Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կմնա՞ Լապշինը բանտում 3 տարի

Կմնա՞ Լապշինը բանտում 3 տարի
21.07.2017 | 00:13

Բաքվի դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին՝ ՌԴ ու Իսրայելի քաղաքացի, դատապարտել է երեք տարվա ազատազրկման: Ադրբեջանում նա մեղադրվում է, առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցման, Ղարաբաղ այցելելու մեջ: Ադրբեջանցի քաղաքագետները կարծում են, որ նա ավելի շուտ ազատություն կստանա: Դատարանի որոշմամբ՝ Լապշինը կպահվի ընդհանուր ռեժիմի բանտում: Նրա փաստաբան Էդուարդ Չեռնին ասել է, որ դատարանը մեղադրանքից հանել է հակապետական գործողությունների կոչերի հոդվածը: Լապշինին կալանավորել են Մինսկում 2016-ի դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի պահանջով: 2017-ի փետրվարի 7-ին նա, հակառակ Մոսկվայի առարկություններին, արտահանձնվեց Բաքվին: Բլոգերը Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվել է 2011-ին ու 2012-ին Ղարաբաղ այցելելու համար՝ առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվությունը ստանալու: Բաքվում համարում են, որ նա խախտել է «Ադրբեջանական Հանրապետության սահմանի մասին» և «Անձնագրերի մասին» օրենքները: Լապշինի փաստաբանն ասել է, որ իր հետագա գործողությունները կախված են պաշտպանյալից: «Ես դեռ նրա հետ չեմ խոսել: Նրան տարան: Գուցե նա դատավճռից գոհ է, գուցե՝ ոչ: Ես առանց նրա հետ համաձայնեցնելու, իհարկե, ոչ մի քայլ չեմ ձեռնարկի»՝ ասել է Էդուարդ Չեռնին: Նա չի բացառում, որ դատավճիռը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարանում:

«Ես կարծում եմ, որ Լապշինը երեք տարի չի նստի, նրան ներում կշնորհեն,- կարծում է քաղաքագետ և Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը: -Նրա համար արդեն բավարար պատիժ էր Ադրբեջանին արտահանձնելը և բանտում արդեն անցկացրած մի քանի ամիսները»: Էլդար Նամազովը՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի խորհրդականը, նույնպես վստահ է Լապշինի վաղաժամկետ ազատման մեջ: «Նրա գործի առնչությամբ արտասահմանյան շատ ԶԼՄ-ներում ոչ ճշգրիտ շեշտադրումներ են արվում,- ասում է նա:- Բլոգերը դատապարտվել է ոչ Ղարաբաղ գնալու համար: Դրանից հետո նա հատել է Ադրբեջանի սահմանը, թեպետ «սև ցուցակում» էր և ցուցադրաբար ներկայացրել է իրեն բլոգում, որ կարողացել է խաբել սահմանապահներին և փաստացի տրոլել է պետական ծառայությունները: Դատական գործը հարուցվել է հենց այդ պատճառով, իսկ առանց ԱԳՆ-ին տեղեկացման Ղարաբաղ այցելողների սովորական պատիժը «սև ցուցակն է»: «Այնուամենայնիվ ես կարծում եմ ու հույս ունեմ, որ նա ստիպված չի լինի ամբողջ ժամկետը նստել»՝ հայտարարեց փորձագետը:


«Սև ցուցակը» (անցանկալի անձանց ցանկը) Ադրբեջանում գոյություն ունի 2013-ից: Ցուցակում 667 մարդ կա՝ նկարիչներ, երաժիշտներ, լրագրողներ, գրողներ, բլոգերներ ու քաղաքական գործիչներ, եվրոպացի պատգամավորներ, որ այցելել են Ղարաբաղ:
Սև ցուցակում են՝ Վլադիմիր Վարֆոլոմեևը՝ «Эхо Москвы»-ի գլխավոր խմբագրի տեղակալը, Էդուարդ Լիմոնովը՝ ռուս գրող, Կոնստանտին Զատուլինը՝ Պետդումայի պատգամավոր, Քերոլայն Քոքսը՝ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, Բեդրոս Կիրկորովը՝ Ֆիլիպ Կիրկորովի հայրը, Մոնսերատ Կաբալիեն՝ օպերային երգչուհի: Փետրվարին Ադրբեջանը Ինտերպոլի միջոցով պահանջեց եվրոպացի պատգամավորների արտահանձնումը՝ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա): Հուլիսի 12-ին Ինտերպոլի չեխական բաժանմունքը հայտարարեց, որ հրաժարվում է ձերբակալել չեխ պատգամավորին:
ВВС


Հ.Գ. Գուցե Ալեքսանդր Լապշինը իսկապես պիտի գոհ լինի՝ մեղադրող կողմը պահանջել էր վեցուկես տարվա ազատազրկում, իսկ նա ստացավ երեք տարի: Ինչի՞ համար: Դատարանում Լապշինն ասել է. «Ես մեղավոր եմ Ադրբեջանի ժողովրդի առաջ միայն նրա համար, որ իմ գործողություններն ադրբեջանցիներին ցավ են պատճառել։ Ես հասկանում եմ, թե որքան կարևոր է Ղարաբաղը Ադրբեջանի համար։ Ես որևէ ձևով հանցավոր կապի մեջ չեմ մտել Հայաստանի կառավարության հետ»: Նա ասել է գլխավորը, որ նրանից պահանջում էր Ադրբեջանը՝ «Հուսով եմ՝ ղարաբաղյան խնդիրը կկարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։ Իսկ հետո իրեն մեղավոր չի ճանաչել՝ ասելով, որ այցը Ղարաբաղ զուտ զբոսաշրջային ճամփորդություն էր և քաղաքական ենթատեքստ չուներ։
Լապշինի փաստաբանը չի բացառել, որ բլոգերին արտահանձնեն Ռուսաստանին, Իսրայելին կամ ՈՒկրաինային. «Արտահանձնումը հնարավոր է, Ադրբեջանի օրենսդրությունը դրա հնարավորությունը տալիս է՝ միջազգային նորմերին համաձայն։ Դրա համար անհրաժեշտ է, որ այդ երկրներից գոնե մեկը դիմի Ադրբեջանի իշխանություններին և Լապշինը ցանկություն հայտնի»։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը Լապշինի գործին և նրա հնարավոր արտահանձնմանը չի հետևում։ «Սա Կրեմլի թեման չէ»,- ասել է Պեսկովը։ Լռում է նաև Իսրայելը: Մնում է՝ Լապշինը բարեկամանա Ադրբեջանի հե՞տ: Երկիր, որի պատգամավորն էլ համարում է, որ Ադրբեջանին արտահանձնումն արդեն պատիժ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5350

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ