Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Պուտինն օգնել է Թրամփին նկատելու ՈՒկրաինայի միջամտությունը ամերիկյան ընտրությունների՞ն

Պուտինն օգնել է Թրամփին նկատելու ՈՒկրաինայի միջամտությունը ամերիկյան ընտրությունների՞ն
18.07.2017 | 09:33

«Մեծ քսանյակի» (G-20) գագաթնաժողովի շրջանակներում, այնուամենայնիվ, տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ, չնայած ՈՒկրաինայի ու Լեհաստանի լրատվամիջոցների չարախոսությանը: Այս երկու պատմական թշնամիները միջազգային տեղեկատվական դաշտը բառացիորեն հեղեղել էին հետևյալ տրամադրությամբ հրահրիչ հաղորդագրություններով. «ՈՒռա՜, Թրամփը հրաժարվել է Պուտինի հետ բանակցելուց»: Պատճառն այն էր, որ G-20 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներից առաջ Թրամփն ինքն էր ճառեր արտասանել կամ ռեպլիկներ արել, որոնցում ոմանց համար երաշխավորել էր «ամեն ինչում ՈՒկրաինայի պաշտպանությունը ԱՄՆ-ի կողմից» և անգամ փորձել էր պարտադրել «ՈՒկրաինային նվիրված նոր Նորմանդյան ձևաչափը», այլոց համար՝ ծանրումեծ պաշտպանել էր «ագրեսիվ Ռուսաստանի» մասին լեհ ազգայնականների բարբաջանքները:


Այդուամենայնիվ, ի հեճուկս աշխարհի, այդ թվում` Հայաստանի ռուսատյացների, Թրամփ-Պուտին հանդիպումը կայացավ: Բայց խնդիրն այն է, որ անհնար է իրական գնահատական տալ նախագահների բանակցությունների արդյունքներին: Երկու կողմերն էլ առայժմ լրջորեն լռում են՝ վկայակոչելով գաղտնիության պահպանման անհրաժեշտությունը: Հետբանակցային մամուլի ասուլիսներից ու հայտարարություններից, սակայն, կարելի է հասկանալ, որ երկու նախագահներն էլ գոհ են առաջին հանդիպման արդյունքներից, իսկ Թրամփը, մասնավորապես, իրենց հանդիպումը որակել է «հոյակապ»: Նման պայմաններում ենք հարկադրված հետևել, թե ինչ է եղել մինչև հանդիպումը, ինչ է ուղեկցել բուն հանդիպմանը, ինչ է սկսվել հանդիպման ժամանակ և հիմա էլ շարունակվում է:
ՈՒկրաինայի ու Լեհաստանի առնչությամբ հայտարարություններից հետո, Սպիտակ տան վարչակազմը հաստատել էր, թե, իբր, Թրամփը մտադիր չէ Պուտինի հետ խոսակցության վրա կես ժամից ավելի ծախսել, և դա կլինի «տեխնիկական հանդիպում»: Սակայն մեկ-երկու օր հետո Ռուսաստանի ԱԳՆ-ից ստացվեց կոշտ ճշգրտում. ռուսական կողմին բանակցությունների համար անհրաժեշտ է 40 րոպե և ոչ մի րոպե պակաս: Այդ ժամանակ Վաշինգտոնից ստացվեց նոր ճշգրտում. կխոսեն «կիբեռանվտանգության», այսինքն, այսպես կոչված, «ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության» մասին, կխոսեն Սիրիայի մասին, դե, նաև ՈՒկրաինայի մասին: Ռուսական կողմը չմերժեց Վաշինգտոնից մատնանշված օրակարգը: Բայց հարց է առաջանում՝ մի՞թե Պուտին-Թրամփ հանդիպումից առաջ Ռուսաստանին հետաքրքրում էին միայն ապօրինի սահմանափակումներն առևտրում, ինչի համար ոգորում էր ռուսական կառավարության պաշտոնատար անձանցից մեկը: G-20 գագաթնաժողովի տվյալները խոսում են այն մասին, որ առանձին խոսել են ահաբեկչության դեմ պայքարի մասին, իսկ դա միայն Սիրիան չէ. 2017 թ. հունիսի կեսերին Պուտինն ու Իրանի առաջնորդ Խամենեին միաձայն հենց ԱՄՆ-ին մեղադրեցին ամբողջ մոլորակի ընդգրկմամբ ահաբեկչությանն աջակցելու գործում: Պուտինը Թրամփին որևէ բան ասե՞լ է, արդյոք, Ռուսաստանում գործող զինված ահաբեկչական ընդհատակի հետ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կապի ապացույցների կամ, ասենք, 2017 թ. հունիսի 7-ին Թեհրանում կատարված ահաբեկչական ակտի մասին: Մենք այս հարցերի պատասխանները չենք կարող ունենալ, սակայն չէ՞ որ գիտենք, որ Թրամփի օրոք ամերիկա-իսրայելական համագործակցության նոր ալիք է բարձրանում, և Վաշինգտոնը մերձավորարևելյան հարցերում լիովին տեղավորվել է Իսրայելի «ռելսերի վրա»: Ընթացիկ տարվա գարնան երեք ամիսներին ԱՄՆ-ը բազմիցս փորձել է ահաբեկչական անվանել և՛ Իրանը, և՛ լիբանանյան «Հըզբոլլահ» շիական կուսակցությունը՝ նույն Իրաքում ու Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր հարվածային ուժերը: Սակայն, Իսրայելի տեսակետից, ինչպես նաև համաձայն ահաբեկչության մասին Թրամփի նոր «դոկտրինի», Իրանը, «Հըզբոլլահը», բոլոր շիաները համարյա ավելի վատն են, քան «Ալ Քաիդայի» և «Իսլամական պետության» (ԻՊ) մեջ մտնող «սուննի իսլամիստները»: Այսինքն, եթե, ասենք, Պուտինը մատնանշել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կապը Ռուսաստանի ներսում բնակալած ահաբեկչական կազմավորումների հետ, ապա Թրամփը, ի պատասխան, մատնանշել է այն, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը ուզում են «ահաբեկիչների» պիտակ փակցնել մի ամբողջ պետության և իսլամի ամբողջ շիական ուղղությանը:
Մոսկվայի պատասխանը ԱՄՆ-ի ու սիոնիզմի ջղաձգումներին հայտնի է. այն հնչել է դեռ գարնանը, երբ հապճեպ Կրեմլ եկավ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Ինձ համար սա նույնն է, ինչ Թրամփն ու իր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Պուտինը Իրանն ու շիաներին անվանել է Մերձավոր Արևելքում (և ոչ միայն) միջազգային ահաբեկչության ցանցի ահագնացմանը դիմակայող գլխավոր գործոններից մեկը: Իսկ ո՞վ է դիմակայում, թեկուզ և քողարկված, ահաբեկչությանը Աֆղանստանում և Պակիստանում: Չլինի՞ թե ԱՄՆ-ը՝ ՆԱՏՕ-ի և Իսրայելի հետ, որոնց ահաբեկիչներին աջակցելու մեջ մայիսի 30-ին մեղադրեց անձամբ Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը:


Մնում է լսել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, որն այն հարցին, թե է՞լ ինչ են այնտեղ խոսել Պուտինն ու Թրամփը, պատասխանեց շատ հստակ. «Հավատացեք Լավրովին», այսինքն, ՌԴ արտգործնախարարին: Բայց Սերգեյ Լավրովն ավելի քան մանրամասն էր արտահայտվել Սիրիայի՛ հարցում: Խորամուխ լինենք. չէ՞ որ դա Գերմանիայում կայացած G-20 գագաթնաժողովի շրջանակներում ամերիկա-ռուսական բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկն է»: «Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պատրաստ են հայտարարելու 2017 թ. հուլիսի 9-ից սկսած Սիրիայի հարավում կրակի դադարեցման մասին»,- հայտարարեց ՌԴ արտգործնախարարը: Համաձայնեցվել է Դերյաայի, Կունեյտրայի և Էս-Սուվեյդայի շրջաններում խաղաղ գոտի ստեղծելու հուշագիրը: «Այդ գոտում հուլիսի 9-ին, Դամասկոսի ժամանակով ցերեկվա ժամը 12-ից, կգործի կրակի դադարեցման ռեժիմը: Հուշագիրը համաձայնեցվել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, որտեղ աշխատանքն ավարտել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Հորդանանի փորձագետները»,- ասաց Լավրովը: Մոսկվան ու Վաշինգտոնը պարտավորություն են ստանձնել ապահովելու կրակի դադարեցման ռեժիմի կատարումը այն խմբավորումների հետ, որոնք գտնվում են այնտեղ: «Սկզբնական շրջանում խաղաղ գոտու շուրջ անվտանգությունը կապահովվի ռուսական զինվորական ոստիկանության ուժերով ու միջոցներով՝ ամերիկացիների ու հորդանանցիների հետ համակարգված»,- ասել է Լավրովը: Թիլերսոնը նշել է, որ այդ պայմանավորվածությունը վկայում է, որ երկու երկրներն ի վիճակի են համագործակցելու Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում. «Մենք բոլոր ջանքերը կգործադրենք այդ երկրում ճգնաժամը կարգավորելու համար»:


Լավրովի հայտարարության նախօրեին սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել էր Դերյաայի, Կունեյտրայի և Էս-Սուվեյդայի շրջաններում, ներառյալ մինչև հուլիսի 8-ը, հրադադարի երկարացման մասին: «Դերյաայի, Կունեյտրայի և Էս-Սուվեյդայի հարավային նահանգներում կրակի դադարեցման ռեժիմը սահմանվում է մինչև հուլիսի 8-ի վերջը: Սադրանքի դեպքում համարժեք պատասխան կտրվի»,- ասվում է հայտարարության մեջ: Այստեղ ոչ մեծ պարզաբանումներ են պետք: Չէ՞ որ բոլորին է հայտնի, որ հենց Սիրիայի հարավում էր, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի ավիացիան մի քանի անգամ, այդ թվում նաև հունիսին, հարվածներ հասցրեց, այսպես կոչված, «կառավարամետ ուժերին», այսինքն, շիա աշխարհազորայիններին: Հունիսի 12-ին Իրանի ԻՀՊԿ-ի կազմի մեջ մտնող «Կոդս» հատուկ նշանակության ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանին կառավարամետ «Ֆաստիմիոն» խմբավորման մարտիկների հետ ժամանել է Իրաքի և Սիրիայի սահմանին գտնվող Աթ-Թանֆի շրջան՝ հաղորդել է «Tasnim» լրատվական գործակալությունը, ի հաստատումն որի հրապարակվել են լուսանկարներ իրանցի գեներալի հետ՝ հաղորդել է համաարաբական «Al Arabiya» հեռուստաալիքը: Ահա թե առնվազն երեք անգամ ում են խփել ամերիկյան և իսրայելական ռազմաօդային ուժերն այդ շրջանում: «Ֆաստիմիոն» խմբավորումը կազմավորվել է Դամասկոսի կողմից կռվող աֆղան շիա կամավորականներից: Իսկ հունիսի 13-ին հաղորդել էր, որ գեներալ-մայոր Սոլեյմանիի գալուց հետո Սիրիայի կառավարական զորքերը և շիաները դուրս են եկել Իրաքի հետ սահմանի վրա և խառնել Սիրիայի հարավում ու արևելքում իր ենթակայության տակ գտնվող խոշոր գոտի ստեղծելու Վաշինգտոնի պլանները: Սիրիական զորքերը, իրանցիներն ու շիա կամավորականները մի խորամանկ գործողություն են իրականացրել: Մի զորասյունը գնացել է Էթ-Թանֆի կողմը, որը գտնվում է Իրաքի և Հորդանանի հետ սահմանի վրա ամերիկացիների կողմից վերահսկվող «չափավոր ընդդիմության» զինյալների ձեռքին, և կրակն իր վրա է ընդունել, այդ թվում` ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածները: Միևնույն ժամանակ մյուս զորասյունը հարձակվել է զինյալների բազայից հյուսիս և դուրս է եկել Իրաքի սահմանի վրա: Այսպիսով, Բաշար Ասադն ու Իրանը ամերիկացիներին ու զինյալների խմբավորմանը կտրել են երկրի արևելքի հսկայական տարածքներից, որոնք այժմ գտնվում են ԻՊ-ի հսկողության տակ: Իրանում և շիական լրատվամիջոցներում այս իրադարձությունը գնահատվել է որպես «Ամերիկայի պարտություն»:


Այսպիսով, Սիրիայի հարավում խաղաղ գոտու մասին համաձայնագիրը Ռուսաստանի կողմից ամերիկացիների փրկություն է շրջապատումից, դա նաև ԱՄՆ-ի և Իսրայելի համար փրկություն է Հալեպի իրադրության կրկնությունից: Եվ ահա՝ անհաշտ թշնամիների հայացքների հետաքրքիր զուգադիպություն: Հուլիսի 10-ին Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հարավային Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համաձայնագիրը «կարող է օգտակար լինել»: Իսկ արդեն հուլիսի 11-ին Իսրայելից էլ հաղորդեցին. պարզվում է, Թել Ավիվը «պաշտպանում է Ռուսաստանի ջանքերը Սիրիայի հարավ-արևմուտքում»: Այսպիսով, ԱՄՆ-ն ու Իսրայելը «փրկում են դեմքները» և կարող են շտապ կարգով հեռանալ Հարավային Սիրիայից՝ առանց սիրիացիների կամ «Ֆաստիմիոնի» շիաների ձեռքը գերի ընկնելու վտանգի: Շահում է նաև Սիրիան. զավթիչները հեռանում են, իսկ «չափավոր ընդդիմության» նրանց խամաճիկները կա՛մ հանձնվելու են, կա՛մ հեռանալու են Հորդանան: Շահում է նաև Իսրայելը. իրանցիներն ու շիաները չեն մտնի իսրայելական բանակի դիրքերին առավելագույնս մոտ գոտիներ: Բայց շահում է նաև Իրանը՝ շիական համայնքով. Սիրիայի հարավը անվտանգ է փաստական առանձնացման տեսակետից, խաղաղ ռեժիմը պարտավոր է պահպանել Ռուսաստանի զինվորական ոստիկանությունը, որը և կմտնի այդ հողերը, իսկ դա նշանակում է, որ շահում է նաև Մոսկվան:


Բայց ահա թե ինչն է հատկանշական. դատելով արձագանքներից, Պուտին-Թրամփ հանդիպումը տևել է գրեթե երկուսուկես ժամ: Եվ, համաձայն ամերիկացիների խոստովանության, 40 րոպե նրանք խոսել են միայն «կիբեռանվտանգության» մասին: Այս առումով կողմերը խոստովանում են, որ ամերիկյան նախագահական ընտրություններում ոչ մի «ռուսական հակեր» չի եղել: Եվ հանկարծ հուլիսի 11-ին Սպիտակ տունը ՈՒկրաինային է մեղադրում դեմոկրատների, այսինքն, Հիլարի Քլինթոնի օգտին ընտրություններին միջամտելու համար: Սպիտակ տան մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ Սառա Սանդերսը հայտարարեց. «Եթե դուք փնտրում եք օտարերկրյա պետության կամ օտարերկրյա աղբյուրի հետ աշխատած ընկերության օրինակ, ապա ուշադրություն դարձրեք դեմոկրատական ազգային կոմիտեի վրա, որը, փաստորեն, ՈՒկրաինայի հետ կոորդինացրել է պայքարն ընդդեմ Թրամփի»,- մեջբերում է «Washington Times»-ի մամուլի քարտուղարը: Եթե սա համադրենք Եվրամիության արած այն հայտարարությանը, թե կարող է կասեցվել անվիզա ռեժիմը ՈՒկրաինայի հետ, ապա կարող ենք ենթադրել, որ ՈՒկրաինայի վերաբերմամբ էլ Պուտինն ու Թրամփը ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել են: Սակայն նկատելի է, որ «ՈՒկրաինայի թեման» սահուն կերպով համատեղվել է «կիբեռանվտանգության» թեմայի հետ, առնվազն՝ ԱՄՆ-ում:


Այդուամենայնիվ, ընդհանուր առմամբ իրադրությունը չի լիցքաթափվել: ԱՄՆ-ը նույն օրը, երբ Պուտինն ու Թրամփը ինչ-որ համաձայնության էին հասել, հայտարարեց, թե կատարելու է հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) THAAD համակարգի փորձարկումներ (սա ընդդեմ Ռուսաստանի է), թեկուզ և ընդդեմ Չինաստանի: Արդեն հուլիսի 11-ին Սպիտակ տունը հայտարարեց, թե «լիովին պաշտպանում է» Ռուսաստանի և Իրանի դեմ ուղղված նոր պատժամիջոցները: Թրամփի վարչակազմը շարունակում է մոլորակում, հատկապես Եվրասիայում հարաբերությունների սրման կուրսը, թեև, կարծես, նույն Թրամփը հուլիսի 10-ին ասում էր, թե «Ռուսաստանի հետ կառուցողական աշխատանքի անցնելու ժամանակն է»: Անկեղծ ասած, Սիրիայի հարավում՝ Աթ-Թանֆում, կրած բացահայտ պարտությունից հետո ամերիկացիներին կվայելեր ավելի համեստ լինել ցանկությունների ու պահանջների հարցում, հատկապես Ռուսաստանի և Իրանի առնչությամբ, քանի որ հենց Մոսկվան ու Թեհրանն են տրորել ԱՄՆ-ի քիթը: Թրամփը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ցանկությունը հիմնավորել է այսպես. իբր, «պատժամիջոցները Ռուսաստանի վրայից չեն հանվի, քանի դեռ կարգավորում չի եղել Սիրիայում և ՈՒկրաինայում», սակայն ակնհայտ է, որ գլխավոր հարցը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև... հրթիռներն են: Չէ՞ որ ԱՄՆ-ի Կոնգրեսը Թրամփից պահանջում է Ռուսաստանի դեմ «նոր պատժամիջոցներ» կիրառել ոչ թե «հանուն ՈՒկրաինայի և Սիրիայի», այլ... «միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի պատճառով»: Եվ դա ուղիղ պատասխանն է այն բանի, որ Սիրիայի առնչությամբ Մոսկվան ցույց տվեց, որ ունի ԱՄՆ-ի և Իսրայելի թևավոր հրթիռներից ոչ պակաս «զգայուն» թևավոր հրթիռներ: Հենց նույն «հրթիռային թեմայով» էլ ԱՄՆ-ն ուզում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ. Սիրիայում գտնվող նպատակակետերին Իրանից հասցված հրթիռային հարվածները, երբ ոչնչացվեցին մոտ 200 ահաբեկիչներ ու օտարերկրյա վարձկաններ, համոզիչ կերպով ցույց տվեցին, որ Իրանի դեմ ուղղված ցանկացած ագրեսիա հակահարված կստանա, և իրանական հրթիռների համար մեկ կամ երկու հազար կիլոմետրը հեռավորություն չէ:


Այնպես որ, խնդիրներն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում սաստկացել են: Ոչ ոք չի տեսնում ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ զինաթափվելու և հրաժարվելու իր ՀՀՊ համակարգից: Բայց ոչ ոք երբեք չի տեսել ու չի տեսնի Ռուսաստանի և Իրանի զինաթափումը և այն էլ՝ «սեփական ձեռքով»: Նույնիսկ չգիտեմ, թե այստեղ ինչ խորհուրդ կարելի է տալ Թրամփին: Ահա գրում են. հենց որ Պուտինի հետ հանդիպման ժամանակը մեկ ժամ 30 րոպեից անցել է, ամերիկացիներն սկսել են անհանգստանալ, իբր, նախապես համաձայնեցված ժամակարգի խախտում է, և նույնիսկ կնոջը՝ Մելանյա Թրամփին են ուղարկել, որ նա ընդհատի բանակցությունները Պուտինի հետ: Չի օգնել. որոշ լուսանկարներից կարելի է դատել, որ այդ տիկնոջն էլ է հետաքրքրել Պուտինը, կամ էլ նա կարողացել է իր վրա հրավիրել Ռուսաստանի նախագահի «ուշադրությունը»: 40 րոպե՝ «կիբեռանվտանգությանը» և գրեթե երկու ժամ՝ Սիրիային, ՈՒկրաինային, ահաբեկչությանն ու, երևի, այնուամենայնիվ, նաև «հրթիռային թեմային», էլ չենք խոսում առևտրի ու պատժամիջոցների մասին: Բանակցությունների այդ տևողության պատճառով հետաձգվեցին Պուտինի հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Ճապոնիայի վարչապետ Աբեի հետ: Ի պատիվ երկուսի էլ ասենք. նրանք արիաբար, մի տեսակ արևելյան իմաստնությամբ համբերատար սպասեցին: Եվ վարձատրվեցին. երկուսն էլ շատ գոհ մնացին: Այնպես որ, Թրամփին մաղթենք համբերելու կարողություն և այն բանը հաշվի առնելու ունակություն, որ վաղուց արդեն Եվրասիայում ոչինչ հնարավոր չէ որոշել առանց Ռուսաստանի և Իրանի:

Դիտվել է՝ 4744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ