նոր ցուցանիշներ են խոստացել:

«Տնտեսական զարգացման այս կանխատեսումները, որոնք կատարվել են 2017-ի համար, Հայաստանի համար կարող են կազմել 2,5-3 տոկոս, հնարավոր է` նույնիսկ 3,4 տոկոս: 2016-ին տնտեսական աճը կազմել է ընդամենը 0,2 տոկոս: Այս տարի մենք կանխատեսում ենք տարին ավարտել դրական ցուցանիշով, ՀՀ-ի առաջ բացվում է իրապես լուրջ հնարավորություն առաջընթաց զարգացման հունով գնալու համար»՝ խոստացավ Արամ Սաֆարյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանում լուրջ զարգացման մասին կարելի է խոսել, երբ ՀՆԱ-ի ցուցանիշները 6-7 %-ից ավելի լինեն: Այս տարի կարելի է զգույշ լավատեսական կանխատեսում անել, որ ՀՀ տնտեսությունը 2018-ին և հաջորդ տարիներին զարգանալու է ավելի բարձր ցուցանիշներով: Նա հիշեցրեց երկրորդ տարին արձանագրվող երկնիշ տնտեսական աճն արտահանման մեջ: Դա է հնարավորություն տալու բարելավել ՀՆԱ-ն և սոցիալական զարգացման լուրջ ծրագրերի մասին խոսել, փոխել բնակչության կենսամակարդակի պատկերը: «Լավատեսորեն ենք տրամադրված նաև այնպիսի ոլորտների զարգացման նկատմամբ, որոնք նախկինում իսպառ մոռացված էին՝ վերամշակող ապրանքների արտադրությունը, տեքստիլը և կոշիկի արտադրությունը, որոնք առաջներում համարվում էին անհույս մեռած, սակայն ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ զարգացման իրական հնարավորություն են ստացել»,- հայտարարեց Արամ Սաֆարյանը: Նա խոստացավ նաև Հայաստանը զբոսաշրջության երկիր դարձնել՝ միայն Ռուսաստանից Հայաստան ներքին անձնագրերով մտնելու շնորհիվ այս տարի արդեն Հայաստանում ռուս զբոսաշրջիկների թիվը ավելացել է 25 %-ով: Արամ Սաֆարյանը դա որակեց պատկառելի ցուցանիշ, որը ենթակառուցվածքների զարգացման վկայություն է նաև: Կան ոլորտներ, որոնք Հայաստանում աճ չեն պահպանում՝ գյուղատնտեսությունը, շինարարությունը, հիմնական պատճառը շուկայական պահանջարկի նվազումն է, բայց այստեղ էլ շատ հուսադրող են ՀՀ-ից ՌԴ և ԵԱՏՄ գյուղատնտեսական մթերքներ արտահանելու հնարավորությունները: Նրա կարծիքով՝ ՌԴ-Արևմուտք առճակատումը 2018-ին չի ավարտվելու, էմբարգոյի քաղաքականությունը և պատժամիջոցների պատերազմը շարունակվելու է մինչև 2020-ականները: Այդ պայմաններում հարավային գոտիներում ապրողները հնարավորություն ունեն մեծացնելու իրենց մթերքների արտահանումը Ռուսաստան: Հայաստանի արտահանման ծավալները համեստ են, բայց այդ համեստության շրջանակներում արդեն երկրորդ տարին գյուղմթերքների մեծ արտահանում կա և գյուղմթերքների վերամշակման արդյունքում՝ պատրաստի արտադրանքի արտահանման ծավալների աճ: «Քանի որ ընդհանուր սպասումների ֆոնը դրական է, շատ կարևոր են դառնում մանրուքները՝ թե ինչպես կաշխատեն հարկային, մաքսային մարմինները, տնտեսավարող սուբյեկտները, ինչ քաղաքականություն կվարեն վարկային կազմակերպություններն ու բանկերը, ինչպես կբանակցեն քաղաքական գործիչները ՌԴ-ի ու ԵԱՏՄ երկրների իրենց գործընկերների հետ՝ մեր տնտեսավարողների հնարավորություններն ավելացնելու ուղղությամբ: Սրանից մեծապես կախված կլինի տարվա վերջին և մոտակա տարիների զարգացումը»,- ասաց նա:


Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը ներկայացրեց 2017-ի առաջին հինգ ամսում ԵԱՏՄ անդամակցության համատեքստում Հայաստանի տնտեսության զարգացման միտումները և կարևորագույն հիմնախնդիրները, որ կան և ԵԱՏՄ տարածքում, և ՀՀ-ում: Նա հիշեցրեց, որ կառավարությունն իր հնգամյա ծրագրում կանխատեսում է ՀՆԱ-ի տարեկան 5 % աճ, և նշված է, որ արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը պետք է հասնի 40-45 %-ի: Դա նշանակում է՝ անցյալ տարվա 1,8 մլրդ դոլար արտահանումը պետք է հասնի 5 մլրդի: Ըստ տնտեսագետի՝ նման աճ կարող է ապահովել միայն պատրաստի արտադրանքի արտահանումը: «Անցյալ տարի արտահանումն աճել է 20 %-ով, դեպի ՌԴ՝ 53 %, պատրաստի արտադրանքի բացարձակ մեծամասնությունը գնացել է ՌԴ»,- ասաց նա և նշեց, որ այս տարի ևս ունենք աճ՝` 5 ամսում 29 %, որից ՌԴ արտահանումը կազմում է 21,4 %: Աշոտ Թավադյանը նշեց, թե ինչով է պայմանավորված արտահանման աճի ավելացումը՝ անորոշությունը կարգավորվել է, մաքսային գործընթացները հստակեցվում են, կայունացել է ռուսական ռուբլին: Ոչ պակաս կարևոր գործոն նա համարեց գազի գնի նվազումը, որպես ներքին խնդիր նշվեց հարկաբյուջետային քաղաքականությունը: Ըստ նրա, մակրոցուցանիշների կոորդինացման խնդիր ունենք: Բարձր են տոկոսադրույքները, ներդրումների հարցն է սուղ: Գազի գնի մասով տնտեսագետն ասաց, որ, ըստ ԵԱՏՄ սկզբունքների, գազի գինը 30 %-ով պակաս պետք է լինի միջազգային գներից, մինչդեռ Հայաստանի դեպքում բարձր է, ինչը բանակցության խնդիր է: Խնդիրներից նշվեց նաև կոռուպցիան, որ կա ԵԱՏՄ գործընկերների մոտ:

«Տնտեսական աճ ունենալու համար առաջին հերթին պետք է լուծենք ներքին խնդիրները»՝ կրկնեց նա և հիշեցրեց, որ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը։ Գործակալության փորձագետներն ակնկալում են, որ Հայաստանի տնտեսությունը կաճի 3,4 տոկոսով, մինչդեռ հունվարին, նրանց հաշվարկով, աճը պետք է կազմեր ավելի քան 2,1 տոկոս։
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թևիկյանը, խոսելով արդյունքներից, առաջին հերթին ուշադրություն հրավիրեց տնտեսական ակտիվության ցուցանիշին՝ 5 ամսում 6,4 %, որ մայիսին հասել է 8,9 %-ի: Դա 2013-ից ամենաբարձր ցուցանիշն է ՀՀ-ում: Աշոտ Թևիկյանն ընդգծեց արդյունաբերության ոլորտում գրանցվող աճը՝ հինգ ամսում 14,4 %: Նա կարևորեց առևտրաշրջանառությունը՝ 12,8 %, ծառայության ոլորտում 11 % աճը: «Իհարկե, այստեղ մեծ նշանակություն ունեն տրասնֆերտային մուտքերը, որոնք հիմնականում ՌԴ-ից են գալիս, միայն մայիսին տրանսֆերտային աճը կազմել է 41,5 %, երկրորդ կիսամյակում ևս սպասվում են տրանսֆերտային նման բարձր մուտքեր, քանի որ ՌԴ-ում նկատվում է տնտեսական ակտիվություն»,- ասաց նա:


Տնտեսագետներ Աշոտ Թավադյանի ու Աշոտ Թևիկյանի ուսումնասիրությունն ընդգրկում է ոչ միայն Հայաստանը: Նրանք անդրադարձել են նաև ԵԱՏՄ երկրներին բնորոշ առանձնահատկություններին այս տարեսկզբին և նշել, որ ԵԱՏՄ պետությունների տնտեսական դինամիկայի բարելավումը հիմնականում հիմնված է առանցքային կապուղիների վերականգնման, փոխադարձ ապրանքաշրջանառության և դրամական փոխանցումների վրա, որը նախադրյալներ է ստեղծում առաջիկա տարիներին վերականգնելու առավել կայուն դինամիկա: 2017-ին ԵԱՏՄ պետությունների տնտեսական համագործակցության վերականգնման լրացուցիչ ազդակ դարձավ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ստորագրումը, համաձայնությունը՝ խոչընդոտների վերացման՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ԵԱՏՄ շուկայում ազատ տեղաշարժի վերաբերյալ (Սպիտակ գիրքը): ԵԱՏՄ պետությունները մտնում են գնաճի կրճատման և ԿԲ տոկոսադրույքի նվազման փուլ, որը ստեղծում է նպաստավոր պայմաններ դրական դինամիկայի համար: ՌԴ տնտեսական ակտիվության վերականգնումը առաջացնում է դրական ազդակներ ԵԱՏՄ պետությունների տնտեսություններում՝ շնորհիվ տրանսֆերտների վերականգնման և արտահանման աճի:


Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի կազմած տեղեկանքով՝ 2018-2019-ին Հայաստանում տնտեսական աճը կարող է արագանալ, հնարավոր է՝ միջնաժամկետ աճի հեռանկարների բարելավումը պահանջի ներդրումային միջավայրի բարելավման լրացուցիչ առաջընթաց: Ներդրումների ընդհանուր ծավալի մասնաբաժինը ցածր է՝ ՀՆԱ-ի 18,4 %-ը: Բարենպաստ միջազգային միջավայրը, որը բնութագրվում է հումքային ապրանքների գների վերականգնմամբ, արտահանման դիվերսիֆիկացման բարելավմամբ և ռուսական տնտեսության կայունացմամբ, կբարձրացնի օգուտները արտահանումից և դրամական փոխանցումներից, որը կհանգեցնի 2017-2018-ին վճարման հաշվեկշռի ընթացիկ տարվա պակասուրդի՝ միջինը 2,1 %-ով: Տնտեսագետի կարծիքով՝ երկրի վարկանիշի համար կարևորվող գործոնների ու ռիսկերի հարաբերակցությունը այժմ հավասարակշռված է: Հիմնական գործոնները, որ կարող են հանգեցնել դրական վարկանիշի՝ ՀՆԱ-ի հանդեպ պարտքի ցածր մակարդակը, ավելի արագ աճը, արտաքին հաշվեկշռի կայուն բարելավումն են: Հիմնական գործոնները, որ կարող են հանգեցնել բացասական վարկանիշների՝ ՀՆԱ-ի հանդեպ պետական պարտքի շարունակական աճը, արտարժութային պահուստների կրճատումը, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի սրումը, եթե էական ազդեցություն ունենա տնտեսության և հանրային ֆինանսների վրա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Հավարտ թվառատ ու խոստումնաշատ ասուլիսի՝ ԱՇՈՏ ԹԵՎԻԿՅԱՆԻՆ հարցրի՝


-2017-ի առաջին հինգ ամիսների ամենակարևոր ցուցանիշը ո՞րն է:
-Կարծում եմ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը և արդյունաբերության աճը:
-Այդ ցուցանիշներն ու աճը կենսամակարդակի վրա ե՞րբ են սկսելու ազդել:
-Դժվարանում եմ ասել, որովհետև պրոբլեմները Հայաստանում շատ խոր են, աղքատության մակարդակն է շատ բարձր, հասարակության շերտավորումն է խորացած: Մենք ասում ենք թվեր, որոնք հուսադրող են, բայց ինչքանով կազդեն մարդկանց կենսամակարդակի վրա, ցույց կտա կյանքը:
-Եթե մարդը տեսնում է, որ իր կյանքում ոչինչ չի փոխվում, նրա համար մեկ է՝ թվերը բարձր են, թե ցածր: ՈՒ՝ ի՞նչ:
-Դուք բարդ հարց եք տալիս, վիճակը Հայաստանում իսկապես ծանր է, և եթե կարողանանք արտահանումը պահել ու մեծացնել, դա իր ազդեցությունը կունենա: Պետք է համագործակցել Ռուսաստանում գործող ծրագրերի հետ:
-Մենք անընդհատ ասում ենք՝ պետք է, պետք է, պետք է, ե՞րբ պիտի ասենք՝ արել ենք:
-Չգիտեմ, կոռուպցիա, ինչպես պարոն Թավադյանը նշեց, այնտեղ էլ կա ու խանգարում է բոլորին, մտնել պետական պատվերների նման շուկա, բարդ է, բայց պետք է լոբբինգ անել, պետք է աշխատել, մենեջմենտի խնդիրը լուծել: Կառավարությունը պետք է այդ հարցով շատ լուրջ զբաղվի, ոչ թե ասի՝ բիզնեսը ինքը պիտի իր հարցերը լուծի: Ոչ, կառավարությունը պիտի զբաղվի տնտեսության կառավարման հարցերով: Պլանավորման ու կառավարման հարցերով: Դա չի նշանակում վերադառնալ Պետպլանին: Եվ Ճապոնիայում, և Ֆրանսիայում այսօր դա կա: Ինչպե՞ս Չինաստանը այդքան զարգացավ՝ պետության կառավարման շնորհիվ: Շատ կարևոր է նորարարական հարցերում համագործակցելը:
-Ռուսաստանի հետամնաց տեխնոլոգիաները Հայաստանում նորարարական ի՞նչ կարևորություն ունեն: Աշխարհը արդյունաբերական չորրորդ հեղափոխությունն է սկսել:
-Ես չէի ասի, որ Ռուսաստանը հետամնաց տեխնոլոգիաների երկիր է: Արդյունաբերական չորրորդ հեղափոխությունը ավելի շատ հեռանկարներին է վերաբերում, քան իրականությանը:
-Մենք ի՞նչ ենք անում, որ զարգացումը ընդգրկի ԵՄ-ի, Չինաստանի, Իրանի, Բելառուսի, Ղազախստանի հնարավորությունները, ինչո՞ւ ենք միայն Ռուսաստանի վրա կենտրոնացել:
-Չինաստանի հետ շատ կոնկրետ ու շատ խոր աշխատանք է տարվում, մենք շատ ենք աշխատում և ԵՄ-ի հետ՝ մեր հումքը ԵՄ է արտահանվում, բայց ինչքանո՞վ կարող ենք շուկա մտնել, դժվար է ասել: Շատ հստակ է, որ կառավարությունը պետք է մտնի բիզնեսի ոլորտ և պետք է իրավիճակը չթողնի ինքնահոսի՝ ով ինչ կարող է, թող ինքն անի:


Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ ասուլիսն այսպես ամփոփեց.
-Մենք ոչ միայն իրավիճակն ենք ուսումնասիրել, այլև ցույց ենք տվել ռիսկերը, որոնց դեպքում լավատեսական կանխատեսումները կարող են իրականություն չդառնալ: Ամենագլխավորը, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրումն է: Բայց եթե ֆորսմաժորային իրողություններ չլինեն, եվրասիական տարածքի համար ընդհանուր առմամբ կանխատեսվում են դրական տնտեսական միտումներ: Խնդիրը մանրամասների մեջ է:
-Որո՞նք են այդ մանրամասները:
-Եթե մենք լինենք ճշգրիտ ու աշխատենք իրականությանը համարժեք, հաջողություն կունենանք, եթե ոչ, պետք չէ երկրում ստեղծել մթնոլորտ, երբ մենք մեր սեփական մեղքերն ու անկարողությունը շղարշելու համար անընդհատ մեղավորներ ենք փնտրում: Մեկ՝ ԵԱՏՄ-ում, մեկ՝ Եվրոպայում, մեկ՝ թշնամիների շրջանում, մեկ՝ բարեկամների: Մենք պետք է անենք՝ ինչ մեզնից կախված է, և այդ դեպքում հաջողությունը ավելի մոտ կլինի:

Երևանյան գաղջ շոգի միջով տուն դառնալիս՝ մտքումս մի քանի օր առաջ «Անի պլազայում» ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության երկու տարվա ամփոփումը ու Եվրասիական փորձագիտական ակումբի ուսումնասիրությունները համադրելիս, հասկացա, որ փաստացի՝ 2017-ի կեսին մենք դեռ երկմտում ենք՝ ի՞նչ է ԵԱՏՄ-ն ու մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ում՝ մնայուն արժեքների ընթացիկությո՞ւն, թե՞ ընթացիկ արժեքների մնայունություն: ՈՒ դա արդեն մեր ազգային բնավորությունն է՝ հետ-հետ նայելով առաջ գնալը: Մենք չենք սովորել ընթացքի տրամաբանությունը, որը եթե-ապա չի ընդունում: Սկսե՞լ ես՝ գնա ու արա՝ ինչ պիտի անես: Հերիք է աջ ու ահյակ գնահատականի սպասել: Դա արդյունավետ չէ: ՈՒ՝ անիմաստ է: Վերջ:

Դիտվել է՝ 13891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ