Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լույսը քթոցի տակ չպահենք

Լույսը քթոցի տակ չպահենք
18.07.2017 | 08:45

Հայ եկեղեցու երուսաղեմյան արմատները սկիզբ են առնում դեռևս քրիստոնեության ակունքներից՝ առաքյալների ժամանակներից, և այնպիսի խոշորագույն աստվածաբաններ, ինչպիսիք են Տերտուղիանոսն ու Օգոստինոսը, պնդել են, որ «Գործք առաքելոցի» 2. 9-ում գրված Հրեաստան բառը պետք է փոխարինել Հայաստանով, այն պարզ պատճառով, որ Սուրբ Հոգու գալստյան ժամանակ, որ կոչվում է Պենտեկոստե, այլ ազգերի կողքին ավելորդ է նշել, որ Երուսաղեմում հրեաներ են եղել: Իսկ մեր եկեղեցու հայրերը գրում են, որ առաքյալների զանազան լեզուներով խոսելու շնորհ տրվելիս Թադեոս առաքյալը այդ պահին խոսել է քաղցրահնչյուն հայերենով, ի նշան այն բանի, որ հենց նա էր Հայաստան գալու Տիրոջ ավետիսով:

Պատմական հնագույն աղբյուրներն էլ ապացուցում են Հայաստանի ու Հրեաստանի միջև զանազան առնչություններ, օրինակ, Աբգար թագավորի դեսպանների այցը Սուրբ երկիր: Մոտավորապես 150 տարի առաջ հայտնաբերվեց նաև քարեղեն մի անհերքելի ապացույց, որը Սուրբ երկրի ամենապատկառելի հայտնագործություններից մեկն էր: Սուրբ Հարության տաճարի դռնապանը՝ տեղացի մի արաբ, Երուսաղեմի Հին քաղաքի Դամասկոսյան դարպասից ոչ շատ հեռու 1894 թ. իր գնած հողամասում, տան հիմքի փոսորակը խորացնելիս, դեմ է առնում գերազանց պահպանված մի խճանկարի, իսկ մոտերքում հայտնաբերում է մարմարե խաչքարի բեկորներ, որոնք իրար համադրելուց հետո կարդում են հետևյալ արձանագրությունը. «Յիշեա զՊետրոս, որ արար և զՀովհան, որ ետ առնել զխաչս այս» («Հիշիր Պետրոսին, որ շինեց, և Հովհանին, որ հետ գնեց այս խաչը»):
Այնուհետև շրջակայքում հայտնաբերվում են մի քանի հին գերեզմաններ ու մի մեծածավալ, նույնիսկ մեր օրերի համար գերազանց պահպանված խճանկար: Ըստ պատմաբանների՝ այս տեղում 7-րդ դարում եղել է Քրիստոսի քաջ վկա Պողիկտոսի (Մալաթիայի ազնվական զորապետ էր, Հռոմի Դեկոս կայսեր (249-251) օրոք, հավանաբար հայ) անունով մի հայոց վանք, որը կառուցել է տվել Ծոփքի Արմեղայոս անվամբ մի հայ իշխան՝ ի նշան զղջման ու ապաշխարության այն հանցանքի համար, որ Արիստակես հայրապետի սպանությանը մասնակից է եղել: Խճանկարի վերևի մասում գրված է հայերեն ու ընթեռնելի տառերով. «ՎԱՍՆ ՅԻՇԱՏԱԿԻ ԵՒ ՓՐԿՈՒԹԵԱՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, ԶՕՐՈՑ ԶԱՆՈՒԱՆՍ ՏԷՐՆ ԳԻՏԷ»:


Պեղածո խճանկարներով այստեղ ոչ ոքի չես զարմացնի, բայց այն, ինչ գտնվել էր, զարմացրել էր նույնիսկ շատ բան տեսած հնագետներին, որովհետև մինչ այդ հայտնաբերվածները սովորաբար պատմական հուշարձանի մի բեկոր կամ հատվածն էին լինում, բայց այս մեկը անզուգական էր բառիս բուն իմաստով, պահպանվել էր ամբողջովին, մի խճաքար անգամ պակաս չէր: Խճանկարային այդ գլուխգործոցի չափերն էլ էին պատկառելի. երկարությունը` 7,15, լայնությունը՝ 4,40 մետր: Ամբողջական պատկերը դիտողին զարմացնում էր նաև գույների թարմությամբ, զարդանկարների պերճաշուքությամբ ու հորինվածքի մեծ վարպետությամբ: Հնագիտական նման մի հայտնագործություն իսկույն կտարփողվեր ամբողջ աշխարհում, սակայն մեր արվեստի ու ճարտարապետության կատարյալ նմուշների պես սա էլ մնաց մի համեստ անկյունում, որովհետև մեր ազգն իր գերազանցը չի կարողանում պատշաճ կերպով մատուցել, իսկ ուրիշներն իրենց խզբզանքները կարողանում են որպես գլուխգործոց ներկայացնել: Նրանցը նսեմացնելու համար չէ, որ ասում եմ, այլ մեզ թմբիրից հանելու և օրինակ վերցնելու, քանզի երբեմն այնպիսի անարվեստ մշակութային աշխատանքներ են կարողանում զբոսաշրջիկներին որպես արվեստի մեծարժեք գործ ներկայացնել, որ զարմանում և տխրում ես մեր ազգի՝ այդ հարցում անընդունակության վրա: Այս սուրբ երկրում մեր ունեցած հարստությունը, նկատի ունեմ հոգևորը, եկեղեցական և մշակույթի ոլորտները, այնքան մեծ ու անգնահատելի են, որ եթե ուրիշ ազգ դրանց մեկ տասներորդն ունենար, ամբողջ աշխարհին կներկայանար որպես հնագույն մշակույթի տեր: Բայց արի ու տես, որ շատ ու շատ ազգերի ներկայացուցիչներ, նույնիսկ քրիստոնյա աշխարհից, առաջին անգամ այստեղ են լսում, որ գոյություն ունի հայ ժողովուրդ, որը վերածննդի ասպարեզում մի քանի դարով կանխել է իտալական և արևմտաեվրոպական վերածնությունները, որի միանգամայն ինքնօրինակ ճարտարապետությունն ազդել է իտալականի ու եվրոպականի վրա, իսկ երաժշտականը համաեվրոպական կլասիկ գլուխգործոցների հենքն է հանդիսացել:


Իհարկե, ես դեմ եմ ազգ գովազդելուն, ավելի բարի է վարք ու բարքով տարբերվենք ապականվող աշխարհից և իսկապես լինենք բոլոր քրիստոնյա ազգերի համար որպես ավագ եղբայր, բայց ունեցած լավագույնը, Ավետարանի խոսքով ասած, տաղանդը հողի տակ թաղելը նույնպես անմտություն է: Իսկ վերոհիշյալ խճապատկերի մասին միայն հնագետներն են քաջատեղյակ, և հրեական հնագիտական ամսագրերում չեն դադարում այն ներկայացնել որպես Սուրբ երկրի հազվագյուտ մասունք: Իսկ այն տունը, որի հողամասում գտնվել է խճանկարը, մինչև հիմա պատկանում է մի արաբի: Հայերը կարողացել են նրանից գնել միայն առաջին հարկում եղած խճանկարն ու կից երկու սենյակները, իսկ բակը տանտերը ցանկապատել, փակել և վերածել է հին ու անպետք իրերի փնթիանոցի, որտեղ մտնելու իրավունք ունեն միայն հայերը, իսկ մնացածների մուտքն արգելված է: Բայց եթե մերոնք ջանք անեին և ժամանակին տունը ամբողջովին գնեին, ապա ծախսածի հարյուրապատիկը հետ կստանային, եթե ամեն այցելուից թեկուզ մի չնչին մուտքադրամ գանձվեր, ինչպես անում են լատիններն իրենց սրբատեղերը մտնողների համար: Նաև որպես արժեքավոր լրացում ասենք, որ 1925 թ. լրացուցիչ պեղումների ժամանակ այդ խճանկարի գտնված տեղի շրջակայքում հայտնաբերվել է Բյուզանդիայի հայկազն Մորիկ կամ Մավրիկիոս կայսեր քրոջ` Անատոլիայի գերեզմանը:
Ահա ևս մի ապացույց հայոց ազգի հինավուրց արմատների, որի մասին նույնիսկ հայերս չգիտենք, իսկ թե ով է մեղավոր դրանում, ինքներդ դատեք ու լույսը քթոցի տակ մի պահեք:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ