Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Բակո Սահակյանը ընտրվեց Արցախի Հանրապետության նախագահ

Բակո Սահակյանը ընտրվեց Արցախի Հանրապետության նախագահ
19.07.2017 | 23:18

Բակո Սահակյանն այսօր վերընտրվեց Լեռնային Ղարաբաղի նախագահ՝ Ազգային ժողովի հատուկ նիստում: Բակո Սահակյանի օգտին քվեարկեց 28, նրա միակ մրցակից, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի օգտին՝ 4 պատգամավոր: Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի երեք խմբակցությունները՝ «Հայրենիքը», ՀՅԴ-ն և «Ժողովրդավարությունը» ընտրություններում սատարում էին Ղարաբաղն արդեն տասը տարի ղեկավարող Բակո Սահակյանին, ընդդիմադիր «Շարժում 88»-ը՝ խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանին: Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը 33 պատգամավոր ունի: Հատուկ նիստում առաջինը ներկայացվեց Աղաբեկյանի թեկնածությունը, որից հետո նա ելույթ ունեցավ:

Էդուարդ Աղաբեկյանը խոսեց 2016-ի ապրիլյան իրադարձություններից և ասաց, որ մինչ այդ իրադարձությունները քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների հարցը, և կառավարման մոդելի փոփոխության հարց չկար, հետո ներառվեց, որ Ղարաբաղը պետք է դառնա խորհրդարանական կառավարմամբ պետություն, ապրիլյան պատերազմից հետո անհասկանալիորեն խմբակցությունները փոխեցին իրենց դիրքորոշումը և սկսեցին լիարժեք նախագահական կառավարման մոդելը պաշտպանել: Ընդդիմադիր գործիչը վտանգավոր համարեց, որ գործող նախագահին առաջադրած խմբակցությունները փորձում են նրան անփոխարինելի դարձնել, ինչը, ըստ նրա, սխալ է, և կարծում է՝ պետության ղեկավարը պետք է պարբերաբար փոխվի, քանի որ այդպես են պետությունները զարգանում: Աղաբեկյանը խոսեց արտաքին քաղաքականությունից, հատկապես պնդեց, որ Ղարաբաղը պետք է դառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների կողմ:
Անվտանգության հարցերին անդրադառնալով՝ նա ասաց, որ 2005, 2012, 2015 թվականներին ընտրությունների ժամանակ բարձրաձայնել են մարտական դիրքերի կահավորման կարևորությունը, զենքերով համալրման հարցերը, բայց իրենց հեգնանքով մեղադրում էին ռազմատենչության մեջ, մինչդեռ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ դա անհրաժեշտ էր: Իրենց հորդորները չեն լսվել, զոհեր եղան, ու այժմ անհասկանալի է, թե ո՞վ է պատասխան տալու, և ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է տեղի ունեցածի համար, ընդգծեց Էդուարդ Աղաբեկյանը:


Նա ասաց, որ պետք է «Ազգ-բանակ» մոդելով շարժվի Ղարաբաղը, պահեստազորը պետք է գնա վերապատրաստումների, պետք է պատրաստ լինել պատերազմի:
Բակո Սահակյանի թեկնածությունը ներկայացրեց Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, որ նաև «Ժողովրդավարություն» կուսակցության ղեկավարն է: Նա ասաց, որ առաջիկայում կարևոր փուլ է սպասվում Ղարաբաղի համար, սեպտեմբերին կառավարության ղեկավարումը կստանձնի այն նախագահը, որին այսօր կընտրի խորհրդարանը, անցումային փուլում նաև կառավարությունն է ղեկավարելու փոփոխված Սահմանադրությամբ: Ղարաբաղում չի լինի վարչապետ՝ սեպտեմբերին այդ պաշտոնը կփոխարինվի պետնախարարի պաշտոնով, իսկ կառավարության ղեկավարումը կստանձնի նոր նախագահը, որն ընտրվում է անցումային փուլի համար՝ երեք տարի ժամկետով: Ղուլյանը մի շարք մանրամասներ, Սահակյանի ձեռքբերումները ներկայացրեց և ասաց, որ կարծում է՝ ժողովրդավարական պետություն կառուցելու ակնկալիքները կարդարացվեն այսօրվա ընտրությամբ:


Ելույթներ եղան նաև գործող նախագահի թեկնածությունը պաշտպանող մյուս խմբակցություններից: Բակո Սահակյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց իրեն առաջադրած խմբակցություններին և պատգամավորներին, կարևորեց Ազգային ժողով-նախագահ համագործակցությունը անցումային փուլում, ասաց, որ պատրաստ է ստանձնել այս լիազորությունները, քանի որ հասկանում է, որ կայունություն է պետք առաջիկայում Ղարաբաղին՝ այս փոփոխությունների փուլը անցնելու համար՝ երեք տարի անցումային փուլ է պետք նոր Սահմանադրությունը ամբողջությամբ կյանքի կոչելու համար: Սահակյանը վերջին տարիների մի շարք ձեռքբերումներ ներկայացրեց, մասնավորապես՝ ժողովրդավարական համակարգն ու քաղաքացիական հասարակության կայացումը:
Նա ընդգծեց, որ պաշտպանության ոլորտին պետությունը առաջնային տեղ է տվել և շարունակելու է տալ: Խոսելով ապրիլյան պատերազմից՝ Բակո Սահակյանն ասաց, որ ադրբեջանական կողմը «բլիցկրիգ» էր նախատեսել, որը ձախողվեց, և վստահեցրեց, որ այդ ժամանակ ի հայտ եկած շատ խնդիրներ արդեն լուծվել են ու շարունակելու են լուծվել: Նա հայտարարեց, որ բանակի համալրումն է շարունակվելու, ղարաբաղյան հակամարտության լուծման եզրեր պետք է գտնվեն և պետք է վերականգնվի բանակցային լիարժեք ձևաչափը՝ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Բակո Սահակյանը նաև սոցիալ-տնտեսական ցուցանիշներ ներկայացրեց՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն աճում է, տուրիզմն աճում է տարեկան միջինը 12,9 տոկոսով: Նրա համոզմամբ՝ մինչև 2020-ը պետք է անվտանգությանն ուշադրություն դարձնել և բանակը համալրել:


Անցումային փուլից հետո՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում կանցկացվեն խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

Դիտվել է՝ 5862

Մեկնաբանություններ