«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Սահմանամերձ տարածքները ամրացված և շեն գոտիների վերածելը մեր բոլորի խնդիրն է

Սահմանամերձ տարածքները ամրացված և շեն գոտիների վերածելը մեր բոլորի խնդիրն է
21.07.2017 | 04:47

(սկիզբը` այստեղ)

Մեր վարչապետը մի լավ բառ է շրջանառության մեջ դրել` մոտիվացիա, որը լեզվաբան Արարատ Ղարիբյանը թարգմանել է այսպես. «…որևէ քայլի դիմելու դրդապատճառների, շարժառիթների ամբողջություն»:
Ստացվում է, որ այդ նախարարությունները՝ վերը նշված աշխատանքները կատարելու համար ունենալով մոտավորապես 250 մլն դոլարի վարկային ծրագիր, մոտիվացված չեն մեր մեքենային տեր կանգնելու, որովհետև սահմաններն ու հարակից տարածքները, հավանաբար, նրանց գործառույթներում չեն:


(Չմոտիվացված լինելու դասական օրինակ է գյուղնախից ինձ ուղարկված պատասխան նամակը, որի տողատակի էությունը հետևյալն է. պարոն Խոյեցյան, եթե այդքան հրապուրված ես քո այդ մեքենայով (նրանք չեն էլ տեսել, թեպետ Երևանից Եղվարդ՝ որտեղ գտնվում է մեքենան, ընդամենը 16 կմ է), ինքդ տար այն Գավառ, հոգա շահառուներին մեքենայի ցուցադրական գործարկմանը մասնակից դարձնելու, նրանց տեղափոխելու, սնվելու ծախսերը, քո հրամանով ստեղծիր հանձնաժողով, մեզ տուր հաստատված արձանագրությունը, և մենք այն կուղարկենք ուր պետք է: Սա ծաղր է, որը ես մի կերպ կուլ կտամ, իսկ նախարա՞րը: Ցավոք, այդ բովանդակությամբ պատասխանները քիչ չեն: Ես փորձում եմ մեր պաշտոնյաներին մոտիվացնել մեր օրերի ամենակարող դեղատոմսով՝ գումար խոստանալով: ՈՒ դիմում եմ վարչապետին, խնդրելով իր նշանակած մեքենայի ներդրման կառավարչին պաշտոնապես հատկացնել փաստացի շահույթի 20 %-ը ¥մոտավորապես 20000 ԱՄՆ դոլար): Արդեն յոթերորդ ամիսն է, ինչ սպասում եմ պատասխանի):
Ինձ մնում է «Իրատես»-ի միջոցով դիմել պաշտպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին՝ պարոնայք, տեր կանգնեք այս մեքենային, ես պատրաստ եմ այն նվիրելու, աջակցելու նրա ներդրմանը:
Շարունակենք սահմանամերձ տարածքներում գյուղացու շահույթը ավելացնելու մեր փնտրտուքները:


Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պրակտիկ աշխատանքի բազմափորձ Խաչատուր Սիմոնյանը նշում է, որ տավարի նորածինների կորուստը 30-35 % է: Հիմնական պատճառը վիտամինացված անասնակերի պակասն է. այն զգացվում է հատկապես վաղ գարնանը, երբ անզոր է որևէ ձևով օգնելու նաև բնությունը:
Այս բացը խորհրդային տարիներին լուծվում էր հանրապետությունում վիտամինացված խոտալյուրի հազարավոր տոննաների հասնող արտադրությամբ:
Այսօր այդ տեխնոլոգիան ինքնարժեքի և որակի ռիսկայնության առումով անընդունելի է:
Մեր կատարած փորձերը ցույց տվեցին, որ խոտալյուրի պատրաստման բարձրջերմաստիճանային տեխնոլոգիան կարելի է փոխարինել ավելի պարզեցված տարբերակով, առկա տեխնիկական միջոցներով լուծելով խնդիրը, ավելացնելով գյուղացու շահույթը՝ նաև մատղաշի (ոչ միայն տավարի) անկումը շեշտակիորեն կրճատելով:

Նկ. 3-ում այն կոմբայնն է, որով հնձվում, մանրացվում, բեռնվում է խոտալյուրի հումքը, այն տեղափոխվում գրանուլյատոր, ճզմվում, ապա ջրազրկվում՝ արևի էներգիայի ջերմային բաղադրիչով:
Այս մեքենան ևս պատրաստ եմ նվիրելու նշված նախարարություններին և աջակցելու վիտամինացված խոտալյուրի, տեխնոլոգիայի ներդրմանը:
Սահմանամերձ տարածքներում միշտ առկա է շարժվող, թե անշարժ տեխնիկայի գնդակոծման վտանգը:


Այս վտանգը պրակտիկորեն զրոյացվում է «Շիրակ-տեխնոպարկ» ՓԲԸ գլխավոր կոնստրուկտոր Հրայր Մելքոնյանի կլոր տարին փակ տարածքներում, այդ թվում` նկուղներում, գարին հիդրոպոնիկ եղանակով ծլեցնելով վիտամինացված կանաչ կեր արտադրելու տեխնոլոգիան և սարքավորումները ներդնելով (նկ. 4):

Փորձերով ապացուցվել է, որ այդ դեպքում պրոտեինը, կալցիումը, ֆոսֆորը, E և B խմբի վիտամինները ավելանում են մի քանի անգամ: Ավելանում են նաև կարոտինը, C և PP խմբի վիտամինները:
Կաթնատվության աճի առումով պատկերն այսպիսին է. 30 կգ ծլեցված գարու կանաչ զանգված, 5 կգ խտացրած կեր, 6 կգ ծղոտ պարունակող կերաբաժնով ավստրիական Անդրիտց ֆիրման մի կովից օրական ստանում է 20 լիտր կաթ, այն դեպքում, երբ արդեն քառորդ դար է, ինչ չենք կարողանում ստանալ նույնիսկ դրա կեսը:
Այս տեխնոլոգիան այլընտրանք չունի առաջիկա ամիսներին մեզ սպասող երաշտի առումով. նրա ներդրումը կկասեցնի տավարի հարկադրական մորթը, կավելացնի մթերատվությունը, կկրճատի մատղաշի անկումները:
1999-ին երաշտի պայմաններում մենք կարողացանք այդ տեխնոլոգիայի կիրառմամբ պահել մեր 10 գլուխ կովերը` ունենալով նաև կաթնատվության աճ (նկ. 5):

Նշեմ նաև, որ հիդրոպոնիկ եղանակով կանաչ զանգված աճեցնելիս, ավանդական եղանակի հետ համեմատած, 100 անգամ պակաս ջուր և 500 անգամ պակաս հողատարածք է անհրաժեշտ:


Ընդունենք այն իրողությունը, որ հանրապետությունում տարեցտարի ավելի է սրվելու ոռոգման ջրի խնդիրը (կլիման տաքանում է, Սևանից ջուր քիչ պետք է բաց թողնել և այլն) և այն, որ մենք բերքատու հողեր քիչ ունենք, որ հանրապետության տարածքի, այդ թվում` սահմանամերձ, զգալի մասը հակված է կարկտահարման, ցրտահարման, երաշտի, խորշակների, սելավային անձրևաջրերի, որպեսզի մեկ անգամ ևս անդրադառնանք կերազանգվածի, և ոչ միայն, աճեցման հիդրոպոնիկ եղանակին:
Եվ եթե փորձենք համադրել բոլոր ռիսկերը, ապա կհամոզվենք, որ այդ տարբերակը արդյունավետ է նաև ծախսերի առումով:
Ահա թե ինչու սահմանամերձ տարածքների համար առաջարկվող մեր նորացված անասնաշենքում նախատեսվում է ներդնել պարոն Հրայր Մելքոնյանի պրակտիկորեն պատրաստ տեղակայանքը:
Գյուղացու շահույթն ավելացնելու հաջորդ էական ռեսուրսը գոմաղբն է. ավանդական եղանակով այն հնացնելով պատրաստի պարարտանյութի վերածելը երկարաժամկետ է, աշխատատար, ինչից գյուղացին հաճախ հրաժարվում է, և անասնաշենքի մոտ կուտակված գոմաղբը վերածվում է չարիքի՝ կեղտոտում է շրջակա միջավայրը, այդ թվում` օդային ավազանը, գարշահոտությունն ու ճանճերի բազմությունը կենցաղային առումով, այդ թվում` զբոսաշրջիկներ ընդունելով շահույթ ակնկալելու, լուրջ խնդիրներ են առաջացնում:
Անասնագլխաքանակի կենտրոնացումով նկ. 1-ի համաձայն արդյունավետ է դառնում գոմաղբից դոլարներ «քամող» տեխնոլոգիայի և մեքենայի օգտագործումը (նկ. 6):

Այս արտադրամասում հարահոս ռեժիմով, անասնաշենքից գոմաղբի հեռացմանը զուգահեռ արտադրվում են բիոհումուս, սպիտակուցային խտանյութ, վարակազերծված օրգանական պարարտանյութեր, վառելանյութ:


Գոմաղբի մոտավորապես 50 %-ը, խառնվելով խոր ցամքարի ծղոտին, պատրաստի պարարտանյութ է: Ստացվում է, որ առաջարկվող տեխնոլոգիայով ոչ միայն կարելի է զրոյացնել գոմաղբի բացասական ազդեցությունը, այլև ստանալ էական շահույթ:
Այսօր հանրապետությունում որոշել են նոր թափ հաղորդել օրգանական գյուղատնտեսությանը, իսկ դա առանց բիոհումուսի, վարակազերծված օրգանական պարարտանյութերի հնարավոր չէ:
Գոմաղբի վերամշակման գործընթացում, կալիֆոռնիական որդերից ստացված սպիտակուցային խտանյութի շուկան միշտ էլ պահանջված է, հատկապես թռչնապահությամբ և խոզաբուծությամբ զբաղվող տնտեսությունների կողմից, և այդ պահանջարկը հիմնականում բավարարվում է արտերկրյա թանկ ներկրումներով, ինչն էլ հանգեցնում է հավի ու խոզի մսի շուկայական գների, արտերկրի հետ համեմատած, նշանակալի տարբերությանը:
ՈՒրեմն ինչո՞ւ սպիտակուցային այդ խտանյութը չարտադրել մեզ մոտ, դրա իրացման շահույթն էլ թողնել գյուղացուն:
Գյուղացու շահույթն ավելացնելու վերը նշված գործընթացների իրացման անհրաժեշտ նախապայմանը էժան ջերմային էներգիան է:
Այսօրվա իրողություններում այն հնարավոր է ապահովել արևի էներգիայի (ամենաշատն է սահմանամերձ տարածքների, հատկապես նախալեռնային և լեռնային շրջաններում) ջերմային բաղադրիչով, որը ինքնարժեքի առումով արդեն ունի ընդունելի լուծումներ:
Իսկ դա թույլ է տալիս ձմեռվա ցրտի պայմաններում ստանալ նոր արտադրանք՝ գարու կանաչ զանգված, բիոհումուս, սպիտակուցային խտանյութ, պահեստավորման համար ջրազրկված գյուղմթերք, վարակազերծված գոմաղբ և այլն, բնականաբար` նաև շահույթ:
Բերեմ սահմանամերձ տարածքներում արևի ջերմային օգտագործման երկու օրինակ.

Նկ. 7, 8, 9, 10-ում «Արևի և բիոէներգիայով աշխատող ֆերմերային բազմապիտանի տեղակայանքն է», նկ. 11-ում` Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում փորձարկված պասիվ արևային ջերմատունը (ՊԱՋ):
Ֆերմերային բազմապիտանի տեղակայանքում արևի ջերմային էներգիան կուտակվում է օբսիդիան (սատանի եղունգ) քարերում (կարելի է օգտագործել նաև այլ ջերմակուտակիչներ): Արևից ավելի շատ էներգիա վերցնելու համար տեղակայանքը պտտվում է արևի հետագծով՝ ֆերմերի ձեռքի թեթև հպումով:
Ամպամած օրերին օգնության է գալիս բիոէներգիան, որն ստացվում է ծղոտի հակի վրա թռչնաղբ շաղ տալով և ջրցանով:
Այս տեղակայանքով ջրազրկվել են մանրացված առվույտը (խոտալյուր ստանալու համար), սխտորը, ձկնեղենը, լոլիկի, խաղողի, մրգերի գործարանային թափուկները (որպես անասնակեր պահեստավորելու համար), ծղոտի հենքի վրա ստացվել են գարու կանաչ զանգված, վաղահաս սածիլ, տաքացվել է կից հավանոցը:
Պասիվ արևային ջերմատանը հունվար-փետրվար ամիսներին արևի էներգիայի ջերմային բաղադրիչով աճեցվել են կոտեմ, մաղադանոս, համեմ, սամիթ:
Հեղինակների հավաստմամբ` «…արդյունքները շատ գոհացուցիչ են», կատարված ծախսերը ավանդական ջերմատների համեմատ ավելի ցածր են:
Արևի էներգիայի ջերմային բաղադրիչի օգտագործման լավ փորձ ունեն նաև դոկտոր-պրոֆեսորներ Վահան Համազասպյանը, Հրայր Մելքոնյանը, որոնց հեղինակումները նույնպես կօգտագործվեն նորացված անասնաշենքում:


Այսպիսով, տեխնիկական առումով, սահմանամերձ տարածքներում բարձր շահութաբեր կաթնապրանքային տնտեսություններ ստեղծելը, մեր կարծիքով, լուծված է:
Ֆինանսական առումով ծախսերը կլինեն նվազագույնը, որովհետև օգտագործվելու են լքված անասնաշենքերը, իսկ մեր ստեղծած տեխնիկան կտանք անվճար:
ՈՒրեմն, ստեղծվում են բոլոր նախադրյալները, որ սահմանամերձ գյուղաբնակը, պետության հատուկ հոգածության հետ մեկտեղ, ունենա նշանակալի շահույթ, ավելի ամուր և աննահանջ պաշտպանի իր հողակտորը, արտադրական կարողությունները, մոռանա արտագաղթը:
Խնդիրը այդ աշխատանքները կազմակերպելն է, կոորդինացնելը, ինչի խնդրանքով դիմում եմ հարգարժան նախարարներ Վիգեն Սարգսյանին և Դավիթ Լոքյանին:


Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ-ի փոխտնօրեն Հանրային խորհրդի հանձնաժողովի անդամ

Հ.Գ. «Իրատեսում» տպագրված «Սահմանամերձ տարածքները պետք է վերածել ամրացված և շեն գոտիների» հարցազրույցին անմիջականորեն հաջորդում է Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆԻ «Պատերազմում հաղթում են ժողովրդով՝ հազար զենք էլ լինի, եթե սահմանդ պահող չլինի ու զենքդ կիրառող չլինի» հոդվածը, ինչը հիշյալ հրամայականի շեշտադրումն է, դրա հիմնավորումը նաև պատմության դասերով:
1905-ի Բաքվի ջարդերի դրդապատճառների` ցարին ուղարկված բացատրագրում նշվում է, որ թուրքերի նախանձը շարժում է հայերի ունեցած բարձր դիրքը տնտեսության և բանկային համակարգերում:
10 տարի հետո, 1915-ին, հայերի և հույների ջարդը՝ նրանց ունեցվածքը խլելով, գրեթե նույն դրդապատճառներով է բացատրում ռուս հայտնի վերլուծաբանն իր «Рождение турецкой нации» գրքում:
Դրանք կարող են կրկնվել նաև այլ երկրներում, այլ հանգամանքներում, ու ստի արտագաղթի փոխարեն սահմանամերձ տարածքները ամրացված ու շեն գոտիների վերածելու գործընթացներում ունենանք մեր ակտիվ մասնակցությունը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6484

Մեկնաբանություններ