Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռոբերտ Քոչարյանի ուրվականը վերադարձավ

Ռոբերտ Քոչարյանի ուրվականը վերադարձավ
21.07.2017 | 01:04

Հանրապետության հրապարակից մի քանի քայլի վրա համարյա 20 տարի գործում էր Ֆիրդուսի շուկան, թե տոնավաճառը, դժվար է ճշգրիտ որակել, մի բառով՝ Ֆիրդուսնոցը, որտեղից մի պտույտով կարող էիր գնել այն ամենը, ինչի համար մի տասնյակ խանութ պիտի պտտվեիր: Վաճառվում էր խանութներից էժան, ու դա էր Ֆիրդուսնոցի առավելությունը: Գինը, ոչ թե որակը: Նեղ, անհարմար, դարուփոս, աշնանը՝ ջրափոս, ձմռանը՝ սահադաշտ: Բայց մարդիկ աշխատում էին ու տուն էին պահում՝ լավ-վատ, աշխատատեղ էր: Երևանցիները սովորել էին Ֆիրդուսնոցին: Տարածքը հանրային գերակա շահ էր ճանաչվել 2007-ին, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Կենտրոնը դատարկում ու տնազրկում էին հազարավոր ընտանիքների: Թվում էր՝ պատմությունն ավարտվեց: Առավել ևս, որ Արամի, Պուշկինի ու տարածքի քանդված այլ տների բնակիչներ դեռ բնակարանով ապահովված չեն՝ ինչպես խոստացվել էր: 10 տարի անց՝ 2017-ի հուլիսի 19-ին ոստիկաններն ու տրակտորները մտան Ֆիրդուսնոց և տարածքն ազատեցին քաղաքաշինական ծրագրի համար: Ի՞նչ ծրագիր՝ կպատմի Նարեկ Սարգսյանը՝ նա գիտի ինչպես քանդել քաղաքը և ինչ «ճիշտ» կառույցներ անել: Տաղավարները քանդելը դրամատիկ ստացվեց:

Առավոտյան բնակիչները և առևտրականները թույլ չէին տվել տաղավարները քանդել: Հետո փողոցը, այնուամենայնիվ, հանձնվեց՝ տեխնիկայի գրոհի առաջ: Քաղաքապետը հորդորում է այլ շուկաներ տեղափոխվել, բայց կա «չնչին» խնդիր՝ 15000-ի և 150000-ի տարբերությունը: Ֆիրդուսնոցում տաղավարի համար ամսական 15000 վճարողը չի կարող մոլերում համարժեք տարածքի համար 150000 վճարել՝ նա մրցունակ չէ ֆինանսապես: Ոչ էլ ապրանքի որակի տեսակետից, նա հենց Ֆիրդուսնոցում ունի իր գնորդը:
Անվիճելի է, որ քաղաքի կենտրոնում նման շուկայի գոյությունը նոնսենս է, բայց նույնքան անվիճելի է, որ 20 տարում հնարավոր էր հարցին գտնել քաղաքակիրթ լուծում, ոչ թե տրակտորով տաղավար քանդել ու հրմշտոցով-քաշքշոցով առևտրականներին տեղահանել: Քաղաքապետարանը իր խորհրդակցություններում հարցի ձևական քննարկումներում չգտավ համարժեք տարածք, որտեղ կարող էր Ֆիրդուսնոցը տեղափոխվել, իսկ Կենտրոնում նման տարածքները լիքն են, օրինակ, Մաշտոցի պողոտայի գետնանցումի տարիներով դատարկ մնացած հսկայական տարածքը, որը գուցե սեփականատեր ունի, բայց ո՞ւր է ու ինչո՞ւ է ավերակ թողել ժամանակին հայտնի խանութը: Քաղաքապետարանը փաստացի հարցը ոչ թե լուծեց, այլ ստեղծեց նոր բողոքավորների խումբ, որ կառավարության ու նախագահականի առաջ են իրենց շահերի պաշտպանությունը որոնելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Սա հարցի կեսն է: Ֆիրդուսնոցը տրակտորներով դատարկել հնարավոր է, իսկ ի՞նչ անել սեփական տների հետ: Մարդիկ դառը փորձ ունեն, նրանք չեն հավատում, որ կստանան համարժեք գումար կամ բնակարան, առավել ևս որ առաջարկները շուկայական գների համեմատ՝ բարիկադներ կառուցելու ճանապարհ են ցույց տալիս: Տոնավաճառը վերացնելուց հետո քաղաքապետարանն անցնելու է երկրորդ արարին՝ սեփական տները քանդելուն: Դա շատ ավելի ողբերգական ու ծանր հետևանքներ է ունենալու տասնամյակներով քաղաքի կենտրոնում ապրող երևանցիների համար, որ բախվում են պետությանը՝ իբրև պատի: Գերակա շահը և քաղաքացու շահը չպիտի բախվեն, պետությունը իրավունք չունի քաղաքացուն վերաբերվել իբրև ավելորդ իրի, որ կարելի է դուրս նետել ու մոռանալ: Դա քաղաքացուն դարձնում է ագրեսիվ ու ստիպում անօրինականությունների դիմել՝ այլ ելք չգտնելով:

Դիտվել է՝ 12400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ