Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ներել կարողացիր քեզ չհավատացողներին

Ներել կարողացիր քեզ չհավատացողներին
18.07.2017 | 09:45

Խորհրդային ժամանակներում «Հայաստանի աշխատավորուհի» ամսագիրը հաճախ էր անդրադառնում բազմազավակ ընտանիքների խնդիրներին, շատ երեխաներ ունենալը կարևորում նախ և առաջ երկրի ապագայի առումով: Բազմազավակության բացառիկ օրինակ էր Հայաստանի Մարտունու շրջանը: Էրգիր կորցրած պապերի պատգամներին հավատարիմ՝ այստեղ շատ երեխաներ էին ունենում՝ չվախենալով դժվարություններից, ավելին՝ համոզված էին, որ մեկ երեխա պահել-մեծացնելը հեշտ չէ, մեկ հատիկը սովորաբար մեծանում է եսասեր ու մեծամիտ։ Հիշում եմ Մարտունու հարևան շրջանի կոմկուսի քարտուղարին, որ շատ էր ուզում միակ որդու համար անպայման մարտունեցու օջախից հարս ուզել, որպեսզի շատ մանուկների ճիչերով տունը շենանա:


Շատ երեխաներ ունենալը Մուշ ու Ալաշկերտ վերադարձի ճամփան երազող մարտունեցիների միակ շնորհը չէր: Աշխատասեր, ավանդապաշտ, օրհասական ժամին խիզախ ու տոկուն մարդիկ են մարտունեցիները: Շատ ժամանակ է անցել, սակայն հիշողությանս մեջ վառ է մնացել Մարտունի ավանում ապրող բազմազավակ մայր Մարգարիտ Մանուկյանի գերդաստանի հետ ծանոթությունը, որը հիմք դրեց առայսօր շարունակվող ամուր ու անքակտելի բարեկամության: Հաճախ այցելելով արդեն ինձ հարազատ այդ օջախը՝ զարմանքով փաստում էի, որ գիշերը որքան ուշ քնեի, առավոտյան որքան վաղ արթնանայի, Մարգարիտ մայրիկին տեսնում էի տան, գոմի, բանջարանոցի գործերով տարված: Թվում էր՝ երբեք չի քնում: Չեմ հիշում, որ գանգատվեր հոգնածությունից կամ առողջական վիճակից, թեև այդպիսի խնդիրներ ուներ: Ամուսինը՝ Արտաշ Մանուկյանը, վաղ էր մահացելը:
Երբ Մարգարիտի որդուն՝ Ծատուրին, հարցրի՝ ի՞նքն էլ ծնողների պես շատ երեխաներ է ունենալու, հաստատակամ ասաց. «Անշուշտ, յոթ որդով եմ սեղան նստելու...»: Ամիսներ անց, երբ կրկին Մարտունիում էի, այցելեցի ինձ արդեն հարազատ մարդկանց: Ծատուրի կինը՝ վրացուհու անունով հայուհու տոհմիկ կերպար, որի խոնարհության, համեստության շնորհիվ էր նաև այդ ընտանիքում տիրում խաղաղ, ներդաշնակ մթնոլորտ, խնդրեց առանձին զրուցել, և երբ արդեն երկուսով էինք, երեխայի պես արդարանալով ասաց. «Ձեր ամսագրում («Հայաստանի աշխատավորուհի»- Ա. Ծ) գրել եք, որ ես ու Ծատուրը յոթ երեխա ենք ունենալու, սակայն առողջական խնդիրների պատճառով բժիշկներն ինձ արգելում են երեխա ունենալ: Փաստորեն, Ձեր գրածը ճիշտ չէ, ու մեղավորը ես եմ...»: Այդ պահից Քալիկոյին, կամ ինչպես մտերիմներն են դիմում՝ Քալիին, ավելի սիրեցի, արդարանալու նրա խոսքերում այնքա՜ն պարզություն, անմիջականություն կար։


Երբ ուշանում էի, Ծատուրն ու Քալիկոն անհանգստացած զանգահարում, կանչում էին կամ իրենք էին Երևան գալիս: Բռնազավթված հայրենիքի թեման մեր բոլոր հանդիպումների, քննարկումների առանցքն էր անգամ առօրյա զրույցներում: Երբ հայտնվում էի Մանուկյանների տան շեմին, Ծատուրն ուրախացած ընդառաջ գալով, ձայնում էր. «Երեխանե՜ր, Ասպրամ մորաքույրն է եկել, ի՞նչ եք անելու...»: Եվ երեխաները՝ Տիգրանը, Արտաշեսը, Հարությունը, Մարգարիտը, չսպասելով հոր խոսքի ավարտին, զրնգուն ձայներով երգում էին.
Տալվորիկի զավակ եմ քաջ,
Չեմ խոնարհիր թուրքին առաջ,
Քաղքցու պես չեմ թուլամորթ,
Քարոտ լերանց եմ ազատ լաճ...
Հետո հնչում էր.
Կեցցե Զեյթուն, ապրի Զեյթուն,
Թող չտեսնե ստրկություն...


Ծատուր Մանուկյանն արյամբ էր ժառանգել 1828 թ. Ալաշկերտից գաղթած անվանի տոհմի՝ սահման չունեցող աշխատասիրությունը, գիտության, ուսման հանդեպ սերն ու ակնածանքը: Չնայած բազմանդամ ընտանիքի հոգսն արդեն իր ուսերին էր ծանրացած, մեկնել էր Լենինգրադ՝ բարձրագույն ուսում ստանալու: Սննդի տեխնոլոգիական ինստիտուտում ուսմանը զուգընթաց՝ մորն օգնելու և իր կեցության ծախսերը հոգալու համար գիշերներն աշխատել էր: Նույնիսկ կարողացել էր լուծել բնակարանի հարցը: Բայց հայրենի տան կարոտը զորավոր էր, և ուսումն ավարտելուց հետո, չնայած աշխատանքի առաջարկներին, վերադառնում է Մարտունի, աշխատանքի անցնում հացի գործարանում որպես ինժեներ: Լինելով հացաթխման հրաշալի գիտակ՝ ամեն ինչ անում էր, որ մարտունեցիները գոհ մնան գործարանի թխած հացի որակից: Որպեսզի հացը համեղ ու սննդարար լինի, որպես խմորիչ օգտագործում էր բնության պարգևած ծաղիկները: Ամռանը խոտհնձի օրերին բարձրանում էր սարեր, հավաքում բուժիչ խոտաբույսեր ու ծաղիկներ: Հիշում եմ՝ թղթե տոպրակով Ռուսաստանի մարզերից մեկից բերված գայլուկի ծաղիկներ նվիրեց ինձ, և մի ամբողջ տարի դրանք որպես խմորիչ օգտագործելով՝ մայրս համ ու հոտով հաց, տեսակ-տեսակ բլիթներ էր թխում՝ ամեն անգամ օրհնանքի խոսքեր ասելով Ծատուրի հասցեին: Լենինգրադում Ծատուրը խորամուխ էր եղել նաև բուսաբուժության բնագավառում, նրա հարուստ գրադարանում ավանդական բժշկության վերաբերյալ հազվագյուտ արժեքավոր գրքեր կան, որ ձեռք էր բերել ուսանող ժամանակ: Մարտունեցիները հաճախ էին դիմում նրան արդեն խորացած հիվանդությունները բուժելու խնդրանքով: Ծատուր Մանուկյանը մարդկանց օգնում, հարեհաս էր լինում ոչ միայն հիվանդություններ բուժելու, այլև ամենատարբեր խնդիրներով:
Նա սիրում էր կյանքը, մարդկանց, գիտեր գնահատել գեղեցիկը: Ի՜նչ ցավով էր պատմում ալավերդցի տաղանդավոր երիտասարդ քանդակագործ Սամվել Նասիբյանի մասին. «Դիպվածով ծանոթացա Սամվելի հետ: Դրվագում էր փայտի, պղնձի վրա, պատրաստվում էր սովորելու քանդակի բաժնում: Իմ բնակարանի ձեղնահարկը հարմարեցրի որպես աշխատատեղի: Ոգևորվել էր, ժամերով դրվագում էր, ստեղծագործում: Մի օր տուն գալիս լսում է մի կնոջ գոռուն-գոչյունը: Մոտենում է, իմանում, որ այդ կնոջ ամուսինը ծանր հիվանդ է, իսկ դուռը ներսից փակվել է: Կինը հավաքված մարդկանց խնդրում-աղաչում է մի ճար անել, բայց ոչ ոք տեղից չի շարժվում: Սամվելը չի կարողանում անտարբեր մնալ. մագլցում է դեպի նրանց տան պատշգամբը, որպեսզի այնտեղից մտնի սենյակ և դուռը բացի: Երկաթյա ձողը փտած է լինում, չդիմանալով նրա մարմնի ծանրությանը, պոկվում է: Սամվելը գլորվում է ցած, ու նրա տաղանդավոր, դեռ ծաղիկ չտված ուղեղը թափվում է օտար քաղաքի մայթին... Օգնեցի, որ մարմինը տեղափոխեն և ամփոփեն հայրենի Ալավերդիում: Չկա օր, որ նրան չհիշեմ»:


...Սկսվեց արցախյան շարժումը: Հայրենի եզերքի կորստյան ցավը վերստին փոթորկեց Ծատուր Մանուկյանի զգայուն հոգին: Ինչով կարող էր` մասնակցում էր մարտունեցիների՝ Արցախի համար կազմակերպվող օգնություններին: Անձամբ ուղղաթիռով ալյուր, օճառ ու իր թխած հացը հասցրեց Շահումյանի շրջանի Գյուլիստան, Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղերը:
Ծատուր, Թաթուլ, Կամո, Ալազան, Մայիս, Վարո... Այդ նրանց և մյուս հայրենասեր մարտունեցիների ջանքերով 1988-1989 թթ. միլիոնների արժողությամբ մթերքներ հասցվեցին Արցախ: Բերդաձորը մարտունեցիների շնորհիվ դիմացավ: Անձամբ առիթ եմ ունեցել Թաթուլ Կարապետյանի տանը թերթելու գրադարակում պահվող խունացած տետրը, որտեղ նա խնամքով ու բծախնդիր ճշգրտությամբ մատիտով գրառել էր տվյալները՝ որտեղ, որքան և ինչ բեռներ են ուղարկվել:
Տարբեր առիթներով լսել եմ երախտագետ արցախցիների խոսքը մարտունեցիների հասցեին: Ստեփանակերտում էի՝ զոհված հրետանավոր Սամվել Սաֆարյանի տանը: Դիտում էինք մարտական գործողությունների ժամանակ նկարահանված այդ տաղանդավոր ու խիզախ հայորդուն պատկերող կադրերը: Ցուցադրող սարքը երբեմն խափանվում էր, և Մավրիկը, որ լուռ ու համբերատար կարգավորում էր թերությունը, լսելով, որ վաղը մեկնելու եմ Հայաստանի Մարտունի քաղաք, միանգամից պայծառացավ ու զմայլանքով ասաց.
-Մարտունիում հրաշք մարդիկ են ապրում, մարտունեցի տղամարդիկ խիզախ են ու անշահախնդիր: Նրանց մեջ Ծատուր Մանուկյանն առանձնանում է իր հոգու ջերմությամբ: Դժվար պահերին միշտ օգնություն է հասցրել մեզ:


Վարազդատ Մաթևոսյանը կամ ինչպես մարտունեցիներն են կոչում՝ Բերդաձորի Վարոն, առաջիններից մեկը մեկնեց Շուշիի ենթաշրջանի Բերդաձոր գյուղ՝ կազմակերպելու ինքնապաշտպանությունը: Կինը՝ Էմման, որ արդեն զգում էր իր հիվանդ լինելը, թաքցնում էր իրողությունը՝ Բերդաձոր Վարոյի մեկնելուն արգելք չլինելու համար: Շուշիի ազատագրման ժամանակ վիճակն արդեն շատ ծանր էր, ու նա մեղավոր էր զգում իրեն, որ Վարազդատը չմասնակցեց Շուշիի ազատագրման ռազմագործողությանը: Բերդաձորցիներն ամեն անգամ խանդավառությամբ էին դիմավորում Վարազդատին, իսկ երբ կարճ ժամանակով տուն էր մեկնում, ընկճված ասում էին. «Վարո, քինալ տե՜ս, բա մո՞ւնք...»: Ծատուր Մանուկյանը մի առանձին սիրով-հարգանքով էր վերաբերվում Վարազդատին, գնահատում նրա խիզախությունն ու համեստությունը: Բոլոր կռված տղաների հանդեպ էր սիրալիր ու հոգատար: Տարեմուտին Գեղարքունիքի տարածաշրջանի ՌՈ պետ, գնդապետ, «Երկրապահի» տարածքային բաժանմունքի նախագահ Հարություն Հարությունյանի հետ շրջում էին գյուղերը, տնետուն շնորհավորում զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների Նոր տարին, նվերներ բաժանում: Ամանորի հանդիսավոր արարողությանը ես ներկա էի: Մթնոլորտն այնքան ջերմ էր, որ կռվում ոտքից զրկված տղաներն անգամ բարձրացան տեղերից ու հենակներով պարեցին:


1998-ն էր: Հարություն Հարությունյանը Արցախյան ազատամարտին մարտունեցիների մասնակցության և ներդրումների մասին պատմելիս առանձնակի ընդգծեց Ծատուր Մանուկյանի՝ զոհված, վիրավոր ազատամարտիկների ընտանիքների հանդեպ առանձնակի հոգատարությունը:
-Երկու տարի առաջ, երբ բանկում «Երկրապահի» անունով հաշվեհամար բացեցինք, առաջին ներդրում կատարողը հացի գործարանի տնօրեն Ծատուր Մանուկյանն էր: Նրա առանց բարձրագոչ բառերի, լուռ ու անշահախնդիր բարեգործությունը մղեց, որ ուրիշներն էլ հետևեն իր օրինակին: Հրաչիկ Կարապետյանը, որ ՌԴ-ում զբաղվում է ձեռներեցությամբ, ամեն ամիս օգնություն է ուղարկում զոհված ազատամարտիկների 12 ընտանիքի՝ յուրաքանչյուրին 12000 դրամ: Երիտասարդ ձեռներեցներ Կարեն Դավթյանը, Արմեն Ավետիսյանը 500-ական դոլար օգնություն տվեցին ԵԿՄ-ի Մարտունու բաժանմունքին։
Ազատամարտիկներից մեկը պատմեց, որ իր կատարած զոդման աշխատանքների համար հիմնարկը չի վճարել՝ պատճառաբանելով ֆինանսական միջոցներ չունենալը: Իսկ տանն ալյուր չի եղել, հաց չի եղել: «Անհարմար էի զգում նայել երեխաներիս աչքերին: Գնացի հացի գործարան, Ծատուր Մանուկյանին խնդրեցի՝ պարտքով մի պարկ ալյուր տալ: Ալյուրը տվեց և ասաց. «Պարտքով չէ, վճարել պետք չէ»: Շատ զգացվեցի, մեծ սրտի տեր մարդ է»: Երբ մի առիթով ազատամարտիկի երախտագիտության խոսքերը հայտնեցի Ծատուրին, նա ընկճված ասաց.
-Անհարմար եմ զգում այդ մասին խոսել: Այն տղաները, որ գնացին թշնամու առաջն առնելու, չէին մտածում, որ տունը թողնում են անտղամարդ, որ հնարավոր է մի օր իրենց երեխաները մի կտոր հաց չունենան։


Հացի գործարանը սեփականաշնորհելուց հետո Ծատուր Մանուկյանը խորամուխ եղավ բիզնեսի աշխարհի բարդություններում: Տեսանելի ու անտես խոչընդոտները գնալով դառնում էին դժվար հաղթահարելի: Մեր արդեն սակավ հանդիպումների ժամանակ ուրիշ ՝ նյութապաշտ աշխարհի դաժան «օրենքներից» էր խոսում, անսովոր տրտմություն կար սովորաբար զրուցակցին լավատեսությամբ, կամք ու կորով համակող նրա պայծառ հայացքում: Երբ որևէ դրվագ էի պատմում զորավար Մոնթեի, ազատամարտի մյուս հերոսների մարտական ուղուց, հափշտակված լսում էր, ապա կոտրված ձայնով ասում. «Որքա՜ն պայծառ է քո ապրումների աշխարհը, իսկ ես խորթ միջավայրի շրջապտույտում եմ ու հիմա նախանձով եմ լսում քեզ»: Դժվարությունները, հիասթափությունները խամրեցրին Ծատուր Մանուկյանի կապույտ աչքերի արևափայլը: Խրոխտ ձայնը, որ լավատեսությամբ էր համակում ամենաընկճված մարդուն անգամ, փոխվեց: Բազմաթիվ չպատճառաբանված ստուգումները, անարդար դրսևորումները կոտրեցին կամքը, հայրենի հողի սերն ամեն ինչից վեր դասող հայորդին մի օր ակնարկեց՝ քիչ է մնում ես էլ մեկնեմ օտարություն: Պատեհ առիթով ստիպված էր եղել դիմել երկրի նախագահին՝ ակնկալելով զորակցություն:
Մեծ տան ջոջ պապի առատաձեռնությամբ իր արդար հացից բաժին էր հանում մերձավորին ու օտարին, տարեցին ու ջահելին, կյանքի դժվարություններից կոտրված անծանոթ մարդկանց: Նրա համար օտարն օտար չէր, հարազատ էր, յուրային: Ոտքը հաշմված ազատամարտիկին աշխատանքի էր ընդունել, որ ոչ թե օգնությունների վրա հույս դնի, այլ գյուղի խանութում հաց վաճառի, արժանապատվորեն վաստակի իր ընտանիքի ապրուստը, նաև նորոգել էր նրա կիսավեր բնակարանը։ Շատերն էին ձգտում Ծատուր Մանուկյանի հետ սեղան նստելու, հաց կիսելու: Նրանց մեջ կային նորօրյա մեծահարուստներ, որոնք ամեն ինչ ունենալով՝ ոգու քաղց էին զգում, և Ծատուրի՝ մարդկային հոգու անիմանալի կարոտների մասին պատկերավոր ու հնչեղ խոսքը նրանց տանում էր մի ուրիշ՝ իրենց անծանոթ ոգեղեն աշխարհ։
Նա, որ օգնում էր նեղության մեջ հայտնված, աղքատ, հիվանդ մարդկանց, կյանք ու հավատ պարգևում, չդիմացավ բիզնես ոլորտի չգրված օրենքներին. առողջությունը խաթարվեց: ՈՒրիշներին բժշկող-կազդուրողը չկարողացավ իրեն դեղ ու ճար անել, վերականգնել հոգու և մարմնի ներդաշնակ կապը և ի վերջո հայտնվեց հիվանդանոցային անողոք ճերմակի տիրույթներում...


Հաջողություն մաղթենք նրա զավակներին, որ հայրական պատգամին հավատարիմ՝ հոր պես ջերմեռանդ աշխատավոր ու բարիք ստեղծող են:
Առավոտները բացվում են Ծատուրի լավաշի անուշ բույրով ու նրա թոռների՝ Արամի, Նոյի, Նոյեմիի, Սյունեի, Աննայի՝ «Բարի լույս, Հայաստան» ողջույնով։
Երևի շատ քիչ հայրեր են իրենց զավակներին չափածո պատգամ գրել՝ կյանքում արի, ազնիվ ու շիտակ լինելու մասին: Որդիներին ուղղված Ծատուր Մանուկյանի «Կտակի» տողերում հայ ոգու արի կանչը կա, որին հավատարիմ միայն կարող ենք հաղթահարել մեր վերելքի ճամփան փակող մեծ ու փոքր արգելքները:

ԿՏԱԿ
Դու հայ ես ծնվել, հպարտ եղիր: Դա Աստծո տված
ճակատագիրն է քո:
Կարողացիր տիրապետել քեզ այս բարդ աշխարհի
թոհուբոհի մեջ:
Հավատա ինքդ քեզ՝ չկռվելով երկնքի հետ:
Ներել կարողացիր քեզ չհավատացողներին:
Երբ ժամը չի հասել, սպասիր անխռով:
Ով էլ որ կեղծի, մի նմանվիր նրան:
Կարողացիր ներել, մի դարձիր ներվող:
Երազիր, բայց մի դարձիր երազներիդ ստրուկն ու գերին.
Մտածիր, բայց մտքերդ մի աստվածացրու:
Հավասար նայիր հաջողությանն ու անհաջողություններին.
Հիշի՛ր, որ դրանք փոփոխական են միշտ:
Լռի՛ր, նույնիսկ, երբ խոսքը քոնն է,
Երբ կեղծում են, խաբում, որ հիմարացնեն:
Երբ ամբողջ կյանքը կործանված է,
Ամեն ինչ դու պետք է ստեղծես հիմքից:
Կարողացիր բարու հավատին դնել ամե՛ն ինչ,
Թե կկորցնես ամեն բան և աղքատ կլինես,
Երբեք չափսոսաս եղածի համար:
Կարողացիր ստիպել մարմնիդ, նյարդերիդ ու սրտիդ՝
ծառայելու քեզ,
Եվ միայն Կամքը թող հրամայի:
Մեծերի հետ խոսելիս եղիր հասարակ:
Շիտակ ու կայուն եղիր թե՛ ընկերոջդ, թե՛ թշնամուդ հետ,
Թող բոլորն իր ժամին հաշվի նստեն քեզ հետ:
Մի՛ վատնիր իզուր թանկ ժամանակդ,
Իմաստնացրու ամեն ակնթարթդ,
Այդժամ կդառնաս աշխարհին դու տեր,
Եվ այդժամ, որդի՛ս, դու կդառնաս ՄԱՐԴ:


1995 թ.
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ
Հ. Գ. Նաև Ծատուր Մանուկյանի պես հայորդիներով է Հայաստանը հայրենիք։

Դիտվել է՝ 9033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ