Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երբ բացակայում է հանրային վերահսկողությունը

Երբ բացակայում է հանրային վերահսկողությունը
21.07.2017 | 07:29

Մանկապարտեզներում և դպրոցներում պարբերաբար արձանագրվող մասսայական թունավորումները խոսում են այն մասին, որ կրթօջախներում սննդամթերքի անվտանգությունը լուրջ խնդիր է։ Սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պարբերաբար ահազանգում են, որ խախտումներ արվում են չիմացության հետևանքով, սննդի մատակարարման հարցում գործում է ծանոթ-բարեկամ սկզբունքը։ Ըստ նրանց՝ որպես կանոն, արձանագրվում են հետևյալ բացթողումները՝ սննդամթերքի մակնշման պահանջների, սերտիֆիկատների բացակայություն, սանիտարահիգիենիկ նորմերի խախտում, սննդամթերքի պահպանման անհրաժեշտ պայմանների բացակայություն և այլն: Այս ամենը հիմնականում իրավական ակտերի պարտադիր պահանջներին մանկապարտեզների պատասխանատուների անիրազեկության, մատակարարից անորակ, առանց մակնշման կամ թերի մակնշումով սնունդ ստանալու, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների չպահպանման, մատակարարի հետ ստվերային համագործակցության, ՏԻՄ պատասխանատուների ոչ լիարժեք վերահսկողության և, վերջապես, հանրային վերահսկողության բացակայության հետևանք է:


Նշենք, որ այս խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու և որոշակի լուծումներ տալու համար 2017 թ. ՀՀ նախագահի աշխատակազմը հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհների շրջանակներում ընդգրկել է նաև «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում» անվանակարգը, որի շրջանակներում մի շարք հասարակական կազմակերպություններ իրականացրել են ծրագրեր սննդի անվտանգության ոլորտում։
Մասնավորապես, «Երիտասարդ ընտանիքի աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը Վայոց ձորի մի քանի մանկապարտեզներում իրականացրել է սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատում։ Ծրագրի համակարգող ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ սննդի ապահովման գործընթացում ներգրավված աշխատակիցները շատ դեպքերում անտեղյակ են իրենց պարտականություններին, օրենքներին, նորմերին։ Իրենց նախաձեռնությամբ մանկապարտեզներում ստեղծվել են հանրային խորհուրդներ, որոնք մասնակցում են մատակարարից սննդամթերքի ընդունման գործընթացին, որպեսզի զգաստանան և՛ մատակարարը, և՛ տնօրենը, և՛ ընդունողը։ Արթուր Հարությունյանը տեղեկացրեց, որ եթե նախկինում մանկապարտեզի տնօրենը ինքնուրույն էր ընդունում սնունդը, առանց որևէ մեկի գիտության, այժմ, նրա հետ, սննդի ընդունմանը մասնակցում են ծնողն ու դաստիարակը՝ վերահսկելով գործընթացը։


Ծրագրի շրջանակներում 55 օրինակով տպագրվել է տեղեկատվական գրքույկ՝ «Մանկապարտեզներում սննդամթերքի անվտանգության վերահսկողության ուղեցույց»։ Պրակտիկ այս ձեռնարկում զետեղված են նյութեր, որոնք ներկայացնում են, թե ինչ են սննդի անվտանգությունը, մակնշումը, պիտակը, ինչ հիգիենիկ նորմեր պետք է կիրառվեն։ Ներառվել են նաև բոլոր այն իրավական ակտերը, որոնք առնչվում են այս գործընթացին. դրանք կբաժանվեն մանկապարտեզներին։
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզի 10 դպրոցներում, Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցում և Աշտարակի 5 մանկապարտեզներում համանման ծրագիր է իրականացրել նաև «Մարդկային ռեսուրսների զարգացման Արագածոտնի մարզային կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ ՀԿ նախագահ ՍԻՐՈՒՇ ԽՈՅԵՑՅԱՆԸ նկատեց, որ տեղերում մանրամասն դիտարկվել է սննդամթերքի ապահովման ամբողջ գործընթացը՝ տեղափոխումից մինչև պահպանում, ինչպես նաև երեխաների սնվելու գործընթացը։ Ստուգվել են թե՛ սառնարանները, թե՛ տախտակներն ու տարաները, որոնց վրա տեղադրվում է մթերքը, թե՛ խոհանոցային պարագաներն ու սպասքը։ Դպրոցներում արձանագրվել են մի շարք բացթողումներ, որոնք կամփոփվեն և առաջարկներով հանդերձ կներկայացվեն մարզպետներին, համայնքապետերին, դպրոցների տնօրեններին։ ՀԿ նախագահը նկատեց, որ, ի տարբերություն դպրոցների, մանկապարտեզներում իրավիճակը բավականին լավ էր, և բացթողումներ գրեթե չեն արձանագրվել։


Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշեցին, որ իրենց ծրագրերը որոշակի զգոնություն են մտցրել դպրոցների ու մանկապարտեզների ղեկավարների շրջանում։ Նման ծրագրեր պետք է իրականացվեն ավելի լայնամասշտաբ և պարբերաբար, որպեսզի արդյունքն առավել ակնառու լինի։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ