Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՀՅԴ հայտարարությունը

ՀՅԴ հայտարարությունը
19.07.2017 | 23:41

Քննելով ՀՀ ներքին և արտաքին քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակը, երկրի ռազմավարական զարգացման առաջնահերթությունները և այդ ուղղություններով կուսակցության կատարած աշխատանքներն ու անելիքները, ինչպես նաև հավատարիմ մեր նախընտրական խոստմանը, այն է` պարբերաբար հանդես գալ կատարված և առաջիկա աշխատանքների հանրային հաշվետվությամբ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կատարում է հետևյալ հաստատումները.


- Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ: Սահմանադրության բարեփոխումներից բխող օրենսդրական և պետական կառավարման համակարգի փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում պետության ու հասարակության զարգացման, ժամանակակից ժողովրդավարական պետության կառուցման համար:
- Հայաստանի Հանրապետությունը շարունակում է դիմակայել արտաքին քաղաքական մարտահրավերներին, որոնք ստիպում են անցում կատարել առաջանցիկ զարգացման քաղաքականության: Առաջնահերթ է դառնում մեր երկրի զարգացման ռազմավարական տեսլականի մշակումը և դրանից բխող ծրագրերի իրագործումը:
- Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության հիմնախնդիրը շարունակում է հիմնական օրակարգ մնալ և էապես պայմանավորում է թե առկա իրավիճակը, թե զարգացման ռազմավարական ծրագրերի առաջնահերթությունները:
- Խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված ՀՀ կառավարության ներկայացրած գործունեության ծրագիրը բխում է Քաղաքական կոալիցիայի հուշագրով ամրագրված սկզբունքներից ու առաջնահերթություններից և ներառում է ՀՅԴ քաղաքական ուղեգծի սկզբունքային հաստատումները:
Մասնավորապես.
- կարևորվում է սահմանադրական բարեփոխումներով սկսված համակարգային և որակական փոփոխությունները խորացնելու և անշրջելի դարձնելու անհրաժեշտությունը,
- առաջնահերթ է համարվում հասարակության մեջ պետության և ապագայի հանդեպ վստահության ու լավատեսության հիմքերի ստեղծման նպատակով նոր որակի իշխանության ձևավորումը,
- կատարվում են համապատասխան անհրաժեշտ քայլերն` ամբողջացնելու մարդու արժանապատվության անխախտելիության ու իրավունքի գերակայության սկզբունքների լիարժեք իրացումը երաշխավորող մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման համակարգը,
- լուրջ քայլեր են իրականացվում ապահովելու իշխանության բոլոր մարմինների թափանցիկ, հաշվետու և արդյունավետ աշխատանքը՝ ձևավորելով սահմանադրական նոր կարգից բխող ներիշխանական հարաբերություններ,
- նոր թափ է հաղորդվում հակակոռուպցիոն պայքարին , հակակոռուպցիոն քաղաքականությունը ակտիվացնելու և ինստիտուցիոնալ դարձնելու հիմք է ստեղծված ,
- ամբողջացվում է «Ազգ-բանակ» հայեցակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմարդյունաբերական համալիրի ձևավորմանը,
- աստիճանաբար ձևավորվում է կայուն զարգացում ապահովող սոցիալ - շուկայական տնտեսական համակարգ, վերանայվում է իրականացվող սոցիալական քաղաքականությունը, որակապես նոր մակարդակի է բարձրացվել տարբեր ոլորտներում պետություն- մասնավոր հատված համագործակցությունը, աճել են արտահանման տեմպերը, փորձ է արվում ներմուծվող ապրանքների մի մասը փոխարինել տեղական արտադրությամբ, ստվերի դեմ արդյունավետ պայքարի արդյունքում ավելացել են բյուջեի հավաքագրումները, էապես բարելավվել են հարկային և մաքսային մարմինների աշխատանքը, թեթև արդյունաբերության, արդյունավետ գյուղատնտեսության, զբոսաշրջության խթանման մեխանիզմներ են ստեղծվում, կան նոր և լուրջ ներդրումների ծրագրավորումներ՝ այդ թվում մարզերի մակարդակում,
- էականորեն փոխվել է ՀՀ կառավարության աշխատանքի որակը, հանրության մեջ ձևավորվում են վիճակի փոփոխության դրական սպասումներ, որոնք կարող են առարկայանալ հետևողական և սկզբունքային աշխատանքով,
- կառավարությունը երկրի զարգացման իր տեսլականը պատկերում է՝ ըստ էության որդեգրելով Հ.Յ. Դաշնակցության կողմից բազմիցս հիշատակված «Զարգանալ` չզիջելով» դժվարին, սակայն արժանապատիվ սկզբունքը: Կառավարության այս ծրագիրը կառուցված է այն գաղափարախոսության վրա, ըստ որի՝ չնայած նրան, որ Հայաստանը դիմակայում է անվտանգության լրջագույն սպառնալիքների և մարտահրավերների, երկիրը պարտավոր է և կարող է զարգանալ առանց զիջելու մեր ազգային ռազմավարական շահերը: Կառավարությունը փաստացի ստանձնում է հենց այսպիսի հանձնառություն և հայտ է ներկայացնում ապացուցել, առանց մեր սերունդների ձեռք բերածը կորցնելու, երկրի առաջանցիկ զարգացումը ապահովող հայեցակարգի կենսունակությունը,
- լուրջ նախադրյալներ են ստեղծվել Հայաստան-Սփյուռք համատեղ ներուժի արդյունավետ օգտագործման իրական մեխանիզմներ ստեղծելու առումով,
- կառավարությունը, քաջ գիտակցելով երկրի դեպի ծով ելք չունենալու, շրջափակման մեջ լինելու ծանրագույն պայմանները, հանձնառություն է ստանձնում երաշխավորել Հայաստանի և Արցախի միասնական անվտանգությունը, անհրաժեշտ թափ հաղորդել մեր երկրի զարգացմանը՝ ձևավորելով դրա համար բավարար արտաքին և ներքին ռեսուրս:
Քննելով կատարված աշխատանքների արդյունքնեըը՝ ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն Մարմնի համատեղ նիստն արձանագրում է, որ Քաղաքական Կոալիցիայի մեջ ՀՅԴ մասնակցությունը դրական արդյունքներ է արձանագրել և կարևոր նշանակություն ունի երկրում համակարգային և խորքային համալիր բարեփոխումներ իրականացնելու համար:


Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն Մարմնի համատեղ նիստն արձանագրում է.
- Մեզ համար առաջնահերթ են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների անվտանգությունը, բոլոր ուղղություններով կայուն զարգացումը և երկրում սոցիալական արդարությունը: Մեր համոզումն է, որ այս փոխկապակցված և փոխլրացնող ռազմավարական ուղղությունները` Անվտանգություն, Արդարություն, Զարգացում, ապահովելու են մեր երկրի ու հասարակության բնականոն զարգացումը, Հայաստանի ու հայության արժանապատիվ տեղն ու դերը ազգերի ընտանիքում:
- Կոալիցիայի մեջ ՀՅԴ մասնակցությունը կարևոր նշանակություն ունի համակարգային և խորքային համալիր բարեփոխումներ իրականացնելու և վերոնշյալ ռազմավարական ուղղություններով երկրի զարգացման համար:


- Մեր արտաքին ռեսուրսը հմուտ դիվանագիտություն իրականացնելու, սփյուռքի մեր ներուժը զորաշարժի բերելու միջոցով բազմակողմանի քաղաքական և տնտեսական կապերն ամրապնդելու, դաշնակից ու բարեկամ երկրների շրջանակը հետևողականորեն ընդլայնելու մեջ է: Ներքին ռեսուրսը բազմապատկելու գրավականը հայ մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորումն է, ներազգային համերաշխության ու արդարության ապահովումը:
Դրան հասնելու համար բարենպաստ միջավայր ձևավորելուն են կոչված ծրագրային այնպիսի առաջնահերթություններ, ինչպիսիք են`
- սահմանել արդյունավետ կառավարման չափորոշիչներին համապատասխանող կառավարության նոր կառուցվածք և գործունեության կարգ,
- կառավարման խորհրդարանական ձևին անցնելու այս փուլում, ՀՀ Սահմանադրությանը համահունչ և միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ, ձևավորել համապատասխան օրենսդրություն,
- հետևողական լինել հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալացման փուլում դրա թափանցիկությունը, վստահելիությունն ապահովող մեխանիզմների որդեգրման հարցում,
- դատական իշխանության բարեփոխումների հետ են կապված մարդու իրավունքների պաշտպանությունը և արդարության հաստատումը: Դրա հիմնաքարը դրվելու է Դատական օրենսգիրք ընդունելով և դրան համապատասխան Բարձրագույն Դատական Խորհուրդ ձևավորելով,
- շարունակել ընտրական համակարգի բարեփոխումները` նկատի ունենալով մեր հասարակության և միջազգալին դիտորդական առաքելությունների դիտողությունները, առաջարկները,
- միջազգային խորհրդարանական համակարգերի առաջադեմ փորձի տեղայնացումը՝ ապահովելով պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման արդիականացումն ու արդյունավետությունը, մասնավորապես կառավարություն-վարչապետ-նախարար սահմանադրությամբ նախատեսված կարգավիճակներին համապատասխան լիազորությունների և պարտականությունների պատշաճ օրենսդրական կարգավորումը,
- խոշորացված համայնքներում համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելի և համայնքների ավագանիների համամասնական ընտրական համակարգի ներդրումը,
- հասարակության լայն վստահությունը վայելող կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի հիմնումը, ինչի համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումներն արդեն կատարված են,
- բարձր որակավորում ունեցող, մրցունակ, արժանավայել ու վստահելի մարդկային կապիտալ ձևավորելուն կոչված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականությունը,
- Հայաստանի, Արցախի և Սփյուռքի՝ որպես մեկ միասնական հայության ամբողջացում, հայության ճակատագրում բոլոր հայերի մասնակցությունն ապահովող համապատասխան իրավաքաղաքական միջավայրի ստեղծումը,
- «Ազգ-բանակ» հայեցակարգի ամբողջականացման հիմքում հակառակորդին խաղաղության պարտադրելու մոտեցումը որդեգրելը, Արցախի հարցում ամբողջական ներուժի համախմբմամբ քաղաքական ամբողջ դաշտի կոնսենսուսի ապահովումը:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ
17 հուլիսի 2017

Դիտվել է՝ 9981

Մեկնաբանություններ