Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ՈՒրախ եմ, որ կյանքիս այս փուլն անցնում է Արցախի հողում»

«ՈՒրախ եմ, որ կյանքիս այս փուլն անցնում է Արցախի հողում»
18.07.2017 | 09:54

Այս տարի տոնվում է Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ 70-ամյակը։ Օրերս Երևանում կայացած «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում կայացավ համերգ՝ նվիրված մաեստրոյի հոբելյանին։ Երեկոյի ընթացքում հանդես եկան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և մեծահամբավ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը։ Համերգը ղեկավարում էր հենց ինքը՝ Գևորգ Մուրադյանը։ Հոբելյարը նշում է, թե ուրախ է, որ նորից ղեկավարում է հարազատ ու սիրելի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Գևորգ Մուրադյանն իր կյանքի մեծագույն ձեռքբերումներից է համարում այն, որ զբաղվում է սիրած գործով. «Ես աշխատանքիս նվիրյալն եմ, և ինձ համար հաճելի է մինչ օրս ծառայել երաժշտությանը»։


Վաստակաշատ դիրիժորն Արցախի պետական կամերային նվագախումբը ղեկավարում է 2004 թվականից, եղել են Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կիպրոսում, Հունաստանում, Իրանում։ 2012 թվականին նրա ղեկավարությամբ նվագախումբը համերգներով հանդես է եկել Նորվեգիայի Բերգեն քաղաքում, 2013 թվականին՝ Մոսկվայում, 2015 թվականին՝ ԱՄՆ-ի Լոս Անջելես և Բոստոն քաղաքներում:


Խոսելով իր ղեկավարած կոլեկտիվի մասին՝ պարոն Մուրադյանը նշեց, որ այն առայժմ կամերային է, սակայն նպատակ կա դարձնելու սիմֆոնիկ։ «Պետք է ասեմ, որ եթե նախնական փուլում նվագախմբի կազմը հիմնականում բաղկացած էր երևանցիներից, այժմ հասել ենք նրան, որ երևանցիներից ընդամենը 3-ն են մնացել։ Նվագախումբը համալրված է տեղի կադրերով, ինչը նշանակում է, որ մենք ճիշտ ռազմավարություն ենք որդեգրել։ Ի սկզբանե մեր նպատակը հենց դա էր՝ ունենալ Արցախի պետական նվագախումբ հենց արցախցիների մասնակցությամբ։ Այսօր կարող եմ հպարտությամբ նշել այդ փաստը։ Մինչև Երևան ժամանելս` այս օրերին Շուշիում՝ նորաբաց համերգասրահում, կատարեցինք շատ դժվարագույն ստեղծագործություն՝ Էդվարդ Միրզոյանի Լարայինների և գոսերի համար գրված սիմֆոնիան»,- մեզ հետ զրույցում նշեց Գևորգ Մուրադյանը՝ ավելացնելով, որ իր ղեկավարած կոլեկտիվը ակտիվ գործունեություն է ծավալում՝ համերգներ ունենալով ինչպես Արցախում, այնպես էլ արտասահմանում։
Մաեստրոն նկատում է, որ Արցախում իրեն շատ լավ է զգում։ Ասում է՝ ամեն ինչ անում է նվիրումով ու սիրով։ Շարունակելու է ծառայել Արցախին. «ՈՒրախ եմ, որ կյանքիս այս փուլն անցնում է Արցախի հողում»։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ